Copy SMS

Կռիվ հիվանդանոցում

Կռիվ հիվանդանոցում - Լեռ, Կամսար, կռիվ, հիվանդանոցում


 


Աշխարհիս մեջ չկա մի տեղ, ուր խաղաղությունը, սերը, համերաշխությունը այնքան անհրաժեշտ լինի, որքան հիվանդանոցում: 


Թեժ պատերազմում երկու պետություններ իրար կոկորդը բռնած խեղդում են, բայց հենց որ խոսքը վերաբերում է ''կարմիր խաչին'', գլխարկները հանում են` հրացանի փողերը վար թողնելով:


 Դա միջազգային օրենք է, ու ես չգիտեմ, թե ինչու այսօր մեր շրջանային հիվանդանոցը խախտում է այդ օրենքը, ուր բուժպերսոնալը երկու մասի բաժանված, գլխավոր բժիշկն ու մնացյալ բժիշկները կռվի են դուրս եկել իրար դեմ:


Հարց է ծագում. որտեղ պետք է բուժվեն հապա հիվանդանոցում վիրավորվածները, ռազմադաշտո՞ւմ:


Եվ իրոք: Ենթադրենք Ախտայի հիվանդանոց է մտնում մի հիվանդ, փորը բռնած ու տեսնում է պատերազմական վիճակ այնտեղ: Մեկ կողմ կանգնած է հիվանդանոցի գլխավոր բժիշկը` մյուս կողմ` տասներեք բժիշկներ:


Չեզոք գոտում մի մահճակալ ճարելով` խնդրում է նայել իրեն: Նայում են, պերսոնալն ասում է լյարդն է հիվանդ, գլխավոր բժիշկը` թոքը:


Ու խեղճ հիվանդը մեկ աջ, մեկ ձախ է նայում տարակուսած, չիմանալով ո՞ր հիվանդությամբ տառապի: Չկա մի ստանդարտ հիվանդություն էլ, որ ժամանակավոր տառապի, մինչև իսկականը գտնվի:


Մտնում է երկրորդ հիվանդը, ականջացավով տառապող: Մի կողմն ասում է` աջ ականջն է, մյուս կողմը` ձախ:


Ասենք այստեղ կռիվը մեղմ ընթացք է ստանում, որովհետև մարդն ունի երկու ականջ. դուք տեսեք կռիվը այն զգայարանի շուրջը, որը մեկ է...


Ծննդականներ են գալիս այնտեղ ազատվելու:


Բայց երևակայեցեք, ինն ամիս, ինն օր, ինն ժամը ահագին անցնում է, բայց նրանք վարանում են ծննդաբերել, որովհետև գիտեն, ինչ էլ ծնվի` մեկն ''աղջիկ'' պիտի ասի` մյուսը ''տղա'', և էլի կռիվը թեժանա:


Սովորական է տեսնել այդ հիվանդանոցի պատերի տակ դեգերող հիվանդներ, որոնք ներս չեն մտնում: Այն հարցին, թե` ինչու չեք մտնում` պատասխանում են. ''Մի հիվանդությամբ վախենում ենք մտնել, սպասում ենք երկրորդ հիվանդությանը, որ կողմերին բավարարենք, վեճ չծագի'':


Պատահում են օրեր, երբ այդ հիվանդանոցի կռիվը դառնում է տոտալ: Այսինքն ժխտվում  են բոլոր ֆիզիոլոգիական օրենքները, որի հետևանքով հաճախ սիրտը տեղափոխվում է կրծքի աջ խոռոչը, աղիքները նոր դասավորվածություն են ստանում և կույր աղիքը դուրս է մնում, կարծես հաստատելու համար այն առածի իմաստը, որ ասում է` չիք չարիք առանց բարիքի:


Փորը ոչինչ: Աղիքները այսպես էլ կարող են դասավորվել, այնպես էլ: Իսկ ինչ վերաբերում է սրտին` տեղից տեղ խախտելը անթույլատրելի է:


Նախ և առաջ սիրտը մեր օրգանիզմին չի պատկանում, դա լինելով քնարերգության անբաժանելի ատրիբուտը, պատկանում է գերազանցապես բանաստեղծներին, որոնք ժամանակավորապես մեզ են վստահել:


Սիրտը եթե պիտի տեղափոխվի, նախապես այդ մասին պիտի հայտնվի բանաստեղծին, որովհետև նա իր սիրտը աղջիկներին նվիրելու սովորություն ունի, մեկ էլ տեսար դրանցից մեկին նվիրելու համար ձեռքը ձախ կողմը մտցրեց ու տեսավ սիրտը չկա: Չէ՞ որ ուխտադրուժ կհամարվի:


Հիմա ձեզանից շատերը կցանկանան իմանալ, թե ի՞նչն է մեր շրջանային բժիշկների կռվի պատճառը, ինչո՞ւ թույլ չեն տալիս, որ ամեն հիվանդ իր ցանկացած հիվանդությամբ ապրի կամ մեռնի:


Ապրողները դեռ ոչինչ: Բա մեռնողը չիմանա՞, թե ինչ հիվանդությամբ մեռավ:


Եղիշե պատմագիրն ասում է. ''Մահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ` անմահություն'' Ձեզ եմ հարցնում. ինչո՞ւ մեռնողներին զրկել իրենց անմահությունից...


Կռվի պատճառը առաջին համաշխարհային պատերազմի պատճառից ավելի չնչին է:


Գլխավոր բժիշկը կանգնել է հիվանդանոցի կենտրոնում որպես 1 թվանշան, կամենում է ողջ պերսոնալը, որպես զրոներ, շարել իր ձախ կողմը, բացառությամբ մեկի, որ տանը կնություն է անում իրեն, իսկ հիվանդանոցում` քույրություն:


Բժիշկներն ասում են` մեզ քո ձախ կողմից աջ կողմ փոխադրիր և թույլ տուր, որ մենք էլ մարդ լինենք, բժշկություն իմանանք, մեր սովորածը գործադրենք:


Ինչպես տեսնում եք, մի ''աջ''-ի և ''ձախ''-ի տարբերություն կա մեջները. ուրեմն ընդամնեը մի թիզ տարածության վրա է վեճը, որովհետև գլխավոր բժիշկն այնքան էլ ծավալուն մարդ չէ:


Հետո բժիշկները նրան մեղադրում են հակասանիտարական հանցանքներում, ասում են` դու և քո ''քույրը'' միացած, ձեր տան փոշին այստեղ եք թափ տալիս, ձեր վերմակը հիվանդանոցում կարում, ձեր լվացքը այստեղ եք անում, ձեր կերակուրը այստեղ եփում, հետո ձեր խոզերը այստեղ պահում:


Հիվանդանոցը դարձրել եք ձեր տան օժանդակ հիմնարկ և եթե հնար ունենայիք, ձեր տունը հիվանդանոց կփոխադրեիք:


Չնայած գլխավոր բժիշկը համարում է իրեն ամենագետ, բժիշկներն սկսեցին հավաքել նրա չգիտցած բաները և դուրս եկավ մի մեծ հատոր` ''Գիտության անգիտությունը'' վերտառությամբ: Կարդացին գիրքը շրջանի վերադաս մարմինները և գլխավոր բժշկությունից տեղակալության իջեցրին:


Վիրավորված այդ փոփոխությունից, ներկայումս գլխավոր բժիշկը փորում ու ականապատում է բժիշկների ու նոր գլխավոր բժշկի տակը:


Եթե բոմբյուն լսեք` չվախենաք, դա Ախտայի հիվանդանոցն է օդ բարձրանում...


1955թ.     Լեռ Կամսար

12

8

1131

  • Ammy_wAy
    2014-07-23 13:59:01
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • ♒ Eøl
    2014-07-24 18:39:45
    շաատ հետաքրքիր էր
  • 莉利亚
    2014-07-24 18:48:31
    լավներ :) ու հիմկվաս իրավիճակնա լռիվ ավելացրած կաշառքը :)
    • Մելինե
      2014-07-25 15:59:55
      հա,,, ճիշտ ա O:) (գինի)