Copy SMS

Սևակն իմ աչքերով...

Սևակն իմ աչքերով... - Սևակ, հետաքրքիր


Չեմ ուզում աշխատանքս կերտել որպես թվականների ու փաստերի շարք.Պարույր Սևակը ծնվել է այսինչ թվականին,այսինչ գյուղում,այսինչ թվականին գերազանց գնահատականներով ավարտել է այսինչ դպրոցը,ընդունվել է այսինչ համալսարանը և այլն:Չէ'...եկեք չթվարկենք կոկորդ չորացնող այդ փաստերը:Եկե'ք չառօրեանանք:Եկե'ք կարդանք Սևակ ո'չ աչքերով,այլ հոգով:Մեզնից շատերը մի ողջ գրվածքում տառն են ընթերցում միայն,սերտում են միայն,բայց երբեք չեն դատում,մթնում են հանկարծ,մինչդեռ կարող էին միշտ մնալ լուսե:Սևակը կասեր.''Եկե'ք չհարգենք'':Ես էլ եմ ասում:Փորձենք բարձրանալ այն ամենից,ինչը մեր աչքերն են տեսնում,եկե'ք մտածենք,եկե'ք զգանք:

    Գուցե սխալվում եմ ինձ իրավունք վերապահելով Սևակ վերլուծել,բայց կարծում եմ`բացի մեծերը մեծերի մասին գրվածքներից պակաս կարևոր չէ հասկանալը,թե ինչպես է ընկալվում հայ գրականության Սևակ անվամբ վերերկրային նշխարը դեռահասի կողմից:

   Երբ սկսեցի գրել,անմիջապես հասկացա,որ բան չգիտեմ,այսինքն` գիտեմ լոկ այն,ինչը գրված էր մեր դասագրքերում.հատված վիթխարի պոեմից,քառատող չքնաղ բանաստեղծությունից և այլն:Ինձ իսկույն  համակեց ''չհարգանքի'' զգացումը/եթե նման բառ կա իհարկե/,և սկսեցի կարդալ:Սկսեցի վերլուծել,դատել ու կշռադատել ու գիտե՞ք,թե ինչ հասկացա.Սևակը ես եմ:Հանդուգն հայտարարություն::Այո',Սևակը ես եմ,որովհետև նրա ամեն տողը ընթերցելիս թվում էր` նա դրանք հափշտակել էր զգացմունքներիս շտեմարանից,դրանք իմ մտքերն էին վաղուցվանից:Նա գողացել էր իմ ապրումները.դա էի զգում:Գուցե դրա համար էլ այդչափ հարազատ էր նա ինձ:Հասկացա,որ նա ապրել է իմ մեջ նույնիսկ այն ժամանակ,երբ կարդալ չգիտեի ու երբ հաճախ մորս շուրթերից լսում էի.''Եվ ինձ լսելով կարող են ասել.''Գժվե՞լ է ինչ է'':Իսկ ես էլ կասեմ.''Այո',գժվել եմ,ինչու՞ չգժվել:'' տողերը:

    Բանաստեղծը սիրում էր,ներում,քննադատում,խենթանալու չափ բարկանում,սարսափում,մեղմանում,ափսոսում,բայց անթիվ-անհամար հակադրությունների մեջ նա մնում էր անսասան.երբեք չէր ատում:Գրեթե բոլորին սիրում էր,իսկ ում չէր սիրում,նրան ուղղակի չէր վերաբերվում,բայց և չէր ատում:Մեծություն էր.նրան դա չէր կարելի:Հայ գրողը չէր կարող պատկերել մի երևույթ,որի գոյությունը չէր զգում ոչ միայն այն պատճառով,որ դժվար է անիրականը իրական դարձնելը,այլև այն պատճառով,որ հայ գրողը այդ դեպքում  կդադարեր արվեստագետ լինելուց,կդադարեր շահագրգռվածություններ ունենալուց,մի բան,առանց որի հնարավոր չէ զգալ անիրականը:Ա'յս իմաստով և միայն ա'յս ձևով էր հնարավոր դառնալ Սևակ,խուսափել ներքին պառակտումներից ու դառնալ մարմնացած իմաստ:

