Սիրահարների տոնն Արևելքում
Ճապոնական կղզիների մոտ գտնվող Ֆուտամի նեղուցի մոտ երկու հետաքրքիր ժայռ կա, որոնք կոչվում են ժայռ-ամուսիններ: Մեկը, որն ավելի խոշոր ու բարձր է, ամուսինն է և կոչվում է օտոկո-իվա, իսկ մյուսը, որն ավելի ցածր է` կինը` օննա-իվա: Նրանք մարմնավորում են Իձանագի եւ Ինձանամի նախնիներին, ովքեր իրենց սիրո միջոցով ծնունդ են տվել ճապոնական կղզիներին և ողջ աշխարհին:
Որպես ամուսնության նշան` ժայռերն իրար միացված են բրնձի ցողուններից հյուսված ճոպանով: Տարին մեկ անգամ` ամռանը, ծովի ջրի ցայտերից մաշված պարանը փոխարինվում է նորով: Այդ օրն է նշվում ամուսինների տոնը:
Ամուսին-ժայռերն ուխտագնացության վայր են նորապսակների և այն անձանց համար, ովքեր ցանկանում են իրենց սերը գտնել:
ՉԻՆԱՍՏԱՆ
Լուսնային օրացույցով յոթերորդ ամսվա յոթերորդ օրը Չինաստանում նշում են կրկնակի յոթի կամ Ցիսի տոնը: Այն անվանում են նաև սիրահարների տոն, քանի որ նրա առաջացման հետ է կապված երկու սիրահարների դժվար ճակատագրի մասին մի գեղեցիկ լեգենդ:
Հնագույն ժամանակներում Երկնային կայսրը հրամայում է իր յոթ դուստրերին կապույտ և սպիտակ գույնի կտորներ գործել: Սակայն աղջիկներին այս աշխատանքը շուտով ձանձրացնում է, և կրտսեր քույրը կտորները այլ գույներ էլ է ներկում: Այսպիսով` արևոտ օրերին կայսերը տալիս էին կապույտ կտորները, անձրևոտ օրերին` սպիտակները, իսկ մնացած օրերին` բազմագույնները: Սա այնքան է դուր գալիս կայսերը, որ նա կրտսեր դստերը Ջուլհակուհի անունն է շնորհում:
Մի անգամ այս աղջիկը նայում է ներքեւ` երկիր, և խոսող կով արածեցնող մի հովիվ է տեսնում, որը նրան շատ է դուր գալիս:
Մի օր կովը տղային սովորեցնում է փախցնել երկնային աղջիկներից մեկի զգեստը, երբ նրանք իջնեն կախարդական լճում լողալու: Տղան վերցնում է հենց Ջուլհակուհու զգեստը և ասում, որ կվերադարձնի միայն այն պայմանով, որ եթե համաձայնի իր հետ ամուսնանալ: Աղջիկը համաձայնվում է, և նրանք մի քանի տարի հանգիստ ու երջանիկ ապրում են` ունենալով դուստր և որդի:
ԿՈՐԵԱ
Այս տոնը նշում են նաև Կորեայում, և նույն օրը` օգոստոսի վերջին: Լեգենդն էլ համարյա նույնն է:
Այն պատմում է, որ Վեգա և Ալտաիր աստղերը Կենու (հովիվ) և Չիննե (Ջուլհակուհի) անունով սիրահարների երկնային մարմնավորումն են, որոնք հանդիպում են տարին մեկ անգամ:
Երկնային կայսեր դուստրն ապրում էր Կաթնծիրի արևելյան ափին և գեղեցիկ նախշեր էր գործում: Որպեսզի աղջիկը միայնակ չմնա, կայսրն ամուսնացնում է նրան հակառակ ափին ապրող հովվի հետ: Սիրահարներն այնքան են միմյանցով տարվում, որ աղջիկը մոռանում է իր աշխատանքի մասին: Բարկացած արքան նրան հետ է ուղարկում արևելյան ափ: Սակայն, տեսնելով սիրահարների վիշտը, թույլ է տալիս տարին մեկ անգամ հանդիպել և անցնել կամրջով, որն առաջանում էր այդ կողմ թռչող կաչաղակներից ու ագռավներից:
Այս օրը սիրահարները գնում են գուշակների մոտ` իրենց ապագան իմանալու:
Հնդկաստան
Միլիոնավոր աստվածներ ու աստվածություններ ունեցող այս երկրում, իհարկե, կա նաև սիրո աստված, որը Կամադևն է: Մարդիկ սիրահարվում են, երբ նա նետահարում է նրանց վարդով: Շատ լեգենդներ կան այնպիսի սիրահարների մասին, որոնք իրենց սիրեցյալին փրկելու համար նույնիսկ համաձայնվում են համբուրել մահվանը:
Սակայն այս լեգենդները վաղուց մոռացվել են: Եվ հանկարծ տասը տարի առաջ սկսվեց Սբ. Վալենտինի բումը Հնդկաստանում:
Արևմուտքի ազդեցությանը դեմ մարդիկ ամեն կերպ դիմադրում են այս տոնի տարածմանը: Նույնիսկ դեպքեր են եղել, երբ ծայրահեղականներն այրել են այս տոնի համար բացիկներ և հուշանվերներ վաճառող կրպակները:
Սերը` սեր, սակայն Հնդկաստանում կան նաև շատ ծայրահեղական սիրահարներ: Կանանց նկատմամբ բռնություն գործադրելը շատ տարածված է երկրի տարբեր շրջաններում: Եվ դա ավելանում է Սբ. Վալենտինի տոնակատարության օրերին: Մերժված սիրահարը վրիժառության տարօրինակ ձևեր ունի. կարող է խոսքերով վիրավորել, ֆիզիկական հաշվեհարդար տեսնել, փախցնել, բռնաբարել, նույնիսկ դեմքին աղաթթու լցնել` այլանդակելով կամ մահվան դուռը հասցնելով աղջկան:



Սիրահարների վրա մեծ ազդեցություն ունեն նաև հնդկական ֆիլմերը: Բազմաթիվ են դեպքերը, երբ զույգն իր կյանքը համապատասխանեցնում է ֆիլմի սցենարին, խոսում ֆիլմի հերոսների երկխոսություններով:
Arsen
2010-08-02 19:18:45Arevik
2010-08-03 11:48:58Arsen
2010-08-03 12:09:42Arevik
2010-08-05 18:25:23