Copy SMS

Աշտարակի գերուհին (մաս 4)

Աշտարակի գերուհին (մաս 4) - III
Դեզ Էսսարը ձիերին կանգնեցրեց ախոռի մոտ: Դա մի գեղեցիկ շինություն էր, գլխավոր մասնաշենքի փոքրացված պատճենը` աշտարակներով ու տանիքի անկյունների առծվառյուծներով:
- Պարո՜ն Բոսկո,- բարալիկ ձայնով կանչեց դղյակի տերը:- Պարո՜ն Բոսկո:
Եվ էլի հարցական ինչ-որ բան, որը չհասկացա, քանի որ ֆրանսերենի իմացությունս թերատ է:
Երկրորդ հարկի պատուհաններից մեկում, որտեղ, հավանաբար, կացարաններն էին, մի նիհար տղամարդ հայտնվեց: Ապակուց այն կողմ էր, մուգ ֆոնին, ու տեսա միայն սպիտակ կրծքակալի անկյունը` սեւ փողկապով, եւ անհամաչափ խոշոր գլուխը. չէ՜, պարզապես երկար, բիզ-բիզ կանգնած մազերն էին: Կառավարչի ուրվագիծն ինձ խատուտիկ հիշեցրեց:
- A-t-on telephone?,- բղավեց տանտերը (դա հասկացա):
Բոսկոն օրորեց գլուխը. շքեղ սանրվածքը ճոճվեց:
Այդ ժամանակ դեզ Էսսարը մատնացույց արեց մեզ.
- Monsieur Շերլոկ Հոլմսը: Doktor Ուոթսընը:
- «Նրանք եկել են, հիմա ամեն ինչ լավ կլինի,- մնացածը կիսաձայն թարգմանեց Հոլմսը:- Մնացեք հեռախոսի մոտ»:
Պարոն Բոսկոն գլխով արեց տիրոջը, խոնարհումով ողջունեց մեզ ու անհետացավ: Այդ ամբողջ ընթացքում ոչ մի բառ չարտաբերեց:
- Այդ սրիկայի պայմանն է,- կառքը տեղից շարժելով` բացատրեց դեզ Էսսարը:- Մեկնումեկը մշտապես պիտի հեռախոսի մոտ լինի: Իմ տանը ամեն ինչ կահավորված է տեխնիկայի վերջին խոսքով: Կառավարչի բնակարանի ու տան միջեւ հեռախոսային գիծ կա: Լծակի մեկ պտույտ` ու հնչում է զանգը: Ուղղակի չգիտեմ` ինչ էի անելու առանց Բոսկոյի:
Կառեթը կանգ առավ մուտքի մոտ, որը գեղեցիկ սրածայր աշտարակի ներսում էր:
Հիմա, երբ արդեն կարող էի մոտիկից տեսնել դղյակը, համոզվեցի, որ շենքը հին չէ. ոչ թե հնություն էր, այլ հնության նմանակում:
- «Լյուդովիկոս տասներեքերորդ» ոճն է,- որոշեց Հոլմսը, որը ճարտարապետության փայլուն գիտակ էր:- Քառասնական թվականներին խիստ տարածված էր Ֆրանսիայում` հրացանակիրների մասին վեպերի ազդեցության տակ:
- Այո՛, հայրիկս պաշտում էր Ալեքսանդր Դյումային,- հաստատեց տանտերը:
Ես արդեն հասցրել էի վարժվել դեզ Էսսարի յուրօրինակ պահվածքին ու չզարմացա մանկական «հայրիկ» բառից, որն այնպե՜ս չէր սազում այդ պարոնի հասուն տարիքին ու ճերմակած մազերին:
Դրվագազարդ կաղնեփայտով երեսպատված նախասրահում նա հպարտությամբ պտտեց խոշոր հախճապակե անջատիչն, ու լույսը վառվեց:
- Հրաշալի էլեկտրական լուսավորություն ունեմ,- հայտարարեց դեզ Էսսարը:- Տեսեք. եւս մի պտույտ` եւ առաջին հարկի բոլոր լամպերը վառվեցին:
- Բայց դեռ չի մթնել,- ասացի:
Տանտերը ակնհայտ դժկամությամբ անջատեց լույսն ու մեզ առաջնորդնեց ցուրտ սենեկաշարով, որոնք կահավորված էին հնաոճ զանգվածեղ կահույքով:
Մեծ սրահում, որտեղ, փառք Տիրոջը, բուխարին վառ էր, նստեցինք երկար սեղանի մոտ, որի երեսին փռած մեծ ճերմակ անձեռոցիկի տակ շշեր ու սկահակներ էին ուրվագծվում:
- Ահա: Հիմա ձեզ մանրամասն կպատմեմ այդ ամբողջ մղձավանջային պատմությունը, առանց որեւէ մանրուք բաց թողնելու,- խոստացավ դեզ Էսսարը:- Գիտեմ, որ ձեր գործում մանրուքներն ամենակարեւորն են: Սկսեմ իմ հանգուցյալ հայրիկից...
3

0

1450