Copy SMS

Մ. թ. ա. 753 թ. ի այսօրը հիմնադրվեց Հռոմը...

Մ. թ. ա. 753 թ. ի այսօրը հիմնադրվեց Հռոմը... - հետաքրքիր, զարմանալի



Հռոմն Իտալիայի մայրաքաղաքն է, աշխարհի հնագույն, պատմական ու մշակութային հուշարձաններով հարուստ քաղաքներից, որն ստացել է «հավերժական քաղաք» անունը: 



Հռոմը կառուցվել է 7 բլուրների վրա՝ Տիրենյան ծովը թափվող Տիբերի գետաբերանի մոտ: Քաղաքի բարձրագույն կետը Մարիոն է՝ ծովի մակերևույթից 139 մ բարձրությամբ: Կլիման միջերկրածովային է: Հռոմի նահանգի և Լացիո մարզի վարչական կենտրոնն է: Հռոմի տարածքում է Վատիկան քաղաք-պետությունը: 

Հռոմը կազմավորվել է պատմական կենտրոնի շուրջը: 

Հռոմը կառավարում է ընտրովի խորհուրդը (5 տարով, 80 անդամից), որից ընտրում են քաղաքագլուխ և գործադիր կոմիտե (ջունտա), իսկ կառավարումը վերահսկում են Հռոմի նահանգի նահանգապետն ու նահանգային գործադիր կոմիտեն: 

Հռոմն Իտալիայի քաղաքական, տնտեսական, մշակութային գլխավոր կենտրոնն է, տրանսպորտային խոշոր հանգույց. գործում են «Լեոնարդո դա Վինչի» (կամ «Ֆյումիչինո») և «Չամպինո» միջազգային օդանավակայանները, «Սան Պաոլո» գետային նավահանգստային համալիրը, մետրոպոլիտենը (1936 թ-ից): Զարգացած են մեքենաշինությունը (էլեկտրատեխնիկական, ռադիոէլեկտրոնային և այլն), քիմիական, դեղագործական, պոլիգրաֆիական, կահույքի, թեթև, սննդահամի և արդյունաբերական այլ ճյուղեր, շինանյութերի արտադրությունը: Քաղաքում պահպանվել են գեղարվեստական արհեստագործության ավանդական ճյուղերը՝ ոսկերչությունը, ապակեգործությունը, գոբելենագործությունը, պատրաստում են կաշվե իրեր, հյուսածո կահույք և երաժշտական գործիքներ: Հռոմը կինոարդյունաբերության, միջազգային զբոսաշրջության (տարեկան ավելի քան 3 մլն զբոսաշրջիկ) կենտրոններից է:

Հռոմում են կենտրոնացած Իտալիայի կառավարական և վարչական հաստատությունները, կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ղեկավար մարմինները, խոշոր բանկերը, ապահովագրական, վարկային և առևտրական ընկերությունները, միջազգային կազմակերպությունները: Քաղաքում կան բազմաթիվ բուհեր: Գիտական հաստատություններից հայտնի են Դեի Լինչեի ազգային, Բժշկական գիտությունների, Քառասունի (ըստ անդամների թվի) ազգային ակադեմիաները, Գիտական հետազոտությունների ազգային խորհուրդը, Միջուկային ֆիզիկայի ազգային ինստիտուտը, աստղադիտարանը: Տարաբնույթ ուսումնասիրություններ են կատարվում բազմաթիվ ակադեմիաներում, գիտական ընկերություններում, ինստիտուտներում ու կենտրոններում: Գործում են «Տեատրո դել օպերան», «Տեատրո դի Ռոմա» դրամատիկական թատերախումբը, «Տեատրո պիկոլի դի պոդրեկի», մանկական «Ալ Տորկիո» և այլ թատրոններ, «Սանտա Չեչիլիա» ազգային երաժշտական ակադեմիան, ինչպես նաև Հռոմեական ազգային (Թերմերի), Վիլիա Ջուլիուս, Բարոկկոյի, Ժողովրդական արվեստների և ավանդույթների ազգային, Հռոմեական քաղաքակրթության, Հռոմի, Կապիտոլիումի, Վատիկանի թանգարանները, Բորգեզեի, Անտիկ արվեստի, Ժամանակակից արվեստի ազգային և այլ պատկերասրահներ:

Քաղաքում է օլիմպիական մարզական կենտրոնը՝ փոքր և մեծ մարզապալատներով, որտեղ տեղի են ունեցել XVII օլիմպիական խաղերը (1960 թ.):

Ըստ ավանդության՝ Հռոմը (իտալերեն՝ Ռոմա) հիմնադրել է Հռոմուլոսը, 

մ. թ. ա. 754/753 թ-ին: Քաղաքի խորհրդանիշն էգ գայլն է, որը, ավանդության համաձայն, կերակրել է մանուկ եղբայրներ Հռոմուլոսին ու Հռեմոսին: 

Հին աշխարհի պատմության մեջ Հռոմը հիշատակվում է որպես խոշորագույն քաղաք և հզոր տերության՝ Հին Հռոմի մայրաքաղաք: VI–VIII դարերում այն Բյուզանդիայի գերիշխանության տակ էր: VI դարի 50–60-ական թվականներին Իտալիայի բյուզանդացի կառավարիչ հայազգի Նարսեսը ձեռնարկել է Տիբեր գետի հունը մաքրելու, պատերազմներից ավերված քաղաքի նավահանգիստը վերականգնելու, հասարակական շենքերը նորոգելու աշխատանքներ: 756–1870 թթ-ին Հռոմը (փոքր ընդմիջումներով) Պապական մարզի կենտրոնն էր: 