           -Մասնագիտությու՞նս:

           -Կյանքին նայել միայն բարձունքներից ապագայի:

   Սևակի մասնագիտացումը զուտ բանաստեղծական չէր,կյանքին ապագայի բարձունքներից նայելը հասարակական ու գեղագիտական այն սկզբունքն էր,որ սնում էր նրա հոգին:

                   Ես նա եմ նաև,

                   Որ տարբերում է պաչը համբույրից,

                   Ինչպես սիրողին` սիրահարվածից,

                   Եվ մահացումը` մեռնելուց, 

                   Իրոք.ի՞նչ է իմ գործը,

                   Եթե ոչ ջոկել 

                   Ո'չ թե կեղծիքը ճշմարտությունից,

                   Այլև տարբերել սուտը կեղծիքից,

                   Ճիշտը` ճշմարտից ու ճշգըրիտից,

                   Գութը` խղճալուց:

    Ճիշտ չեմ գտնում մանրացնել ամեն մի բառը,իրարից զատել ամեն մի տողը`արանք չթողնելով ենթատեքստի համար,քանզի ամեն ոք պարտավոր է յուրովի ընկալել,յուրովի  զգալ ու յուրովի մոտենալ Սևակ կոչվածին,այլապես ինչո՞վ պիտի տարբերվենք խանութի ցուցափեղկից երևացող  բութ հայացքով ու դատարկ գլխով մանիկեններից:

    Սևակի համար գեղագիտական հաճույք էր կյանքի պրոզայիկ թվացող երևույթները պոեզիա բերելը:Կարդալիս հանդիպեցի մի պարբերության,ուր ակնարկվել էր սևակի բանաստեղծությունների,կոնկրետ դեպքում ''Մարդը ափի մեջ'' շարքի ձգձգվածության մասին` նկատի ունենալով նրանց երկարությունը:Սևակի բանաստեղծությունները,համամիտ եմ,երկարաշունչ են,որն էլ առիթ է տվել նրան համարելու ''բանաստեղծական խառնվածքով էպիկ'':Ներեցե'ք հանդգնությանս համար,բայց երկարաշնչությունը բնավ ձգձգվածություն չէ:Ըստ իս,Սևակին չի բավարարում երևույթը միայն մի կողմից դիտարկելու գաղափարը,և նա շռայլում է զգացմունքները ռիթմերի ու հանգերի մեջ,տողերը հոսում են,ու մեր աչքի  առաջ հառնում է զգացմունքների զուգորդումների շարքը,նա սովորեցնում է բառի վրա իշխելու արվեստը`զերծ մնալով լակոնիկ վերլուծությունից:

    Սևակի ամենամեծ ավանդը հազիվ բռնելի արևույթը աֆորիզմ դարձնելու,թևավոր խոսքի աստիճան բարձրացնելու կարողությունն է,ինչպես օրինակ`

                        Աշխարհին ուղղված մի բացիկ եմ ես.

                        Մի' ծրարեք ինձ

                        Եվ մի' սոսընձեք...

    Գրում եմ...գրում` ձեզ թողնելով անորոշության մեջ:Մինչ այժմ չանդրադարձա  ոչ մի կոնկրետ գործի կամ բանաստեղծության:Ներեցե'ք:Եկե'ք որոշակիացնենք իմ մենախոսությունը ձեր հոգու հետ:Ինչի՞ց խոսենք:Կցանկանայի շոշափել հայրենիքի ցավի ու ժողովրդի դարավոր լույսի թեման,բայց դա կանեմ,երբ գա ապրիլի 24-ը,այդժամ այդ թեման ինքնաբուխ կհորդի,ինչպես շատ անգամ բարկությունս է հորդում:Եկե'ք խոսենք հավերժական թվացող սիրո թեմայով,դեռահաս ենք չէ՞,սիրո ծաղկունքի հասակում ենք այժմ:

