Copy SMS

Աշտարակի գերուհին (մաս 3)

Աշտարակի գերուհին (մաս 3) - Նա արագ իջավ նավամատույց, ներկայացավ հուզախռով պարոնին եւ ինձ ներկայացրեց որպես իր օգնական:
- Շա՜տ-շատ... Հույս չունեի... Փրկեցի՜ք, ուղղակի փրկեցիք,- ընդգծված առոգանությամբ կռթկռթաց դեզ Էսսարը` թափահարելով ձեռքերն ու փորձելով մեկ իմ ճամպրուկը վերցնել, մեկ Հոլմսի ուղեպայուսակը, մեկ պատյանով ջութակը: - Ահա իմ այցեքարտը, խնդրեմ... Տե՜ր Աստված, դուք եկաք, պարոն Հո՛լմս: Ես չափից դուրս, այսինքն ուզում էի ասել` չափազանց ուրախ եմ: Մենք փրկված ենք:
Նայեցի խավաթղթի ուղղանկյուն կտորին, որը Հոլմսը ժպտալով ինձ էր պարզել: Գրված էր`
ՄԻՇԵԼ-ՄԱՐԻ-ՔՐԻՍՏՈՖ
ԴԵԶ ԷՍՍԱՐ ԴՅՈՒ ՎՈ-ԳԱՐՆԻ
Պոնի-ակումբի պատվավոր նախագահ
Էլեկտրականության բարեկամների ընկերության նախագահ
Ծովահենային նավերի նավապետների ժառանգների ակումբի մշտական անդամ
Այդ զնգուն, բայց ոչ այնքան պատկառելի տիտղոսները կրողը արագ-արագ հետ նայելով`մեզ առաջնորդեց դեպի բաց կառքը: Մինչեւ առջեւի նստիքին տեղավորվելը` գրպանից երկու գազար հանեց ու կերակրեց ողորկ մաշկով, կուշտուկուռ ձիերին:
Ենթադրեցի, որ Հոլմսի սուր աչքը դեռեւս շոգենավից նկատել է նրա գրպանից ցցված գազարի կանաչ պոչերը, ինչից էլ եզրակացություն էր արել առ ձիերը սիրո մասին: Որ պարոն դեզ Էսսարը ձի չէր վարում` թերեւս երեւում էր նրա ջղաձիգ, անճկուն քայլվածքից: Այդպիսի անճարակը թամբին հինգ րոպե էլ չի դիմանա: Մնում էր սերը էլեկտրականության, այսինքն` առաջընթացի հանդեպ... Այստեղ նկատեցի, որ մեր հաճախորդի սքանչելի ձեռնափայտը գլխիկից ներքեւ փաթաթված է կապույտ կպչուն ժապավենով, որպիսին օգտագործում են վարպետ-էլեկտրիկները կամ թե ինչպես են նրանց կոչում (խոստովանեմ, որ դրանից այնքան էլ գլուխ չեմ հանում):
- Ձեր դեդուկտիվ տաղանդը մասամբ բացատրվում է վաղաժամ հեռատեսությամբ,- շշնջացի բարեկամիս` նստելով նրա կողքին ու ճամպրուկը դնելով ծնկներիս: Կարելի էր նաեւ կառքի հետնամասում տեղավորել, բայց ինձ հաճույք էր պատճառում ճռճռան, թարմ կաշվի հոտով բռնակը ձեռքիս մեջ պահելը:
- Չեք պատկերացնի` ինչքան եմ տագնապել:- Դեզ Էսսարը թափահարեց սանձը, բայց ամբողջ մարմնով դեպի մեզ էր դարձել:- Ամբողջ գիշեր աչք չեմ փակել, բայց հիմա արդեն ամեն ինչ լավ կլինի, ինչպես ձեզ մոտ են ասում` հիմնավոր կլինի: Ճի՞շտ արտահայտվեցի:
- Դատելով հեռագրից` շտապ գործ է,- չոր-չոր ասաց Հոլմսը:- Այնպես որ, եկեք ժամանակ չկորցնենք: Անցեք բուն խնդրին: Առայժմ առանց մանրամասնությունների:
- Բուն խնդրի՞ն: Իրավացի եք, իրավացի եք: Հիմա...
Ֆրանսիացին մտքի մեջ ընկավ, շտկեց ակնոցն ու վրա տվեց.
