Copy SMS

Հայոց Ցեղասպանություն....




Հայոց Ցեղասպանություն.... - Տխուր ,իրականություն, ցավ


Ցեղասպանությունը մի ժողովրդի միտումնավոր ֆիզիկապես ոչնչացնելու քաղաքականություն է.որը հատկապես մեծ չափերով իրագործվել է թուրքերի կողմից հայերի նկատմամբ:

 

Երիտթուրքական կառավարությունը, մտնելով Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, «Մեծ Թուրան» ստեղծելու հեռահար ծրագրեր ուներ: Մասնավորապես, նախատեսվում էր կայսրությանը կցել Այսրկովկասը, Հյուսիսային Կովկասը, Միջին Ասիան, Ղրիմը և Պովոլժիեն: Այդ նպատակի իրականացման ճանապարհին անհրաժեշտ էր առաջին հերթին ոչնչացնել հայ բնակչությանը` նրանց մեղադրելով ռուսական կողմնորոշման և պանթյուրքիստների զավթողական ծրագրերը խոչընդոտելու համար: Հայերի բնաջնջումը միաժամանակ օրակարգից կհաներ նաև Հայկական հարցը, որով վերջ կդրվեր եվրոպական տերությունների միջամտություններին Թուրքիայի ներքին գործերին: 

Ցեղասպանության ծրագիրն ուներ նաև ակնհայտ նյութական դրդապատճառներ. այն է` ձերբազատվել հայերի տնտեսական մրցակցությունից և բռնազավթել նրանց անշարժ ու շարժական գույքը: 

Դեռևս Առաջին աշխարհամարտից առաջ հայ բնակչության բնաջնջման ծրագիրը մշակել էին կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան, ռազմական նախարար Էնվեր փաշան, ծովային նախարար Ջեմալ փաշան, երիտթուրքական կուսակցության կենտկոմի անդամ Բեհաէդդին Շաքիրը և ուրիշներ: Առաջին աշխարհամարտի սանձազերծումը պատեհ առիթ է ստեղծել հայերի զանգվածային ոչնչացման ծրագրերի իրագործման համար: 1914 թ-ի հոկտեմբերին Թալեաթի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ կազմվել է հատուկ մարմին՝ «Երեքի գործադիր կոմիտե» (Սելանիկլի Նազիմ, Բեհաէդդին Շաքիր, Միդհատ Շյուքրի), որին հանձնարարվել է կազմակերպել հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը: «Երեքի գործադիր կոմիտեն» ստացել է մեծ լիազորություններ, զենք ու դրամ:

Իրենց ծրագիրն իրականացնելու նպատակով իշխանությունները նախ փորձել են հայերին զրկել դիմադրելու հնարավորությունից: Հայերի ցեղասպանության ծրագիրն իրականացվել է 3 փուլով: 

Առաջին՝ պատերազմի սկզբին բանակ զորակոչված 18–45 տարեկան 60 հզ. հայ զինվորները, Սարիղամիշի մոտ թուրքական բանակի ջախջախումից հետո, որպես քավության նոխազ, զինաթափվել  են և 1915 թ-ի փետրվարին Էնվերի հրամանով ոչնչացվել: Սկզբում նրանց ռազմաճակատից տեղափոխել են թիկունք՝ բանվորական գումարտակներ, ապա խմբերով դուրս բերել տեղակայված վայրերից ու կոտորել: Այդ ընթացքում բռնագրավել են հայ բնակչության սակավաթիվ զենքն ու զինամթերքը: 

Ցեղասպանության երկրորդ փուլը հայ մտավորականության և հայությանը կազմակերպող ուժի ձերբակալությունն ու ոչնչացումն էր: Զեյթունում խոշտանգվելով սպանվել է ազատագրական շարժման գործիչ Նազարեթ Չաուշը (Նորաշխարհյան), Վանում՝ Իշխանը (Նիկողայոս Պողոսյան), օսմանյան խորհրդարանի պատգամավոր Արշակ Վռամյանը (Օնիկ Դերձակյան) և շատ ուրիշներ: 1915 թ-ի ապրիլի 24-ին և հաջորդ օրերին Կոստանդնուպոլսում ձերբակալվել և Անատոլիայի խորքերն է աքսորվել մոտ 800 մտավորական. նրանց թվում էին կոմպոզիտոր Կոմիտասը, գրողներ Գրիգոր Զոհրապը (նաև խորհրդարանի պատգամավոր էր), Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Զարդարյանը, բժիշկ Նազարեթ Տաղավարյանը և շատ ուրիշներ: Մեծ մասն սպանվել է: 1915 թ-ի հունիսին Կոստանդնուպոլսի հրապարակներից մեկում կախաղան են բարձրացվել հնչակյան գործիչ Փարամազը (Մատթեոս Սարգիսյան) և նրա 19 կուսակից ընկերները: 

Երրորդ փուլում սկսվել է տասնյակհազարավոր անպաշտպան կանանց, երեխաների ու ծերերի զանգվածային տեղահանությունը: Որոշ վայրերում հայ բնակչությունը փորձել է դիմադրել: 1915 թ-ի մայիս-հունիսին սկսվել են Վանի, Էրզրումի, Բիթլիսի, Խարբերդի, Սեբաստիայի, Դիարբեքիրի նահանգների, Կիլիկիայի, Արևմտյան Անատոլիայի և այլ վայրերի հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը: Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն արդեն կռահել էր, որ հայ բնակչության տեղահանությունը հետապնդում է մեկ նպատակ` հայերի զանգվածային ոչնչացում: Տեղահանության իսկական նպատակը հայտնի էր նաև Թուրքիայի դաշնակից Գերմանիային, որի դեսպան Հանս Վանգենհայմը 1915 թ-ի հուլիսին այդ մասին տեղեկացրել է իր կառավարությանը: 

Մշտական բնակության վայրերից բռնի տեղահանված հայերը կարավաններով ուղարկվել են կայսրության խորքերը, Միջագետք և Սիրիա, որտեղ նրանց համար ստեղծվել էին հատուկ ճամբարներ: Ճանապարհին նրանք ենթարկվել են թուրքական խուժանի ու քրդական ավազակախմբերի հարձակումներին, կոտորվել. տեղահանվածների չնչին մասն է հասել ճամբարներ: Այսպես՝ Տրապիզոնի 3 հզ. հայ աքսորականներից Հալեպ է հասել միայն 35-ը: Միջագետքի անապատներ հասած աքսորականներին  հաճախ խմբերով հանել են ճամբարներից և կոտորել ավազուտներում: Հարյուրհազարավոր մարդիկ էլ դարձել են սովի, հիվանդությունների և համաճարակների զոհ: Հալեպի նահանգապետին ուղարկած գաղտնի հեռագրով Թալեաթը պահանջել է վերջ տալ հայերի գոյությանը՝ ուշադրություն չդարձնելով «ո՜չ սեռին, ո՜չ խղճի խայթին»: 

Պահպանվել են ցեղասպանությունը վերապրած հայերի և իրադարձությունների ականատես օտարերկրյա դիվանագետների, միսիոներների ու լրագրողների՝ հայ բնակչությանը բաժին ընկած  ահավոր տառապանքների հազարավոր հաղորդագրություներ ու նկարագրություններ: Կոտորածը շարունակվել է նաև հետագա տարիներին: Հազարավոր հայեր ոչնչացվել են Ռաս ուլ Այնի, Դեյր էզ Զորի և այլ ճամբարներում:

Չնայած օրհասական դրությանը՝ 1915 թ-ին Արևմտյան Հայաստանում և կայսրության մի շարք շրջաններում հայությունը դիմել է ինքնապաշտպանության: Հերոսամարտեր են տեղի ունեցել Վանի վիլայեթում (Շատախ, Հայոց ձոր, Գյավաշ, Թիմար և այլ վայրերում), Վան քաղաքում, Մուշում, Սասունում, Շապին-Գարահիսարում, Մուսա լեռան վրա, Ուրֆայում, ինչպես նաև Բյուրիքում (Շապին-Գարահիսարի գավառ), Սինջարում (Դիարբեքիրի վիլայեթ), Ֆունջակում, Ֆռնուզում, Կիշելֆիլում, Բերեկոյում (Ադանայի վիլայեթ), Գուվաթ-Շափայում (Տրապիզոնի վիլայեթ) և այլ վայրերում:

1918 թ-ին արշավելով Այսրկովկաս՝ թուրքական զորքերը հայերի կոտորածները շարունակել են Արևելյան Հայաստանում ու Ադրբեջանում: Սեպտեմբերի 15-ին, երբ անգլիական ուժերը լքել են դիրքերը, թուրքերը գրավել են Բաքուն և ադրբեջանական ազգայնամոլների հետ կոտորել 30 հզ. հայի:

1918–20 թթ-ին հայ բնակչության ջարդեր են կազմակերպվել Շուշիում: 1919 թ-ի հունիսի 5-ի գիշերը քաղաքում և շրջակա գյուղերում սրի է քաշվել ավելի քան 500 հայ: 1920 թ-ի մարտի 23-ին թուրք-մուսավաթական ավազակախմբերը կոտորել են ավելի քան 30 հզ. մարդու, հրդեհել քաղաքի հայկական մասը:

1920 թ-ի թուրք-հայկական պատերազմի (սեպտեմբերի 28 – նոյեմբերի 18) ընթացքում թուրքական զորքերը Ալեքսանդրապոլում և գավառի գյուղերում զանգվածաբար ոչնչացրել են խաղաղ հայ բնակչությանը, կողոպտել ունեցվածքը:

1915–16 թթ-ին Եղեռնից մազապուրծ Կիլիկիայի հայերը, որոնք ապաստանել էին արաբական երկրներում, Թուրքիայի պարտությունից հետո սկսել են վերադառնալ իրենց բնակության վայրերը: Ըստ դաշնակիցների գաղտնի համաձայնության (1916 թ.)՝ Կիլիկիան մտնելու էր Ֆրանսիայի ազդեցության գոտի: 1919 թ-ին Կիլիկիայում հայերի թիվը 120–130 հզ. էր, 1920 թ-ին հասել է 160 հզ-ի: Այդտեղ տեղաբաշխված ֆրանսիական զորքերի հրամանատարությունը միջոցներ չի ձեռնարկել՝ ապահովելու հայ բնակչության անվտանգությունը, որից օգտվելով՝ քեմալականները բռնություններ են սկսել հայերի դեմ: 1920 թ-ի հունվարին, 20 օրվա մարտերի ընթացքում, Մարաշում զոհվել է 11 հզ. հայ, մնացածները հեռացել են Սիրիա: 

Շուտով թուրքերը պաշարել են Հաճնը. տեղի 6 հզ. հայերը 7 ամիս համառորեն դիմադրել են, բայց հոկտեմբերին թշնամուն հաջողվել է գրավել քաղաքը: 1920 թ-ի սկզբին Հալեպ են հասել Ուրֆայի հայության խլյակները՝ մոտ 6 հզ. մարդ: 1920 թ-ի ապրիլի 1-ին քեմալական զորքերը պաշարել են Այնթապը: Շնորհիվ 15-օրյա հերոսական պաշտպանության՝ այնթապցիները խուսափել են կոտորածից: Բայց երբ ֆրանսիական զորքերը թողել են Կիլիկիան, 1921 թ-ի վերջին Այնթապի հայերն ստիպված անցել են Սիրիա: 1920 թ-ին քեմալականները ոչնչացրել են Զեյթունում մնացած հայերին:

Հայոց ցեղասպանության վերջին արարը 1919–22 թթ-ի հույն-թուրքական պատերազմի ընթացքում հայերի կոտորածն էր Թուրքիայի արևմտյան շրջաններում: 1921 թ-ի օգոստոս-սեպտեմբերին թուրքերը, բեկում մտցնելով պատերազմի մեջ, ընդհանուր հարձակման են անցել հունական զորքերի դեմ: 1922 թ-ի սեպտեմբերի 9-ին նրանք մտել են Իզմիր (Զմյուռնիա) և կազմակերպել հայերի ու հույների ջարդը, խորտակել են Իզմիրի նավահանգստում կանգնած հայ և հույն փախստականներով լեփ-լեցուն, ինչպես նաև փախստականներին փոխադրելու պատրաստ նավերը:

Թուրքական իշխանությունների իրականացրած Հայոց ցեղասպանության հետևանքով կայսրության 2,5 մլն հայերից զոհվել է 1,5 մլն-ը: Շուրջ 800 հզ. հայեր գաղթական են դարձել և ցրվել աշխարհով մեկ: Արևմտյան Հայաստանը զրկվել է իր բնիկ հայ բնակչությունից: Բռնի մահմեդականացվել է 200 հզ. հայ, որոնց սերունդներն այժմ հիմնականում բնակվում են Ճորոխ գետի հովտում: Ոչնչացվել է 66 քաղաքների ու 2500 գյուղերի հայ և այլազգի քրիստոնյա բնակչությունը: Կողոպտվել և քանդվել են 2350 եկեղեցի ու վանք, 1500 դպրոց ու վարժարան: Արևմտահայությանը հասցվել է 14,6 մլրդ ֆրանսիական ֆրանկի կամ 6 մլրդ գերմանական մարկի վնաս: Թուրքական կառավարությունը կողոպտած փողերից Բեռլին է ուղարկել 100 մլն մարկ (ոսկի): Յուրացվել են նաև օսմանյան բանկերում պահվող հայերի ավանդները, ինչպես նաև նրանց պատկանող շարժական ու անշարժ գույքը:

Հայոց ցեղասպանության համար պատասխանատվություն է կրում նաև կայզերական Գերմանիայի կառավարությունը, որը ոչ միայն տեղյակ էր նախապատրաստվող ոճրագործությանը, այլև նպաստել է դրա իրագործմանը: Գերմանիայի մեղսակցությունը նշել են գերմանացի հանրահայտ մտավորականներ Յոհաննես Լեփսիուսը, Արմին Վեգները, Կարլ Լիբկնեխտը և ուրիշներ:

Աշխարհի առաջադեմ հասարակական, քաղաքական և մշակույթի ու գիտության բազմաթիվ գործիչներ [Ջեյմս Բրայս, Առնոլդ Թոյնբի (Մեծ Բրիտանիա), Մաքսիմ Գորկի, Վալերի Բրյուսով (Ռուսաստան), Անատոլ Ֆրանս, Ժակ դը Մորգան (Ֆրանսիա), Յոզեֆ Մարկվարտ (Գերմանիա), Հերբերտ Գիբոնս (ԱՄՆ), Ֆրանց Վերֆել (Ավստրիա) և շատ ուրիշներ] դատապարտել են թուրք ջարդարարների հանցագործությունը:

Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից (1918 թ-ի հոկտեմբերի 30) հետո թուրքական իշխանությունները մեղադրել են երիտթուրքերի պարագլուխներին՝ Թուրքիան կործանարար պատերազմի մեջ ներքաշելու համար, և դատի տվել: Պատերազմի հանցագործներին ներկայացվել են նաև Օսմանյան կայսրության հայերի կոտորածների կազմակերպման ու իրականացման մեղադրանքներ: Սակայն երիտթուրքական պարագլուխներից մի քանիսի դատավճիռները կայացվել են հեռակա կարգով (1919 թ-ի հուլիս): Աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից հետո նրանց հաջողվել է փախչել երկրից. ոմանց (Թալեաթ, Բեհաէդդին Շաքիր, Ջեմալ, Սայիդ Հալիմ և ուրիշներ) նկատմամբ մահվան դատավճիռը հետագայում իրականացրել են հայ ժողովրդական վրիժառուները՝ «Նեմեսիս» գործողությամբ:

1988 թ-ի նոյեմբերի 25-ին ՀԽՍՀ ԳԽ-ն ընդունել է «Օրենք Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թ-ի ցեղասպանության դատապարտման մասին», որով Արևմտյան Հայաստանում և Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը դատապարտվել է որպես ոճրագործություն մարդկության դեմ: 1990 թ-ի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ ԳԽ-ի ընդունած Հայաստանի անկախության մասին հռչակագրում ասված է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թ-ին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:


Գերմանացի դիվանագետի վկայությունը 

 «Հայ ժողովրդի ոչնչացումը մնում է և կմնա որպես ամենամեծ ողբերգություն, որը համայն մարդկության, այդ թվում և Գերմանիայի ամոթն է, քանի որ վերջինս, լինելով օսմանայն Թուրքիայի առանձնաշնորհյալ դաշնակիցը, ոչինչ չի արել մի ամբողջ քրիստոնյա ժողովրդի կոտորածն արգելելու համար»:Լուիս Էյնշտեյն


 



Հայոց Ցեղասպանություն.... - Տխուր ,իրականություն, ցավ
Հայոց Ցեղասպանություն.... - Տխուր ,իրականություն, ցավ
Հայոց Ցեղասպանություն.... - Տխուր ,իրականություն, ցավ

20

10

3917

  • Ա՛խ, ինչպե՞ս, ո՞նց մոռանալ Արհավիրքն այն օրերի. -Աշխարհում ով մոռանա, Ջուխտ աչքով թող քոռանա... Գառնարած, հովիվ, նախրորդ Ետ չեկան սար-ձորերից… Կեսօրին էլ ո՞վ կերգեր. -Սարերը հով չեն անում, Իմ դարդին դարման անում… Հնձվորը արտում մորթվեց Իր ձեռքի սուր մանգաղով… Խեղճ հարսը էլ ո՞նց երգեր. -Քաղվորին հաց եմ բերում, Բերանը մաց եմ թողում… Ձկնորսը Վանա ծովում Չըփրկվեց ճարպիկ լողով… Աղջիկը զու՜ր էր կանչում -Իմ ծամթել տամ լողվորչուն… Երկրի մեջ մարդ չըմնաց` Մարդ թաղեր մարդու նման… Ա՜խ, մնար մե՛կը գոնե Ու կանչեր. -Դլե յամա՛ն…
  • Lian
    2013-04-24 11:44:29
    Հայր մեր` որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո: Եկեսցէ արքայություն Քո Եղիցին կամք Քո որպես յերկինս և յերկրի: Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր: Եվ թո՛ղ զպարիս մեր, որպես և մեք թողումք մերոց պարտապանաց: Եվ մ՛ի տանիր զմեզ ի փորձություն, այլ փրկեա՛ զմես ի չարեն, զի Քո է արքայություն և զորություն և փառք յավիտյանս. Ամեն:
  • ...(Patu) Martun
    2013-04-24 11:48:06
    :( :( :( :( Արտույտների ագարակը :'( :(
  • m .NARA
    2013-04-24 11:49:01
    Հայոց ցեղասպանություն....բառ որից համախմբվում են բոլոր հայերը...........
  • SideWaysET Vice President
    2013-04-24 12:08:58
    Ինձ թվում ա ցեղասպանությունը չի ընդունվելու, պետք ա մենք մեր ուժերով դրանց հանենք մեր տարածքներից ու վրեժխնդիր լինենք, ուղղակի էս անարդար երկրում ցավոք սրտի դեռ անհնար է դա: Սակայն հավատում եմ, գալու է օր, երբ թուրքը կզղջա երկրում հայտնվելու համար..................................Ցավում եմ, որ մենք ունեցանք այսպիսի դաժան օր մեր պատմության մեջ :( ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ
    • Disappear
      2013-04-24 12:11:48
      Կընդունվի,բայց 100 տարին լրանալուց հետո,հիմա թուրքիայում էլ կան 2 հակադիր ուժեր,մեկը իշխանությունը,որ պնդումա նման բան չի եղել,մեկ էլ ժողովրդի մեծ մասը,որ ներողությունա խնդրում...ինչ կլինի վերջը ,կիմանանք 2 տարուց,որովհետև չեմ կարոծում,որ իշխանությունը ինչ-որ բան կձեռնարկի
      • SideWaysET Vice President
        2013-04-24 12:16:36
        Թուրք կառավարությունը երբեք իրա գլուխը ցավի տակ չի դնի, մեր միակ հույսը ԱՄՆ-ն ա, ցավոք, այսօր թուքրերը ավելի մոտ են ամերիկացիների հետ, քան հայերը: Թուրքիան ԱՄՆ-ից ա զենք առնում, մենք՝ Ռուսաստանից: Ուստի ԱՄՆ-ն չի պատրաստվի իր ձեռքը կտրել փողից: Ինչքան շուտ ընդունվի, ենքան լավ, ես միայն ուրախ կլինեմ տեսնել թուրքերի պարտված հայացքները:
      • Disappear
        2013-04-24 12:22:52
        Ինչ ցավի տակ դնել,հենց ՄԱԿ-նա ասել,որ 1945 թվականին ընդունած որոշմամբ պետքա փոխհատուցվի,բայց 1915 թվականը դրանից առաջա եղել ու շատ հնրավորա,որ թուրքիան ընդունելուց հետո էլ ոչ մի փոխհատուցում չտա...էլ ինչի մասինա խոսքը..իսկ հիմա ուզւոմ են դիվանագիտական հարաբերություններ հաստատեն...
  • -L.(EsAyAn...( ◔̯◔
    2013-04-24 12:18:20
    :( :( :( :'(
  • Ev ullIiiK ♥
    2013-04-24 12:24:05
    Մենք վրեժի պատճառ ունենք միլիոն ու կես :( :( :( :( :( :( :'(