                                   Քո բիբլիական անունն եմ սիրում,

                                   Սիրում եմ,այն էլ բիբլիական սիրով:

   Սիրերգությունը բանաստեղծի անհատականության ամենախորը դրսևորումներից մեկն է:Սերը Սևակի պոեզիայում հենց սկզբից եղել է ոչ թե ''բանաստեղծական թեմա'',որին դիմել է ''անպայման սեր երգած լինելու'' համար,այլ ունեցել է անհատական,կենսագրական արտացոլում:Սևակը շատ էր սիրառատ,և նրա բանաստեղծության հերոսը մեկ անգամ չէ,որ նորից ու նորից ապրել է սիրո քնքշություններն ու պարգևած հուզումները` սիրո վայելքներից մինչև հանդիպումի անհաղթահարելի պահանջ,բաժանումի ցավ ու մխացող կարոտ:Եվ այդ ամենի հիմքում,անշուշտ,ինչ-որ չափով ընկած է եղել կենսագրական տարրը:Բայց զուր ու սխալ կլիներ հնագետի ջանասիրությամբ Սևակի բանաստեղծություններով փորձել վերականգնել կանացի այն կերպարները,դեմքերն ու դեպքերը,որոնք ազդակ են դարձել այս կամ այն բանաստեղծության ծնունդի համար:Նույնիսկ,այն դեպքում,երբ ուղղակիորեն շեշտվում է սիրած կնոջ անունը,քնարական հերոսուհին,ըստ իս,շատ հեռու է մնում ''բնորդի'' կերպարից:Հերոսուհին ոչ թե այս կամ այն կինն է,այլ սիրելի' կինը,սիրա'ծ կինը:

                               Ամենամա~րդ մարդը,

                               Սիրո~ղ մարդը,

                               Քեզ չի կարող ձև տալ ամեն կուժ ու կուլա,

                               Եվ որ չորսոտանի ''մարդ'' կոչվածը կյանքում

                               Շատ ավելի բարդ է,

                               Քան թե հազարատառ,թեկուզ սրբագործված մի ֆորմուլա:

   Սևակը հազվագյուտ նրբությամբ է պատկերում սիրող ու տառապող,ծիծաղող ու կարոտող մարդու փոփոխակի զգացմունքների ու մտքերի բախումից ծնվող ապրումները:Նրա սիրերգությունը ամբողջությամբ շնչում է քնարական հոգեվիճակների բազմազանությամբ ու նվագների բազմաձայնությամբ:Բանաստեղծություններում արտահայտված զգացմունքը տրվում է տարբեր,հաճախ հակադիր զգացմունքների հետ զույգ կազմած: 

                               Արի' ինքներս մեզնից բարձրանանք`

                               Թույլ տանք արարքներ ինքնաժխտումի.

                               Փոխադարձաբար իրար նեղացնենք 

                               Ու վիրավորենք փոխադարձաբար,

                               Որ...կարոտն ինքը հաշտվի իրեն հետ,

                               Որ տառապանքը ինքն իրեն ների,

                               Ես էլ հավատամ,որ դու չես եղել

                               Ո'չ իմ միակը ճակատագրո~վ,

                               Ո'չ էլ վերջինս` թյուրիմացաբար...

   Գուցե ասածս կոպիտ ու վիրավորական հնչի,բայց ով չի սիրում,ունակ չէ հասկանալ Սևակի բազմածալ սիրո ամենատարբեր,ծայրահեղական ու քնքուշ դրսևորումները:Ու չփորձե'ք անգամ,չի ստացվի... 

                                Ինչի՞ համար է այս երկմտանքը:

                                Չէ՞ որ տանջվել եմ ես ազնվորեն:

                                Թո'ղ որ ամեն բան բաց պատկերված չէ,

                                Սակայն ամեն բան պատկերացված է:

                                Ինչ-որ հնարքով կողպի'ր մտքերս.

