Copy SMS

Բուլգակովի երեք մուսաները (վերջին մաս)


Բուլգակովի երեք մուսաները (վերջին մաս) - ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՍ


Այդ տարիներին Բուլգակովը սպասում էր Ստալինի հետ հանդիպման:  Սպասում էր հերթական նամակի պատասխանին, բայց բռնակալը լռում էր, միայն ժամանակ առ ժամանակ անսպասելի հետաքրքրություն էր դրսեւորում նրա ստեղծագործությունների նկատմամբ:
Այդ ժլատ հետաքրքրությունը թանկ արժեր. Ստալինը զարմանք հայտնեց, թե ինչու չի խաղացվում ՙՏուրբինների օրերը՚. ներկայացումն անմիջապես վերականգնվեց: Հարցրեց, թե ինչ է գրում Բուլգակովը, եւ գրողների միությունը բնակարան հատկացրեց նրան...
Ստալինի ուշադրությունը հաճելի էր, բայց գրողն այլ բան էր ուզում: Նա սպասում էր 1930 թվականի ամռանը խոստացված զրույցին: Այդ խոսակցությունը շատ կարեւոր էր. դրանով շատ բան էր բացատրվելու: Նա ձգտում էր այն գաղտնիքին, որը թաքցնում էր Ստալինը, ձգտում էր խորհրդավոր իմաստությանը: Նրան վաղուց իշխում էր աշխարհի անփոփոխելիության գաղափարը` պայմանավորված մարդկային էության անփոփոխելիությամբ:
Դա Բուլգակովի ստեղծագործություններում ձեռք էր բերել միստիկական հնչեղություն: Նա ուզում էր, որ Ստալինը ասեր` ճի±շտ է ինքը, թե` ոչ: Նրա արձագանքից գրողը կհասկանար, թե ինչ գաղափարներ են առաջնորդում Ստալինին...
1936 թվականին Բուլգակովը որպես լիբրետիստ աշխատանքի անցավ Մեծ թատրոնում: Իրավիճակի փոփոխությունը նրան ուրախացրեց, սակայն Ելենան տեսնում էր, որ դա նոր ստրկացում է: Եթե Միշայի ցանկությամբ լիներ, կթողներ ամեն ինչ ու կզբաղվեր իր համար կարեւորագույն գործով, բայց ստիպված էր անընդհատ ձգված ապրել ու տանել ստրկության ծանրությունը: Իր կյանքի գործը շարունակում էր միայն ազատ րոպեներին...
Ստալինի կերպարն ավելի ու ավելի էր հետաքրքրում Բուլգակովին:  Դեպի Ստալինը Բուլգակովին ձգում էր ստեղծագործողի տրամաբանությունը: Նրան հետաքրքրում էր սեմինարիստի կերպարը, որը գնաց դեպի հեղափոխություն եւ դարձավ հզոր կայսրության առաջնորդը:
Այս խորհրդածությունների արդյունքը ՙԲաթում՚ պիեսն էր` ընտրության մասին, անկյալ հրեշտակի մասին, որը նոր աշխարհ է ստեղծում:
Պիեսի արգելումը ջախջախեց Բուլգակովին: Գրողը հասկացավ, որ չնայած լավ վերաբերմունքին, արգելելով պիեսը, Ստալինը չի ցանկանում հանդիպել իր հետ: Չի ցանկանում բացել խաղաքարտերը:  Հույսի թելը, թե միստիկական երկխոսությունը կկայանա, կտրվեց: Խորհրդավոր իմաստությունը թաքցվեց Բուլգակովից:
Դա մահացու հարված էր: Նյարդային լարվածության հետեւանքով վերսկսվեց ժառանգական հիվանդությունը` հիպերտոնիկ նեֆրոսկլերոզը, որը Բուլգակովին գամեց անկողնուն:

ՎԵՐՋԻՆ ԽՈՍՏՈՒՄԸ


Ելենան անընդհատ կրկնում էր, որ չի թողնի նրան, ամեն գնով կպայքարի կյանքի համար: Բայց պարզվեց, որ հիվանդությունն ավելի ուժեղ էր. զորեղ են ուժերը, որոնք կյանքից տանում են հուսալքվածներին: Ուժեր, որոնց Բուլգակովը ՙհանդիպեց՚ իր վերջին վեպում, որոնք նրան կոչում էին երկար սպասված հանգստություն...
Նա արիաբար մահացավ, չնայած սարսափելի ու կեղեքող ցավերին:
Մահից առաջ անընդհատ զառանցում էր, ու Ելենան անգամ վերջին խոսքերը գրի առավ. ՙՄոտեցիր, ես կհամբուրեմ քեզ ու կխաչակնքեմ: Դու իմ կինն ես, ամենալավը, անփոխարինելին, հմայիչը: Ես սիրում եմ քեզ: Եվ եթե ինձ վիճակվի ապրել, միայն քեզ կսիրեմ ամբողջ կյանքում՚: Նաեւ ասաց, որ շատ է ցանկանում տեսնել Տասիին ու նրա ներմանն արժանանալ...
1940 թվականի մարտին Ելենան մենակ մնաց:  Առջեւում դաժան տարիներն էին, եւ նրան վիճակված էր անցնել աներեւակայելի զրկանքների միջով: Նա պետք է պահպաներ Վարպետի արխիվը եւ հասներ գրքերի հրատարակմանը, պետք է ամեն ինչ աներ, որ աշխարհը ճանաչեր այդ մեծ հանճարին:
Նրան ավելի քիչ էր տրված, քան Տատյանային եւ Լյուբային: Առաջինն ապրեց 93 տարի, երկրորդը` 92, իսկ Ելենան մահացավ 77 տարեկանում եւ իր առջեւ դրված խնդիրը, կարելի է ասել, կատարած` հրապարակվել էր ՙՎարպետը եւ Մարգարիտան՚ վեպի դեռեւս գրաքննության ենթարկված առաջին տարբերակը:
Կարծես կյանքն անմիջապես վերցրեց նրան, խոստումը կատարելուն պես...
3

0

1192