Copy SMS

Մերօրյա բանաստեղծ

Մերօրյա բանաստեղծ - մերօրյա , բանաստեղծ , Մանուկ Մուրադյան

Մանուկ Մուրադյանը ծնվել է Երևանում 1955թ., : 1978-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1985 լույս է ընծայել <<Ամռան հրավեր>>, 1987-ին <<Տանիքի վրա>> բանաստեղծական ժողովածուները: 2002թ. հրատարակել է <<Կառլոս Աբովյան>> հուշագրությունը: 1979 թվականից աշխատում է հեռուստատեսությունում, 1999-ից Հայաստանի հանրային հեռուստաընկերության <<Կարոտ>> ծրագրի հեղինակն է և տնօրենը: <<Կարոտը>> ճանաչվել է մայրաքաղաքին նվիրված լավագույն հեռուստահաղորդաշար և արժանացել Երևանի քաղաքապետարանի գլխավոր մրցանակին: Մ.Մուրադյանին որպես լավագույն հեռուստահաղորդման հեղինակ, շնորհվել է ՀՀ ժուռնալիստների միության <<Ազդարար>> մրցանակը: <<Վասպուրականի հեքիաթներ>> ժողովածուն նրա չորրորդ գիրքն է : Եվ Վերջինիս մասին էլ կներկայացնեմ...

 Նվիրում եմ տատերիս և մորս`

Նվարդին, Ոսկի և Անժիկ Մուրադյաններին:

Հեղինակ...

Մոռացության կորստից փրկված տասերկու ժողովրդական հեքիաթ` ոչ հայտնի, ոչ տարածված ֆաբուլաներով: Առանձին դրվագներում, պատումի ձևերում, բնական է , նաև հայ ժողովրդական բանահյուսությունից ծանոթ սյուժեներ:Ասացողի և գրի առնողի` տատի և թոռան ներքին հարազատությունը վասպուրականյան այս հեքիաթների տողատակերում է ` անսովոր վառ երևակայության, բարության, արդարության հաղթանակի, վայելքի և կյանքը փիլիսոփայորեն գնահատելու զգացողությունների մեջ: 

Խմբագիր` Վահագն Սարգսյան

Բանասիրական գիտությունների թեկնածու 

Նկարիչ` Գևորգ Առաքելյան...




Մերօրյա բանաստեղծ - մերօրյա , բանաստեղծ , Աղքատ աղջկա բախտը

Մի գյուղում մի աղքատ մարդ ու կին են ապրելիս լինում: Ունենում են մեկուճար մի աղջիկ, անունը` Թանգո: Սրա տասնչորսը նոր-նոր լրացած է լինում: Կարմրաթուշ, անուշ երեսով, աղեղի պես քաշած հոնքերով, խոշոր, սիրուն աչքերով, մի խոսքով` բոյ-բուսաթով աղջիկ է լինում Թանգոն, անող-դնող, ծնողների, մեծերի հարգը իմացող: Կարճ ասած` էնպիսի մի հարսնացու, որ իր որդուն ցանկանում է ամեն ծնող:
Օրերից մի օր Թանգոն առնում է կուժը, գնում ջրի: Աղբյուրի գլխին մի ագռավ է նստած լինում: Աղջիկը որ մոտենում է` սա կռկռում է, կուժը հանկարծ ընկնում է ձեռքից ու փշրվում: Վախը սրտում, լաց լինելով` Թանգոն տուն է գալիս, մորը պատմում գլխին եկածը: Մայրը հանգստացնում է աղջկան, եղածը պատահմունք համարում ու հաջորդ օրը նորից են ուղարկում ջրի: Էլի ագռավը կռկռում է, կուժն աղջկա ձեռքից ընկնում է, ջարդվում: Երրորդ անգամ էս բանը որ կատարվում է, ծնողները մտածում են մի ճար անել: Դրանք մի պառավ հարևան են ունենում, կյանքի լավն ու վատը տեսած մի մեծ կին: Սա իմանում է պատմությունը, ասում է.
-Աղջիկ ջան, ջրի գնալիս մի լավաշ վերցրու, գցիր էդ կռեկի դեմ, նա քեզ քո բախտը կասի:
Թանգոն առնում է լավաշը, գնում աղբյուր: Ագռավը որ կռկռում է` հացը տոպրակի միջից հանում դնում է աղբյուրի քարին, թռչունի դեմ: Ու էս խոսքերն է լսում.
-Աշխարհի երեսին քեզ համար ողջ մարդ չկա: Դու պիտի յոթ տարվա մեռելը յոթ տարի օրը յոթ անգամ լողացնես, որ հարություն առնի, նրա հետ էլ պսակվես:
Աղջիկը տխուր-տխուր գալիս է տուն, հորն ու մորը պատմում ագռավի ասածները: Դրանք խելք-խելքի են տալիս ու վերջը որոշում.
-Վեր կենանք, գնանք էս գյուղից, որ ուրիշները չիմանան` ի՞նչ բախտի է մեր աղջիկը: Գուցե սուտ դուրս գա կռեկը, մեր աղջիկն էլ` մի կարգին բախտի տիրանա:
Վեր են կենում, ծանր ծախում, թեթև վերցնում, իրենց աղջկան առնում են ու գնում: Գնու~մ են, գնու~մ, մինչև մութն ընկնում է մի ձորում: Մի քարայր են տեսնում, մտնում են մեջը: Շոշափում են քարայրի պատերը` մի դուռ են գտոնւմ: Ձեռք են տալիս` դուռը բացվում է: Աղջկան մտցնում են ներս, որ գիշերը չմրսի: Աղջիկը հենց որ մտնում է` դուռը փակվում է: Էլ ինչքան չարչարվում են, չի բացվում: Ձեն են տալիս.
-Ի՞նչ կա քեզ մոտ, աղջիկ ջան:
Ասում է`
-Մի դագաղ կա, մեջը` մի ջահել տղա:
-Երևի քո բախտն էդ էր, բալա: Մարդն իր բախտից չի փախչի:
Լույսը բացվում է, ծնողներն աղջկան թողնում են քարայրում, իրենք դառնում են տուն:
Քարայրում մի փոքրիկ լիճ է լինում: Թանգոն օրը յոթ անգամ էն ջահել մեռելին հանում է դագաղից, լճի մեջ լողացնում, էլի դնում է տեղը: Յոթը տարի էսպես շարունակվում է: Վերջին օրը վեցերորդ անգամ լողացնում է, տեղը դնում, բայց քունը տանում է, շատ հոգնած է լինում: Մի պառավ կին է դուրս գալիս լճից, մի անգամ լողացնում է տղային, սա աչքերը բացում է ու ոտքի կանգնում:
-Ես այսինչ թագավորի տղան եմ,- ասում է:- Ինձ մահու քուն էր բերել չար կախարդը ու պայման դրել` հարություն կառնեմ, եթե մի կին յոթ տարի օրը յոթ անգամ ինձ լողացնի: Ուխտել եմ, ով էլ լինի` նրա հետ պսակվեմ:
Էդ պառավին առնում է, իսկ ջահել, սիրուն աղջկան դարձնում են իրենց նոքար: Էդ շեն-շնորհքով աղջկան: Լուռ, անտրտունջ` Թանգոն տանում է իր բախտը, մենակ մնալիս հոնգուր-հոնգուր լաց լինում:
Օրերից մի օր մարդ ու կին որոշում են շուկա գնալ: Տղան թաքուն գալիս է աղջկա մոտ ու հարցնում.
Ի՞նչ ես ուզում, որ քեզ համար բերեմ: Մի քաշվիր, ասա:
-Մի խրծիկ բեր,- ասում է աղջիկը,- մի նուռ բեր, մեկ էլ մի կաքավ բեր: Ուրիշ բան ինձ հարկավոր չի:
Տղան զարմանում է սրա ուզածների վրա, բայց բան չի ասում:
Գնում են շուկա, ապրուստ-կապուստ առնում, հետ են գալիս: Տղան մի տիկնիկ, մի մեծ նուռ ու մի կաքավ է բերում, գաղտիկ տալիս աղջկան: Թանգոն վերցնում է խաղալիքները, մտնում իր սենյակը: Դուռը կողպում է ներսից ու գլխին եկածը մեկ-մեկ պատմում: Հետն էլ լալիս է ու երգում.

