Copy SMS

Մարիխուանա

Մարիխուանա - Մարիխուանա, կանեփ, պլան



Ծագումը
Մարիխուանան և հաշիշը, ստանում են կանեփ (Cannabis Sativa) տեսակի բույսից, որն աճում է երկրագնդի շատ շրջաններում այդ թվում Հայաստանում: Կանեփն ապօրինի թմրամիջոցների` աշխարհում և Հայաստանում ամենատարածված տեսակն է: Ըստ ՄԱԿ-ի տվյալների` 2003թ. աշխարհում կանեփ օգտագործողները կազմում էին 15-64 տարեկան բնակչության 3,7%-ը:

Ապօրինի օգտագործումը
Կանեփը սովորաբար օգտագործվում է առանձին (մաքուր վիճակում) կամ ծխախոտի հետ խառնած: Ծխելիս կանեփի ծուխն ունի յուրահատուկ քաղցր հոտ:
Շատ ընդունված են կանեփի վերամշակված հետևյալ պատրաստուկները.
Մարիխուանա – չորացրած բույսի վերին հատվածն է, որն օգտագործվում է ծխելու նպատակով: Այն նման է չոր տերևի: Կանեփի աճեցման աշխարհագրական վայրից կախված, մարիխուանան սովորաբար պարունակում է մինչև 4%-20% թմրանյութ:
Հաշիշը կամ կանեփախեժը կանեփի վերին հատվածի տերևներից և ծաղկաբույլերից ստացվող խեժն է, որը ճզմում են և չորացնում: Գույնը կարող է լինել բաց շագանակագույնից մինչև սև՝ կախված կանեփի աճելու վայրից: Հաշիշը առավել հաճախ ծխում են ծխամորճով` խառնելով ծխախոտի հետ, կամ գլանակով:

Ազդեցությունը
Կանեփի ազդեցությունները մարդու օրգանիզմի և հատկապես նրա գլխուղեղի վրա էապես պայմանավորված է նրա մեջ պարունակվող թմրանյութով: Մարիխուանայի ծխի մեջ պարունակվող ակտիվ քիմիական նյութերը թոքերից արագորեն ներծծվում են արյան մեջ և հասնում գլխուղեղ, որտեղ ազդելով ուղեղի հատուկ կենտրոնների վրա առաջ են բերում հաճույքի, հիշողության, մտածողության, ժամանակի զգացողության և շարժումների կոորդինացիայի փոփոխություններ:
Կանեփն ազդում է անհատի բանականության և հոգեկան աշխարհի (փսիխիկայի) վրա: Սրա օգտագործումն առաջ է բերում թուլության հաճելի զգացում, ձայների, գույների և համի հանդեպ ավելի մեծ կամ խեղաթյուրված զգացողություն: Կանեփ ծխողը դառնում է շատախոս, ծիծաղկոտ և գերակտիվ կամ լռակյաց: Այն առաջ է բերում նաև սովի, տագնապի, մոռացկոտության և շփոթվածության զգացողություններ: Նկատվում է մտքերի անկառավարելի հեղեղ: Թմրամիջոցի ազդեցության տակ մարդն անիրագործելի ծրագրեր է կազմում (ՙպլաններ է գծում՚, այստեղից էլ առաջացել է կանեփի «պլան» ժարգոնային անվանումը): Ուժեղ արբեցման դեպքերում կարող են առաջանալ տեսիլքներ:
Նախապես ընդունած ոգելից խմիչքների (սովորաբար այդպես էլ լինում է) կամ այլ թմրատեսակների և հոգեմետ նյութերի զուգակցումը` կանեփի ազդեցությունը դարձնում են չափազանց ուժեղ և անկանխատեսելի:

Հետևանքները (ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության)
Առողջական վաղ խանգարումներ
- հիշողության և ուշադրության խանգարումներ
- շարժողական կոորդինացիայի խանգարումներ, որոնք կարող են հանգեցնել ավտովթարների, վնասվածքների և այլն
Առողջական ուշ խանգարումներ
- հիշողության և ուշադրության խանգարումներ
- կախվածություն և տոլերանտություն
- նախատրամադրվածություն ունեցող անձանց մոտ` շիզոֆրենիա
- շնչուղիների հիվանդություններ, բրոնխիտ
- հղիների մոտ` անհաս պտուղ
- հնարավոր են նորածինների հետծննդյան հազվադեպ հանդիպող ուռուցքներ

Այլ հետևանքներ
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանոնավոր կերպով կանեփ օգտագործողներն ունենում են անհանգստություն, հոգնածություն, անտարբերություն, ակտիվության և բնական ցանկությունների կտրուկ իջեցում (մոտիվացիաների բթացում):
Կանեփ օգտագործող թմրամոլները հաճախ դառնում են քնկոտ, ինքնամփոփ: Սակայն, աստիճանաբար թուլանում է ուշադրության կենտրոնացումը, վատանում է հիշողությունը, սովորելու ունակությունը, իսկ երկարատև օգտագործողները կարող են ունենալ քրոնիկական հոգեկան խանգարումներ: Այդ դեպքում մարդը վտանգավոր է ոչ միայն իր, այլև շրջապատի համար: Նույնիսկ մարիխուանայով լցված մեկ գլանակ ծխելուց հետո ավտոմեքենա վարելու ընդունակությունը նկատելիորեն նվազում է:

Մարիխուանայի ազդեցության տակ մարդն ավելի դանդաղ է մտածում և գործում, այդ պատճառով մեծանում է վթարների և դժբախտ պատահարների հավանականությունը: Թվում է, թե կանեփի օգտագործումն երբեմն օգնում է ձերբազատվել լարվածությունից, սակայն ավելի հաճախ վախի և ընկճվածության զգացում է առաջացնում: Ազդեցությունը տևում է մի քանի ժամ, սակայն նրանում պարունակվող վնասակար նյութերը կարող են մի քանի շաբաթ պահպանվել ուղեղում, վերարտադրողական և այլ օրգաններում՝ վնասելով բջիջները:

Կանեփի օգտագործման սկզբնական ժամանակահատվածում ուժեղանում է սեռական հակումը, սակայն թմրամիջոցը թմրամոլի կյանքում արագորեն կենտրոնական դիրք է գրավում՝ դուրս մղելով սեռական ցանկությունը: Կանեփի երկարատև օգտագործումը հաճախ հանգեցնում է իմպոտենցիայի (սեռական թուլություն):
Երկար տարիներ անընդմեջ կանեփ օգտագործողները թուլություն և դեպրեսիա են զգում, և ոգին բարձրացնելու համար նրանց մեծամասնությունն անցնում է սինթետիկ (արհեստական) թմրամիջոցների` օպիատների կամ կոկաինի օգտագործման:
Մարիխուանա օգտագործող երիտասարդի բնավորությունը փոխվում է, խաթարվում է մտածելու և սովորելու ընդունակությունը, արագ հետ է մնում կյանքում հաջողությամբ առաջ ընթացող իր հասակակիցներից:

Մարիխուանան խաթարում է սրտի աշխատանքը և շնչառական ուղիները: Նրա ծուխը գրգռում է կոկորդը, վնասում թոքերը, առաջացնում է հազ, հաճախ բրոնխիտ, շնչարգելություն: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն կարող է մինչև իսկ քաղցկեղի պատճառ դառնալ:
Կանեփի, ինչպես և ալկոհոլի օգտագործումը, ինքնին բռնության չի հանգեցնում, սակայն նրանց ազդեցության տակ թուլանում է ինքնակառավարումը և իրականության ճիշտ գնահատման ունակությունը: Բացասական ազդեցությունն էլ ավելի է ուժեղանում, երբ տարբեր թմրամիջոցներ համակցվում են միմյանց հետ:
Մարիխուանան ընկճում է մարդու իմունային համակարգը: Մարիխուանա օգտագործողները մեծապես վտանգում են իրենց առողջությունն ու ապագան:

4

9

2565