- Դուք ձեր առջեւ տեսնում եք մեր ժամանակների ամենասարսափելի հանցագործի հերթական զոհին:
- Մեր ժամանակների ամենասարսափելի հանցագործը պրոֆեսոր Մորիարտին էր,-ասացի:- Բայց նա պարոն Հոլմսի շնորհիվ արդեն ութ տարի հանգչում է Ռոյհենբախի ջրվեժի հատակին: Դուք ո՞ւմ նկատի ունեք:
- Ինչպե՞ս թե ում, ինչպե՞ս թե ում,- մեր կառապանը քիչ էր մնում վեր-վեր թռչեր նստիքին:- Իհարկե` Արսեն Լյուպենին:
Դեմքիս արտահայտությունն ակնհայտորեն չափազանց խոսուն էր. հաստ ապակիների հետեւից ինձ նայող դեզ Էսսարի մանկական աչուկներում տարակուսած, համարյա վիրավորված ապշություն արտահայտվեց:
- Դուք չե՞ք լսել Արսեն Լյուպենի մասին:
Այստեղ Հոլմսը բավական աննրբանկատ արտահայտություն թույլ տվեց իմ հասցեին:
- Գիտե՞ք ինչ, սը՛ր, իմ օգնականն իսկական անգլիացի է: Նա միայն բրիտանական թերթերն է կարդում ու չի հետաքրքրվում մայրցամաքի նորություններով: Իմացեք, ուրեմն, Ուո՛թսըն, Արսեն Լյուպենը քրեական հանճար է: Նույնիսկ կասեի` հրաշամանուկ, որովհետեւ ընդամենը քսանհինգ տարեկան է: Չնայած պատանի հասակին` բազմաթիվ հնարամիտ ու հանդուգն գողություններ է կատարել: Փարիզի բուլվարային թերթուկների հերոսն է, ուր երբեմն նաեւ նամակներ ու հայտարարություններ է ուղարկում: Լյուպենն ընդհանրապես թատերականության մեծ սիրահար է: Գլխավոր հնարքը, որի շնորհիվ մշտապես ծափեր է կորզում հասարակությունից, որեւէ մեծահարուստից միլիոն գողանալն ու ավարի մի փոքրիկ մասը որեւէ աղքատի նվիրելն է: Իհարկե, չմոռանալով դրա մասին հայտարարել թերթերով: Սակայն այդ Ռոբին Հուդը չի խորշում նաեւ շանտաժից, մարդ առեւանգելուց եւ անգութ շորթումից: Վաղուց եմ հետեւում նրա կարիերային ու շատ ուրախ եմ, որ մեր ճանապարհները վերջապես խաչվեցին: Նախազգացումս ինձ չխաբեց: Գիտեի, որ հետաքրքիր ուղեւորություն է լինելու:
Մեր հաճախորդը լսում էր ինձ ուղղված բացատրությունն ու քրթմնջում. «Սրիկա՜: Տակա՜նք» եւ նման այլ բաներ:
Նա կառավարելու հետաքրքիր ոճ ուներ: Ակնհայտորեն ուզում էր, որ կառեթն ավելի արագ գնա, բայց ոչ մի անգամ չդիմեց մտրակի օգնությանը. միայն սանձն էր թափահարում ու հորդորում` «Plus vite, mes fillettes, plus vite»1:
- Շարունակեք, սը՛ր: Ես համակ ուշադրություն եմ:
Բայց Հոլմսը ստիպված չեղավ շարունակել: Դեզ Էսսարը, ձիերին թողնելով, հիմնավորապես շրջվեց մեր կողմը ու ճչաց.
- Դժոխային մեքենա՜: Իմ տանը դժոխային մեքենա է դրված: Անունը ճի՞շտ եմ ասում: Եթե այսօր, մինչեւ կեսգիշեր, նրան չտամ իմ բոլոր փողերը, դղյակն օդ կբարձրանա: «Հին աշխարհի ժամացույցի վերջին զարկի հետ»,- այդպես էր գրված նամակում:
Հուզմունքից նրա շունչը կտրվեց, իսկ Հոլմսը խրատական տոնով ասաց.
- Տեսնո՞ւմ եք, Ուո՛թսըն, պարոն Լյուպենն էլ համարում է, որ տասնիններորդ դարը հենց այսօր է ավարտվում:
- Շնորհավորում եմ, որ այդպիսի համախոհ ունեք,- հակադարձեցի հարվածը, բայց, ինչպես միշտ, երբ ինձ հաջողվում էր սրամիտ պատասխան տալ, Հոլմսը ձեւացրեց իբր չի լսել:
Կառեթը նախ դղրդոցով անցավ սալարկած փողոցով, համեստ, խունացած պատերով տնակների մոտով, հետո շրջվեց դեպի ծովածոցի բարձրադիր ափը: Ինչ-որ տեղից եկեղեցական զանգահարություն էր լսվում, օդը ծովի, նորաթուխ հացի ու մոմի հոտ էր բուրում:
«Դժոխային մեքենայի» մասին բղավելուց հետո դեզ Էսսարը հազաց ու խեղճ-խեղճ ավարտեց.
