Copy SMS

Սիրո պատմություն...ըստ Դօրիանի......!!!

Սիրո պատմություն...ըստ Դօրիանի......!!! - հետաքրքիր, Սեր, պատմություն, մտքեր



“Կշեռքներ, օրը խոստանում է լինել բովանդակալից, եթե չփակվեք բնակարանում` խորհելով առօրյա խնդիրների մասին, կամ, պարզապես, վայելելով հանգստյան օրը”:
Լիլիթը մտքերով ընկավ: Խալիները պիտի “պիլասոսեր”, սպիտակեղենը լվանար, լողանար ու մազերը “ֆեներ”։ Չնայած, աստղերը, ինչպես ասում են, չէին պարտադրում, բայց…


Երբ մտքերն իմի բերեց, ձկներն արդեն մոռացության գիրկն էին մատնվել ու պիտի սթափվեին: Չէ, այսօր իրոք լավ օր է երևում: Արևոտ է, չնայած դրսում մինուս է ու գետինն էլ համարյա չորացել է: Տեսնես սև “յուբկայի” հետ ո՞ր “սվիտրը” կսազի: “Սապոքների” տակերն էլ սարքել չտվեց` ջուր են քաշում: Այ դրա համար էլ մարդու դուրս գալը չի գալիս։ Բայց կշեռքների համար այս օրը խոստանում է բովանդակալից լինել: Գնալու տեղ էլ չկա, ի՞նչ բովանդակության մասին է խոսքը:
- Լիլ, էն սոկերը էսօր կխմեք վերջացնեք, – միջանցքից բղավեց մայրը, – Վաղը ժամկետն անցնում ա:
- Առնելուց չտեսա՞ր:
- Տեսա: Որ երկու հատ առնեի, խաղալիք էին տալիս: Սոկ ա էլի, խմեք, ի՞նչ վատ եղավ, խաղալիք էլ ունեցանք: Կախել եմ սերվանդի ռուչկից: Առխային խմեք` սուպերմարկետից ա, էն որ Պրոսպեկտի վրայա:
Ուրեմն Պրոսպեկտի վրա…
Տանջալից փախուստ բակից` հարևանների հետաքրքրասեր հայացքների ուղեկցությամբ, 45 համարը, «Թեքվեք կպահե´ք», կարմիր լույս` մեքենաների համար ու այնտեղ է:
Քայլում է կաշկանդված` սպասելով, թե երբ օրը կդառնա բովանդակալից: Աստղերն են ասել, նրանք ավելի լավ գիտեն: Նախ որովհետև իրենից ավելի տարիքով են, հետո` ավելի մոտ են Աստծուն:
Մոդայիկ հագուստի խանութ, սիրահար զույգ, մզկիթ, երկու երեխայի մայր, որը նայում է իր վրա տանը մնացած նախանձոտի հայացքով, «Ազատ եղի´ր», փողոց… Անցնե՞լ: «Ազատ եղի՞ր»: Ո՞նց հասկանալ:
Հայացքն ուղղեց դիմացի մայթից դեպի իրեն եկող երիտասարդին:
«Դե, Լիլ, ազատ եղիր, ազատ եղիր…»:
Չորս քայլ, երեք, երկու, հիմա կամ երբեք:
- Բարև ձեզ:
Երիտասարդը զարմացած կանգ առավ:
- Բարև: Գիտեք, ես ձեզ տեղը չբերեցի:
- Դուք հո ձկնե՞ր չեք… Համաստեղությամբ:
- Հա:
- Էդ ամեն ինչ բացատրում ա: Ձկներն էսօր մոռացության գիրկն են մատնվել: Նրանք պիտի սթափվեն:
Երիտասարդը ժպտաց: Դա աշխարհի ամենասիրուն ժպիտն էր: Լիլիթն էլ որոշեց ժպտալ, թեկուզ նրա ժպիտից հետո, արդեն վստահ չէր իր ժպիտի ուժի վրա: Տեսնես իր վրա չի՞ ծիծաղի, վրայից կցրի՞, թե՞, օգտվելով առիթից, կփորձի “կպցնել”:
Կանաչ ավտոբուս, դիմացի մայթի տեխնիկայի խանութը, հեռուստացույց, գովազդ, ինչ-որ բանկ, «Երբ մեր շահերը համընկնո՜ւմ են»:
Փաստորեն նա էլ…
- Ինձ թվում է, դուք սխալ ուղղությամբ եք գնում: Պիտի շրջվեք ու Օպերայի կողմ գնանք:
Փառք Աստծո` որոշեց կպցնել:
- Ինձ էդպես չի թվում:
Հարկավոր է ցրել երիտասարդի մտքերն այն մասին, որ իրեն հեշտ է գրավել: Տղամարդիկ դժվար ձեռք բերվող կանանց են սիրում:
- Ինչ արած, ուրեմն ցտեսություն:
