Copy SMS

Առակ այն մասին, թե ինչպես փոխել աշխարհը

Առակ այն մասին, թե ինչպես փոխել աշխարհը - առակ, աշխարհ,  մարդ


Հին–հին ժամանակներում մի քաղաքում ապրում էր այդ մարդը: Ապրում էր, ապրում, մինչև մի գեղեցիկ օր հասկացավ, որ մեր աշխարհն անկատար է: Դա նորմալ բան է, աշխարհի անկատարության մասին մտքերը վաղ թե ուշ հայտնվում են բազմաթիվ մարդկանց գլուխներում: Բայց մեր հերոսը լրիվ առանձնահատուկ մարդ էր. նա որոշեց փոխել աշխարհը: Որոշեց այն դարձնել գեղեցիկ, բարյացակամ, լավ ու կատարյալ:  Եվ այդ մարդն ասաց. «Ինձ յոթ տարի ժամանա՛կ տվեք, և ես կփոխեմ աշխարհը»: Եվ յոթ տարի այդ մարդը հանդիպում էր պետությունների ղեկավարների հետ, աշխարհը վերափոխելու մասշտաբային միջոցառումներ էր կազմակերպում, հարյուր հազարավոր մարդկանց ներգրավում էր հոգևոր պրակտիկաների մեջ, բոլոր այդ տարիներին առանց ձեռքերը ծալելու աշխատում էր: Նա շատ հանրահայտ և հարգված մարդ դարձավ, բայց յոթ տարիներն անցան: Եվ աշխարհը… մնաց նույնը:  Այդժամ նա ինքն իրեն ասաց. «Հավանաբար ամբողջ աշխարհը փոխելը շատ բարդ է: Այդ պատճառով էլ ես սկզբում կփոխեմ իմ երկիրը, իսկ մնացած երկրները կտեսնեն, թե մեզ մոտ որքան լավ է, և նույնպես կփոխվեն: Դա ավելի շատ ժամանակ կպահանջի, բայց հաստատ կփոխի աշխարհը: Ինձ 700 օ՛ր տվեք, և ես կփոխեմ երկիրը»:  Նա եկավ երկրի նախագահի մոտ, ստացավ անհրաժեշտ բոլոր լիազորությունները. չէ՞ որ նա հարգված ու հայտնի մարդ էր: Այդ բոլոր հարյուրավոր օրերի ընթացքում նա աշխատում էր գրեթե շուրջօրյա, հանդիպում էր խոշոր գործարանների ղեկավարների հետ, քաղաքական կուսակցու-թյունների առաջնորդների հետ, շրջանների ղեկավարների և պարզապես հանրահայտ դերասանների ու հայտնի մարդկանց հետ: Բայց 700 օր անց նրա երկիրը մնաց նախկինը:  «Գրո՛ղը տանի,— ասաց մարդը,— եթե ինձ չհաջողվեց փոխել իմ երկիրը, ապա ես գոնե իմ հարազատ քաղաքը կփոխեմ: Ինձ յոթ ամի՛ս տվեք, և ես կփոխեմ քաղաքը»: Այդ ընթացքում նա հանդիպեց իր հարազատ քաղաքի բոլոր բնակիչների հետ, այդ ամբողջ ընթացքում նա գրեթե չէր քնում, նա գերմարդկային ակտիվություն էր դրսևորում, բայց… քաղաքը մնաց նույնը:  Այդժամ նա վերջնականապես զայրացավ, ախր ինքն այդքան բան էր անում այս աշխարհի համար, այս երկրի, այս քաղաքի համար, իսկ նրանք նախկինը մնացին: Այդժամ նա որոշեց փոխել իր կնոջը: Եվ դրա համար յոթ շաբաթ ժամանակ նշանակեց: Եվ դուք արդեն, հավանաբար, գիտեք արդյունքը: Նրա կինը մնաց նույնը:  Այդժամ մարդն այդ բազմաթիվ տարիների ընթացքում առաջին անգամ նստեց ու մտածեց. «Միգուցե հնարավոր է սկզբում փոխել ինքն իրե՞ն»: Նա յոթ օր վերցրեց դրա համար: Եվ յոթ օր անց նա փոխվեց, և երբ նա փոխվեց, փոխվեցին նրա կինը, նրա քաղաքը, նրա երկիրը և նրա աշխարհը: 

«ԱՇԽԱՐՀԸ ՔՈ ՍՐՏՈՒՄ» ժողովածու

19

27

3415