Copy SMS

Իմ պատմությունը ևս Մոխրոտի պատմություն է. ԱՆԻ ԼՈՐԱԿ

Իմ պատմությունը ևս Մոխրոտի պատմություն է. ԱՆԻ ԼՈՐԱԿ - ԱՆԻ , Լորակ, աստղ

Կարոլինա Կուեկը ծնվել է 1978 թ. սեպտեմբերի 27-ին Ուկրաինայում: Իսկ բեմական անվանումը' Անի Լորակ, Կարոլինան ստացավ, երբ մասնակցեց ռուսաստանյան «Նոր ծագող աստղ» նախագծին. նրա իսկական անվամբ արդեն ներկայացուցիչ կար, և նա ստիպված էր բեմական անուն հորինել: Կարոլինան պարզապես հակառակ կողմից ընթերցեց իր անունը, և ստացվեց Անի Լորակ:

Բավականին դժվար մանկություն է ունեցել հետագայում բազմաթիվ մրցանակների և տիտղոսների արժանացած երգչուհի Անի Լորակը: Նրա ծնողները բաժանվել են, երբ Անին դեռ չէր էլ ծնվել: «Ամեն ինչ շատ բարդ էր: Ամուսինս նույնիսկ ծննդատուն չեկավ իմ ու աղջկաս' Կարոլինայի ետևից: Ցավում եմ, որ աղջիկս այդպիսի պայմաններում է ծնվել, երբ իր մայրն անընդհատ ստորացումների էր ենթարկվում հոր կողմից»,- պատմում է Անի Լորակի մայրը' Ժաննա Լինկովան:

Իր եղբոր' Սերգեյի հետ Անին հաճախել է տեղի գիշերօթիկ դպրոցը: «Մայրիկիս աշխատանք էին առաջարկել, և նա չէր կարող հրաժարվել մեր միակ եկամուտից: Ստիպված մեզ տվեց գիշերօթիկ դպրոց: Ամեն ուրբաթ գալիս էր մեր ետևից, մեզ լողացնում էր, կերակրում, հարդարում իմ ու եղբորս մազերը: Շատ էինք կարոտում մայրիկին, բայց ուրիշ ելք չկար»:Գիշերօթիկի երեխաներից բոլորը մեծ խնդիր ունեին' ինտեգրվել մի հասարակություն, որտեղ նրանց ճանաչում են և ընդունում են որպես որբերի: «Ես ուզում էի ինչքան հնարավոր է շուտ ազատվել այդ «գիշերօթիկի աղջիկ» մականունից, որը պարզապես հետապնդում էր ինձ և այդ պատճառով էլ 9-րդ դասարանում ես ինքս վերցրի գործերս տնօրենից և տարա մեկ այլ դպրոց»:

Սակայն դպրոցը փրկություն չէր: Հենց սկզբից սկսվեցին երեխաների կողմից ծաղրանքներն ու արհամարհանքը: Իսկ այդ ամենից փրկում էր նրան միայն տաղանդը' գրելու, երգելու: Նրա շարադրություններն ուսուցիչները բարձրաձայն ընթերցում էին աշակերտների համար: «Ես հիանում էի նրանով, որ ես կարողանում եմ անել այն, ինչ չէր հաջողվում անգամ մեր բակի ամենագեղեցիկ զգեստներն ունեցող աղջիկան կամ ամենահարուստ տղային»:

Երաժշտության հանդեպ Անիի սերը դրսևորվել է դեռևս դպրոցական տարիներից: «Դպրոցական բոլոր միջոցառումներին մասնակցում էի, բեմի վրա ինձ իսկական երգչուհի էի զգում»:

Երբ Կարոլինան 11 տարեկան էր, Աֆղանստանում մահանում է նրա եղբայրը: Այս փաստն իսկապես շատ ծանր է անդրադառնում աղջկա վրա: Անին և Սերգեյը շատ կապված էին միմյանց հետ: «Ես հասկացա, որ մնացի միայնակ: Այդ տարիքում այդպիսի կորուստն ինձ համար կարող էր անդառնալի լինել, բայց չգիտեմ ինչպես, հաղթահարեցի: Իսկ ավելի ճիշտ' գիտեմ ինչպես' երգն օգնեց ինձ»:

1992թ. Կարոլինան մասնակցում է «Նորածաղկունք» մրցույթին և հաղթում: Հենց այստեղ 12-ամյա երգչուհին ծանոթանում է պրոդյուսեր Յուրի Ֆալյոսի հետ և ստորագրում իր առաջին մասնագիտական պայմանագիրը: Պայմանագիրը աղջկա փոխարեն կնքեց մայրը: Այն ժամանակ պրոդյուսերն անգամ գլխի չէր ընկել, որ աղջիկն այդքան փոքր է: Այդ պահից Յուրին և Կարոլինան դարձան անբաժան: Ֆալեսը նրա համար դարձավ և ուսուցիչ, և կոմպոզիտոր, և պրոդյուսեր, և հարազատ մարդ, ով փոխարինեց հորը և մեծ եղբորը:

Շուտով եկավ Կարոլինայի աստղային ժամը: 1995 –ին բոլորը լսեցին և իմացան մի տաղանդավոր աղջնակի մասին' Անի Լորակի, ով մասնակցում է «Ծագող աստղ» նախագծին:

1996-ին Անի Լորակը ձայնագրում է իր առաջին ալբոմը' «Ես կվերադառնամ», որը բավականին մեծ հաջողություն է ունենում հարազատ երկրում:

Նկարահանվում են տեսահոլովակներ, նոր երգեր, որոնք միանգամից հիթ են դառնում և մեծ հաջողություններ բերում Լորակին: Տարեցտարի Լորակը երկրպագուներին ուրախացնում էր իր մեկը մյուսից հաջողված ալբոմներով:

Շուտով Յուրին' ամուսնացած տղամարդ, երկու երեխաների հայր, խոստովանում է աղջկան իր զգացմունքների մասին: Անի Լորակը զգում էր, որ Յուրին իրեն է տրամադրել իր ամբողջ կյանքը, ամբողջովին նվիրվել է Լորակի կարիերային և հաջողությանը: Չնայած 18 տարվա տարիքային տարբերությանը' փոխադարձ սիրով է պատասխանում Յուրիի զգացմունքներին:

Նրանք սկսում են միասին ապրել: Յուրին բաժանվում է կնոջից և ամբողջովին նվիրվում Լորակին: Անի Լորակը հստակ քայլերով շարժվում է առաջ և ռեկորդային տարիքում' 20 տարեկանում, դառնում Ուկրաինայի վաստակավոր արտիստ: Նրա երգերը դառնում են հիթեր, նրան կարելի էր տեսնել յուրաքանչյուր համերգին: Լորակի ալբոմները վաճառվում են անհավանական քանակությամբ: Նրա ճանաչվածությունն աճում է օր օրի:

Իսկ այ անձնական կյանքում սկսվում են ճգնաժամային օրեր: 21-ամյա գեղեցկուհին մինչև ականջների ծայրը սիրահարվում է հայտնի ֆուտբոլիստ Սերգեյ Ռեբրովին, որը դատարկ հույսեր էր տալիս Լորակին:«Նա հայտնի էր, գեղեցիկ, խելացի և ինչպես հետո պարզվեց' խորամանկ: Իսկ ես աղջնակ էի, որին կարելի էր խաբել անգամ մի ռոմանտիկ նամակով»: Ֆուտբոլիստն ամուսնացած էր, բայց անվերջ խոստանում էր, որ դա ժամանակավոր է և որ շուտով գալու է Անիի ետևից: Իսկ Յուրի Ֆալեսը հասկանում էր, որ Կարոլինան սիրահարված է, և նախընտրում է ազատ թողնել նրան:

Սակայն որոշ ժամանակ անց Անի Լորակը հոգնում է խաբվածի կարգավիճակում լինելուց և վերադառնում է Յուրիի մոտ: Սակայն նախկին հարաբերությունները վերականգնել չի հաջողվում: Զույգը մեկընդմիշտ բաժանվում է:

Սակայն Լորակի հաջողությունները չեն ավարտվում Յուրիից հետո: Հակառակը' Անի Լորակը մասնակցում է Եվրատեսիլ 2008-ին, որտեղ գրավելով երկրորդ հորիզոնականը' գրավում է նաև եվրոպական հանդիսատեսի համակրանքն ու ուշադրությունը: Լորակին համագործակցություն են առաջարկում մի շարք ընկերություններ' շահավետ պայմանագրերով: Լորակը դառնում է մի քանի կոսմետիկական ընկերությունների պաշտոնական դեմքը:

Երկար ժամանակ Կարոլինայի անձնական կյանքում ոչ մի իրադարձություն տեղի չի ունենում: Նրա մայրը' Ժաննան, անհանգստանալով աղջկա ապագայի համար, հարցազրուցներից մեկում ասում է.«Այն, որ իմ աղջիկը մինչև այժմ չի ամուսնացել, ես պատճառաբանում եմ նրա դառը մանկությամբ: Նա չի տեսել տղամարդու հոգատարություն, նա միայն կռիվ ու վեճ է տեսել: Նրան դժվար է վստահել տղամարդուն»:

Բայց իրադարձությունները շատ սպասել չեն տալիս: 6 տարի առաջ Անի Լորակը Թուրքիայում հանգստանալիս ծանոթանում է մի համակրելի երիտասարդի հետ: Նրանք շփվում են երկուսի համար էլ օտար' անգլերեն լեզվով: Սակայն լեզվի օտարությունը բոլորովին չի խանգարում զգալ, որ միմյանց առաջ հոգով շատ մոտ մարդիկ են կանգնած: Երիտասարդը հյուրանոցի աշխատող Մուրատ Նալչաջիօղլուն էր: Խոսակցություններից մեկի ժամանակ Մուրատը հրավիրում է Անիին հյուրանոցում երգելու, իսկ վերջինս ժպտալով պատասխանում է, որ իր երգը շատ թանկ արժի: «Հաջորդ օրը ես իմացա, որ մեր հյուրանոցում մի ուկրաինուհի է երգելու այդ օրը: Երբ տեսա Կարոլինային, երկուսս էլ ժպտացինք, ինքնըստինքյան մտերմություն առաջացավ»,-ասում է Մուրատը:

Երբ Անին մեկնում է Թուրքիայից, նրանք շարունակում են շփվել նամակագրությամբ: «Ես անհամբեր սպասում էի նրա նամակներին, զանգերին: Բայց որոշ ժամանակ անց ես հասկացա, որ մեր ճանապարհները հազիվ թե երբևէ խաչվեն, մենք այնքան տարբեր ենք: Ինչու զուր հույսեր տալ և հետո տառապել: Եվ ես որոշեցի չպատասխանել այլևս»:

Ուղիղ մեկ տարի անց Անին որոշում է տեսահոլովակ նկարահանել հենց նույն հյուրանոցում, որտեղ աշխատում է Մուրատը: Հանդիպումն այնքան ջերմ է ստացվում, որ զույգն անմիջապես հասկանում է, որ իրենց միությունից խուսափելն անհնար է:

Զույգն ուղևորվում է Փարիզ' նշելու Անիի ծննդյան տարեդարձը' Մուրատի առաջարկով: Մուրատն այնպիսի աննկարագրելի երեկո է պարգևում սիրելիին, որ Կարոլինան մինչ օրս բոլոր հարցազրույցներում պատմում է, որ իր ամենաերջանիկ օրն էր դա:

«Մենք տարբեր երկրներից ենք, տարբեր մշակույթների կրող: Մարդիկ մտածում էին, որ Կովկասի տաքարյուն երիտասարդը չի կարող համակերպվել երգչուհու կյանքի, ազատ ապրելակերպի, հագուկապի հետ: Բոլորը գուշակում էին մեր մոտակա բաժանությունը: Բայց մեր սերն ավելի ուժեղ գտնվեց: Մենք հաղթահարեցինք բոլոր խնդիրները: Ես պարզապես երջանիկ եմ, իսկ Մուրատին սիրում եմ ամեն ինչից առավել»:


Լորակը պատմում է, որ դժվարություններ իհարկե շատ են եղել ընտանիքում' կապված իր աշխատանքային գրաֆիկի հետ: Սակայն ամեն ինչից վեր թե Մուրատը, թե Անի Լորակը դասել են սերը, որը ստիպում է հաճախ համակերպվել շատ բաների հետ, որոնք կարող են անգամ հաճելի չլինել: Ռուսական մամուլն իսկապես չի հոգնում այս զույգին բաժանել-միացնելով, սակայն վերջերս Լորակը հայտարարեց,որ ոչ մի լուրջ խնդիր իրենք չունեն, և որ խոսակցություններն իրենց վատ հարաբերությունների մասին միայն չարախոսություններ են:

2011թ. հունիսի 9-ին Մուրատն ու Անի Լորակը դառնում են ծնողներ:

Փոքրիկ Սոֆյան ամբողջովին փոխում է թե մայրիկի, թե հայրիկի կյանքը: «Երբեք չեմ ափսոսում այն ժամանակը, որ ամբողջովին նվիրել եմ փոքրիկիս' երկար դադար տալով ստեղծագործական կյանքում: Առաջին հերթին ես մայր եմ, ես պետք է կրծքով կերակրեի փոքրիկիս, պետք է ամեն վայրկյան նրա կողքին լինեի, այդ պատճառով էլ ես ժամանակավորապես հրաժարվեցի բեմից: Հիմա նա ինձ համար ամենակարևորն է»:

Այն, որ Անի Լորակի անձնական կյանքն ամենաքննարկվող թեմաներից է, հաստատ է: Բայց քիչ չի խոսվում նաև նրա տաղանդի մասին: Այս լայնաժպիտ գեղեցկուհին 5 ոսկե ալբոմ է թողարկել և երկու պլատինե: Անի Լորակը ստացել է նաև «Золотой граммофон» հեղինակավոր մրցանակ, բազմաթիվ տիտղոսներ: «Ամեն ինչ դեռ առջևում է: Ես երբեք չեմ սահմանափակվում իմ հաջողություններով, ես գիտեմ, որ կարող եմ ավելին, և դա ինձ առաջ շարժվելու ուժ է տալիս»:

Երբ քեզ 1000 անգամ ոտքով խփեն, ապա 1000 անգամ պետք է ոտքի ելնել և առաջ գնալ:

Յուրաքանչյուր կին հոգով հենց «Shady Lady» է' առեղծվածային կին, ով խորը հետք է թողնում տղամարդու կյանքում:

Բոլոր կանայք ունեն ուշադրության և սիրո կարիք: Միայն այդ դեպքում ենք մենք ծաղկում:

Կյանքում ամենակարևորը ընտանիքն է, սերը, առողջությունը: Դա այն է, ինչով մենք ապրում ենք, և ինչն օգնում է մեզ պարել:

Կինը պետք է աստղով լինի, պետք է հանելուկ լինի: Այ այդ ժամանակ նա կա, այդ ժամանակ բոլորը խենթանում են նրա համար:

Ես միշտ ասում եմ, որ երջանիկ եմ: Դրանից իմ երջանկությունը միայն ավելանում է: Իմաստուն կինը պետք է սիրի իրեն այնպիսին, ինչպիսին կա և թանկ գնահատի անգամ յուրաքանչյուր խորշոմը. չէ որ այն մեր ապրած էմոցիաների մասին հիշողություն է, և պետք է ուրախանալ, որ այն կա:

Կարևոր է մարդ մնալ, ինչքան էլ դու հայտնի լինես, ինչքան էլ առավել լինես:

Միայն արտաքին հատկանիշները քիչ են, պետք է կարողանալ ներկայացնել դրանք:

Իմ պատմությունը ևս Մոխրոտի պատմություն է, ով աղքատ ու համեստ աղջկանից դարձավ հազարավոր երկրպագուների սիրելի, դարձավ ճանաչված և սիրված: