Copy SMS

Հայաստանի մայրաքաղաքները Մաս 6

Հայաստանի մայրաքաղաքները Մաս 6 - մայրաքաղաք, հայաստան, երևան


Բագարան
Ախուրյանի աջ ափին՝ Արշարունիք գավառում գտնվող Բագարանը Աշոտ Բագրատունին 885թ. դարձրել է հայոց նորանկախ պետության մայրաքաղաքը։ Հայաստանի հին բնակավայրերից է. հիմնադրել է Երվանդ Վերջինը (մ.թ.ա. 220-201թթ.)՝ Երվանդաշատի հետ միաժամանակ։ Բագարանն ուներ հաստաբեստ պարիսպներով միջնաբերդ, որի շուրջ տարածված էր քաղաքը: Այստեղ էին Բագրատունիների ապարանքներն ու տոհմական դամբարանը, եկեղեցիներ, որոնցից նշանավորը սբ. Թեոդորոսն է: Ձորում և հանդիպակաց բլուրների վրա պահպանված շինությունների փլատակները, ինչպես և հինգ եկեղեցիների գոյությունը վկայում են, որ քաղաքը հիանալի կառուցապատված ու բազմամարդ է եղել:

Բագրատունյաց թագավորության անկումից հետո քաղաքն ավերում են սելջուկ-թուրքերը, իսկ 1394թ.` Լենկ Թեմուրի հրոսակախմբերը։ Բագարանի փառքը չի վերականգնվել. 20-րդ դարասկզբին այն սովորական գյուղ էր՝ 800 բնակչով։ Առաջին համաշխարհային պատերազմում գյուղն ավերվեց ու լքվեց։ Հրաշքով փրկված բնակիչներն Արաքսի ձախ ափին հիմնեցին ներկայիս Բագարան գյուղը։
 

Հայաստանի մայրաքաղաքները Մաս 6 - մայրաքաղաք, հայաստան, երևան

Շիրակավան
Շիրակավանն (Երազգավորս) Անիից ոչ հեռու` Ախուրյանի աջ ափին է: Սմբատ Բագրատունին /890-914թթ./ թագադրվել է այստեղ ` 892թ. երկրի նոր մայրաքաղաքում: Սմբատ Առաջինի և նրա որդի Աշոտ Երկաթի օրոք՝ շուրջ 40 տարի, Հայաստանի մայրաքաղաքը Շիրակավանն էր։ Թուրքական տիրապետության շրջանում Շիրակավան անունն աղավաղվել է, դարձել Շորագյալ (հենց այս անունով էլ բնակավայրի անունը հիշվում է Հովհ. Թումանյանի «Գելը» պատմվածքում)։

Այդ տարածքում բնակավայր է եղել դեռևս մ.թ.ա. 3-2-րդ դարերում: Բագրատունյաց օրոք այնտեղ կար ամրոց, պաշտպանական այլ կառույցներ, իսկ 3կմ հեռավորության վրա Տիգնիս նշանավոր ամրոցն է, որ հետագայում դարձավ Անիի պաշտպանության կարևոր հենակետը: Սելջուկ-թուրքերի և մոնղոլ-թաթարների արշավանքների հետևանքով, ի թիվս այլ բնակավայրերի, ավերվում ու թալանվում է նաև Շիրակավանը և հետագայում պատմագրությունում հիշատակվում է արդեն որպես գյուղ:
1920թ. Շիրակավանի բնակչությունը տեղահանվել է, մի մասը բնակություն է հաստատել Ախուրյանի շրջանի Երազգավորս գյուղում։