Copy SMS

Ջորջ Գերշվին

Ջորջ Գերշվին - կոմպոզիտոր, դաշնակահար


1937 թիվ Մահացել է Ջորջ Գերշվինը: 

Ամերիկացի կոմպոզիտոր, դաշնակահար Ջորջ Գերշվինը սիմֆոջազի ճանաչված ներկայացուցիչներից էր, «Պորգին ու Բեսը» (1935) ամերիկյան ազգային առաջին օպերայի հեղինակը։ 

Ծնվել է Ռուսաստանից գաղթած հրեաների ընտանիքում։ Երաժշտական կանոնավոր կրթություն չի ստացել, դաշնամուրի և հարմոնիայի մասնավոր դասեր է առել ժամանակի նշանավոր երաժիշտ–մասնագետներից, հետագայում զբաղվել է ինքնակրթությամբ։ 

Գերշվինը 25 տարեկանում, որպես ջազային երգերի, օպերաների, մյուզիքլների հեղինակ, ճանաչված էր Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, որտեղ էլ 1928թ. ծանոթացել ու մտերմացել է Մորիս Ռավելի և այլ անվանի երաժիշտների հետ։ 

Գերշվինը իմպրովիզացիոն ջազի ավանդույթները, աֆրո–ամերիկյան երաժշտական ֆոլկլորի (բլյուզ, սպիրիչուէլս) և թեթև ժանրի բնորոշ տարրերը զուգորդել է եվրոպական երաժշտության դասական ձևերի (օպերային, սիմֆոնիկ կոնցերտային)։ Նրա ստեղծագործությանը հատուկ են երգիծական գծերը, սուր հումորը, գրոտեսկը։ 

Քաղաքական թեմաներով գրել է «Թող թնդա նվագախումբը», «Քեզ եմ երգում» մյուզիքլները, «Ամերիկացին Փարիզում» սիմֆոնիկ սյուիտը։ Գերշվինի «Բլյուզի ոճով ռասպոդիան» դաշնամուրի և սիմֆոջազի համար, ինչպես նաև սևամորթների կյանքը պատկերող «Պորգին ու Բեսը» օպերան արժանացել են համաշխարհային ճանաչման։