- Սպասեք, սպասեք… Ինձ ոնց որ սկսում ա ձեր ասածի պես թվալ:
«Դե, Լիլիթ, դեռ առավոտը դու միայնակ էիր, իսկ հիմա քայլում ես Երևանի ամենասիրուն տղու հետ: Բոյով, կաշտանագույն մազերով, կանաչ աչքերով, արտասահմանցու նման, մենակ մի քիչ ավելի մեծ քթով: Կարծեմ հույների քթերն էլ ա մեծ: Կարող ա հույն ա»:
- Ու՞ր էիր գնում, – հետաքրքրվեց տղան։
- Հունաստան:
- Հա՜:
Չէ, երևի իրեն գժի տեղ ա դնում էս տղան: Հարկավոր ա ամեն ինչ բացատրել, հասկացնել:
- Դու հույնի նման ես… Տղա… Ջան…
- Վահե:
- Դու հույնի նման ես, Վահե: Հույներն էլ մեծ քիթ ունեն, բայց իրանք կանաչ աչքերով են լինում: Նա՛և կանաչ: Ու եթե հույն ես, պիտի Հունաստանից գայիր: Մենք իրար հակառակ էինք քայլում ու եթե դու Հունաստանից էիր գալիս, ես՝ գնում էի Հունաստան:
- Պա՜րզ է:
«Մի տեսակ տարօրինակ ա նայում: Չգիտեմ, թե քամահրանքն ինչ ա, բայց եթե սենց դեպերում են օգտագործում` ուրեմն ահավոր քամահրանքով»:
Ամեն մեկն իր մտքերով էր քայլում: Անհարմար վիճակ էր, կամ էլ իրենք էին իրար անհարմար:
Գրքերի խանութ, դեղատուն, խաղալիքներ, կարմիր լույս “սվետաֆորին”` մարդկանց համար, կանաչ լույս, գովազդային պաստառներ, «Մնջախաղի թատրոն»:
- Նայի՜, նայի՜, Վահե, անգամ պաստառն ա նկատել, իսկ դու դեռ չես նկատում:
Ու նա նորից ժպտաց իր ֆիրմային ժպիտով:
Հետո քայլեցին սրճարանների կողմ:
- Որտե՞ղ նստենք, – վերջապես խոսեց Վահեն:
- Էն նստարաններին:
- Նստարանների՞ն:
Լիլիթը չպատասխանեց: Պարզապես վազեց նստարանների կողմ ու նստեց` ոտքերը տակը խաչելով: Վահեն մոտեցավ նրան:
- Բա քեզ մի բան չառնե՞մ:
- Փուչիկ առ:
- Խի՞ հենց փուչիկ:
- Որ հասկանաս, թե ինչ կա փողերի մեջ:
Էլի մի ժպիտ: Ամեն անգամ այն տեսնելիս Լիլիթի սիրտը կրծքից դուրս էր թռչում:
- Սենց որ գնա ես նախ կաթիլների կարիք կունենամ, հետո կարդիոգրամայի, հետո դոնորների, հետո… Թու, բերանս ի՞նչ էր գալու:
Վահեն նստեց նրա կողքին:
- Ամեն ինչ ասեցիր, բացի անունիցդ:
- Լիլո… Լիլիթ, էլի՛:
- Գիտեմ, որ Լիլոն Լիլիթն ա:
- Փաստորեն Հունաստանում էլ…
- Չէ, – նորից ժպտաց Վահեն, – Իմ տատիկը հայ էր:
«Փաստորեն հունաստանահայ ա: Կամ հունահայ: Կամ հայ-հունական համատեղ… Դրա համար էլ անունը Վահե ա: Ինձ էլ տարօրինակ էր թվում»:
- Մի տեսակ տարօրինակն ես, – շփոթված ասեց Վահեն:
- Հա, ես միշտ տարօրինակ եմ…
«… երբ որ սիրահարված եմ», – մտքի մեջ նախադասությունն ավարտեց Լիլիթը:
Երիտասարդը նորից լռեց: Լիլիթն այս ու այն կողմ էր նայում ու սպասում, թե երբ պիտի ձկները սթափվեն:
- Գնամ մեր համար հյութ բերեմ:
Ու Վահեն գնաց: Լիլիթը սկսեց հաշվել իր մտքերը ու հաշվեց մեկ հատ` հաշվելու մասինը: Մեկ, մեկ, մեկ, մեկ… Մինչև մեկը հաշվեց, բայց Վահեն չկար:
Հեծանիվով տղան, հրշեջ մեքենայի ձայնը ու հետևի սրճարանից հնչող մի երգ. «Դու իմը չես, թե կարող ես անդարձ հեռացիր…»:
Փուչիկ ծախողներ, փողոց, կարմիր լույս՝ մարդկանց համար, բայց նա միևնույն է անցնում է, դեղատուն, գրքերի խանութ ու էլի մի պաստառ…
«Ա՜յ այսպիսի խոսակցություններ»:
20

