Copy SMS

Բերմուդյան եռանկյուն


Բերմուդյան եռանկյուն - եռանկյունի, Բերմուդյան, հետաքրքիր


«Բերմուդյան եռանկյունը» Հյուսիսային Ամերիկա մայրցամաքից 900 կմ դեպի արևելք` Ատլանտյան օվկիանոսում գտնվող Բերմուդյան կղզիները (Բերմուդներ), Ֆլորիդա թերակղզին ու Պուերտո Ռիկո կղզին միմյանց միացնող երևակայական գծերով կազմված եռանկյունն է: 


«Բերմուդյան եռանկյունը» մարդկանց ուշադրությունը գրավել է վաղուց` այնտեղ տեղի ունեցող խորհրդավոր աղետների պատճառով. հաճախ անհետանում են նավեր ու օդանավեր` առանց որևէ աղետի ազդանշան ուղարկելու կամ հետք թողնելու: Այդ շրջանում հայտնաբերվել են լքված նավեր, որտեղ եղել են կենդանի շուն, կատու կամ սոխակ, սակայն չեն հայտնաբերվել աղետյալների դիեր: Նման «համբավի» համար «Բերմուդյան եռանկյունը» կոչվել է նաև «Դժոխքի օղակ», «Վհուկների ծով», «Կորած նավերի ծովախորշ» և այլն:


«Բերմուդյան եռանկյան» առեղծվածի մասին խոսում էին դեռևս Քրիստափոր Կոլումբոսի ժամանակներից, երբ նա 1492 թ-ին առաջին անգամ հասավ Ատլանտյան օվկիանոսի այդ շրջանը: Իր գոյության շուրջ 500 տարվա ընթացքում «Եռանկյան» առեղծվածն այնպես է հիմնավորվել մարդկանց գիտակցության մեջ, որ դարձել է թևավոր խոսք` համարժեք խորհրդավոր անհետացման:


«Բերմուդյան եռանկյունում» տեղի ունեցող երևույթները ժամանակին պատճառ են դարձել տարբեր վարկածների. ոմանց կարծիքով՝ այդ շրջանում գոյություն ունեն «երկնային անցքեր», և աղետյալները, իբր, այնտեղ ընկնելով, հայտնվում են այսպես կոչված «չորրորդ չափողականության» թակարդում, որտեղ ժամանակի ընթացքն այլ է: Վարկած կա նաև, որ «Բերմուդյան եռանկյան» շրջանում այլմոլորակայինները տեղադրել են ճառագայթող հզոր աղբյուրներ` իրենց տիեզերանավերը կողմնորոշելու համար, և դրանց զանազան գործողությունների հետևանքով տեղի են ունենում խորհրդավոր անհետացումներ: Մյուսները պնդում են, որ ժամանակին խորասուզված Ատլանտիդայի բնակիչները երբեմն դուրս են գալիս ջրի երես ու հափշտակում իրենց «թերզարգացած» եղբայրներին: Վարկած կա նաև, որ «Եռանկյան» շրջանում օվկիանոսի հատակը պատռվում է, ջուրը հորդում է ցած` իր հետ տանելով նավերը:


Գիտնականները, սակայն, պնդում են, որ «Բերմուդյան եռանկյան» շրջանում օվկիանոսի վարքը նույնն է, ինչ մյուս վայրերում, և այնտեղ տեղի չեն ունենում արտառոց երևույթներ, որոնք պատճառ դառնային նման խորհրդավոր անհետացումների: Նրանք պարզել են նաև, որ այդ շրջանի ջրաօդերևութաբանական պայմանները բարդ են. հաճախակի մոլեգնող ցիկլոններն ու փոթորիկները հանկարծակի առաջացնում են շատ ուժեղ հոսանքներ, որոնք կարող են արագությամբ քշել վթարված օբյեկտի մնացորդները` ստեղծելով անհետացման պատրանք: Իսկ ինչ վերաբերում է աղետների հաճախությանը, ապա այն հնարավոր միջինից տարբերվում է լոկ այնքանով, որքանով լարված է նավագնացությունը ծանծաղուտներով հարուստ այդ շրջանում:


Գիտնականներն առաջարկել են տեսություններ, որոնք բացատրում են «Բերմուդյան եռանկյունում» նավերի և ինքնաթիռների հանկարծակի անհետացումները: Դրանցից մեկի համաձայն՝ ծովի հատակում տեղի ունեցող մեթանի հիդրատի քայքայման հետևանքով արտանետվում է մեծ քանակով մեթան գազ, որը ջրի մեջ առաջացնում է մեթանով հագեցած վիթխարի պղպջակներ: Դրանց մեջ ջրի խտությունն այնքան փոքր է, որ այդտեղ հայտնված նավերը վայրկենաբար սուզվում են: Գիտնականների մյուս մասը ենթադրում է, որ մեթան գազը, թափանցելով նաև օդի մեջ, փոքրացնում է նրա խտությունը, հետևաբար՝ վերամբարձ ուժը, և ինքնաթիռները վայր են ընկնում: Բացի այդ` օդին խառնված մեթանը, նվազեցնելով թթվածնի պարունակությունն օդում, կարող է շարժիչների խափանման պատճառ դառնալ:


Մեկ այլ տեսության համաձայն՝ նավերի կործանման պատճառ կարող են դառնալ այսպես կոչված «թափառող ալիքները», որոնք հասնում են մինչև 30 մ բարձրության: Ենթադրում են նաև, որ որոշակի պայմաններում օվկիանոսում կարող է առաջանալ տագնապի զգացողություն առաջացնող ենթաձայն (ականջի համար անլսելի ցածր հաճախության ձայն), որից խուճապահար անձնակազմը լքում է նավը՝ նետվելով ջրի մեջ:


Դեռևս շարունակում է խորհրդավոր մնալ «Բերմուդյան եռանկյան» առեղծվածը:

10

13

1672

  • Sherlock
    2012-04-03 20:09:15
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • LiAn
    2012-04-03 20:12:07
    Շնորհակալ եմ,,սա իմ առաջին պոստն եր
    • ViTaMiNcHiK (EMm)
      2012-04-03 20:16:20
      շատ հետաքրքիր էր..համ ել բարի գալուստ քոփի
  • LiAn
    2012-04-03 20:17:00
    (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Copy-ի սիրահար
    2012-04-03 20:47:23
    լավն էր Լիան (բռավո)
  • ღღღ LILUSHIK ღღღ
    2012-04-03 20:48:17
    (լավ) (լավ) (բռավո) (բռավո) ԼԱՎՆԱ ԼԻԱՆ ՋԱՆ (լավ)
  • LiAn
    2012-04-03 20:49:26
    շատ մերսի երեխեք ջան,անունս Լիլիթա :)
  • LiAn
    2012-04-03 20:51:55
    (լավ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Hayk
    2012-04-03 23:34:33
    ես հեսա նավ եմ սարքելու,,գնամ ընդեխով անցնեմ,,ու ապացուցեմ որ ոչմի բանել չկա :D :D :D :'(
    • Elak
      2012-04-04 00:52:18
      Ես էլ եմ ուզում :)
      • Hayk
        2012-04-04 23:20:46
        քեզ հետս կվեկալեմ O:)
  • LiAn
    2012-04-03 23:40:10
    (ժպիտ) դուք մինչև նավը սարքեք կրկին անգամ կապացուցվի,որ յտեղ ամեն ինչ էլ կա