Copy SMS

ԲԻԼԻԱՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

 ԲԻԼԻԱՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ - հետաքրքիր, նյութ, բիլիարդ

Բիլիարդի պատմությունը շատ հին է: Այդ խաղը զարգացել է` հիմքում ունենալով կրոկետը հիշեցնող մի խաղ, մոտավորապես XV դարից սկսած, Հյուսիսային Եվրոպայում, հավանաբար` Ֆրանսիայում: Խոտածածկի վրայից խաղը տեղափոխվեց սեղանների վրա: Սեղանի բոլոր չորս կողմերը շրջափակված էին ցածր կողերով, իսկ երկար կողերի անկյուններում բացվել էին ցանցակալված վեց անցքեր: Գնդերին հարվածում էին հատուկ ձողափայտերով` զարկաններով, որոնք ունեին հաստ գլխիկ: «Բիլիարդ» բառն առաջացելէ կա՛մ ֆրանսերեն billiard բառից, որը փոքր ցցի անվանում է, կա՛մ bille «գունդ» բառից: Սկզբում խաղում էին երկու գնդով մի սեղանի վրա, որն ուներ ցանցակալված վեց անցք և մեկ օղագոտի, որը հիշեցնում էր կրոկետ խաղի դարպասը: Սեղանին կար նաև փոքր ցից, որը ծառայում էր որպես թիրախ: XVIII դարում օղագոտին ու ցիցը վերացան: Մեզ հասած տեղեկությունների մեծ մասը վերցվել են թագավորների և նրանց մերձավորների մասին պատմություններից: Խաղի կանոններն առաջին անգամ մշակվեցին Անգլիայում, որտեղ կային «շատ քիչ թվով քաղաքներ, որոնք չունեին հասարակության համար նախատեսված բիլիարդի սեղաններ»: Խաղաձողն ի հայտ եկավ XVI դարի վերջում: Երբ գունդը գտնվում էր սեղանի կողին շատ մոտ, գլխիկի մեծության պատճառով զարկաններով հարվածելը չափազանց անհարմար էր: Այդ դեպքում զարկանը շրջում էին և հարվածում բռնակոթով, որը կոչվում էր queue (անգլ. «հերթ, պոչ» բառից): Ահա այստեղից էլ անգլերեն cue` «կի» բառը: Երկար ժամանակ խաղաձողը թույլատրվում էր օգտագործել միայն տղամարդկանց, իսկ կանայք խաղում էին գլխիկավոր զարկանով, քանի որ վախենում էին, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները փայտի սուր ծայրով կարող են պատռել թանկարժեք մահուդը: Սկզբում սեղաններն ունեին ուղղահայաց կողեր, որոնց միակ նշանակությունը սեղանի վրայից գնդերի դուրս թռչելը կանխելն էր: Դրանք հիշեցնում էին գետի ափերը և կոչվեցին ափեր (banks), սակայն խաղացողները հայտնաբերեցին, որ գնդերը կարող են անդրադառնալ կողերից, և սկսեցին օգտվել այդ հայտնագործումից: Այստեղից էլ անգլիական bank shot տերմինը, որը նշանակում է «հարված (անդրադարձ) կողից»: Բիլիարդի սարքավորումը սկսեց շատ արագ զարգանալ XVIII դարում: Գնդի և խաղաձողի միջև շփումը նվազեցնելու նպատակով սկսեցին օգտագործել կավիճ: 1827թ. խաղաձողի հարվածային մասին հարմարեցրին կաշվե ծայրադիր, որը թույլ տվեց կատարելու ոլորահարված: Այդ հայտնագործության հեղինակը ֆրանսիացի ականավոր բիլիարդիստ Մենգոն էր: Շնորհիվ կաշվի այդ փոքրիկ կտորի նրա խաղը հասավ վարպետության մեծագույն բարձունքների: Նրա ցանկությամբ գունդը պտտվում էր, շարժվում զանազան կորագծերով, ինքն իրեն, կարծես, կանգնում, ապա հետ էր դառնում, թռչում մյուս գնդերի վրայով: Քանդովի խաղաձողը ստեղծվեց 1829-ին: Սեղանները մահուդով պաստառապատելու տեխնոլոգիան սկսեց կիրառվել 1835-ից: 1839թ. հայտնագործվեց ռետինի վուլկանացումը, և, սկսած 1845-ից սեղանի կողերը սկսեցին պաստառապատվել ռետինով: 1850-ին բիլիարդի սեղանը գործնականորեն ընդունեց այն տեսքը, որն ունենք այսօր:

4

2

991