Copy SMS

Ծնվել է հայ նշանավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանը:

Ծնվել է հայ նշանավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանը: - ծնունդ , ճարտարապետ , ԹորմանյանՃարտարապետ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Թորոս Թորամանյանը հայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիրն է: 

Նա սովորել է ծննդավայրի Մուշեղյան վարժարանում, Կոստանդնուպոլսի Գեղարվեստի վարժարանի ճարտարապետության բաժնում: 1895թ. մեկնել է Բուլղարիա, որտեղ 1898թ. նրա նախագծերով կառուցվել են առանձնատներ և հասարակական շենքեր: 1900թ. տեղափոխվել է Ռումինիա, ապա շրջագայել է Պարսկաստանում, Սիրիայում, Եգիպտոսում, Հունաստանում, Իտալիայում: 1902թ. մեկնել է Փարիզ՝ կատարելագործվելու: 

1904թ.-ի գարնանը Թորամանյանը սկսել է Զվարթնոց տաճարի հետազոտությունը, ղեկավարել է Խաչիկ վարդապետի նախաձեռնած պեղումները, կատարել չափագրման աշխատանքներ: 1905թ. ավարտել է տաճարի վերակազմության նախագիծը, որը հաստատվել է 1906թ. Անիում Նիկողայոս Մառի արշավախմբի պեղումների ժամանակ հայտնաբերված Սբ. Գրիգոր (Գագկաշեն) տաճարի մանրակերտի նույնանման հորինվածքով: 

Թորամանյանի «Զվարթնոցի եկեղեցին» (1905թ.) հոդվածով սկզբնավորվել է հայկական ճարտարապետության գիտական գրականությունը: Թորամանյանն ուսումնասիրել ու չափագրել է նաև Հոռոմոսի համալիրը, Արգինայի եկեղեցին, Տեկորի տաճարը, Շիրակ և Արագածոտն գավառների հատկապես V–VII դարերի հուշարձանները: 

1904–12թթ. Անիում պարբերաբար մասնակցել է Նիկողայոս Մառի գիտարշավախմբի պեղումներին, ուսումնասիրել ու չափագրել է բազմաթիվ եկեղեցիներ, պալատներ, հյուրատներ, բնակելի տներ, պարիսպներ, կամուրջներ, ստեղծել վերակազմության նախագծեր: Թորամանյանի «Էջմիածնի տաճարը» (ռուսերեն` 1909թ., հայերեն` 1910թ.), «Տեկորի տաճարը» (առանձին գրքով` 1911թ.), «Գավիթ և ժամատուն հայոց հնագույն եկեղեցիների մեջ» (1911թ.), «Նորագույն կարծիքներ հայ ճարտարապետության մասին» (1911թ.), «Անի քաղա՞ք, թե ամրոց» (1912թ.) և այլ ուսումնասիրություններ վկայում են հայկական ինքնուրույն ճարտարապետության զարգացման բարձր մակարդակը: Շնորհիվ այդ ուսումնասիրությունների բազմաթիվ օտար գիտնականներ վերանայել են իրենց թյուր տեսակետները հայկական ճարտարապետության վերաբերյալ: 

1913թ. Թորամանյանը Վիեննայի համալսարանին կից Արվեստի պատմության ինստիտուտի գիտական նստաշրջանում լավագույն աշխատանքի համար արժանացել է Գլխավոր մրցանակի: Նրա 1000-ից ավելի գծագրերի, ուսումնասիրությունների և այլ նյութերի հիման վրա Վիեննայի համալսարանի պրոֆեսոր Յոզեֆ Ստրժիգովսկին 1918թ. հրատարակել է «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» գերմաներեն երկհատորյակը, որի շնորհիվ հայկական ճարտարապետությունը, որպես ինքնուրույն ճարտարապետական դպրոց, արժանացել է համաշխարհային ճանաչման: Առաջին համաշխարհային պատերազմի (1914– 1918թթ.) և նրան հաջորդած գաղթի տարիներին կորել են Թորամանյանի` հրատարակության պատրաստ 10-ից ավելի աշխատություններն ու մեծ քանակությամբ այլ նյութեր: 

Թորամանյանի աշխատությունների հիմնական մասը 2 հատորով լույս է տեսել գիտնականի մահից հետո՝ «Նյութեր հայկական ճարտարապետության պատմության» խորագրով (1942–48թթ.): 1923թ. նրա մասնակցությամբ ստեղծվել է Հուշարձանների պահպանության կոմիտեն: Նա շուրջ 30 տարի չափագրել, լուսանկարել ու նկարագրել է Հայաստանի հարյուրավոր հուշարձաններ, որոնցից շատերը պահպանվել և վերակազմվել են նրա նյութերի շնորհիվ: Թորամանյանը ստեղծագործական սերտ կապեր է ունեցել ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հետ, որի արվեստանոցում 1928թ.-ից աշխատել է որպես խորհրդական, կատարել նաև հատակագծման ու նախագծման աշխատանքներ: 

Թորամանյանն առաջինն է դասակարգել ու բնութագրել հայկական ճարտարապետության զարգացման շրջանները, բացահայտել նրա ինքնատիպությունը, ամբողջականությունը և ոճական ինքնուրույնությունը: Նրա աշխատություններն սկզբնաղբյուր են ուսումնասիրողների համար: 

ՀՀ ԳԱԱ-ն 1969թ. սահմանել է Թորամանյանի անվան մրցանակ: Նրա անունով Երևանում կոչվել է փողոց, տան առջև, որտեղ ապրել է Թորամանյանը, դրվել է հուշաքար:

3

6

2102