11

3133

  • Arsen
    2011-02-08 21:18:37
    Սկզբից տեսա երկարա ալարում էր կարդալ, բայց որ սկսեցի կլանված մինչև վերջ կարդացի, հետաքրքիր երևակայություն էր (լավ) (լավ) (լավ)
  • Tinga
    2011-02-08 21:26:35
    Լավա որ Վահեն խելոք գտնվեց..... (լավ) (լավ) (լավ)
    • ARPINKA
      2011-02-08 22:30:44
      Բաաաաաա..... (լավ) (լավ) (լավ) Վահեն լավ հասկացող տղա է երևում (բռավո)
  • ARPINKA
    2011-02-08 21:29:15
    Այո` իսկապես շատ հետաքրքիր "սիրո պատմություն" է ներկայացված (լավ) Պետք է մինչև վերջ կարդալ, որովհետև գործողությունների զարգացման հետ մեկտեղ պատմությունը ավելի է հետաքրքրանում O:) O:) O:)
  • MARIA
    2011-02-09 11:53:14
    ՇԱՏ ՇԱՏ ԼԱՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԷՐ................. (լավ) (լավ) (լավ) ԻՍԿ ՎԵՐՋՈՒՄ ԻՆՉ ԵՂԱՎ??? :O :O
    • ARPINKA
      2011-02-09 11:58:15
      Վերջը կարելի է միայն ենթադրել O:)
  • MARIA
    2011-02-09 12:15:14
    :O :O :O ԻՍԿ ՉԵՔ ԳՐԻ/??? :'(
  • Rima555
    2011-02-09 16:05:36
    Ինձ թվում է Վահեն տենց վարվեց, որ հետո ցավ չպատճառի Լիլիթին.....Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է..... չգիտեմ....... (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի)
  • MeL
    2011-02-09 21:44:08
    Երևի Վահեն ուրշին էր սիրում ու գնաց անդարձ
    • Tinga
      2011-02-09 22:38:40
      MeL ջան կայքում գրում ենք հայերեն տառերով.... ;)
  • ՎԱԶԳԵՆ
    2011-02-23 19:56:08
    ՇԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՏ ԼԱՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՐