Եղիշե Չարենց
Եղիշե Չարենցի բանաստեղծություններից երեքը սիրով ձեզ համար:
Եվ երբ դադարեց հեծկլտանքը քո
...Եվ երբ դադարեց հեծկլտանքը քո-
Մարած աչքերով նստեցիր ինձ մոտԼ
Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ երեկո:
Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ առավոտ:
Եվ երբ նայեցիր աչքերով մեռած
Տրտում, հոգևար, կծկտված հոգուս-
Հասկացա՜ հանկարծ, որ թե մութ, թե լույս`
Երկո՜ւսն էլ չկան, երկուսն էլ- երազ...
Ոչ մութ կար, ո՛չ լույս: Ո՛չ հրդեհ, ո՛չ ձյուն:
Մշուշում միայն, մեր հոգու վրա
Թևերն էր փռել մի անտես թռչուն
Ու դողում էին թևերը նրա...
Վերջին աղոթք
Տե՜ր իմ , -էությու՛ն իմ, - հարազատ իմ, -այսինքն`
Ա՛յն, որ չունեմ կյանքում և չեմ ունեցել,-
Ա՛յն, որ միակն է ողջ կյանքում այս կամեցել
Լինել ինձ հետ այնպե՛ս հենց, ինչպես իր հետ ինքը,-
Չե՞ս զարմանում, Տե՜ր իմ, որ ես դիմում եմ քեզ,
Ես` բանաստեղծս անահ ու մարտնչողս արի`
Յուրաքանչուր նյարդով կապված այս վեհ դարիս,
Յուրաքանչյուր կրկնապատիկ հրկեզ,-
Տարօրինա՞կ է, չէ՞, որ ես դիմում եմ քեզ`
Աստվածային վերին ճանապարհի
Ինչ-որ` սրտի՜ս նման անգյուտ ու բարի,
Արարածի` թերևս անզո՜ր ինձ պես….
Բայց ես դիմում եմ քեզ, ինչպես հաճախ
Անապատում` ահեղ սամումների ժամին`
Քարավանի տերերն արնաշաղախ-
Թողած այնքան ուշիմ ու խորամիտ
Փորձառությունն իրենց` լոկ ուղտերի դեղին
Բնազդին են կառչում- և գտնում ուղին…
ԵՍ ԱՅՆ ՉԵՄ ԱՅԼԵՎՍ
Եվ գիտեմ ես հիմա, որ համա~ռ է,
Առօրյա աշխատանքն է անդուլ-
Այն ամենը, որ վարար, հողմավար էր,
Որ գալու էր երգով ու խանդով…
Ե. Չ.
Օ, դու′ք, ասպետներ չնչի′ն դավերի,
Ի՞նչ եք քչփչում ճանկերդ սրած.-
Ես հոգով հիմա պի′նդ եմ ավելի,
Ավելի′ տոկուն, քան էի առաջ:
Եվ եթե երգով ես ասում եմ, թե
Ես ա′յլ եմ հիմա, այլևս այն չեմ-
Նշանակում է` նոր հու′ն եմ մտել`
Ավելի′ խորունկ, ավելի′ անշեղ:
Ես հախուռն էի, ինչպես պղտոր գետ,
Եվ սրտով թեթև, ու երգով շռայլ,-
Եվ ոգով այսօր չե′մ փոխվել թեպետ,
Դարձել եմ, սակայն, ծանր ու ժլատ:
Իմ հոգին այսօր էլ չի′ մանրանում,
Չի′ մսխում իրեն թռվռուն խոսքով-
Այդպես ցողու′նն է հանդում ծանրանում,
Երբ լցվում է ձույլ, իմաստուն հասկով:
Ես այն չեմ հիմա… Հույզերիս քամին,
Որ քշում էր ինձ անկումից-անկում-
Հանգստացել ու նստել է հիմի
Եվ ամեն կանչի չի′ արձագանքում:
Էլ չի′ հռնդում սիրտս վայրենի,
Ինչպես դաշտերում նժույգ սանձարձակ.-
Գգվեց ինձ սիրով մի ձեռք հայրենի,
