Copy SMS

Պիկասոյի ընդհատակյա կյանքը (մաս 4)

Պիկասոյի ընդհատակյա կյանքը (մաս 4) -
Միայնություն
Բայց վերադառնանք Օլգային: Նրա հանդեպ ատելությունը Պիկասոն խառնեց գեղանկարչությանը:  Ցլամարտի թեմաներով մի շարք կտավներում Պիկասոն նրան մեկ ձիու, մեկ ջադու կնոջ կերպարով էր նկարում:
Իրենց բաժանման պատճառները բացատրելիս Պիկասոն կասի. «Նա ինձնից շատ բան էր պահանջում: Այդ ժամանակահատվածն իմ կյանքի ամենավատ շրջանն էր»: Բայցեւայնպես, Պիկասոն չէր ցանկանում ամուսնալուծվել: Անցյալի թեկուզ փոքր մասից ամբողջովին հրաժարվելը նրա համար հավասարազոր էր մահվան, որից Պիկասոն միշտ վախեցել էր: Բացի այդ, ամուսնալուծությունը կբերեր նրա ունեցվածքի ուղիղ հիսուն տոկոսի կորստի, գլխավորապես` կտավների: Եվ Օլգան մինչեւ կյանքի վերջը պաշտոնապես մնաց Պիկասոյի կինը:
1943 թվականին Պիկասոն ծանոթացավ նկարչուհի Ֆրանսուազ Ժիլոյի հետ, որն ընդամենը 21 տարեկան էր: Մի քանի տարի նա գեղանկարչի նոր մուսան էր:
Սա Օլգայի համար հերթական հարված էր: Նա շարունակում էր խանդել նախկին ամուսնուն, մանավանդ երբ նոր սիրուհիներ էին հայտնվում:  Օլգան նրան ցասումնալի նամակներ էր գրում` խառնելով իսպաներենը, ֆրանսերենն ու ռուսերենը: Նամակների բովանդակությունը միշտ նույնն էր` որքա՜ն է ցածրացել Պիկասոն:
Սովորաբար Օլգան նամակներին կցում էր Ռեմբրանտի կամ Բեթհովենի նկարները` հավելելով, որ նա երբեք նրանց չափ հանճարեղ չի լինի:
Պիկասոյի փարիզյան թանգարանում պահպանվում են ամուսնուն ուղղված Օլգայի ավելի քան հարյուր նամակներ, բայց առայժմ դրանք մատչելի չեն:  Դրանց հետ ծանոթությունն, ինչ խոսք, կօգնի ավելի լավ հասկանալ նրանց հարաբերությունները, հասկանալ այն դերը, որ կինը խաղացել է նկարչի կյանքում, եւ նրանց բաժանման պատճառը:
Ամռանը Օլգան մեկնեց Միջերկրական ծովափնյա փոքրիկ մի քաղաք, որտեղ ապրում էին Պիկասոն եւ Ֆրանսուազ Ժիլոն` իրենց որդու` Կլոդի հետ, ու հետապնդում էր երիտասարդ կնոջը: Ֆրանսուազը լռությամբ տանում էր վիրավորանքները` հասկանալով, որ Օլգան տառապում է միայնությունից եւ հուսահատված է:
1949 թվականին Ֆրանսուազն աղջիկ ունեցավ` Պալոման, իսկ երեք շաբաթ անց Պիկասոն պապիկ դարձավ. Պոլը որդի էր ունեցել, որին, ի պատիվ պապի, անվանեցին Պաբլո, բայց սովորաբար փաղաքշական Պաբլիտո էին ասում:
Պոլ Պիկասոն պատերազմի տարիներն անցկացրեց Շվեյցարիայում եւ Փարիզ վերադարձավ միայն ազատագրումից հետո: Աշխատանք չուներ, նաեւ շատ էր խմում ու թմրանյութ օգտագործում: 1954 թվականին թոքաբորբով ծանր հիվանդանալով` Պոլը հայտնվեց մահվան շեմին: Բժիշկը Պիկասոյին հեռագիր ուղարկեց` խնդրելով շտապ գալ Կանն: Պատասխան այդպես էլ չստացվեց:
- Իմ հոր` Պոլ Պիկասոյի ողբերգությունն այն է,- պատմում է Մարինա Պիկասոն,- որ ամբողջ կյանքում կախման մեջ է եղել մեծ վարպետից եւ ամեն ամիս, ստորանալով, ստիպված էր գումար խնդրել:
Հանճարեղ նկարիչը, հնարավոր է, չկարողացավ որդուն ներել այն բանի համար, որ նա պարզապես սովորական մարդ էր` զուրկ որեւէ տաղանդից:
Ծնողներից նյութական կախվածությունը երկար տարիներ իր վրա զգացել է նաեւ Մարինա Պիկասոն, որը մոր ու եղբոր հետ շատ համեստ ապրում էր հարավային Գոլֆ-Ժյուան քաղաքում:
Հարազատների ու մտերիմների հետ հարաբերություններում վարպետն, ըստ թոռնուհու, դավանում էր հետեւյալ սկզբունքը. ես ամեն ինչ եմ, դու` ոչինչ:
- Պապիկի հետ հարաբերությունները շատ վատ էին, դժվար:  Ես նրա հետ ոչ մի շփում չունեի:  Երբ դպրոցն ավարտելուց հետո ցանկանում էի ընդունվել բժշկական ֆակուլտետ, Պիկասոն քարտուղարի միջոցով հայտնեց, որ հնարավորություն չունի վճարելու ուսման համար: Երկար ժամանակ նրան հորս վաղաժամ մահվան ու մորս խեղված կյանքի մեղավորն էի համարում,- հիշում է Մարինա Պիկասոն:
Օլգա Խոխլովան կյանքի վերջին տարիներն ապրեց Կաննում` կատարյալ մենության մեջ: Տեւական ու տանջալից հիվանդությունից հետո նա 1955 թվականի փետրվարի 11-ին քաղցկեղից մահացավ քաղաքային հիվանդանոցում: Թաղմանը ներկա էին որդին եւ մի քանի ընկերներ:  Պիկասոն այդ ժամանակ Փարիզում ավարտում էր «Ալժիրյան կանայք» կտավը ու թաղմանը չեկավ:
Շարունակելի
5

3

1869

  • Adonis
    2011-11-29 17:07:16
    Մեծ հետաքրքությամբ կարդացել եմ 4 մասերը։ Հետաքրքիր մանրամասներ են աշխարահռչակ նկարչի կյանքից (լավ)
  • MARIam(just tears & rain)
    2011-11-29 23:32:09
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) ՇԱԱԱԱԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՐ (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Angela
    2013-08-07 21:48:25
    Շնորհակալություն հեղինակին