Հարսանիքիս օրը.
Հարսանիքիս օրը կյանքիս ամենաերջանիկ օրերից երկրորդն է լինելու: Առաջինն արդեն ապրել եմ, երբ հասկացել եմ, որ սիրում եմ ու սիրված եմ: Երրորդ օրը առաջնեկիս ծննդյան օրն է լինելու: Հարսանիքիս օրը ամենաերջանիկն եմ լինելու…
Փոքր ժամանակ չէի երազում ամուսնանալու մասին, չէի պատկերացնում, թե ինչպես եմ հանդիպելու երազանքներիս ասպետին, ամուսնանալու ու երջանիկ լինելու: Փոքր ժամանակ սիրո մասին չէի մտածում: Չէի մտածում այնքան ժամանակ, մինչև չհանդիպեցի նրան, ասպետիս` թեկուզ առանց երազելու:
Հարսանիքս լինելու է տարվա ամենագեղեցիկ օրը: Երևի գարուն կլինի. սիրում եմ մայիսը: Միշտ էլ սիրել եմ: Այդ օրն արթնանալու եմ շատ վաղ. արևը կարթնացնի ինձ ու կասի. «Արթնացի՛ր, փոքրի՛կ, այսօր երջանիկ լինելու քո օրն է»: Կբացեմ աչքերս ու կժպտամ: Հարսանիքիս օրը շատ եմ ժպտալու: Նաև կարտասվեմ: Մի փոքր կմնամ անկողնուս մեջ ու կմտածեմ: Կմտածեմ, որ այդ օրը կյանքս փոխվելու է. մեծանալու եմ: Հետո մայրիկս կգա ու կօգնի պատրաստվել կյանքիս ամենակարևոր օրվան: Հարսանեկան զգեստս գեղեցիկ դրված կլինի աթոռին ու կսպասի ինձ: Այն կլինի եթերային, նուրբ, մաքուր կաթնագույն, մանր նախշերով ու մարգարիտներով: Սիրում եմ մարգարիտներ: Իսկ հարսանեկան կոշիկներս կլինեն փոքրիկ, ինչպես ոտքերս: Նրանք նույնպես կլինեն կաթնագույն, բարձրակրունկ, բայց նուրբ ու քնքուշ: Երբ արդեն հագնեմ զգեստս ու կոշիկներս ու նստած լինեմ զարդասեղանի մոտ, նա հաղորդագրություն կգրի. «Ինչպե՞ս է ապագա կինս»: Իսկ ես կժպտամ ու կգրեմ. «Երջանիկ»:
Շուտով շտապելիս կլինեմ վարսահարդարի ու դիմահարդարի մոտ: Ողջ սրահի ուշադրությունն ինձ վրա սևեռված կլինի. բոլորն ինձ կշնորհավորեն ու երջանկություն կմաղթեն: Իսկ ես շնորհակալություն կհայտնեմ ու ծիծաղելով գլուխս ցած կիջեցնեմ: Դիմահարդարին կխնդրեմ բնական ու նուրբ դիմահարդարում անել, որովհետև նա չի սիրում, երբ շատ եմ շպարվում: Սրահից կշտապեմ տուն` սպասելու նրան: Իսկ նա չի ուշանա…
Երբ լսեմ մեքենայի ձայն, վազելով կմոտենամ պատուհանին ու դուրս կնայեմ: Նա կգա սև փոքրիկ մեքենայով: Դուրս կգա, կհենվի մեքենային ու ազդանշան կտա: Երբ ես դուրս նայեմ, նա աչքով կանի, ու ես կսավառնեմ նրա մոտ: Նա ինձ կգրկի ու կհամբուրի: Կուղեկցի մեքենայի մոտ: Ես կնստեմ: Մեքենան կվարի նա ու մեզ կտանի եկեղեցի: Փողոցում արդեն մարդիկ կլինեն: Հարսանիքիս օրն ամեն ինչին այլ կերպ կնայեմ. կհիշեմ ամեն փողոց ու շենք, որի կողքով անցել ենք միասին: Նա մերթընդմերթ կնայի ինձ ու կժպտա: Ու կասի, որ ամենասիրունիկ հարսն եմ, իր փոքրիկ հարսը:
Կհասնենք եկեղեցի, որտեղ արդեն կլինեն հարազատներն ու ընկերները: Նրանք կողջունեն մեզ, կգրկեն ու անկեղծ ուրախ կլինեն: Նրա հայրը կուղեկցի ինձ խորանի մոտ, իսկ սիրտս արագ-արագ կբաբախի, ծնկներս էլ կդողան: Երբ մոտենամ նրան, աչքերս կբարձրացնեմ ու կտեսնեմ նրա հարազատ ու սիրելի դեմքը, հանգիստ ժպիտն ու կմոռանամ ամեն հուզմունք: Աստծո տանը կերդվենք հավերժ սիրել իրար մինչև մահը չբաժանի մեզ: Քահանան մեզ այր ու կին կհայտարարի, իսկ մատիս կլինի ամուսնական մատանիս, որ երբեք չեմ հանի: Մենք դուրս կգանք եկեղեցուց ծափերի ներքո ու զույգ աղավնի բաց կթողնենք: Այդ ժամանակ ես կծիծաղեմ ու իմ ծիծաղով կվարակեմ նաև նրան:
Հարսանիքիս օրը կլինի շատ գեղեցիկ: Կլինի մի փոքրիկ կանաչապատ տարածք գեղեցիկ ծառերով: Կլինեն կաթնագույն սեղաններ, կաթնագույն աթոռներ: Կլինի փոքրիկ բեմ. երաժիշտները կնվագեն գեղեցիկ ու նուրբ երաժշտություն: Սպիտակազգեստ սպասավորները կմատուցեն շամպայն ու համեղ խորտիկներ: Հարազատներն ու հյուրերը գեղեցիկ կենացներ կխմեն ու կպարեն: Հետո կգա մեր պարի ժամանակը: Հարսն ու փեսան կպարեն ամենագեղեցիկ պարը, որի ընթացքում նրանք կխոսեն միասին անցկացրած ու դեռ գալիք տարիների մասին: Գլուխս կդնեմ նրա ուսին ու կշշնջամ. «Սիրում եմ քեզ», իսկ նա կհամբուրի վարսերս ու կասի. «Ես եմ քեզ սիրում»:
Երբ հյուրերը տարված լինեն երեկոյով, նա կբռնի ձեռքս ու դուրս կտանի: Կնստեցնի մեքենան ու կտանի հեռու-հեռու: Շատ հեռու… Այնտեղ, որտեղ կլինենք միայն ես և նա ու մեր սերը…
Հարսանիքիս օրը ամենաերջանիկն եմ լինելու: Հարսանիքիս օրը գեղեցիկ է լինելու…
⊰♥⊱ SeLi ⊰♥⊱
2013-07-02 20:01:53♥ SaRa ♥
2013-07-02 20:02:40♥
2013-07-02 20:22:42Arm9 /po klichke Miley 4ever/ pxx :D
2013-07-02 20:26:18Mer..
2013-07-02 22:09:06Suren2013
2013-07-03 08:19:44Elka
2013-07-03 11:52:34Kima♥
2013-07-03 13:48:54♥ SaRa ♥
2013-07-03 15:04:58Kima♥
2013-07-03 15:09:32ՎԱՐԴ
2013-07-03 15:06:41♥ SaRa ♥
2013-07-03 15:07:11Astghik
2013-07-05 15:17:42♥ SaRa ♥
2013-07-05 15:28:30Magdalena
2013-07-06 14:17:04