Copy SMS

Ծնվել է Մինաս Չերազը

Ծնվել է Մինաս Չերազը - հրապարակախոս, տեղեկություններ


Ուսուցիչ, հրապարակախոս Մինաս Չերազը ծնվել է Պոլսում 1852 թվականին: Նա հայտնի է որպես 1878 թվականին Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ Բեռլինի վեհաժողով մեկնած հայկական պատվիրակության թարգմանիչ և քարտուղար: 

Չերազը Խրիմյանի հետ այցելել էր եվրոպական մի շարք երկրներ: 1880-ին Արփիար Արփիարյանի հետ ղեկավարել է Կ.Պոլսի «Միացյալ ընկերությունք հայոց» բարեգործական կազմակերպությունը: 1889թ., խուսափելով թուրքական հետապնդումներից, Չերազը հաստատվում է Լոնդոնում: Այստեղ էլ հրատարակում է «Լ. Արմենի» գրական քաղաքական թերթը՝ հայ մշակույթն օտար ազգերին ներկայացնելու և հայոց դատի պաշտպանության համար Եվրոպայում բարենպաստ հասարակական կարծիք ստեղծելու նպատակով: 

1890-ին Լոնդոնի Քինգս քոլեջում հիմնել ու ղեկավարել է հայերենի ամբիոնը: Նույն թվականին էլ տեղափոխվել է Փարիզ՝ շարունակելով «Լ. Արմենի» թերթի հրատարակությունը: Այստեղ էլ շարունակում է իր ազգանպաստ գործունեությունը: Ուշագրավ է նրա հրատարակած «Թե ինչ շահեցանք Պերլինի վեհաժողովին» աշխատությունը, որը թարգմանվում է նաև ֆրանսերեն: Այն լույս է ընծայվում անգլիական կառավարության կողմից «Կապույտ գրքում»: Չերազը ֆրանսերեն է թարգմանել Պ.Դուրյանի, Ռ.Պատկանյանի, Խ.Գալֆայանի ու այլ բանաստեղծների ընտիր երկերը «Հայ բանաստեղծները» խորագրով: Անգնահատելի են հայ և ընդհանրապես նաև այլ ժողովուրդների ազատագրական պայքարին նրա մատուցած ծառայությունները, որի համար Վենեսուելայի կառավարության կողմից պարգևատրվել է «Ազատարար Բոլիվիարի խաչով»: Պարգևատրվել է նաև պարսկական «Առյուծի և Արևի սպայության աստիճան» շքանշանով: 

1926 թվականին սփյուռքում մեծ շուքով նշվել է Մինաս Չերազի գործունեության 60-ամյակը, և նա Մարսելում արտասանած իր ճառում ասել է. «Տեղահանությունն ու ջարդը անապատի ու գերեզմանատան փոխեցին Տաճկահայաստանը, սակայն հայության մոխիրներեն մեջեն Ռուսահայաստանը ծնավ իբր փյունիկ: Այժմ ալ հոն է մեր մխիթարության աղբյուրը, մեր հույսերուն խարիսխը: Օգնենք այդ երկրին, ինչ վարչաձևի տակ ալ ըլլա: Վարչաձևը առօրյա է, հայրենիքը` հավիտյան»: Եվ իր հոբելյանի առիթով հավաքված 200 հազար ֆրանկը հանձնում է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը` պայմանով, որ գումարի տոկոսը ստանա մինչև իր կյանքի վերջը, իսկ մահից հետո ամբողջ գումարը նվիրաբերվի Հայաստանին` Չերազյան անունով վարժարան կառուցելու համար: 

Չերազը մահացել է 1928թ. Փարիզում ու թաղվել այն գերեզմանատանը, որտեղ 1935-ին նրա շիրմաթմբի հարևանությամբ թաղվել է նաև Կոմիտասը: 

1936 թվականին Կոմիտասի աճյունի հետ Փարիզից Երևան են բերում նաև Մինաս Չերազի աճյունը:

13

4

1241