Copy SMS

Կորեացի տաղանդը

Կորեացի տաղանդը - տաղանդ , կորեացի


Հարավային Կորեան իր պատասխանը տվեց շոտլանդացի տնային տնտեսուհիՍյուզան Բոյլի երաժշտական ֆենոմենին: Korea’s Got Talent մրցույթի կազմակերպիչները հավատում էին, որ երիտասարդ տաղանդներ կբացահայտեն, բայց հաստատ պատկերացնել անգամ չէին կարող, որ այսպիսի գանձ կգտնեն: Մասնակիցներից մեկն իր վոկալով հուզեց ժյուրիի անդամներին և ստիպեց լաց լինել տպավորվող հանդիսատեսին:

«Երեք տարեկանում մանկատանը հայտնվեցի: Ծնողներս փող չունեին,- իր մասին պատմեց 22-ամյա Չոյ Սոն Բոկը` հանդիսատեսին ու ժյուրիին ներկայանալիս,- երբ հինգ տարեկան էի, փախա մանկատնից. ինձ ծեծում էին: Անօթևան դարձա: Փողոցում մաստակ, էներգետիկ ընպելիքներ էի վաճառում: Այդպես տաս տարի ապրում էի»:

Մասնակիցը բեմ բարձրացավ մարզակոշիկներով, ջինսե տաբատով ու վանդակավոր վերնաշապիկով, որի վրա փակցված էր մասնակցի համարը` 40272: Համեստ երիտասարդը խոստովանեց, որ ստիպված է եղել քնել աստիճաններին և հասարակական զուգարաններում: 14 տարեկանում տղային օգնեցին դպրոց տեղափոխվել, որտեղ ուսուցիչները նկատեցին նրա տաղանդը: Այդ ժամանակ արդեն երգելը Բոկի համար պահանջ էր դարձել: Երգելով նրա կյանքն իմաստավորվում էր, նա սկսում էր հավատալ սեփական ուժերին և կայանալու հնարավորությանը: Նա որոշեց, որ ցանկանում է երգել այն բանից հետո, երբ գիշերային ակումբներից մեկում բեմի վրա երաժիշտների տեսավ: «Հիացած էի, երբ լսեցի, թե որքան անկեղծ է երգչուհին երգում»,- ասաց Չոյը:

Եվ ահա նա նույնպես կանգնած է մեծ դահլիճի բեմին: Korea’s Got Talent մրցույթի իր ելույթի համար երգիչն ընտրել էր իտալական լիրիկական ստեղծագործություն «Nella Fantasia», որ կատարում է միջազգային հայտնի Il Divo խումբը: Երգելու առաջին վայրկյաններին ժյուրին ու հանդիսատեսը զարմանքից քար կտրեցին, ապա սկսեցին արտասվել: Չոյ Սոն Բոկը մարդկանց կարծես հեքիաթային երազի մեջ գցեց, կախարդեց ու հմայեց նրանց: Հիասքանչ բարիտոնի վերջին նոտայի հետ դահլիճը պայթեց ծափահարություններից:

Հաղթական ելույթից հետո երիտասարդը խոստովանել է, որ մի-փոքր վախենում է, բայց միաժամանակ ոգևորված է և ցանկանում է ավելի շատ աշխատել: Չոյն ասել է, որ անհավանական է համարում այն, որ իր նման անօթևանը հաջողացրեց հայտնվել շոուին: Նա շնորհակալություն է հայտնում ճակատագրին, «որովհետև այժմ կյանքի նպատակ կա»: Երիտասարդը համարվում է երաժշտական մրցույթի հավանական ֆավորիտներից մեկը: Բայց անգամ անհաջողության դեպքում ժյուրիի անդամներից մեկը խոստացել է օգնել նրան պրոֆեսիոնալ երգիչ դառնալ:

Կորեացու ելույթն իսկական սենսացիա է ոչ միայն Հարավային Կորեայում, այլև արտասահմանում: Երկրպագուներն անգամ սոցիալական ցանցերից մեկում նրա էջն են բացել, որտեղ մարդիկ ամբողջ աշխարհից գովաբանում ու ոգևորիչ մեկնաբանություններ են թողնում: Չոյ Սոն Բոկի վիդեոն արդեն տաս միլիոնից ավել մարդ է դիտել, իսկ նրա երկրպագուների թիվն անհավանական ռիթմով ավելանում է:

Երիտասարդ երգչի տաղանդը համեմատում են Սյուզան Բոյլի տաղանդի հետ, ով անգլիական Bratain’s Got Talent մրցույթում իսկական ֆուրոր առաջացրեց: Ինչպես և տնային տնտեսուհին, հարավկորեացին նույնպես երազում է կյանքն ընդմիշտ կապել երաժշտության հետ: Նա այժմ հույս ունի, որ երջանիկ է լինելու:
5

3

1469