XV դարի կեսին – XVI դարի սկզբին Հռոմը Վերածննդի խոշոր կենտրոններից էր, որտեղ ապրել և աշխատել են հումանիստներ, նկարիչներ, ճարտարապետներ (Լեոն Բատիստա Ալբերտի, Պոջո Բրաչչոլինի, Դոնատո Բրամանտե, Ռաֆայել, Միքելանջելո և ուրիշներ): Իտալացիների երկարամյա պայքարի արդյունքում 1870 թ-ին Հռոմը միացվել է Իտալիային, 1871 թ-ին հռչակվել Իտալիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք: 1946 թ-ից Հռոմը Իտալիայի Հանրապետության մայրաքաղաքն է: 

Քաղաքում պահպանվել են տարբեր ժամանակաշրջանների բազմաթիվ ճարտարապետական հուշարձաններ ու կառույցներ. հնագույն շինությունները` ջրանցույցներ (ինչպես և հնում, խմելու ջուրը Հռոմ է բերվում լեռնային գետերից ու լճերից՝ հնագույն ջրանցույցներով), փողոցներ, մ. թ. սկզբի քրիստոնեական կատակոմբներ, հիմնականում Տիբեր գետի ձախ ափին են: Առանձին կառույցներ՝ Կոլիզեումը և Տիտոսի հաղթակամարը (I դար), Պանթեոնը և Անդրիանոսի դամբարանը (II դար), Դիոկղետիանոսի թերմերը (մոտ IV դար), Սանտա Մարիա Մաջորե բազիլիկը (V դար) ժամանակակից քաղաքի տարածքում են: Վերածննդի շրջանում ստեղծված Վատիկանի պալատային համալիրը, Դորիա Պամֆիլուս և Բորգեզե վիլլաները վեհություն են հաղորդում Հռոմին: XVI–XVII դարերում կառուցվել են քաղաքում գերիշխող դիրք ունեցող Սբ Պետրոսի տաճարը, Նավոնա և Դել Պոպոլո հրապարակների ու Կապիտոլիումի համալիրները, Հռոմին բնորոշ բարոկկո ոճի՝ Ջեզու (1568–84 թթ.), Սանտ Անդրեա ալ Քվիրինալե (1658 թ.) և այլ եկեղեցիներ, Իսպանական աստիճանաշարը (1725 թ.), Տրևի շատրվանը (1732–51 թթ.) և այլ կառույցներ: 

Հռոմն ունի փողոցների օղակաշառավղային համակարգ. աշխարհագրական կենտրոնը Վենետիկի հրապարակն է, որտեղից ճառագայթաձև սկսվող միջքաղաքային ճանապարհները (Սալարի, Ֆլամենիա և այլն) մայրաքաղաքը կապում են Իտալիայի գլխավոր քաղաքներին: 1950-ական թվականներին կառուցվել են Վիա դեի Ֆորի Իմպերիալի պողոտան, Հռոմը Օստիային կապող միջազգային ցուցահանդեսի կենտրոնը:

1960-ական թվականներից Հռոմը զարգանում է մեկ ընդհանուր հատակագծով: Կառուցվել են Տերմինի կայարանը, Իտալիայի «Ավտոմոբիլի ակումբ»-ի վարչական շենքը, «Սերաֆիկում» համալսարանական համալիրը և բազմաթիվ այլ կառույցներ ու համալիրներ:

Հռոմում հայերի մասին հիշատակություններ կան դեռևս մ. թ. ա. I դարից: Մ. թ. 65 թ-ին հայոց Տրդատ Ա թագավորը շուրջ 3-հզ-անոց շքախմբով գնացել է Հռոմ՝ Ներոն կայսրից թագադրվելու: IV դարում Հռոմում հռչակված էր հռետոր Պարույր Հայկազնը, որի հուշարձանը կանգնեցվել է Հռոմում՝ նրա կենդանության օրոք: 552 թ-ին Հռոմը գոթերից ազատագրել է բյուզանդացի զորավար հայազգի Նարսեսը (ավանդությունը նրան է վերագրում «Կիլիկյան» վանքի շինարարությունը): Հռոմում հայ համայնքի գոյության մասին է վկայում 649 թ-ի հայ ներկայացուցիչների մասնակցությունը Լատերանի տիեզերաժողովին:

XI դարում Հռոմում գործել են Սբ Հակոբ հայկական եկեղեցին, վանք և հյուրանոց: Հայերի անունով կոչվել է թաղամաս:

XIII–XIV դարերում Հռոմի, ինչպես նաև իտալահայ մյուս համայնքները ստվարացել են: Հռոմում ընդօրինակվել են հայերեն բազմաթիվ ձեռագրեր: Առաջին անգամ հայերեն գիրք («Տոմար Գրիգորյան») այստեղ տպագրվել է 1584 թ-ին: 1883 թ-ին հիմնադրվել է Լևոնյան վարժարանը, որը հայ կաթոլիկ հոգևորականների պատրաստման բարձրագույն դպրոց էր: 

XIX դարի 1-ին կեսից Վենետիկի Մխիթարյաններն իրենց ներկայացուցչությունն ունեն Հռոմում: 

1966–67 թթ-ին Հռոմի պետական համալսարանի մի խումբ դասախոսներ (Գեզա Ֆրանկովիչ, Ֆեռնան դե Մաֆֆեի, Պաոլո Կունեո, Հերման Վահրամյան) զբաղվել են հայ միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրությամբ, իսկ 1968 թ-ին Հռոմում բացվել է հայ ճարտարապետության պատմությանը նվիրված առաջին ցուցահանդեսը, լույս է տեսել 4 մենագրություն:

1988 թ-ին Պաոլո Կունեոն հրատարակել է ընդարձակ ուսումնասիրություն հայ ճարտարապետական հուշարձանների վերաբերյալ:
4

8

868