Copy SMS

Հայաստանի մայրաքաղաքները Մաս 2

Հայաստանի մայրաքաղաքները Մաս 2 - մայրաքաղաք, հայաստան, երևան


Արմավիր
Արմավիրի մարզի Հայկավան գյուղի մոտ գտնվող բլրի գագաթին պահպանվել են Արմավիր քաղաքի բաց կապտավուն, հղկված բազալտե պարիսպները, պալատների, տաճարների և այլ շինությունների հիմքերն ու հետքերը: Պեղումներն ի հայտ են բերել նաև հում աղյուսից կառուցված սենյակների մի ողջ համալիր: Պահպանվել են շուրջ 3 մետր բարձրության հողագույն պատերը: Հռչակավոր Սոսյաց անտառն այստեղ է եղել։ 
Մ.թ.ա. 331թ. դարձել է Երվանդունիների մայրաքաղաքը։

Մ. Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսին: Արգիշտի թագավորի սեպագիր արձանագրությունն այս տեղանքում հիշատակում է Արգիշտիխինիլի քաղաքը։ Արմավիրի հիմնավայր Արգիշտիխինիլին կառուցվել, ընդարձակվել ու բարեկարգվել է շուրջ 200 տարի և ժամանակի մեծ քաղաքներից էր, տնտեսական, մշակութային, հոգևոր նշանավոր կենտրոն: Քաղաքն արվարձաններով հանդերձ զբաղեցրել է մոտ 1000 հա: Ենթադրվում է, որ այնտեղ բնակվել է շուրջ 30.000 մարդ: Քաղաքի պարիսպների հաստությունը հասնում էր 3,5 մետրի, իսկ Արգիշտիի փորած ջրանցքների ընդհանուր երկարությունը մոտ 40 կմ էր, միջին խորությունն ու լայնքը` 2-ական մետր:

1985թ. պեղումների ժամանակ Արմավիրում հայտնաբերվեց էլամերեն երեք սեպագիր սալիկ. դրանք հանրահայտ «Գիլգամեշ» էպոսի բեմականացումից հատվածներ էին: Մինչ այդ էպոսը հայտնի էր քառալեզու արձանագրություններով: Ենթադրվում է, որ էպոսը բեմադրվել է մ.թ.ա. 760թ. Արմավիրում, Սարդուր Երկրորդի գահակալման և ամուսնական հանդեսների ժամանակ: Հնարավոր է, որ այդ բեմադրությունն ավելի հին լինի: Այսպիսով, Հայաստանում թատրոնն սկզբնավորվել է ոչ թե Արտաշատում, այլ Արմավիրում և շարունակվել դարեր: Վերջինս հաստատում են նաև Արմավիրի հունարեն արձանագրությունները, որոնցից մեկը մ.թ.ա. 7-րդ դարի հույն գրող Հեսիոդոսի «Գործեր և օրեր» երկին առնչվող հատված է:

Երվանդունի արքայատան Երվանդ Վերջին թագավորի կարգադրությամբ, ով, ըստ Խորենացու, գահակալել է շուրջ 20 տարի (մ.թ.ա. 220-201թթ.), մայրաքաղաքը տեղափոխում է Երվանդաշատ: Արմավիրն անբնակ է դարձել 13-րդ դարում՝ մոնղոլական արշավանքների հետևանքով։ Հարյուրամյակներ անց հյուսիսային Կովկասի չերքեզական գյուղերում ապրող հայերը նոր քաղաք հիմնեցին և 1848թ. կոչեցին Արմավիր։