Եվ ես մի գիշեր իմաստուն դարձա:
Հասկացա հոգով, որ կյանքի հանդում,
Մարդկային ծփուն ովում հողմածեծ
Միա′յն երգերով ու անձև խանդով
Օ, ո′չ մի ցողուն դեռ չի′ բարձրացե:
Ես ձեռք քաշեցի կրքերից վարար,
Զգացմունքների հարձանքից անձև-
Եվ աշխատանքի բոցը փրկարար
Իմ անձրևածեծ երեսը խանձեց:
Ու դա~շտ եմ ելնում ես կրկին ահա,
Ինչպես հնձվորը ելնում է հնձի,
Թմբկի փոխարեն ձեռքերիս պահած
Խոհով ծանրացած քնար պղնձի:
Իմ գլխի վերև կեսօ′ր է արդեն,
Ամռան արևն է կանգնել զենիթում,
Իմ դեմ – խոհերի չհնձած արտեր,-
Եվ հոգսն է ահահոնքերը կիտում:
Ինչքա~ն եմ վատնել ես անգին ժամեր,
Եվ ինչքա~ն հունդեր ցրել եմ ձրի,-
Եվ ինչքա~ն պիտի հիմա աշխատեմ,
Որ գտնեմ ես այն, ինչ զու~ր կորցրի…
Ես շռայլ եղա իբրև սերմնացան,
Ժլա′տ կլինեմ` ելնելով հնձի,-
Եվ աշխատանքի բոցը սրբազան
Թող մինչև գիշեր ճակատս հնձի:
Որքա~ն աշխատանք ու խոհ կա այստեղ,
Երկաթավորվող իմ հայրենիքում,
Որի վրայով հողմեր են անցել
Եվ մեզ լվացել հրե մրրիկում:
Որի դարերից գոսացած դեմքին
Փչել է այսօր շունչը Լենինի,-
Կիզվել է հրով երկիրը հիմքից
Ու շռնդալով շինվում է հիմի:
Առաջին անգամ իմ հայրենիքում,
Ուր հոսում էին արնահուն գետեր-
Այս այգաբացի երթը զրնգուն
Իմ բարձրաշառաչ ե′րգն է ավետել:
Հիմա` վաստակած ու ձեռքիս քնար`
Ելնում եմ ահա կրկի′ն ժպտադեմ,
Որ սերունդների գործին անկոբար
Խոհով ծանրացած իմ երգը խառնեմ:
Ես չե′մ երգելու այժմ շառաչուն
Գալիքի մասին, որ գալու է դեռ.
Իմ ներսում հիմա հուզվում են, աճում
Ու շարժվում ուրի′շ խոհերի գնդեր:
Նեկա′ն է հիմա իմ դեմ աղմկում,
Ինչպես կրքերի ամեհի մի ծով,-
Եվ անցնում եմ ես, քնարս բեկուն,
Այս հազարագույն օվկիանի միջով:
Անցնում եմ` իմ նո′ր խոհերին գերի-
Եվ շուրջս ահա, մոտիկն ու հեռուն,
Անքուն կրքերի, զգացմունքների
Լա~յն, անծայրածի~ր օվկիանն է եռում:
Ճամփա եմ ելնում ես ահա մենակ,
Քնա′րս է միայն ինձ հետ միասին,-
Եվ երգում եմ ես, երգում եմ անահ
Իմ պայծառացած խոհերի մասին:
Դժվար կլինի իմ երթը հիմա,
Դժվար ու դժնի, քան երբևիցե,
Իմ ճամփիս գուցե օձերի նման
Ինձ արյունոտեն ժանիքները ձեր,-
Բայց պի′նդ է ոգիս… Ու ո′չ մի ժանիք
Ինձ չի′ բաժանի իմ անդուլ դարից,
Ինչպես ո′չ մի ուժ ինձ չի′ բաժանի
Իմ շռնդալից, պայծա~ռ քնարից…
Уже Чужая
2012-11-21 18:36:12Happy Hip Hopik
2012-11-21 18:36:58Уже Чужая
2012-11-21 18:38:03Happy Hip Hopik
2012-11-21 18:39:37Shush[ok]♥
2012-12-04 20:31:33