Copy SMS

Շուշիի ազատագրումը

Շուշիի ազատագրումը - Շուշի, հետաքրքիր




Արցախյան պատերազմում բեկումնային դարձած, իսկապես հայոց մերօրյա զինուժի փառքը համարվող Շուշիի ազատագրման մասին արդեն տասնութ տարի գրվում, խոսվում, քննարկվում, մեկնաբանվում է:


Նոր բան, թերեւս, հնարավոր չէ գտնել, սակայն կարելի է նույնն անընդհատ կրկնել, քանզի հաղթանակների գնահատումով է բարձրանում ոգին, հաղթանակի դասն է կրթում այսօրվա զինվորին, մեզ` ապրողներիս, ստիպում գոնե մտքում խոնարհվել` հանուն հաղթանակի ու հայրենիքի արժանապատվության կյանքը զոհածների առաջ...
1992 թվականն էր: Արցախյան քաղաքական հակամարտությունը վաղուց արդեն վերածվել էր զինված ընդհարումների, որոնք կամաց-կամաց փոխակերպվել էին իսկական պատերազմի: Որսորդական հրացաններն ու կարկտաբեր ամպեր ցրող «Ալազան» կայանքներն արդեն հնացած «զինատեսակներ» էին:
Նախորդ աշնանը ԽՍՀՄ-ը փլուզվել էր: Անկախություն հռչակած Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի Հանրապետությունը փորձում էր ճնշել ուժով: Ուժ ասվածը բանակն էր` զինված տանկերով, հրետանիով, ավիացիայով...

ԼՂՀ նորաստեղծ բանակն ու կամավորական խմբերը մի կերպ էին դիմակայում հարձակումներին: Թշնամին, որ գրեթե ամեն օր ռմբահարում էր մայրաքաղաք Ստեփանակերտը, մայիսի 2-ից անցնելով լայնամասշտաբ հարձակման, նպատակադրվել էր գրավել քաղաքը, ինչը հավասարազոր կլիներ պարտության ու Արցախի բնաջնջմանը: Ադրբեջանցիները ռազմական հենակետեր ունեին մայրաքաղաքին մերձակա Ջանհասանում, Քյոսալարում..., սակայն հիմնական «պատուհասը» Շուշին էր: «Գրադ» կայանքներից բացի, հարձակման ժամանակ վերջին օրերին օգտվում էին օդուժից` Մի-24 ուղղաթիռներ, Սու-25 ռմբակոծիչ ինքնաթիռներ, ի դեպ, բոլորն էլ ԱՊՀ տարբերանշանով: Քաղաքում չկար էլեկտրաէներգիա, վառելիք, հաց: Ջրի ու դեղորայքի պակասը համաճարակի բռնկման իրական վտանգ էին... Հայաստանի Հանրապետությունը օգնում էր` ինչով կարող էր: Պաշտպանության պետական կոմիտեի հիմքի վրա արդեն կազմավորվել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, որը կանոնակարգում եւ ապահովում էր Հայաստանի սահմանների ու Արցախի պաշտպանության գործին լծված 80-ից ավելի կամավորական ջոկատների գործունեությունը, անց էր կացվում առաջին զորակոչը: Հարկ է նշել, որ այդ ընթացքում ՀՀ-ն ու ԼՂՀ-ն ցամաքային սահման չունեին, ու կապն ապահովվում էր միայն ուղղաթիռներով, որոնցով, պարզ է` ծանր տեխնիկա չէր տեղափոխվի:

Այս իրավիճակից ելքը մեկն էր. դիմել հակահարձակման ու բացել սահմանը: Գրոհը Հայաստանի կողմից սկսելը ռազմական ու առաջին հերթին` քաղաքական տեսակետից, սխալ կլիներ, այդու` որոշվում է դիմել «խելահեղ» քայլի` տիրել Շուշի քաղաքին:

