Copy SMS

Այսօր ծնվել է Րաֆֆին

Այսօր ծնվել է Րաֆֆին - ծնունդ, Րաֆֆի

Ծնվել է Րաֆֆին: 

Հայ արձակի խոշորագույն դեմքերից մեկը` Րաֆֆին ծնվել է 1835թ. Փայաջուկ գյուղում (Պարսկաստանի Սալմաստ գավառ): Նրա ստեղծագործությամբ հայկական ռոմանտիզմը հասել է իր բարձրակետին, հայ գրականությունը մերձեցել համաշխարհային գրականության չափանիշներին: 


Րաֆֆին (իսկական անուն-ազգանունը՝ Հակոբ Մելիք-Հակոբյան) նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական վարժարանում, 1847թ. մեկնել է Թիֆլիս, սովորել է Կարապետ Բելախյանցի մասնավոր դպրոցում, իսկ 1852թ. ընդունվել է ռուսական գիմնազիայի 4-րդ դասարան: 

1856թ. վերադարձել է Փայաջուկ՝ տնօրինելու գերդաստանի տնտեսական գործերը: 1860-ական թվականների վերջերին, սակայն, ստիպված լինելով հոգալ սնանկացած ընտանիքի նյութական խնդիրները, Րաֆֆին կրկին մեկնել է Թիֆլիս: Գրիգոր Արծրունու հրավերով 1872թ.-ից դարձել է «Մշակ» թերթի գլխավոր աշխատակիցը, որտեղ էլ տպագրել է իր գեղարվեստական գործերի մի մասը, հրապարակախոսական հոդվածներն ու ուղեգրությունները: 

1875– 1877թթ. դասավանդել է Թավրիզի Արամյան, 1877–79թթ.՝ Ագուլիսի հայկական դպրոցներում, ապա վերադարձել է Թիֆլիս և մինչև կյանքի վերջն զբաղվել բացառապես գրական գործունեությամբ: 

Րաֆֆին ճանապարհորդել է պարսկահայ և թուրքահայ գրեթե բոլոր գավառներում, գրի առել հարուստ տեղեկություններ Հայաստանի բնության, աշխարհագրական դիրքի, ժողովրդի բարքերի ու կենցաղի վերաբերյալ, որոնք հետագայում հսկայական նյութ են տվել նրա գրական մտահղացումներին: 

1860–70-ական թվականներին գրած «Սալբի» (1866թ.), «Խաչագողի հիշատակարանը» (1869–70թթ.) վեպերում, «Հարեմ» (1874թ.) վիպակում, «Գեղեցիկ Վարթիկը» (1872թ.), «Անբախտ Հռիփսիմեն» (1872 թ.), «Մի օրավար հող» (1873թ.) պատմվածքներում և այլ գործերում Րաֆֆին նկարագրել է պարսկահայության կյանքը, ազգային խտրականությունն ու սոցիալական անարդարությունները և հանգել այն մտքին, որ նմանատիպ հակասությունները կարելի է լուծել լուսավորության միջոցով, ինչպես նաև պայքարի, դիմադրության ու ազգային ինքնագիտակցության բարձրացման ճանապարհով: 

Րաֆֆու ստեղծագործության մեջ բացառիկ տեղ ունեն «Դավիթ Բեկ» (1882թ.), «Պարույր Հայկազն» (1884թ.), «Սամվել» (1886թ.) պատմավեպերը և «Խամսայի մելիքություններ» (1882թ.) պատմական ուսումնասիրությունը: 

«Սամվելը» հայ դասական պատմավեպի խոշոր նվաճում է: Վեպի հիմքում ազգապահպանության գաղափարն է: Րաֆֆին ապրել է բախտորոշ մի ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանը և Թուրքիան հայերի հանդեպ վարում էին բացահայտ ազգաձուլման քաղաքականություն: Ճակատագրի չար հեգնանքով նման իրադրություն էր Հայաստանում նաև IV դարում, երբ հայերի հանդեպ նույն քաղաքականությունն էին վարում Պարսկաստանն ու Բյուզանդիան: Այս իրողություններն էլ դարձել են վեպի պատմական հենքը, որոնց գեղարվեստական վերլուծության միջոցով Րաֆֆին փորձել է ժամանակի քաղաքական ծանր կացությունից դուրս գալու ելք գտնել: 

Իր քննադատական հոդվածներում, գրախոսություններում, երկերի առաջաբաններում Րաֆֆին արձագանքել է գրական շարժման կարևոր երևույթներին, XIX դարի հայ գրականության զարգացման օրինաչափություններին, ժամանակակից ու պատմական վեպի տեսության հարցերին և այլ խնդիրների: 

Երևանում և ՀՀ այլ վայրերում Րաֆֆու անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ: «Խաչագողի հիշատակարանը» վեպի հիման վրա նկարահանվել է համանուն կինոնկարը (2010թ., «Երևան» ստուդիա):

5

4

1372

  • ღℒIℒITღ
    2012-04-25 13:33:01
    (լավ) (լավ) (լավ)
  • -ℳanukyan(◔̯◔)
    2012-04-25 14:09:25
    իրան շաաատ եմ սիրում (լավ)
  • ☜♡☞♥mari96♥☜♡☞
    2012-04-25 14:12:10
    ես իրան շատ եմ սիրում,ինքը իմ ամենասիրած գրողն է,,,,շատ եմ սիրում իրա Սամվելը (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • M.A.(R).Y
    2012-04-25 17:39:27
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)