Copy SMS

Արմեն Տիգրանյան

Մահացել է Կոմպոզիտոր, խմբավար, ՀԽՍՀ և ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայկական ազգային օպերայի հիմնադիր Արմեն Տիգրանյանը :

Արմեն Տիգրանյան - հետաքրքիր, տեղեկություններ

Արմեն Տիգրանյանը ծնվել է 1879 թ.-ի դեկտեմբերի 26-ին, Ալեքսանդրապոլ քաղաքում: Նա վաղ տարիքից նվագել է ֆլեյտա, մասնակցել դպրոցական փողային նվագախմբի համերգներին: Նրա երաժշտական ճաշակի ձևավորման վրա էապես ազդել է Շիրակի երաժշտարվեստի, հայկական ժողովրդական և գուսանական երաժշտության առանձնահատկությունների յուրացումը: Նրանց տանը հաճախ են հավաքվել արվեստագետներ, բանաստեղծներ, կազմակերպվել գրական-երաժշտական երեկոներ: 
1894 թ-ին Տիգրանյանն ընտանիքի հետ տեղափոխվել է Թիֆլիս: 1902 թ-ին ավարտել է երաժշտական ուսումնարանի ֆլեյտայի և երաժշտության տեսության (դասատու՝ Նիկոլայ Կլենովսկի) դասարանները, միաժամանակ կոմպոզիցիայի դասեր առել Մակար Եկմալյանից: Նույն թվականին Տիգրանյանը վերադարձել է Ալեքսանդրապոլ, կազմակերպել դպրոցական և ժողովրդական քառաձայն երգչախմբեր. վերջինիս հետ համերգներով շրջագայել է Թիֆլիսում, Բաքվում, Կարսում: Այդ շրջանին են վերաբերում նրա առաջին ստեղծագործությունները՝ «Հովերն առան սար ու դարեր», «Ախ իմ ճամփեն», «Սև աչերեն» (Ավետիք Իսահակյանի խոսքերով)երգերը և հայկական ժողովրդական երգերի խմբերգային մշակումները: 
1908 թ-ին Տիգրանյանն սկսել է գրել իր առաջին՝ «Անուշ» օպերան (ըստ Հովհաննես Թումանյանի): Նույն թվականին օպերայի առանձին հատվածներ ներկայացվել են Թիֆլիսում: «Անուշն» առաջին անգամ բեմադրվել է 1912 թ-ին, Ալեքսանդրապոլում: Երևանի օպերայի և բալետի թատրոնում «Անուշն» առաջին անգամ բեմադրվել է 1935 թ-ին, իսկ 1939 թ-ին ներկայացվել է Մոսկվայում՝ հայ արվեստի և գրականության տասնօրյակին: 
1913 թ-ից Տիգրանյանը բնակվել է Թիֆլիսում. մասնակցել է Հայոց երաժշտական ընկերության (1912–21 թթ.) աշխատանքներին, դասավանդել Հովնանյան դպրոցում, հանդես եկել համերգներով: Կոմպոզիտորը գրել է նոր ստեղծագործություններ. երաժշտություն՝ «Լեյլի և Մեջնուն» դրամայի (բեմադրվել է 1918 թ-ին, Թիֆլիսում), «Արևելյան պար»՝ սիմֆոնիկ նվագախմբի համար, խմբերգեր, մշակել ժողովրդական երգեր: 
1920–30-ական թվականներին Տիգրանյանն ստեղծել է մի շարք երգեր, կանտատներ, խմբերգային երկեր, դաշնամուրային պիեսներ՝ «Պարերգ», «Հայկական պարերի սյուիտ», «Արևելյան ֆանտազիա», «Շիրակ զմրուխտի», «Մանկական ալբոմ»: 
Հայրենական մեծ պատերազմի (1941– 1945 թթ.) տարիներին կոմպոզիտորը գրել է հայրենասիրական երկեր, «Պարային սյուիտ»՝ սիմֆոնիկ նվագախմբի համար, և պատմահայրենասիրական «Դավիթ Բեկ» օպերան (ըստ Րաֆֆու): Տիգրանյանն օպերան ավարտել է 1949 թ-ին, սակայն «Դավիթ Բեկի» առաջին ներկայացումը տեղի է ունեցել 1950 թ-ին՝ կոմպոզիտորի մահվանից հետո` Երևանի օպերայի և բալետի թատրոնում: 
Տիգրանյանը գրել է երաժշտություն նաև թատրոնի համար: Նա մահացել է 1950թ.-ի փետրվարի 10-ին, Թբիլիսի քաղաքում:


1

0

1771