Կարագյավ գյուղից` մինչեւ Քիրս` մոտ 40 կմ ձգվող ռազմաճակատի գծով նախատեսված էր հարձակման 4 ուղղություն: Առաջինը Հյուսիսային կամ 26-ի ուղղությամբ էր` հրամանատար Վալերի Չիթչյան, երկրորդը Շոշի` հրամանատար Արկադի Կարապետյան, երրորդը` Սամվել Բաբայանի հրամանատարությամբ Հարավային (Լաչինի) ուղղությունն էր, չորրորդը` Ջանհասան-Քյոսալարինը (հարավարեւմտյան)` հրամանատար Սեյրան Օհանյան: Ստեղծված էր նաեւ գլխավոր պահեստային ստորաբաժանում, որի հրամանատարն էր Յուրա Հովհաննիսյանը, եւ մոտ 300 հոգանոց պահեստային ուժեր, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է օգնության հասնեին: Ողջը ղեկավարում էր Ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս), շտաբի պետն էր Ֆելիքս Գզողյանը: Կոմանդոսը դեռեւս մայիսի 4-ին էր ստորագրել հարձակման հրամանը, որը սակայն, նախապատրաստական որոշ հարցերի պատճառով հետաձգվեց: Շուշիի ազատագրման` «Հարսանիք լեռներում» ծածկանունը կրող մարտական գործողությունը սկսվեց մայիսի 8-ին, ժամը 2.30-ին եւ ավարտվեց մայիսի 9-ի լուսաբացին: Մենք հատուկ չենք մանրամասնում փառահեղ կազմակերպված օպերացիայի ընթացքը, քանզի դրա մասին բազմաթիվ հրապարակումներ կան, որտեղ երբեմն կարելի է նույնիսկ հակադրությունների, անձնական տեսակետների գերագնահատման, անտեղի մեկնաբանությունների, այլոց արածը նսեմացնելու օրինակներ գտնել: Թե հատկապես որ ուղղությամբ անթերի կատարվեց առաջադրանքը եւ որ կողմից չճեղքվեց թշնամու պաշտպանությունը, կամ ինչու այսինչ ուղղությամբ մերոնք նահանջեցին ու դիրքավորվեցին, համոզված ենք` կարեւոր չէ, քանզի բոլորի ջանքերով անհաղթահարելին դարձավ իրական ու թշնամին, բառի բուն իմաստով` ճողոպրեց:
Մերոնք հաղթանակած մտան Շուշի եւ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին ծածանվեց հայոց եռագույնը:

Մարտական գործողության ժամանակ հայկական կողմն ունեցավ 57 զոհ, հակառակորդը` 250-300: Շուշիի ազատագրումից հետո հայկական զինուժը ազատագրեց նաեւ մերձակա բնակավայրերը, Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը, Բերձորը (Լաչին), եւ մայիսի 18-ին բացելով «Մարդասիրական միջանցքը»` հասավ ՀՀ սահման: Պատերազմը մտավ նոր փուլ:

Հիմա մի հարցի մասին, որը անիմաստ չարչրկվում է արդեն 10-12 տարի. տեղյա՞կ էր արդյոք այս ամենից ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Չէր կարող տեղյակ չլինել, եւ սա հաստատել ու հաստատում են Շուշիի ազատագրմանը մասնակցած նույնիսկ այն գործիչները, ովքեր այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ այնքան էլ բարյացկամ չեն: Եւ ընդհանրապես, այդ տարիներին նախագահը, կարելի է ասել, անառարկելի հեղինակություն էր. ընդամենը կես տարի առաջ էր գրեթե միանձնյա հաղթել ՀՀ նախագահի ընտրություններում, ընտրություն, որ առ օրս համարվում է ամենամաքուրը, արդարն ու թափանցիկը: Եւ նրանից թաքուն, կամ առավել եւս նրա կամքին հակառակ նման մասշտաբի ռազմական օպերացիայի անցկացումը պարզապես անհնարին էր:

Շուշիի ազատագրումով ու միջանցքի բացումով իսկապես պատերազմը բեկվեց: Դրան հաջորդեց հայկական զինուժի դիմակայությունը նույն տարվա ամառվա աննախադեպ ուժեղ գրոհներին, ապա եւ հակահարձակումն ու լայնածավալ առաջխաղացումը, որի արդյունքում ազատագրվեցին (ոմանք կարող են կարդալ` «անվտանգության գոտի» ստեղծեցին) Լաչինի, Քելբաջարի, Աղդամի, Զանգելանի, Ղուբաթլուի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի շրջանները, ինչն ի վերջո ավարտվեց 1994-ի մայիսին զինադադարի կնքմամբ :

 

Շուշիի ազատագրումը - Շուշի, հետաքրքիր

8

7

1617

  • -ℳanukyan(◔̯◔)
    2012-05-09 19:20:43
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ☆★❤NARI❤☆★
    2012-05-09 19:23:03
    (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել)
  • Lilit Sargsyan
    2012-05-09 19:34:17
    (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո)
  • ☜♡☞♥M♥A♥☜♡☞
    2012-05-09 20:18:37
    ջաննննննննննննն (լավ)
  • Viki FCB ➷❤➹
    2012-05-10 21:38:48
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)