                                Հանգստացրու' ինձ,

                                Հանգստացրու~...

   Բայց այս ամենի հետ մեկտեղ Սևակի տարակուսանքները դուրս են գալիս եսասիրության սահմաններից ու գնում դեպի երկինք:Քնարական հերոսը շատ անգամ քայլում էր հարբածի պես,հաճախ կրկնում էր.''իննաձև մարմինս քարշ եմ տալիս ութաձև'':Նա ապրում էր աշխարհի ցավով,աշխարհի դավով,ներում էր աշխարհի արհամարհանքը իր հանդեպ ու մաքառում:

                               Չե'մ խորհում:

                               Եվ դա իմ խորհելն է:

                               Չե'մ լսում:

                               Չեմ ուզում ընդունել ոչ մի ձայն:

                               Բայց անվերջ լսվում է թե' իմ մեջ,թե' իմ շուրջ.

                               ''Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է'':

 

     Է~խ,Սևա'կ,Սևա~կ,բարեկա'մս,քո հոգու մաքրությունն ու անառակության հասնող աչքերի վեհությունը ունակ չեղան մի բան փոխելու:Հիմա էլ ոչինչ չի փոխվել` ԿԵՂՏԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ.լույսը մեռնում է մարդկանց հոգիներում,ու ճակատագիրը մարդու,երկտող ճակատագիրն այդ  դեռևս մնում է անընթեռնելի:

                                Աշխատում եմ ինձ մի կերպ ներշնչել,

                                Թե խոսելը նույնն է,ինչ...ստելը:

                                Ու ես ծա~նր-ծա~նր լռությունը

                                Բարձրացնում եմ խոսքի աստիճանի,

                                Ու ես ծա~նր-ծա~նր խոսքը իջեցնում եմ,

                                Դնում պատվանդանին քար լռության,

                                Եվ այդ միությունից ծնվում է այն բիճը,

                                Որ սերում է ՍԻՐՈՒ~Ց,

                                Բայց ոչ երբեք պարտքից,

                                Որ կարճ կոչվում է ՃԻՇՏ,

                                Երկար` ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ:

   Ի՞նչ ունեիր դու,Սևա'կ,բացի բառերից,հրաշք բառերից ի՞նչ ունեիր աշխարհին տալու,ոչի~նչ,ու էդ աշխարհն ունակ չեղավ անգամ քեզ փոխհատուցելու:Դու միշտ կրկնում էիր,բարեկա'մս,միշտ կրկնում էիր,թե կարգին մեռնելու համար էլ մարդ պիտի բախտ ունենա:Դու անբախտ էիր,ու դա էր միակ քո թերացումը...Քո մահով աշխարհն ինքն իրեն պատժեց քեզ չարժևորելու համար.բայց ես հավատում եմ.դու կաս յուրաքանչյուրիս մեջ,պետք է միայն սովորել զգալ քեզ պես,սովորել քեզ պես բաշխել ամենանվիրականը`սերը:

                 Ու վերջում էլ,պարզ նայելով աշխարհին,անտակտորեն հայտարարում եմ.

                                                  Հասկացե'ք,որ ոչի'նչ-ոչի~նչ ձեզ տալ չեմ կարող,

                                                  Ես լոկ կարող եմ ձեզ սիրել...միայն այսքանը...

 

Սևակն իմ աչքերով... - Սևակ, հետաքրքիր

9

5

1504

  • :):)Mane:):)
    2012-04-23 21:24:20
    (լավ) :) (լավ) (լավ)
  • ღℒIℒITღ
    2012-04-23 21:24:48
    (լավ) (բռավո) (բռավո) (բռավո)
  • -ℳanukyan(◔̯◔)
    2012-04-24 14:14:56
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • GG&AM
    2012-04-26 23:04:38
    (լավ)