Copy SMS

Պատմվածք

ՈւՐԻՇԸ



Երբեք ինքն իրեն չէր տեսել, բայց գիտեր, որ նշանավոր կոմպոզիտորի արձան է: Մարդիկ հաճախակի էին ծաղիկներով այցելում, հիացած նայում, ինչ-որ բաներ պատմում ու, անգամ, նկարվում: Հաճելի էր, երբ հպվում էին, տաք խուտուտ էր զգում, ասես մարդկանց ջերմությունն էր փոխանցվում իրեն: Տարին մեկ էլ այգին բազմամարդ էր դառնում, իրեն անընդհատ նկարում էին, ելույթներ ունենում, ծաղիկների առատությունից էլ գլուխը պտտվում էր, ավելի ճիշտ` այդպես էր թվում:

Հիշում էր ծննդյան օրը: Մի քանի թուխ դեմքեր տեսավ, ովքեր իրեն էին ուշադրությամբ զննում, կարծեց` ուզում են մուրճով հարվածել, փորձեց շարժվել` անհնար էր: Լավ էր ստացվել, համոզված էր, որ ինչ-որ մեկի հիշատակն էր հավերժացնելու: Ափսոս չգիտեր, թե ում: Չէր կարող կռանալ եւ անունը կարդալ, բայց զգում էր այն մարդու ներկայությունը, որին փոխարինում էր: Չգիտես ինչու գլխին սպիտակ ծածկոց գցեցին եւ, որոշ ժամանակ հետո, վայրենի աղմուկով ու շռնդալից ծափահարությունների ներքո, հանեցին:  Մարդկանց լեզուն չէր կարող հասկանալ, սակայն փորձում էր դեմքերից կարդալ, կռահել այն, ինչ ասում էին:
Անձրեւը չէր սիրում: Գորշանում էր, մգանում, իսկ ձյանն անհամբերությամբ էր սպասում: Ասես վերեւից աստղիկ-ծաղիկների դափնեպսակ էին դնում, երկինքը մեծարում էր նրան: <<Տեսնես ինչ ստեղծագործություններ եմ արարել, այսինքն` Նա, երեւի այս երաժշտությունն է ստեղծել, որը միշտ հնչեցնում են իմ պատվին>>: Ոչ մի մարդ իր հասակը չուներ, այդքան վեհորեն չէր նայում, ինչպես ինքը, նույնիսկ պատվանդան էլ չունեին: Մի օր անսպասելի բան կատարվեց, ինչը զայրացրեց նրան, ահավոր նվաստացուցիչ էր: Երեխա էր` չար աչքերով: Եկավ ու բարձրացավ իր վրա, սկսեց քշել ձիու պես: Դա հերիք չէր, հետո էլ սկսեց քարերով հարվածել: Մարդիկ անտարբերությամբ անցնում էին ու ոչինչ չէին տեսնում: Ստիպված ներեց այդ մարդուկին:
Սկզբում չէր նկատում, հետո անտարբեր հայացքը <<բռնեց>> Նրան: Ուղիղ իր դիմաց էր, անհնար էր չնայել: Անձրեւաջուր էր արտադրում: Լավ է, որ փոքր էր ու ոչ իր գլխավերեւում, թե չէ կթրջվեր: Անընդհատ անձրեւում էր, ոչ թե երկնքի նման, որ ժամանակ առ ժամանակ էր իրեն լողացնում: Մարդիկ սկսել էին խոնարհվել նրա վրա, բայց ծաղիկներ չէին դնում: Պատվանդան էլ ուներ, բայց երեւի չէին նկատում: Չէր հիշում, թե երբ տեսավ առաջին անգամ, ախր դիմացի ծառի նման չէր, որն անընդհատ փոփոխվում էր` կանաչում ու մերկանում, մեկ փոքրանում, մեկ էլ այնպիսի հասակ ու լայնք էր առնում, որ ճյուղերն աչքերն էր խոթում: <<Գուցե իմ նման արձան է, ուղղակի մեծ կոմպոզիտոր չէ?>>: Ծիծաղելի կլիներ, որ իր գլխարկից էլ ջուր հոսեր, բա չէին ծաղրի, թե կբարձրանային ու կխոնարհվեին իր վրա?: Նույնիսկ գիշերն էին մոտենում նրան, իսկ իրեն երբեք այդ ժամին այցելության չէին եկել: Մեկ-մեկ էլ չէր անձրեւում: Հավանաբար երեխա-արձան է: <<Լավ, ինքը ոչ մի առարկություն չունի, որքան ուզում են, թող մոտենան ու խոնարհվեն: Ինքն ավելի բարձր է եւ գեղեցիկ, իրեն ծաղիկներ են բերում, իսկ այդ անձրեւաքարի հետ ոչ ոք չի նկարվում>>: Սկսեց վերեւից նայել, այսինքն` էլի վերեւից էր նայում, պարզապես հիմա սկսեց չմտածել նրա մասին: Մի օր էլ անսպասելի իրարանցում սկսվեց այգում: Մարդիկ եկան ու իրեն մի լավ մաքրեցին փոշուց, ծաղկեպսակ էին բերել` 100 թվանշանը վրան: Կռահեց, որ այս արարողությունն առանձնակի կարեւոր էր, մեծ շքեղությամբ էին նշելու: Ասեղ գցելու տեղ չկար, բոլորը ցանկանում էին նրա կողքին կանգնել: Մտածեց, թե որտեղից գիտի, որ այդ 100 թվանշանն է, ով է ասել իրեն, իսկ կոմպոզիտոր լինելը ոնց պարզեց?: Կարծր ուղեղը դժվարությամբ, բայց աշխատում էր: Եթե մարդիկ մահանալուց հետո հող են դառնում, ուրեմն իր մեջ մարդկային բան կա, նախնիների արյունը…
Փորձում էր կռահել, թե ում էր նման, ինչպիսինն էր: Մի ծեր կնոջ հաճախակի էր տեսնում. երեւի հարազատն էր: Գուցե նրան է նման` մեծ քթով ու խորշոմապատ: Չէ, հավանաբար արտաքինով տարբեր են: Կրկին նույն երաժշտությունը: Հիմա կսկսեն խոսել ու ծափահարել: Առաջին անգամ տխրեց: Նրանք ոչ թե իրեն էին մեծարում, այլ կոմպոզիտորին: <<Ես նա չեմ ու երբեք էլ չեմ լինի…>>: Նույնիսկ այդ պահին ուզում էր անձրեւաջուրը ողողեր իրեն, որ մարդիկ ցրվեին: <<Ես արձան եմ, ոչ թե կոմպոզիտորը, նրան փնտրեք հողի տակ>>: Բարձր ձայներից ավելի նեղվեց, իսկ իր խոսքերը չէին կարող լսել, եթե անգամ աղմուկ չլիներ: Այն անձրեւաքարն ավելի բախտավոր էր, քանի որ ոչ մեկի ստվերը կամ կրկնօրինակը չէր: Կոմպոզիտորը մահացել էր, իսկ ինքը ողջ էր եւ ուզում էր ապրել առանց ուրիշի անվան, որն անգամ չգիտեր էլ: Նա միս ու արյուն էր, իսկ ինքը` քար, Նա երաժշտություն էր գրել, իսկ ինքը նույնիսկ մեկ նոտա չգիտեր: Չէր կարծում, որ իր նման հսկա եղած կլիներ` պատվանդանով: <<Ես մար… արձան եմ, ես ուրիշ եմ, չեմ ցանկանում այդ մեծ մարդու ստվերը լինել>>: Ով էր բողոքը լսում: Հեռվում իրեն կառուցող բանվորներից մեկին էլ տեսավ: Ժպտում էր: Ավելի կատաղեց:
Մի պահ լռություն տիրեց: Ելույթ ունեցող կինը ընդհատեց ճառը, լռեց եւ ակնապիշ նայեց քիչ-քիչ ճաքող արձանին: Բոլորն արձանացան եւ, ուշքի գալով, բղավեցին:
-Երկրաշարժ, - գոռում էին ամեն կողմից, սակայն երկրաշարժ չէր, պարզապես արձանն էր ճաքել: Սկսեց անձրեւել, եւ ջուրը, անձրեւաքարի ջրի հետ խառնվելով, հոսեց ու կուտակվեց պատվանդանի մոտ: Մոտակա սրճարանից ծանոթ երաժշտությունն էր լսվում, իսկ մատուցողուհին էլ շտապ բաժակներն էր հավաքում: Քիչ հետո մի լուր էր բերնեբերան անցնում.<<Ասում են, թե պանթեոնում կայծակը կոմպոզիտորի հուշարձանն է վնասել…>>:
13

7

2529

  • MOSO
    2011-03-18 16:45:15
    (բռավո)
  • Arsen
    2011-03-18 16:46:58
    Շատ հետաքրքիր էր կարդալ այդ ամենի մասին լրիվ այլ տեսանկոյունից, շատ օրիգինալ էր (բռավո) (բռավո) (լավ)
  • AK
    2011-03-18 20:31:02
    (օգո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (գինի) Ապրես շատ լավն եր.. (լավ) (լավ) (բռավո) (բռավո)
  • Tinga
    2011-03-18 22:36:39
    Սիրուն էր մեկնաբանած..շատ հավանեցի ..ապրես... (բռավո) (բռավո) (բռավո)
  • Աստղ
    2011-03-20 18:04:21
    (բռավո) (բռավո) (բռավո) լավ էր շատ (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • MARINA
    2011-03-21 14:35:04
    Շնորհակալ եմ բոլոր մեկնաբանությունների համար (խոնարհվել)
  • LiDuSh[Ok]
    2011-10-12 15:41:08
    (բռավո) (բռավո) (բռավո)