Copy SMS

Այսօր ծնվել է Գաբրիել Սունդուկյանը

Այսօր ծնվել է Գաբրիել Սունդուկյանը - Պատմական, հիշարժան, մարդիկ


Ծնվել է Գաբրիել Սունդուկյանը: 

Հայ դրամատուրգ, հասարակական գործիչ, հայ թատերագրության ռեալիստական ուղղության սկզբնավորող Գաբրիել Սունդուկյանը ծնվել է 1825թ.-ի հունիսի 29-ին: Մանկուց զրկվել է հորից: 1832–38թթ. սովորել է հայտնի հայագետ Հակոբ Շահան-Ջրպետյանի դպրոցում, 1838–40թթ.՝ Արզանյանների, ապա՝ Խաչատուր Աբովյանի մասնավոր պանսիոններում, 1840–46թթ.՝ Թբիլիսիի ռուսական գիմնազիայում: 

1852թ. Սունդուկյանն ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրության ֆակուլտետի արևելյան լեզուների բաժինը` թեկնածուի գիտական աստիճանով: Վերադարձել է Թբիլիսի, կարճ ժամանակ պաշտոնավարել Ներսիսյան դպրոցում: 

Գաղափարական հայացքների պատճառով 1853թ. փոխարքայի հրամանով նրան արտաքսել են Դերբենդ: 1858թ. ստացել է Թբիլիսի վերադառնալու թույլտվություն և մինչև դարավերջ աշխատել Կովկասի երկաթուղային վարչությունում՝ որպես տնտեսական մասի ղեկավար: 

Սունդուկյանի գրական-թատերական գործունեությունը զուգադիպել է Այսրկովկասում կապիտալիզմի սկզբնավորման, սոցիալ-տնտեսական բարդ ու հակասական ժամանակաշրջանին, որն էլ ճշգրտորեն արտացոլվել է նրա պիեսներում: Նա առաջինն է դրամատուրգիայում պատկերել քաղաքային կյանքն ու կենցաղը, ներկայացրել հասարակության ստորին խավերին, շեշտել նրանց ազնվությունն ու մարդկայնությունը, արծարծել ընտանիքի և ամուսնության, կնոջ ճնշված վիճակի, հայրերի ու որդիների փոխհարաբերության և այլ հարցեր, նախանշել հայ դրամատուրգիայի հետագա առաջընթացի ուղիներ: 

Սունդուկյանի առաջին գործը «Գիշերվան սաբրը խեր է» (1863թ.) վոդևիլն է: Հետագա տարիներին գրել է «Պեպո» (1876թ.), «Խաթաբալա» (1881թ.), «Քանդած օջախ» (1882թ.), «Էլի մեկ զոհ» (1884թ.) և այլ կատակերգություններ: 

Սունդուկյանի ստեղծագործության և ընդհանրապես հայ թատրոնի տարեգրության մեջ բեկումնային է եղել 1871թ.-ի ապրիլի 30-ը: Այդ օրը Թբիլիսիի հայկական թատրոնում առաջին անգամ ներկայացվել է «Պեպոն». Պեպոյի դերակատարն անվանի դերասան Գևորգ Չմշկյանն էր: 

«Խաթաբալա» կատակերգության մեջ վաճառական-վաշխառուի՝ Զամբախովի ռեալիստական կերպարով հեղինակը ճշմարտացիորեն պատկերել է բուրժուական հասարակարգը, փողի թագավորությունը. ամենուր կեղծիք է ու խաբեություն, ամեն ինչ ապրանք է, այդ թվում՝ մարդը: 

Արժեքավոր են նաև Սունդուկյանի արձակ գործերը: Միակ՝ «Վարինկի վեչեր» (1877թ., «Մշակ») պատմվածքում պատկերել է աշխատավոր խավի իրական կյանքը, «Համալի մասլահաթնիրը» (1871–76թթ., «Մշակ») և «Հադիդի մասլահաթնիրը» (1882–86թթ., «Արձագանք») հրապարակախոսական-երգիծական ֆելիետոններում շոշափել է հասարակական, սոցիալական ու կենցաղային հարցեր, «Իմ մահն ու թաղումը» (1911թ., «Մշակ») գործում համերաշխության, եղբայրության ու մարդասիրության կոչ է արել Կովկասի ժողովուրդներին: 

Սունդուկյանը գրել է թիֆլիսահայ բարբառով, ստեղծել աշխույժ մենախոսություններ ու երկխոսություններ, խոսքի ու դրության կոմիզմ: Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում բարձր գեղարվեստականությամբ, չափի զգացումով: 

Սունդուկյանը ճանաչված հասարակական գործիչ էր, հայկական բարեգործական և թատերական ընկերությունների երախտավորներից, եղել է Թբիլիսիի պատվավոր քաղաքացի, Ներսիսյան դպրոցի հոգաբարձուներից: Նամակագրական կապ է ունեցել Վիկտոր Հյուգոյի, Վիկտորիեն Սարդուի, Ալեքսանդր Դյումայի որդու հետ: Սունդուկյանի պիեսները թարգմանվել ու բեմադրվել են նաև ռուսական, վրացական և այլ թատրոններում (վրացերեն թարգմանությունները կատարել է ինքը): 

Մահացել է 1912թ.-ի մարտի 29-ին: 

Սունդուկյանն ստեղծել է իր՝ սունդուկյանական թատրոնը, որտեղ փայլել են հայ բեմի նշանավոր վարպետներ Գևորգ Չմշկյանը, Միհրդատ Ամրիկյանը, Գրիգոր Ավետյանը, Օլգա Գուլազյանը, Ավետ Ավետիսյանը, Սոս Սարգսյանը, Մհեր Մկրտչյանը, Մետաքսյա Սիմոնյանը և ուրիշներ: 

Սունդուկյանի պիեսների հիման վրա նկարահանվել են «Պեպո» (1935թ.), «Խաթաբալա» (1971թ., երկուսն էլ՝ Հայֆիլմ) կինոնկարները: 

Սունդուկյանի անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ ՀՀ-ում, Երևանի ազգային ակադեմիական թատրոնը, որի բակում տեղադրված են դրամատուրգի կիսանդրին (1972թ.) և Պեպոյի արձանը (1975թ., քանդակագործ՝ Գրիգոր Ահարոնյան):

3

2

895

  • ♥ԱՆԻ♥
    2012-06-29 10:00:35
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Liushik))
    2012-06-29 10:01:15
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) շնորհավորրրրրրրր (ժպիտ) (ժպիտ) (ուռա) (ուռա)