Copy SMS

Ստալինի ստորգետնյա կյանքը (վերջին մաս)

Ստալինի ստորգետնյա կյանքը (վերջին մաս) - Ստալինը մեկնում է Արեւելք

Ստալինի տարհանման հարցը դիտարկվել է, եւ այդպիսի ծրագրեր, անկասկած, գոյություն ունեին: Ընդ որում, այդ ծրագրերը քննարկվում էին պատերազմի ամենասկզբում: Հուլիսին կառավարման բարձրագույն մարմինները Կույբիշեւ տեղափոխելու հնարավորության մասին որոշում ընդունվեց: Տարհանումը նախապատրաստելու համար Կույբիշեւ գործուղվեց ՆԳԺԿ աշխատակիցների մի մեծ խումբ:
«Մոսկովյան Կրեմլը Հայրենական մեծ պատերազմի տարիներին» գրքում հիշատակվում են Ստալինի եւ մյուս առաջնորդների տեղափոխման պլանի մանրամասները. «Նախատեսվում էր մեկնման երեք տարբերակ` գնացքով, ավտոմեքենաներով եւ ինքնաթիռներով: Օդային ճանապարհը, մասնավորապես, նախատեսում էր տարհանում Լ-3 տիպի ինքնաթիռներով: Ուղեկցման համար առանձնացված էր կործանիչ ավիացիայի «ՄԻԳ» ինքնաթիռների երեք էսկադրիլիա եւ գրոհային ավիացիայի մեկ էսկադրիլիա: Ինքնաթիռների հինգ անձնակազմերի ցուցակները ՆԳԺԿ ներկայացվեցին 1941 թ. նոյեմբերի 12-ին»:
Սակայն այս ծրագիրը չարժանացավ ՆԳԺԿ ղեկավարության հավանությանը:
Ստալինի թիկնազորի աշխատակից Ալեքսեյ Ռիբինն իր հուշերում ճշտում է ինչպես տարհանման համար հատկացված ինքնաթիռների մակնիշները, այնպես էլ` տեղակայման վայրը. «Չկալովի անվան կենտրոնական օդանավակայանում պատրաստ կանգնած էին չորս «Դուգլաս»: Գնդապետ Գրաչովը նստած էր Ստալինի անձնական ինքնաթիռի խցիկում»:
Երկրի ղեկավարության տարհանման մյուս նախագիծը պատրաստել էր Կրեմլի պարետ Ն. Սպիրիդոնովը:
Մոսկվա-Նոգինսկ-Պոկրով-Վլադիմիր-Վյազնիկի-Գորոխովեց-Գորկի-Կույբիշեւ 1330-կիլոմետրանոց ավտոճանապարհի ծրագիրը պատրաստ էր հոկտեմբերի
20-ին: Նախատեսված էր շարժվել հոկտեմբերի 29-ին: Ընթանալու էին ութ խմբով, շարասյունը ձգվելու էր շուրջ հինգ կիլոմետր: Օդից շարասյան անվտանգությունը պահպանելու էր կործանիչ ավիացիայի մեկ գունդ, իսկ բուն շարասյան մեջ չորս զենիթային սարք էր լինելու:
Երրորդ տարբերակով տարհանումը նախատեսվում էր երկաթգծով` Մոսկվայի Գորկի-Ապրանքային կայարանից, որտեղ մի քանի շարժակազմ էր կանգնած` զրահահարթակներով ու զենիթային հրանոթներով: Շարժակազմերի անվտանգությունն ապահովելու էր կործանիչների մեկ գունդ:
Գրականության մեջ նաեւ վարկածներ կան, թե Մոսկվայից ինչպես էր տարհանվելու անձամբ Ստալինը:
Այն դեպքում, եթե գերմանացիները արեւմուտքից ու հյուսիս-արեւմուտքից ճեղքեին-դուրս գային Մոսկվայի արվարձանները, ու քաղաքի կենտրոնը ենթարկվեր ուժեղ հրետաձգության, Ստալինի հեռանալը ավտոմեքենաներով ծայրահեղ վտանգավոր կլիներ. մի քանի կիլոմետր երկարությամբ ավտոշարասյունը հարմար թիրախ կդառնար թշնամու համար:
Տարհանումը երկաթուղով նույնպես բարդ խնդիր էր: Բավական է վնասել երկաթգիծը, ու գնացքը կանգ կառնի: Չնայած նման դեպքերի համար շարժակազմերի առջեւից ու հետնամասում կցված էին ուղենորոգման հարթակներ, որոնք ունեին վնասված գիծը վերականգնելու բոլոր հնարավորությունները:
Տարհանման բոլոր հայտնի տարբերակներից նախընտրելին թռիչքն էր Կենտրոնական օդանավակայանից: Սովետական կործանիչները որոշ ժամանակ պետք է գերակշռություն ապահովեին մայրաքաղաքի երկնքում, կենտրոնական մասում: Կրեմլից մինչեւ օդանավակայան զրահապատ «Պակարդով» տասը րոպեի, տանկով` 15 րոպեի ճանապարհ էր: «Դուգլասների» թռիչքը կործանիչների պաշտպանության տակ միանգամայն հնարավոր էր, վտանգը, սակայն, այն էր, որ գերմանացիների ճեղքման դեպքում Գորկու փողոցը, Լենինգրադյան պողոտան ու Կենտրոնական օդանավակայանը կարող էին ենթարկվել նշանառու հրետանային կրակի:
Իրադարձությունների նման զարգացման դեպքում Ստալինը Կրեմլից Կենտրոնական օդանավակայան կարող էր հասնել մետրոյով, ապա զրահամեքենայով 1-2 րոպեում մոտենալ ինքնաթիռին:
Սակայն տարհանման երեք տարբերակներից ոչ մեկն էլ չօգտագործվեց. ռազմաճակատում իրադարձություններն այնպես զարգացան, որ Ստալինի տարհանումը կորցրեց հրատապությունը, իսկ անհրաժեշտության դեպքում նա կարող էր օգտվել Մոսկվայի ու Մերձմոսկվայի ապաստարաններից...
4

0

1745