Copy SMS

Այսօր Լեվոն Շանթի ծննդյան օրն է

Այսօր Լեվոն Շանթի ծննդյան օրն է - Լեվոն Շանթ, գրող



Գրող, մանկավարժ և հասարակական գործիչ Լևոն Շանթի ստեղծագործության մեջ առանձնանում է դրամատուրգիան, որը հայ գրականության բացառիկ արժեքներից է:

 

Լևոն Շանթը (իսկական ազգանունը՝ Նահաշպետյան, ապա հոր՝ Սեղբոսի անունով՝ Սեղբոսյան) ծնվել է 1869 թվականի ապրիլի 6-ին: Վաղ տարիքում զրկվել է ծնողներից: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Սկյուտարի (թաղամաս Կոստանդնուպոլսում), 1884–91թթ.՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարաններում, 1892–99 թթ, սովորել է Լայպցիգի, Ենայի, Մյունխենի համալսարաններում՝ խորանալով մանկավարժության և հոգեբանության մեջ: 

 


1899 թ.-ից ավելի քան 10 տարի դասավանդել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց և Երևանի թեմական դպրոցներում: Թիֆլիսում անդամակցել է «Վերնատուն» գրական խմբակին: 


1911թ.-ից Շանթը դասավանդել է Կոստանդնուպոլսի Կեդրոնական և Էսայան վարժարաններում. 1915–19թթ.-ին ապրել է Եվրոպայում: Գրողը Հայ հեղափոխական դաշնակցության անդամ էր. եղել է Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի պատգամավոր: 


1920թ.-ի ամռանը գլխավորել է Խորհրդային Ռուսաստանի հետ բանակցելու համար Մոսկվա մեկնած պաշտոնական պատվիրակությունը: 1921թ.-ից ապրել է արտասահմանում. եղել է ուսուցիչ: 


1890-ական թվականներին Շանթը հրատարակել է մի շարք բանաստեղծություններ և «Լերան աղջիկը» պոեմը, որտեղ արտահայտել է երազային սիրո գեղեցկության ու պատրանքի, կյանքի և իդեալի, իսկ «Մնաք բարովի իրիկունը» (1891թ.), «Երազ օրեր» (1894թ.), «Դուրսեցիները» (1895թ.), «Վերժին» (1897թ.), «Դերասանուհին» (1899թ.), «Կինը» (1912թ.) վիպակներում՝ սիրո և աշխատանքի, հասարակական պարտքի և անձնական ձգտումների հակադրության մոտիվներ: 


 


Շանթի ստեղծագործության նշանակությունը հայ գրականության և մշակույթի պատմության մեջ առավելապես պայմանավորված է նրա դրամատուրգիայով: «Եսի մարդը» (1904թ.), «Ուրիշի համար» (1905–06թթ.), «Ճամբուն վրա» (1909թ.) դրամաներում շոշափել է անհատի ու հասարակության փոխհարաբերության, բարոյականության խաթարման, եսի և անձնազոհության խնդիրներ:


Հայ գրականության մեջ ոչ մի ստեղծագործության այնքան չեն անդրադարձել ու մեկնաբանել, որքան Շանթի «Հին աստվածներ»-ին (1909թ.), որը և´ փիլիսոփայական դրամա է, և´ պատմական ողբերգություն: Երկի պատմական հենքում IX դարի դեպքերն են, որտեղ արտացոլվել են աշխարհիկ ու հոգևոր սկզբունքների հավերժական հակադրության, անհատի զգացմունքների և գործողությունների ազատության, ազգային կյանքի վերածնման ուղիների խնդիրներ, որոնք մեծ արձագանք են գտել հայ հասարակության մեջ: Շանթն ընդգծել է հերոսների՝ Աբեղայի և Վանահոր կերպարների հակադրությունը. մեկը հայացքն ուղղում է դեպի անցյալը՝ սկզբնականը, մյուսը՝ անհայտը՝ ապագան: «Հին աստվածներ» դրաման նոր որակ էր հայ գրականության մեջ՝ որպես զգացմունքի, հարափոփոխ տրամադրությունների և ապրումների, մարդու ազատության տենչանքի արտահայտություն:


«Կայսրը» (1916թ.), «Շղթայվածը» (1921թ.), «Ինկած բերդի իշխանուհին» (1923թ.), «Օշին Պայլ» (1932թ.) դրամաները նույնպես պատմական ողբերգություններ են, որտեղ արծարծվել են ազգային ու սոցիալ-հոգեբանական խնդիրներ, նաև անհատապաշտության, հերոսի և ամբոխի հակադրության գաղափարներ: 


Շանթի դրամաները, հատկապես «Հին աստվածները» և «Կայսրը», հայ գրականության մեջ սիմվոլիզմի ամենացայտուն դրսևորումներից են: Նրա արվեստը հենվել է կեցության փիլիսոփայության վրա, որտեղ գեղարվեստական իրականությունը սոսկ խորհրդանիշ է աննյութականն ընկալելու համար: 


«Հին աստվածները», «Կայսրը» և «Շղթայվածը» բազմիցս բեմադրվել են հայ թատրոնում:


Շանթը զբաղվել է նաև հոգեբանությամբ: 1945թ. լույս է ընծայել «Հոգիները ծարավի» հոգեբանական վեպը, որտեղ շոշափել է ընտանիքի, կնոջ, տղամարդու և բարոյականության հարցեր: Գրել է նաև հայոց լեզվի դասագիրք («Լուսաբեր»՝ Հովհաննես Թումանյանի և Ստեփան Լիսիցյանի հետ), գրականագիտական, բանահյուսական, մանկավարժական, պատմագիտական աշխատություններ («Գրքեր և մարդիկ», 1905թ., «Սեռն ու նյութը բանահյուսության», 1926թ.), կատարել թարգմանություններ (Միխայիլ Լերմոնտովի «Մծիրի» պոեմը, Էթել Վոյնիչի «Բոռը» և այլն): 


Երևանում Շանթի անունով կոչվել է դպրոց, նրա պատկերով տպագրվել է փոստային նամականիշ:



Այսօր Լեվոն Շանթի ծննդյան օրն է - Լեվոն Շանթ, գրող

Գիշերապահը

Գիշեր է. տա՜նկ, տա՜նկ, հսկայ ժամացոյց։
Հանգիստ է չորս դին, կը ննջեն բոլոր.
միայն ինքն է որ՝ հանգոյցէ հանգոյց
փողոցներ կ՛անցնի լուռ, քայլամոլոր։

Պաղ հովը կու գայ, կը զարնէ ճակտին,
ուր հին-հին յուշեր յանկարծ կը յածին,
ինչպէս երկնքի քօղէն ալ անդին
մոռցուած աստղեր մերթ վառ կ՛առկայծին։

Ու միտքն ակամայ թափով մ՛ինքնաբեր
կը թռչի հեռուն՝ տունը հայրենի.
է՜, կեանքն ուրիշ էր, սրտերն ալ տարբեր
այն լեռներուն մէջ վեհ ու ամեհի։

Ու պարզ կը յիշէ… Գիշեր է խորին.
իրենք քոյր-եղբայր լարումով անհուն
լռիկ պաշարած ալեհեր հանին՝
կ՛ունկնդրեն անոր վէպերն հմայուն։

Եւ հանին ինքն ալ ներշնչուած արդէն
Մհերի ուժը կը պատմէ տղոց.
երբ յանկարծ բուքը տնակի երդէն
այլանդակ ձայնով կը հանէ հոգոց։

Ահեղ ոռնումով կարծես կը խօսի,
կը սուլէ բառեր բիրտ ու չլսուած,
բա՛ռ, որ դժոխքի խորքէն կը հոսի…
Ու խաչ կը հանէ հանին երկիւղած։

Իսկ տղաքը լուռ կը նային իրար
ու ամէն մէկը կը խորհի ինքնին,
որ նոր Մհեր մը դառնայ անպատճառ,
երբ ինքն ալ հասնի անոր տարիքին։

Եւ ահա՜… տա՜նկ, տա՜նկ, խորհո՛ղ ժամացոյց։
Հանգիստ է չորս դին, կը ննջեն բոլոր.
միայն ինքն է որ՝ հանգոյցէ հանգոյց
փողոցներ կ՛անցնի լուռ, քայլամոլոր։

Ժանգը

Գզրոցիս մէջ գրիչս ինկած է հիմա
գրած-ջնջած թղթերուս մէջ ցանուցիր.
ժանգէ պատանք մը աճած է իր վրայ
ու ալ հպարտ չ՚առկայծիր։

Մինչ նայուածքս այդ հին գրչին է յառած,
մէջքս միտք մը զիկզակ կու տայ՝ մի՞ գուցէ
անշարժ կեանքէս զգացումներս ալ յանկարծ
ժանգի խաւ մը գայ գոցէ

Լուռ

Շուրջս խավար, հանդարտ ու քուն.
Շուք մը անգամ չի դողդղար.
Հոն դիմացս շշուկներուն
Մահացումն է լիակատար։

Միակ ձայնը իրարու քով
Ժամացոյցս ու սիրտս է հո՚ս,
Որ կը համրեն պինդ-պինդ զարկով
Կյանքիս քայլերն արագահոս։