Copy SMS

Այսօր ծնվել է Անտուան դը Սենտ Էքզյուպերի

Այսօր ծնվել է Անտուան  դը Սենտ Էքզյուպերի - Պատմական, հիշարժան, մարդիկ


Ծնվել է Անտուան դը Սենտ Էքզյուպերին: 

Ֆրանսիացի գրող և օդաչու Անտուան դը Սենտ Էքզյուպերիի ստեղծագործություններն առանձնանում են մարդասիրական գաղափարներով, խոհականությամբ և ռոմանտիկայով: 

Անտուան (իսկական անունը՝ Անտուան դը Մարի Ժան-Բատիստ Ռոժե) դը Սենտ Էքզյուպերին 1909–14թթ. սովորել է Լեման քաղաքի ճիզվիտական քոլեջում, 1919–21թթ.՝ Փարիզի գեղեցիկ արվեստների դպրոցի ճարտարապետության բաժնում: 1921–23թթ. ծառայել է ավիացիայի զորքերում: 1923թ. աշխատել է կղմինդրի գործարանում, եղել ավտոմեքենաների վաճառքի գործակալ, 1926–31թթ.՝ փոստային օդագնացության օդաչու, 1926–29թթ.՝ Վիլյա Բենսի (Մարոկկոյի հարավ-արևմուտքում), Դաքարի (Սենեգալ) և Ջուբի (Սահարայում) օդանավակայանների պետ, 1929–31թթ.՝ օդաչու Հարավային Ամերիկայում, 1933–34թթ.՝ փորձարկող օդաչու: 

1935թ. փորձել է ռեկորդ սահմանել՝ Փարիզ–Սայգոն չվերթով, բայց ինքնաթիռը վթարի է ենթարկվել Լիբիական անապատում, և Էքզյուպերին հազիվ է փրկվել մահից: 

1929թ. հրատարակել է «Հարավային փոստատարը» վիպակը, որտեղ անդրադարձել է օդաչուների դժվար, սխրանքներով ու փորձություններով լի աշխատանքին, օդային նոր ուղիների յուրացմանը, 1931թ.՝ «Գիշերային թռիչք» վեպը (արժանացել է ֆրանսիական «Ֆեմինա» գրական մրցանակին): 

1935թ. այցելել է Խորհրդային Միություն. տպավորությունները նկարագրել է ակնարկներում: «Ոճիրն ու պատիժը խորհրդային արդարադատությամբ» ակնարկում փորձել է բացահայտել ստալինիզմի էությունը: 1936թ., որպես թղթակից, մասնակցել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմին. ռազմաճակատից ուղարկած թղթակցություններում դատապարտել է ֆաշիզմը, ազգային խտրականությունը, զավթողական պատերազմը: 

1938թ. Նյու Յորք–Հրո Երկիր չվերթով կատարած թռիչքը, որ կարող էր ավարտվել աղետով, պատկերել է «Մարդկանց երկիրը» (1939թ., արժանացել է Ֆրանսիայի ակադեմիայի Մեծ մրցանակին) վիպակում, որտեղ գրողը կարևորել է մարդկային վեհ արժեքները, բարոյականությունն ու ազնվությունը բարձր է դասել քաղաքական ու գաղափարական զանազան ծրագրերից: 

1940թ. ֆաշիստական զորքերի՝ Ֆրանսիա ներխուժելուց հետո տարագրվել է ԱՄՆ: Այդ տարիներին գրել է «Ռազմական օդաչու» (1942թ.), «Նամակ պատանդին» (1943թ.) վիպակները, որտեղ պատկերել է իրենց ունեցվածքը փրկելու նպատակով Ֆրանսիայից հեռացած վտարանդիների երգիծական կերպարներ: 

Դժվարությամբ ստացել է ռազմական թռիչքներին մասնակցելու թույլտվություն: 1944թ.-ի հուլիսի 31-ի առավոտյան Կորսիկայի օդանավակայանից օդ է բարձրացել և չի վերադարձել: Սենտ Էքզյուպերին զոհվել է Ֆրանսիայի ազատագրումից 3 շաբաթ առաջ: 
Գրողը հռչակվել է «Փոքրիկ իշխանը» (1944թ.) հեքիաթ-վիպակով, որն առանձնանում է համամարդկային գաղափարների ընդգրկունությամբ ու խորությամբ: Վիպակի գեղարվեստական արժանիքներից են կերպարների բարդ այլաբանությունը, նուրբ հումորը, թախծոտ քնարականությունը: 

Վիպակում շեշտված է մարդու հավատը բարու հաղթանակի նկատմամբ, մարդկային ջերմ հարաբերությունների գեղեցկությունը: Սենտ Էքզյուպերին նաև պատկերազարդել է վիպակը. նրա պատկերազարդումներն այդ իմաստուն հեքիաթի գեղարվեստական հյուսվածքի անքակտելի մասն են: 

Կյանքի վերջին տարիների հրապարակախոսական գործերում և «Միջնաբերդ» (հրատարակվել է 1948թ.) անավարտ գրքում անդրադարձել է Ֆրանսիայի և ողջ աշխարհի հետպատերազմական կյանքին ու ժամանակակից քաղաքակրթության անկման հեռանկարին: 

Սենտ Էքզյուպերին պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի ասպետի շքանշանով (1930թ.), Ֆրանսիայի Հանրապետության Զինվորական խաչով (1939թ.): 

Սենտ Էքզյուպերիի անունով են կոչվել Լիոնի օդանավակայանը, Պատագոնիայի (Արգենտինա) լեռնագագաթներից մեկը, 2578-րդ աստղակերպը:



4

4

831

  • mariam95
    2012-06-29 09:39:49
    Ես իրան ճանաչեցի Փոքրիկ Իշխանը ընթերցելուց հետո, չնայած փոքր տարիքում եմ կարդացել, բայց շատա մեջս տպավորվել ու փորձում եմ ընկերներիս հարցում չսխալվել, ու երբեք նրանց չնտելացնել, եթե հետագայում լքելու եմ, մի լքեք այն մարդկանց, ովքեր սովոր են ձեր ներկայությանը (լավ) :) :) :)
  • ՆԱՐԵԿ
    2012-06-29 09:43:19
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • ♥ԱՆԻ♥
    2012-06-29 10:00:15
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Liushik))
    2012-06-29 10:02:33
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ուռա) (ուռա) շնորհավորրրրրրրրրրրրրրրր