Copy SMS

Աշտարակի գերուհին կամ երեք իմաստունների կարճ, սակայն գեղեցիկ ուղին (մաս 2)

Աշտարակի գերուհին կամ երեք իմաստունների կարճ, սակայն գեղեցիկ ուղին (մաս 2)  -
II
Երբ տախտակամած բարձրացա, նավասանդուղքն արդեն իջեցրել էին: Հոլմսը կանգնել էր բազրիքի մոտ` սպասելով մինչեւ ամենից անհամբերները իջնեն ափ: Բարեկամս տանել չէր կարողանում ամբոխն ու հրմշտոցը: Երթային լաբորատորիան (ոչ փոքր չափսի կաշվե ուղեպայուսակը) ու պատյանով ջութակը հենել էր բազրիքին:
Կանգնեցի կողքին:
Զննելով դիմավորողներին` Հոլմսը ասաց.
- Ի դեպ, Ուո՛թսըն, պետք է ասեմ, որ դեզ Էսսարները Սեն Մալո քաղաքի հնագույն ու մեծահարուստ տոհմերից են:
Դա մասամբ բացատրում էր, թե նա ինչու այդքան լուրջ վերաբերվեց անհեթեթ ու հիսթերիկ հեռագրին: Ուզում էի հարցնել` արդյոք ծանոթ չէ՞ Հոլմսը ուղերձի հեղինակին, սակայն բարեկամիս հաջորդ արտահայտությունը հասկանալ տվեց, որ ենթադրությունս սխալ է:
- Հետաքրքիր է, այս պարոններից ո՞րն է մեր հաճախորդը,- ծոր տվեց Հոլմսը:- Կարծում եմ` այ նա, իտալական լայնեզր գլխարկով ու թիկնոցով:
Նավամատույցին պատկառելի տեսքով մի քանի ջենթլմեններ էին կանգնած, բայց Հոլմսն ընտրել էր, իմ կարծիքով, նրան, ով ավելի քիչ էր համապատասխանում §հնագույն ու մեծահարուստ տոհմի¦ ներկայացուցչի դերին: Սակայն նախկին փորձառությունից դաս առած` մտքովս անգամ չանցավ կասկածել մարդկային հոգիների այդ մեծ գիտակի խորաթափանցությանը:
Ենթադրյալ հաճախորդը լիքը-լիքը, տռուզ թշերով, կլոր շրջանակավոր ակնոցով մի պարոն էր: Գլխարկի լայն եզրերի տակից, որով սովորաբար պատկերում են Գարիբալդիին, կախվել էին երկար, կիսով չափ ճերմակած մազափնջերը: Պարոն դեզ Էսսարը (եթե իրոք նա էր), ծայրահեղ անհամբերության բոլոր նշանները դրսեւորելով, կատաղորեն ձեռքով էր անում ինչ-որ մեկին ու նույնիսկ թեթեւակի ցատկոտում տեղում:
- Յուրօրինակ կերպար է,- նկատեցի ես:
Ու նայելով, թե ուղեւորներից ում է այդպես ոգեւորված ողջունում դիմավորողը, կռահեցի, թե Հոլմսն ինչպես է ընտրել հենց նրան:
Պարոնը վազելով մոտեցավ մեր ուղեկցին` պորտսմութցի գինեվաճառին, ճանկեց ձեռքը, հանեց գլխարկն ու կցկտուր սկսեց ինչ-որ բան ասել: Գինեվաճառը նույնպես, համենայնդեպս, ձեռքը տարավ իր որսորդական կեպիին, բայց տարակուսանքով էր նայում ֆրանսիացուն:
- Այո՜,- գլխով արեց Հոլմսը:- Մեղավորը կրկնակի շքոցով կեպին է: Հենց թերթերը սկսեցին ինձ նկարել բացառապես այդ գլխարկով, դադարեցի կեպի կրել: Բայց պարոն դեզ Էսսարը դա չգիտի: Դե, Ուո՛թսըն, առաջին տպավորությամբ ի՞նչ կասեք պատվիրատուի մասին:
Ես լարեցի ամբողջ դիտողականությունս ու կենտրոնացրի իմ համեստ հոգեբանական ունակությունները:
- Այդ մարդը հիսունից բավական անց է, բայց նրանցից է, ում մասին ասում են §մեծ երեխա¦... Շարժումները տարիքին անհարիր կտրուկ են... Պետք է, որ խենթություններ ունենա, սակայն բարի է ու զգայուն: Հիմա չափազանց հուզված է, բայց դա ընդհանրապես բնութագրական է հեշտ գրգռվող, մի տրամադրությունից արագ մյուսին անցնող մարդկանց... Ըստ երեւույթին, դերասանական հակումներ ունի. զգեստից է երեւում... Մատին` շքեղ մատանի, հրաշալի ձեռնափայտ. հարուստ է... Դա առանց այդ էլ գիտենք... Ահա, կարծես թե այսքանը...
- Ու համարյա բոլորը` ճիշտ նշանակետին,- գովեց Հոլմսը:- Տարիքի հարցում չեմ համաձայնի: Այդ մարդը առնվազն քսան տարով փոքր է, քան երեւում է: Ինչ վերաբերում է դերասանական հակումներին` նույնպես վստահ չեմ: Հագուստն ավելի շուտ խոսում է գավառացի չերեւալու ցանկության եւ ամենայն արդիականի հանդեպ սիրո մասին: Կարծում եմ` մեր առջեւ տեխնիկական առաջընթացի երկրպագու է կանգնած: Պաշտում է ձիերին, բայց ինքը չի ձիավարում: Մեզ դիմավորելու է եկել թեթեւ, բաց կառեթով, առանց կառապանի: Արեւմտյան կողմից: Մոտ քառորդ ժամ ճանապարհին է եղել:
Որոշեցի, որ բարեկամս հոգուս հետ է խաղում (նման բան արդեն պատահել էր), ու փռթկացրի:
- Գուցե հասցեն է՞լ կասեք,- հեգնանքով հետաքրքրվեցի ես:
- Անշուշտ: Կարծում եմ` ժամանել է Վո Գարնի դղյակից` դեզ Էսսարների տոհմական կալվածքից,- լուրջ պատասխանեց Հոլմսը:- ...Գիտե՞ք, Ուո՛թսըն, ստիպված եմ ձեր նկարագրության մեջ մի շտկում էլ անել: Մեր հաճախորդը պարզապես հուզված չէ: Ահավոր վախեցած է: Դա խոստումնալից է թվում: Բայց գնալու ժամանակն է: Նավասանդուղքն ազատվեց:
5

2

1376

  • Gohar
    2011-11-12 15:44:12
    (լավ) (լավ)
  • Արամ Ռոսսոներո
    2013-03-15 14:03:13
    ՇԵռլոկ Հոլմս (ուռա) (ուռա) ամենասիրածս գիրքը