Copy SMS

Օրվա ծնունդ

                              Իվ Կուստո                                

Օրվա ծնունդ - Հետաքրքիր, ուսուցանող, բարի


Ֆրանսիացի օվկիանոսագետ և ճանապարհորդ Իվ Կուստոն (1910թ. հունիսի 11-1997թ. հունիսի 25) ստեղծել է փակ տիպի թթվածնային սարքը, կատարելագործել աքվալանգը, նախագծել ստորջրյա նկարահանման «սուզվող սկավառակ» տեսախցիկը:


 


Ժակ Իվ Կուստոն դեռևս մանկուց է հրապուրվել ծովով. առաջին անգամ ծովի ջրում սուզվելուց և ստորջրյա աշխարհը տեսնելուց հետո, նա համոզվել է, որ ինքն անբաժան է այդ աշխարհից: 


 


Կուստոն 1930թ. ավարտել է Բրեստի (Ֆրանսիա) ծովային դպրոցը, ապա սովորել Ռազմածովային թռիչքային դպրոցում, որտեղից 1936թ. «Ժաննա դ'Արկ» նավով մեկնել է առաջին շուրջերկրյա ճանապարհորդության: 1950-ական թվականներին նորոգելով և սարքավորումներով վերազինելով «Կալիպսո» նավը՝ նա կատարել է բազմաբնույթ հետազոտություններ Ատլանտյան, Հնդկական օվկիանոսներում, Կարմիր, Սև, Արաբական ծովերում ու Պարսից ծոցում: 1965թ. Միջերկրական ծովում մինչև 110մ խորություն իջեցվեց գնդաձև մի տնակ, որտեղ 6 ջրասուզակներ Կուստոյի հետ աշխատեցին 23 օր: 1967թ. նա ստորջրյա նկարահանող տեսախցիկներով ուսումնասիրություններ է կատարել Կարմիր ծովում և արդյունքները մանրամասն ներկայացրել «Որպեսզի ծովում չլինեն գաղտնիքներ» և «Կալիպսոն» ու բուստերը» գրքերում:


 


1970-ական թվականներին «Կալիպսոն» ուղևորվեց Անտարկտիդա: Այս անգամ Կուստոյի ուշադրության կենտրոնում էին կետերը: Կուստոն նկարահանել է մի ֆիլմ և գրել «Համաշխարհային օվկիանոս» գիրքը: 


 


1957թ.-ից ղեկավարելով Մոնակոյի Օվկիանոսագիտական թանգարանը՝ Կուստոն զբաղվել է նաև օվկիանոսների մայրցամաքային ծանծաղուտի, ծովային օրգանիզմների (հատկապես շնաձկների ու կետերի) և աշխարհագրական տարբեր լայնություններում դրանց տեղաբաշխման օրինաչափությունների ուսումնասիրությամբ, կատարել ստորջրյա նկարահանումներ:


 


Իվ Կուստոն իր ամբողջ կյանքում պայքարել է նաև Համաշխարհային օվկիանոսի անաղարտության պահպանության համար: Նա առավել հայտնի է Կապիտան Կուստո անունով:

  • Astghik
    2013-06-11 12:54:11
    (բռավո) (բռավո) (բռավո)