Copy SMS

Ռազմիկ Դավոյան

Ռազմիկ Դավոյան - Ռազմիկ Դավոյան, բանաստեղծություններ


Հայ նորագույն գրականության ամենավառ անհատականություններից` Ռազմիկ Դավոյան:Ստորև ներկայացված են բանաստեղծի մի քանի բանաստեղծություններ:


Կեղեւվդ բաց արա

Բաց քո կեղեւը, ծա՛ռ,
Առ ինձ կեղեւիդ մեջ...


Անցան օրեր մեկ-մեկ,
Անցան օրեր զույգ-զույգ,
Ճաշակեցինք եւ սեր,
Եվ տառապանք, եւ սուգ:


Հոգնեցրին ինձ արդեն
Օրերը լայն ու նեղ,
Հոգնեցրին ինձ արդեն
Մեղավոր ու անմեղ,
Հոգնեցրին ինձ արդեն
Տխրությունն այս ցանցառ
Եվ կարոտներն այս խեղճ,
Դե բա՛ց կեղեւդ, ծա՛ռ,
Ա՛ռ ինձ կեղեւիդ մեջ:


Ա՛ռ ինձ կեղեւիդ մեջ.-
Այս անծաղիկ դարում
Ես կձուլվեմ քեզ հետ՝
Որպես փոքրիկ գարուն:


Որպես թաքուն թախիծ,
Տերեւներիդ խորքում
Ես կփայլեմ տխուր
Ու կմտնեմ խոր քուն:


Ու հողերը թե գան՝
Ինձ խլեն քո ձեռքից,
Ես կարթնանամ, ծառ իմ,
Կըորոտանք մեկից:


Ես կձգվեմ քեզ հետ,
Ես կճկվեմ քեզ հետ
Ու հողմերի ձեռքից
Ես կփրկվեմ քեզ հետ:


Ու մի թաքուն գիշեր,
Երբ բոլորը քնեն,
Ես քեզ կախարդական
Բառերը կըկրկընեմ.


Կերթանք կամաց-կամաց
Կելնենք թաքուն-թաքուն,
Ու քնի մեջ նրան
Կդարձընենք անքուն:


Նրա երազի մեջ
Կախարդական մի ծառ
Մարդկային ձեւ կառնի,
Կշնկշնկա կամաց
Եվ մարդկային լեզվով,
Որպես լեգենդ պայծառ,
Կարբառի նրան
Անհու՜ն, կորած մի սեր
Եվ մի կարոտ անծայր:


Հետո կամաց-կամաց,
Ցավով մեր շողշողուն,
Որպես կոփրած տեսլիք,
Մենք կթաղվենք հողում:


Ռազմիկ Դավոյան - Ռազմիկ Դավոյան, բանաստեղծություններ


Բառը


ԻՆչպես արեւի շողը բռնելով,
Կենդանանում է թրթուրը քնած
Եվ խլրտում է տաքուկ փոշու մեջ,
Այդպես Հանճարի ճառագայթի տակ
Արթնանում Բառը
Եվ տաք խլիրտով
Շարժվում է դեպի հավիտենություն:


Զգացմունքների խեղդող ալիքից
Բառն ինքը, ահա,
Խոստովանանքի համար է ծնվում,
Ու թեեւ նրան մանրում են մարդիկ
Շահատակության շուկաների մեջ,
Սակայն ինչ-որ տեղ՝
Հոգու ծալքերում իմաստունների,
Ապրում է Բառը եւ անվերջ թրծվում:


Հավատամքը – Սեր,
Տառապանքը – Սեր...


Ես նստել էի
Բառի մենավոր քարանձավի մեջ,
Եվ Բառը հազար տխուր աչքերով
Լալիս էր վրաս,-
Ես չգիտեի,
Որ դու մոմերդ կվառես մի օր՝
Բառի խորքերը լուսավորելու,
Եվ լռության մեջ կթողնես, գնաս:
Ես չգիտեի...
Եվ Բառը հիմա քայլում է հոգնած
Բառերի անծայր քարավանի մեջ,
Եվ տխուր է նա, ձանձրացած մի քիչ
Եվ աննվաճ է, եւ քնքշորեն խեղճ:


Եվ ինձ թվում է՝ նրա ստվերը
Բոլոր կողմերից
Քշում են վայրի ուրուրներ հազար.-
Գիշակերների՜, անտաղանդների՜ ստրուկն է Բառը,
Նա Հանճարին է միայն հավասար:


Եվ քանի դու կաս, ամեն գարնան հետ,
Ինչպես արեւի շողը բռնելով
Կենդանանում է թրթուրը քնած,
Եվ խլրտում է տաքուկ փոշու մեջ,
Այդպես Կարոտիս ճառագայթի տակ
Արթնանում Բառը
Եվ տաք խլիրտով
Շարժվում է դեպի հավիտենություն:

Ռազմիկ Դավոյան - Ռազմիկ Դավոյան, բանաստեղծություններ


Ես ուզում էի...


Ես ուզում էի
բանաստեղծության պատը զարդարել
վանքի պատի պես՝
իբրեւ հատուցում
այն սքանչելի բանաստեղծության,
որով պատերը մեր հավատակեզ
հյուսել են վանքի պատերը նրբին.-
քարը քարի հետ արյունով կապել,
կապն իրենց հոգու ջերմությամբ չափել,
քրտինք թափելով, քաղցր տառապել
եւ նվիրել են Փրկիչին, Սրբին:
Խաչը հյուսել են երգի հյուսվածքից,
քիվը կապել են երգի բառերով,
սյունն արարել են բառի սլացքից,
գմբեթին բառե սալեր են քաշել՝
ծայրին հավատի ջահը վառելով:
Եվ գմբեթի տակ կախել են բառեր՝
զրընգուն,
զուլալ,
հավիտենական,
ու զրընգում են բառերն այդ դարեր՝
հոգու զանգերը տիեզերական:


Ես ուզում էի
բանաստեղծության լեզուն բարբառի
զանգերի նման սուրբ եկեղեցու,
եւ արձագանքը
աշխարհե-աշխարհ, սրտե-սիրտ գնա,
ու չդադարի,
եւ ազդարարի
տագնապը դարի,
հավատը դարի,
արատը դարի՝
այնպիսի զնգուն համոզկերությամբ,
որ տագնապ, արատ,
ցավ ու ցավագար
ուժատվեն լրիվ, դառնան անկարող
մարդկային հոգին իսպառ խաթարել:


Այդ ղողանջները
մենք լսում ենք, երբ
հնչում են նրանք,
եւ լսում ենք՝ երբ
ննջում են նրանք,
քանի որ անուշ մխիթարության
բառերն են անմեռ մեր նախնիների,
որ ամրոցներ են դարձել մեր հոգուն՝
ընդդեմ գրոհին գետնաքարշ Նեռի:


Ես ուզում էի բանաստեղծության
տողերը շարել
եկեղեցու նուրբ շարերի հանգույն,
բառը բառի հետ
այնպես նժարել,
որ դառնա կրկին փոքրիկ հատուցում
այն սքանչելի տողաշարերի,
որով հավատի տունն է արարվում,
որի մեջ սիրո կրակն է վառվում,
բոցում է անվերջ ու...չի սպառվում:


Ես ուզում էի
բանաստեղծության պատին քանդակել
պատկերը սիրո, հավատարմության
եւ եղբայրության,
եւ քո պատկերն էլ դնել հովանի՝
հավիտենական հույս ու բարության:


Ահա, երկինքը ցողով թաթախված
անուշ բառերի ոսկի է մաղում.-
շոյիր պատերը բանաստեղծության՝
քո մատների տակ սիրտ է բաբախում:

4

3

2803