Համո Սահյան -

Ծնվել է Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Լոր գյուղում։ 1927-ին տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթությունը։ 1935-ին ընդունվել և 1939-ին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը։ 1939-41-ին՝ աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում որպես գրական աշխատող։ 1941-45-ի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ծառայել է ռազմա-ծովային նավատորմում։ 1945-51-ին աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում որպես գրական աշխատող, 1951-54-ին՝ Երևանի «Ավանգարդ» թերթում որպես բաժնի վարիչ, 1954-55-ին՝ «Ոզնի» ամսագրում որպես բաժնի վարիչ։ 1965-67-ին եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը։Սահյանին հռչակ են բերել «Որոտանի եզերքին» (1946), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958), «Սեզամ, բացվիր» (1972, ՀԽՍՀ պետական մրցանակ), «Իրիկնահաց» (1977), «Կանաչ-կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուները։ Մահացել է 1993 թ.-ին, Երևանում։

ՆԱՅԻՐՅԱՆ ԴԱԼԱՐ ԲԱՐԴԻ
(Նոր Ուղղագրությամբ)

Նազում ես ու շորորում զմրուխտյա քո շորերում,
Շուք արած ճամփի վրա մանկության կանաչ արտի,
Քո կանչը զնգում է զիլ իմ սրտի խոր ձորերում,
Իմ հեռու՜, հեռու՜ Նաիրյան դալար բարդի:


Ա՜խ, ասես խարույկ լինես՝ բռնկված կանաչ բոցով,
Ես հեռվից քեզ եմ գգվում կարոտով կրակ սրտի.
Լցնում ես դաշտերն ամեն հարազատ քո խշշոցով,
Իմ հեռու՜, հեռու՜ Նաիրյան դալար բարդի:
Իմ արտույտ - մանուկն ահա խաղում է քո շվաքում,
Քո փառքին երգ է շրշում շրթերով կոկոն վարդի,
Զով արա նրա կյանքին, հոր նման գգվիր անքուն,
Իմ հեռու՜, հեռու՜ Նաիրյան դալար բարդի:
Ես երգիչ հրի, սրի, շահ չունեմ քո սիրուց զատ,
Քեզ նման կանաչ կյանքով քեզ համար ելած մարտի,
Կմեռնեմ, միայն թե դու դարերում ազատ խշշաս,
Իմ հեռու՜, հեռու՜ Նաիրյան դալար բարդի:

ԵԹե ԵՍ ՄԻ ՕՐ


Եթե ես մի օր աշխարհից գնամ,
Ո՞ւմ հառաչից ես դու վեր թռնելու,
Ո՞ւմ թևերով ես վեր-վեր թռնելու,
Հոգին առնելու առանց պատճառի։
Եթե ես մի օր աշխարհից գնամ,
Ո՞ւմ աչքերով ես քեզ ճանաչելու,
Բռիդ մեջ առած ո՞ւմ ես տանջելու,
Ո՞ւմ ես խաչելու հիսուսավարի։
Եթե ես մի օր աշխարհից գնամ,
Էլ ո՞ւմ հովերն են քեզ օրորելու,
Ո՞ւմ խոսքի մեջ ես սուտ որոնելու,
Ճշտելով տեղն ու տարազը տառի։
Եթե ես մի օր աշխարհից գնամ,
Էլ ո՞ւմ գլխին ես կրակ թափելու,
Ո՞ր անտերին ես քեզ տեր կարգելու
Եվ շնորհելու կոչումն անճարի։
Եթե ես մի օր աշխարհից գնամ,
Ո՞ւմ ես անդադար ահաբեկելու,
Ո՞ւմ սուտ մեղքով ես մեղքդ հերքելու,
Ո՞ւմ ես գցելու բերանն աշխարհի։

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ


Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է.
Կլինե'մ, կմնա'մ այսպես:

ՈԻՐ ՈՐ ՆԱՅՈԻՄ ԵՄ


Ուր որ նայում եմ, քարե բարձունք է,
Քարե արցունք է, քարե ժպիտ,
Քարե սարսուռ, է ու քարե սունկ է,
Քարե ծաղկունքի քնքշանք է բիրտ։
Քարերի վրա քարե վագրեր են,
Ուր-որ է պիտի պատռեն իրար։
Քարե երգեր են, քարե վանքեր են,
Քարե հավքեր են քիվերն ի վար։
Քարե մրրիկ է ու քարե բուք է,
Քարե բողոք է ու քարե բերդ,
Քարե շեփոր է, քարե թմբուկ է,
Քարե թափոր է, քարերի երթ...
Քարե ընդվզում, քարե տանջանք է,
Քարե ավար է, առևանգում...
Քարե զարմանք է ու զարհուրանք է,
Քարե թռիչք է, քարե անկում։
Քարե ամպրոպ է ու ծիածան է,
Քարե լծկան է ու քարե մաճ.
Քարե մագաղաթ, քարե մատյան է,
Քարե խորհուրդ է ու քարե խաչ։
Մեր բաժին աստված, քո սիրտն էլ քար էր,
Որ մեզ քարերը տվիր նվեր,
Բայց քո կյանքը կարճ, մերը երկար էր,
Ու երկարում է քարերն ի վեր։

Արդեն 3886 անգամ նայել են սա

Քվեարկեք | 8 ձայն