- Նա սպառնում է պայթեցնել իմ տունը: Ինչ-որ տեղ ռումբ է դրված` ժամացույցի մեխանիզմով: Ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում, ու ես չգիտեմ` ինչ անեմ: Ահա եւ բուն խնդիրն` առանց մանրամասնությունների...
Հարցեր տալու իսկական ժամանակն էր, բայց Հոլմսը, չգիտես ինչու, լռում էր` մատներով թմբկահարելով ջութակի պատյանին:
Ստիպված էի անձամբ գործի անցնել:
- Կներեք, բայց գուցե ժամացույցի մեխանիզմով դժոխային մեքենայի այդ ամբողջ պատմությունը բլե՞ֆ է: Լյուպենը պարզապես ուզում է ձեզ վախեցնե՞լ:
Հաճախորդը վհատված հառաչեց.
- Գրության մեջ նշված է` «Լյուպենի ազնիվ խոսք», իսկ բոլորը գիտեն, որ այդ անազնիվ մարդու ազնիվ խոսքը պողպատից կարծր է:
Մենք անցնում էինք հարմարավետ գյուղական ճանապարհով, հին քարե պարսպի երկայնքով, որի տակ խշշում էին ծեր ծփիները:
- Դուք, անշուշտ, փնտրել եք ռումբը,- շարունակեցի ես:
- Ամբողջ դղյակը քրքրել ենք պարոն Բոսկոյի` իմ կառավարչի հետ:
- Իսկ ո՞ւր է այդ... անունն ի՞նչ էր... Լյուպենի գրությունը:
- Տանն է: Համարյա հասանք:
Իսկապես, կառքը ձախ դարձավ ու մի րոպեից կանգ առավ կոփածո դարպասի առջեւ, որը զարդարված էր տոհմական զինանշանով:
- Հիմա կբացեմ:- Դեզ Էսսարը տնքալով իջավ նստիքից ու զնգացրեց բանալիները:- Դռնապանին ու մյուս սպասավորներին արձակել եմ: Ինչո՞ւ իզուր տեղը վտանգեմ մարդկանց կյանքը: Չէ՛, չէ՛, նրանք ռումբի մասին չգիտեն: Ասել եմ, որ Նոր տարին կարող են դիմավորել ընտանիքների հետ... Միայն պարոն Բոսկոն է մնացել: Կամավո՛ր: Նա գիտի ամբողջ ճշմարտությունը: Սեպտեմբերին եմ ծառայության վերցրել, հին կառավարչի մահվանից հետո: Շա՜տ հաջող ընտրություն է: Խիստ արժանավոր մարդ է պարոն Բոսկոն ու չափազանց խիզախ:
Ձիերն առանց հրամանի ներս մտան բաց դարպասից ու կանգ առան: Փոքրիկ հրապարակից, որից այն կողմ հին այգին էր, սկիզբ էր առնում երկու ծառուղի. մեկը դեպի աջ, մյուսը` ձախ: Տանտերը կողպեց դարպասը, տեղավորվեց նստիքին ու կառքը վարեց դեպի ձախ:
- Աջ ծառուղին ուղիղ տուն է տանում, ձախը` օժանդակ շինությունները: Տեսնենք կառավարչին: Գուցե նորությո՞ւն ունի:
Խիտ թփուտները կիպ մոտեցել էին արահետին, մեր գլխավերեւում իրար էին միացել բարձրահասակ կաղնիների ու կուենիների սաղարթները: Առանց այն էլ մռայլ օրը միանգամից մթնեց:
Թավուտում երեւաց ընդարձակ մարգագետինը, որից այն կողմ` Վո-Գարնի դղյակի մռայլ ուրվապատկերն էր` տուն-արկղիկ` բարձր անկյունավոր տանիքով ու կլոր աշտարակներով: Պատուհանները խավար ու կույր էին: Ինձ թվաց` շենքը մոտալուտ վախճանը զգալով`սարսափից կկոցել է աչքերը: Եվ այդ պահին ինչ-որ տեղ, վերեւում խռպոտ կռռաց ագռավը:
Հիշեցի նողկալի նախազգացումս, որ ունեցել էի մեկ ժամ առաջ, երբ դեռ ոչինչ չգիտեի դժոխային մեքենայի մասին, ու փշաքաղվեցի:
7

1

1485