Copy SMS

Ինչու է աշխարհին պետք հանդուրժողականություն

Ինչու է աշխարհին պետք հանդուրժողականություն - նամակ, հանդուրժողականություն, զինվոր

Տարիներ առաջ, երբ ես դեռ փոքր էի, եղբորս հանձնարարեցին գրել շարադրություն` ''Ինչու է աշխարհին պետք հանդուրժողականություն'' վերնագրով: Եղբայրս, որ բոլորովին հեռու էր հայոց լեզվից կամ փիլիսոփայելուց դիմեց մորաքրոջս օգնությանը: Մորաքույրս ահա գրեց շարադրություն` նամակի տեսքով, որը ուղղված էր մորաքրոջս որդուն, ով զորակոչվել էր բանակում ծառայելու: Տարիներ են անցել և ես պահպանել եմ նամակի բնօրինակը` հենց մորաքրոջս ձեռագրով, և ահա այժմ զինծառայության մեջ է իմ եղբայրը: Ժամանակն է անդրադառնալ նամակին, որի մեջ պարփակված է յուրաքանչյուր նորակոչիկի պարտքն ու պատիվը:

Ինչու է աշխարհին պետք հանդուրժողականություն

Բարև սիրելի Վահան.

Մի կողմից ուրախացա, որ դու զորակոչվել ես հայրենիքին ծառայելու, մյուս կողմից տխրեցի, որ քեզ ուշ-ուշ կտեսնեմ: Քեզ ճանապարհեցինք ուրախ սրտով ու անհոգ տեսքով, թվում էր, թե ոչինչ չպետք է խաթարեր իմ ուրախությունը, բայց ամբողջ գիշեր հակասական մտքերից ու հուզմունքից չկարողացա աչք փակել: Քո նոր կյանքի դրվագները կադրի պես հաջորդում էին իրար, գլուխս պայթում էր անտեղյակությունից ու վառ երևակայությունից: Ակամայից բուռն ոգևորությունը իր տեղը զիջեց վախին ու հիասթափությանը: Վահան ջան, ներիր, չեմ փորձում քեզ սարսափեցնել իմ ապրումներով, ուղղակի ուզում եմ, որ դու շատ զգույշ լինես, և ինչպես մեծական խոսքն է ասում` տասը չափես, նոր մեկը կտրես: Համբերատար եղիր և հանդուրժող, հայոց բանակում զինագրավել է մեր կյանքի սերուցքը, նրանք բոլորն էլ տարբեր ընտանիքներից են դուրս եկել և իհարկե սկզբնական շրջանում անտեղյակությունը ու անծանոթությունը մեծ դեր կխաղան: Հիշիր, որ զիջում են մեծահոգի ու հպարտ մարդիկ, գոռոզները դատարկ են ու փոքրոգի, ի վերջո ճղճիմ մարդիկ ժամանակի ընթացքում կբացահայտեն իրենց էությունը:

Արդի պայթյունավտանգ աշխարհին շատ է պետք մեր համերաշխությունն ու հանդուժողականությունը: Մեկ-մեկ ինձ թվում է, թե երկրագունդը կքել է ծանր բեռի տակ և հարմար առիթի է սպասում, որպեսզի իր բողոքն արտահայտի մարդկությանը:

Հանդուրժողականություն... ինչքան խորը իմաստ ու բովանդակալից մտքեր է իր մեջ պարփակում այս մի հատիկ բառը: Այս բառը այնքան կշիռ ու ծավալ ունի, որ կարող է մի ամբողջ գունդ համախմբել ու դարձնել ամրակուռ բռունցք:

Մեծ Արարիչն ասում է. ''Սիրեցեք միմյանց'', որոշ խավարամիտներ այս արտահայտությունը հասկանում են բառացի, այնինչ Աստված ցանկանում է ասել. ''Հանդուրժող եղեք իրար նկատմամաբ, ձվի մեջ մազ մի փնտրեք'': Գիտես, երբեմն մտածում եմ, որ Աստված հայ ժողովրդին այսքան վիշտ ու տառապանք է տվել, որպեսզի փորձի նրա աննկուն ու անպարտ հոգին, անծայրածիր ու անսահման է եղեռն տեսած հայ ժողովրդի համբերությունը: Դու երբևէ մտածել ես, թե ինչու է Նոյ նահապետը իր տապանը հենց Արարաատ լեռան գագաթին իջեցրել: Չէ որ աշխարհում այնքան բազմազան ու անառիկ լեռներ կան, ինչու հենց մեր Մասիսի գլխին: Երկար եմ խորհել, բայց դեռ չեմ գտել այս հարցերի պատասխանը:

Սիրելի եղբայր, չեմ թաքցնի, որ միշտ էլ թաքուն ակնածանքով ու համակրանքով եմ վերաբերել քեզ, փորձել եմ նմանվել, թեպետ ոչ միշտ է հաջողվել, իսկ այժմ` առավել ևս:

Իմ զինվոր ընկեր, քեզ հետ կիսեցի իմ մտատանջությունները և խոհերը, ու կարծես թե մի քիչ թեթևացա: Համոզված եմ, որ մեր բանակը քեզ կկոփի ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև քո մեջ կձևավորի մարտական անընկճելի կամք: Հանդուրժողականությունը կսովորեցնի ավելի հեշտ դիմագրավել անսպասելի ու անկանխատեսելի երևույթներին, պատահարներին:

Այսքանով ուզում եմ ավարտել իմ անդրանիկ նամակը: Սիրելի Վահան, հույս ունեմ, որ դու կկարողանաս ժամանակ գտնել և պատասխանել իմ նամակին: Գրիր նաև քո առողջության և պայմանների մասին:

Ջերմ ու կարոտալի բարևներ միշտ քամոտ ու գեղատեսիլ Գեղհովիտից

Քո սիրասուն եղբայր Արեն

17. 09. 2007թ. 

                              

15

4

3603

  • PUPSIK
    2014-07-22 22:35:06
    (լավ) (լավ)
  • Lady 卐
    2014-07-23 15:51:21
    դե եթե պետքա այդ դեպքում ավելորդ հարցերը ընդհանրապես պետք չեն