Դու մեղք չունեիր, տղա~,
Խրծիկ, դու լաց էլի,
Նուռ, դու բացվի,
Կաքավ, դու կփկփա...

Տիկնիկը լաց է լինում, նուռը պայթում է, կաքավը կափկափում է:
Մութն ընկնում է, բայց աղջիկը չի երևում: <<Էս աղջիկն ի՞նչ է անում, որ հաց ուտելու էլ չի գալիս>>, մտածում է տղան: Գնում թաքուն նայում է դռան վրայի անցքից: Աղջիկը խոսում է, հետն էլ տխուր-տխուր երգում:
-Յոթ տարի օրը յոթ անգամ լողացնեմ, պառավը գա վերջին մի անգամը լողացնի, նրան առնի~...

Դու մեղք չունեիր, տղա~,
Խրծիկ, դու լաց էլի,
Նուռ, դու բացվի,
Կաքավ, դու կփկփա...

Եվ տիկնիկը լաց է լինում, նուռը պայթում է, կաքավը կափկափում է:
Տղան էս բոլորը տեսնում, լսում ու հասկանում է` ինչ է կատարվել: Գալիս է պառավին վռնդում, աղջկան առնում, վեր են կենում, գնում նրա ծնողների տուն: Ու բոլորը միասին բռնում են թագավորի տան ճամփեն: Ալևոր թագավորն ուրախանում է, աշխարհով մեկ լինում, երբ տեսնում է որդուն: Թագը հանում է, դնում նրա գլխին: Յոթ օր յոթ գիշեր էլ հարսանիք են անում:

Մերօրյա բանաստեղծ - մերօրյա , բանաստեղծ , Ծնվել եմ Երևանում 

այս քաղաքում ամռան տապի

և ինձ թև է տվել ոգին

իմ Մուրադյան Ոսկի տատի:

 

Թև են տվել նրա հպարտ

ուսերը` լուռ կքած հոգսից

հոգիս լցրել, օ, ծայրեծայր

երազները Վան ու Մոկսից:

 

Բռնում էր իմ ձեռքը փոքրիկ

փխրուն , փոքրիկ իր ձեռքերով

Մասիսն է սա,-ցույց էր տալիս

այնկողմ աշխարհ լի մրգերով:

 

Ասում էր ու շոյում կամաց

գանգուրներս տանելով ետ

մոտակայքում խանութ թե կար

մտնում էր ու գնում կոնֆետ:

 

Նաև գրքեր գնում քանի,

ապա զվարթ տանում էր տուն

ախ, կրկին ինձ թվաց, տատիկ

լսում եմ քո <<Շունն ու կատուն>>

 

Խնկահոտը առնում նորից

ծոցիդ, ուր միշտ թոռդ պառկում

ու մնջում էր կարոտով մի

որ սիրտն է իր հիմա պատռում...

 

:)
7

19

1244