Copy SMS

Հասմիկի ու Վարդանի սիրո պատմությունը

Հասմիկի ու Վարդանի սիրո պատմությունը - ser, nkarner, aforizmner gexecik,


Հասմիկն ու Վարդանը մոտ մեկ տարի է ընկերություն էին անում, երկուսն էլ մեր զուգահեռ դասարանից էին: Հասմիկը սիրունիկ աղջիկ էր. միջահասակ, թուխ մաշկով, մեծ ու սև աչքերով, երկար ու սև մազերով, փոքր քիթ ուներ ու հավաքված շրթունքներ: Ավելի շատ հնդիկի էի նմանեցնում, քան հայի: Նրան բոլորը ճանաչում էին որպես համեստ խելոք աղջիկ էր: Շատ անգամներ դպրոցում որ խելոք չէինք մնում` Հասմիկին էին օրինակ բերում, բայց մի օր շատ էինք զարմանալու:

Վարդանը սպիտակամորթ էր: Կանաչ աչքերով դեմքը ավելի շատ ռուսի էր հիշեցնում: Նա  այդքան էլ լավ ընտանիքից չէր.  հայրը գողության համար ձերբակալված էր: Նրա ընտանիքը մեր դիմացի շենքում էր ապրում` միշտ վիճում էին իրար հետ ու վատ խոսքեր ասում մեկը մյուսին:

Վարդանենց ընտանիքում ապրում էին պապը, տատն ու հորաքույրները, որոնցից մեկը վատ վարք ուներ, բաժանվել ու աղջկա հետ հետ էր եկել, իսկ մյուս հորաքույրը ընդհանրապես չէր ամուսնացել: Եվ այդքանով մնում էին Վարդանենց երկու սենյականոց բնակարանում, որտեղ հարմարություններ չկային:

Վարդանենց տանից միայն նրա մայրն էր լավը, և բոլորը սիրում ու հարգում էին նրան: Նրա պապը խմում ու կպնում էր տատուն, իսկ տանը մնացած հորաքույրը կռվարարի մեկն էր` անգամ մորն էր ծեծում ու տանից դուրս շպրտում:

Հասմիկենց ընտանիքը նրանց հակապատկերն էր, մայրը համեստ կին էր, առավոտյան գնում էր աշխատանքի, երեկոյան գալիս, եղբայրն էլ ութից դուրս էր եկել դպրոցից և աշխատում էր, որ մորն օգներ:

Երբ դպրոցում ու թաղամասում իմացան, որ Վարդանն ու Հասմիկը ընկերություն են անում` բոլորը զարմացել էին, թե ոնց կարող է այդպիսի համեստ ընտանիքի աղջիկը ընկերություն անի Վարդանի պես տղայի հետ, բայց այդ բոլոր խոսակցությունները չէին հետաքրքրում Հասմիկին:

Մի անգամ որոշեցի գնալ Հասմիկենց տուն և տեսա, որ նա տանը մենակ էր, իսկ Վարդանը իր մի քանի ընկերների հետ այնտեղ էր, ու Հասմիկը հաց էր դնում նրանց համար: Ես այնպիսի տպավորություն ստացա` կարծես մարդ ու կին էին: Երբ հասկացա ներսում ինչ է կատարվում` դուրս եկա իրենց տանից ու այդ օրվանից նրան բարևում էի ու անցնում: Ամեն օր տեսնում էի, որ Հասմիկը տանը մենակ է, ու նրա հետ է Վարդանը: Մոտ երեք ամիս անց ամբողջ թաղամասի բամբասանքի թեման Հասմիկն էր ու մի օր խանութում ականջիս ծայրով լսեցի, որ Հասմիկը հինգ ամսական հղի է:

Բոլորը խոսում էին նրանց մասին, և Հասմիկի հղիությունը բամբասանքի թեմա էր դարձել ամբողջ թաղամասով ու դպրոցով մեկ: Վարդանենք հասկանալով, որ արդեն ուշ է` Հասմիկին տարել էին իրենց տուն, որ բամբասանքը շատ չլինի, իսկ Վարդանի տատը հարևանների մոտ ամեն մանրամասնություն պատմել էր:

Այդ դեպքից հետո բոլորն իրենց կարծիքը փոխեցին Հասմիկի մասին, իսկ այդ ընթացքում նա ունեցավ երեխաին: Հիմա նրա երեխան ինը ամսական է, իսկ նա երկրորդ երեխային է սպասում, որ ամուսնուն բանակ չտանեն:  Հիմա, երբ տեսնում եմ Հասմիկին`հասկանում եմ, որ դժբախտ է ու համոզված եմ, որ արդեն փոշմանել է նման քայլի համար:

Երբ նա երեխային փողոց է հանում ու ման է տալիս` իր հին շորերն է հագին, ու դեմքին միշտ դժգոհություն կա: Ամեն օր նրանց տանը հերթական կռիվն է լինում, ամեն անգամ դուրս է գալիս պատշգամբ ու սիրտը թեթևացնելու համար լացում, հանգստանում, արցունքները մաքրում ու մտնում է ներս: Ես հասկացա, որ նա Վարդանի հետ երջանիկ չէ:

6

2

1168