Copy SMS

Բուլգակովի երեք մուսաները (մաս 4)

Բուլգակովի երեք մուսաները (մաս 4) -

Միստիկական թելը


Միշայի մյուս ընտրյալը գեներալ Շիլովսկու կինն էր: Նա ջերմ բարեկամական հարաբերությունների մեջ էր Լյուբայի հետ: Իսկ հետո եղավ այն, ինչ պետք է լիներ: Ընկերուհին «տարավ» ամուսնուն: Եվ նրան մեղադրել չէր կարող: Ինքն էլ այդպես էր վարվել Տասիի հետ. սկզբից ընկերություն արեց, սովորեցրեց նրան ֆոքստրոտ պարել, իսկ հետո քայքայեց ընտանիքը: Այնպես որ, դա Աստծու պատիժն էր:
Ելենա Շիլովսկայան Բուլգակովի հետ ծանոթացել էր երեկույթի ժամանակ: Երբ նստած էր սեղանի շուրջ, նկատեց, որ վերնաշապիկի ժապավենը քանդվել է ու խնդրեց կապել: Այդպես Բուլգակովին շղթայեց իրեն, ինչպես իսկական կախարդուհի: Երբ գեներալն իմացավ այդ մասին, սարսափելի սկանդալ ծագեց: Նա գնաց Բուլագակովի մոտ, գոռգոռաց, զենքը թափահարեց: Տեսարանը շատ բուռն էր, համարյա վոդեւիլային:
Հետո գեներալը սթափվեց, վերադարձավ տուն եւ կնոջը խոստացավ, որ ամեն ինչ կմոռանա, եթե արտամուսնական սիրավեպը դադարեցնի:
Ելենան այդ ժամանակ շուրջ մեկ տարի տնից դուրս չեկավ: Նստեց տանն ինչպես վախվորած մկնիկ: Մի օր, համենայն դեպս, որոշեց դուրս գալ: Եվ նույն պահին դեմ դիմաց հանդիպեց Բուլգակովին:

Ճակատագիր էր, ուրիշ ոչինչ...


«Ես չեմ կարող առանց քեզ ապրել»,¬ ասաց Բուլգակովը: Հենց նույն օրը նա գրեց Շիլովսկուն, որ առանց աղմուկի բաց թողնի կնոջը: Գեներալը հասկացավ, որ չի կարող կանգնել նրանց միջեւ ու տվեց իր համաձայնությունը:
Մի անգամ մի գիրք թերթելիս Բուլգակովը կարդաց. «Առաջին կինն Աստծուց է, երկրորդը՝ մարդկանցից, երրորդը՝ սատանայից»: Հենց նույն պահին հիշեց կիեւցի գնչուհուն, որը տարիներ առաջ նույնն էր ասել: Պարզվեց` հին ասացվածք է: Եվ ինչ, պարզվում է գնչուհին չէր խաբում: Կատարվեց գուշակությունը:
Նա սկսեց մտածել£ Իսկապես իր Տասին Աստծուց էր: Նրանք օրենքով ամուսնացան: Նա իր պահապան հրեշտակն էր:
Լյուբան իսկապես որ մարդկանցից էր: Նրան տեսավ գրողների երեկույթին, վտարանդիների մեջ:
Ուրեմն ի՞նչ, Ելենան սատանայի՞ց է: Չի կարող պատահել: Նրա մեջ ի՞նչ կա սատանայական: Սակայն ինչ-որ տարօրինակ պատճառով, հենց նրանք ամուսնացան, միանգամից ուրվագծվեց Բուլգակովի հետաձգված գիրքը: Կարծես մոխրից վերածնվում էր վեպը. իսկապես որ, սատանայի մատը խառն է...
Ելենայի կողմից լրիվ անխելքություն էր Բուլգակովի մոտ գնալը: Նա վերջ դրեց իր երջանիկ, ապահով կյանքին ու գնաց դեպի անհայտություն, աղքատություն: Կարծես ինչ-որ ուժ նրան ձգում էր դեպի Բուլգակովը: Թողեց ամեն ինչ` գեներալ ամուսնուն, մեծ ու հարմարավետ բնակարանը եւ Միշայի կողքին հայտնվեց նրա ամենածանր պահին£
Ստալինի զանգից հետո Բուլգակովին աշխատանքի ընդունեցին ՄԽԱՏ¬ում: Բայց ուրախությանը փոխարինեց հիասթափությունը:Այնտեղ նրան գերծանրաբեռնեցին աշխատանքով ու... դիտողություններով: Նա տեսավ ոչ այն աշխարհը, որը երազում էր: Այդ հիասթափությունը շուտով իր տեղը գտավ նրա «Մեռյալի նոթերը» վեպում: Դա վեպ է թատրոնի ձգող աշխարհի մասին, որտեղ հոգին պիտի խաղաղ լինի, բայց իրականում այդ աշխարհում անհնար է թաքնվել սարսափելի եւ ստոր իրականությունից: Հենց այդ պատճառով նոթերի հեղինակը թաքնվում է մահվան մեջ:
Երեսունականներին Բուլգակովի գրասեղանը պիեսների գերեզմանատան վերածվեց: Այնտեղ «թաղված» էին լավագույն գործերը:
Շուտով նյարդային լարվածության պատճառով ուժեղ գլխացավեր սկսվեցին, վախի նոպաներ: Բուլգակովը վախենում էր մենակ մնալ:
Ելենան ամենուր ուղեկցում էր նրան:
1934 թվականին մերժեցին արտասահմանյան անձնագիր ստանալու խնդրանքը, եւ նրանք իրենց լրիվ կալանավորի վիճակում էին զգում:
Անձնագրերի փոխարեն սպիտակ թուղթ տվեցին. դա վերջնական մերժում էր:
Հուսահատված Բուլգակովը դիմեց կառավարությանը, որ կնոջը թողնեն արտասահման, իսկ իրեն որպես կալանավոր պահեն ԽՍՀՄ-ում:
Անհրաժեշտ էր, որ կինը մեկներ արտասահման: Բեռլինում, Փարիզում, Լոնդոնում բեմադրվում էին Բուլգակովի պիեսները, հրատարակվում էին գրքերը: Այնտեղ ՙխժռում՚ էին նրա գաղափարներն ու փոշիացնում հոնորարները: Բայց այդ նամակն էլ մնաց անպատասխան: Բուլգակովը երբեմն մռայլ կատակում էր, որ տանը նրան չեն բեմադրում, իսկ արտասահմանում թալանում են:
Ելենան բոլոր հարցերում նրա կողքին էր եւ անընդհատ կրկնում էր, որ առջեւում նորանոր հաջողություններ են սպասում: Կինն իր ամբողջ կյանքը նվիրել էր նրան. զբաղվում էր տան գործերով, մեքենագրում ձեռագրերը, գրի էր առնում թելադրածը: Այն ամենը, ինչ ծնվում էր գրողի երեւակայության մեջ, համոզիչ էր Ելենայի համար. նա վստահ էր, որ Բուլգակովին կարդալու են ապագա սերունդները, իսկ ժամանակակիցներն այդպես էլ հասու չեն լինի նրա լավագույն գրքերին:
Անփող եւ անհույս վիճակում Բուլգակովը գրեց մի վեպ, որն այդ ժամանակ անհնար էր հրապարակել. դա վեպ էր Հիսուսի եւ սատանայի, Վարպետի եւ նրա գաղտնի սիրուհու մասին:  Ելենան Մարգարիտայի կերպարում իրեն ճանաչեց: Նա պարզապես սիրահարվեց այդ վեպին ու հասկացավ, որ դա լինելու է նրա կյանքի գլխավոր գիրքը...
3

0

1331