Copy SMS

Տանիքներից վերև...

Տանիքներից վերև... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,

Գիտե՞ս, իմ կանգնած տեղից ամբողջ քաղաքը չի երևում, և ես ստիպված եմ բարձրանալ ոտնաթաթերիս վրա։  Թեկուզ․․․ շենքերի տանիքներն էլի խանգարում են։
Գիտե՞ս, այդ տանիքները բազմագույն են ու շատ ուշադիր նայելու դեպքում դրանցից կարելի է պատկերներ ստանալ՝ արջ, մեքենա, սիրտ․․․

Ես այնքան եմ ուզում ամբողջ քաղաքը տեսնել, նամանավանդ՝ գիշերով։ Բայց աստիճան չունեմ, որ դնեմ ու բարձրանամ վերև։ Ու ես ոտաբոբիկ եմ․․․


Նախկինում ինձ հերիք էր այն, ինչ ես տեսնում էի։ Տանիքներով պատկերներ էի ստեղծում, և աստղերը՝ ծվարելով շենքերի անկյուններում, օգնում էին ինձ մտածել։  Հետո ես ցանկացա ավելին․․․ Ու այնքան, այնքան վախենալու էր անել առաջին քայլը։ Այնքան դժվար ու տարօրինակ էր առաջին անգամ հանել կոշիկները, և ոտքս դնել սառը աստիճանի վրա, որը ես չունեի։ Դու ունեիր։ Բայց ես չգիտեի․․․
Գիտե՞ս, ես գիշերները չէի քնում։ Վերևից, ինձ հասանելի վերևից նայում էի քաղաքին ու փնտրում քեզ․ նրան, ում սառը աստիճանին կցանկանայի ոտքս դնել։ Եվ ով դեմ չէի լինի իր աստիճանը վստահել ինձ․․․
Գիշերները փափուկ էին, ու կրկնակի դժվար էր դառնում միայնության մեջ դիմավորել արևի գալուստը։ Ուզում էի ինքս արև լինել։ Ուզում էի լինել տանիքներից բարձր։
Մի ցուրտ, ցուրտ լուսադեմ դու եկար։ Մեկնեցիր ինձ քո աստիճանը և նայեցիր աչքերիս մեջ։ Ես տատանվեցի․․․ Այնքան մեծ էր սխալվելու հավանականությունը, այնքան բարդ էր ամեն ինչ ու միևնույն ժամանակ այնքան ցավոտ կլիներ սխալվելը, որ ես երկմտեցի։ Գուցե դու չբռնես․․ Գուցե թողնես ինձ կես ճանապարհին։ Գուցե ինձ հետ վերև չգաս ու տանիքներից ոչ մի պատկեր չհորինես․․․ Գուցե աստղերը քեզ հետո խոսել չցանկանան։ Գուցե դու վատն ես։
Գիտե՞ս, ես վերցրեցի քո աստիճանը։ Հանեցի կոշիկներս ու ոտքս դրեցի մեռելի պես սառը մետաղի վրա ու սկսեցի բարձրանալ։ Ամեն քայլիս հետ տանիքներն ավելի մոտ էին դառնում, ու աստղերը սկսում էին մեծանալ։ Նրանցից մեկն ինձ համբուրեց, ու ասաց․ “Իջի”։ Բայց դու ներքևում էիր։ Դու ամուր բռնել էիր իմ աստիճանը, և ես պետք է շարունակեի վերև բարձրանալ։
Ես հասա այնտեղ, որտեղից դու սկսեցիր այլևս չերևալ։ Ու ես չգիտեի․ բռնե՞լ ես աստիճանը, թե ոչ։ Իսկ դու գնացել էիր։  Դու, որ պետք է ամուր-ամուր բռնեիր, որ չընկնեի. որ հետո ինքդ բարձրանայիր վերև՝ գնացել էիր․․․

Դու հիմա ուզում ես քաղաքը տեսնել։ Դու բարձրանում ես ոտնաթաթերիդ վրա։ Քեզ արդեն հերիք չի այն, ինչ դու տեսնում էիր։ Դու դադարում ես ստեղծել տանիքներից արջ ու սիրտ, ու մեքենա։ Դու ավելին ես ուզում․․․
Գիտե՞ս, առաջին քայլն այնքան սառն է․․․ Դու կդիմանա՞ս․․․


Տանիքներից վերև... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, Դու սիրում ես ձեռքերս համբուրել։ Իսկ ես սիրում եմ նայել աչքերիդ, տեսնել ինձ կորցնելու տագնապը, որն ամեն անգամ փայլում է մեր հրաժեշտին․․․
Չկարողանալով գտնել այն, ինչ փնտրում էի, ես ինքս դարձա գտածո՝ պատահաբար, չմտածելով, չկանխատեսելով ոչինչ․․․
Ես չգիտեմ որ պահին դարձա քեզ համար կարևոր, բայց գիտեմ, որ այս ամենն ինձ համար ևս նշանակություն ունի։ Ես սկսեցի կորցնել իմ վախերը, կապվածությունն անդունդ տանող հիշողությունների հետ, ինձ ցավ պատճառած մարդկանց մասին մտածելու ծանր ու կործանարար «անհրաժեշտությունը»․․․ 
Քեզ հետ ես իսկական եմ։ Չգիտեմ ինչից է դա, բայց այսպես լավ է։ Վաղուց դադարել եմ հավատալ «սեր» ասվածին, ու բնավ էլ չեմ կարող այս ամենը դրան վերագրել։ Բայց քեզ հետ ես իրոք իսկական եմ։ Իսկ դա սովորականից մի քիչ ավելի շատ է․․․
Ինձ համար թանկ ու կարևոր է առաջին հայացքից ոչ մի բան չնշանակող շփումը, հանդիպումները, միայն երկուսիս համար հասկանալի խոսքերի իմաստը։ Այն ամենն, ինչ արվում է ակամա, առանց մտածելու և նախապատրաստման, առանց որևէ մեկին որևէ բան ցույց տալու համար, առանց ուրիշներին քո կյանք թողնելու․․․
Ես չգիտեմ ինչ կանեմ ես։ Պատկերացում չունեմ, թե ինչ կանես դու։ Առավել ևս չգիտեմ, թե ինչ է լինելու հետո։
Վաղն այնքան մոտ է, որ թվում է, անհնար է ապրել հիմա, այսօրվա մեջ, այսօրվա համար։ Վաղը կարող է փչացնել ամեն ինչ, ու դա անխուսափելի իրականություն է, որով ապրում ենք երկուսով։ Այսօր մենք մտածում ենք վաղվա մասին։ Վաղը գուցե չգա։ Իսկ երեկվա համար վաղը այսօրն էր․․․
Բայց հիմա, քանի դեռ եղանակն այսքան լավն է, ու մենք չգիտենք վաղն արև կլինի թե չէ, արի զբոսնենք, քայլենք քաղաքի մեր սիրած փողոցներով, համով բաներ ուտենք, խմենք, ու լսենք ռադիոյի երգերը, որոնք զարմանալիորեն լավը կլինեն․․․
Դու սիրում ես ձեռքերս համբուրել։ Իսկ ես սիրում եմ նայել աչքերիդ․․․

Տանիքներից վերև... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,

Դու ինձ երբեք չես մոռանա, ինչպես որ նա երբեք չի մոռանա քեզ։ Արդեն շատ հաճախ գիշերներն ավելի ուշ կքնես։ Կսկսես երազել րոպե առաջ լույսը բացվելու մասին, որ անկողնումդ անիմաստ ու տանջալից թավալվելուց շուտ ազատվես․․․ Դու կսկսես համեմատել։ Ու դա կլինի հենց իմ վերջի քո այն սկիզբը, որից դու այնքան խուսափում էիր։ Նա էլ կսկսի ավելի դժվար քնել ու լուսաբացը երկու հոգու համար կդառնա երազանքի պես մի բան։
Դու ինձ կսկսես կարոտել այնպես, ինչպես նա է փակ աչքերով աղոթքի նման անունդ մրմնջում։  Կարոտը թմրանյութի պես կանցի երակներիդ միջով և ինչ-որ տեղ կանգ կառնի։ Նա ևս կդառնա թմրամոլ։ Օդը կդադարի հերիքել շնչելու համար ու դու կփորձես նոր ուղիներ փնտրել։ Ես չգիտեմ ինչ կանի նա․․․


Դու կհիշես ինձ։ Հիշողությունդ վազող տողի պես կսկսի պատկերնել բերել ու ծեփել հայացքիդ առաջ։ Դու կհիշես ամենահաճելին։ Ձեռքերիդ ափերը հուզմունքից կքրտնեն ու դու կսկսես շնչահեղձ լինել։ Պատկերներում ես քոնը կլինեմ այնպես, ինչպես երբևէ չեմ եղել և ոչ մեկինը։ Ես կդողամ չնշմարվող ցրտից ու ինչ-որ բանից գլուխս կպտտվի։ Դու կկորցնես խոսելուդ ունակությունը և աչքերը կդառնան հաղորդակցման միակ միջոց։ Այրվում են աչքերդ։ Դու կփորձես վերջապես գրկել ինձ, բայց ես կանհետանամ, ինչպես շոշափելի չէ ոչ մի հիշողություն։ Նա էլ կնայի իր դատարկ ձեռքերին։ Նա էլ աչքերը կսկսի տրորել։
Դու ինձ չես մոռանա, ինչպես որ նա քեզ կփորձի համոզել։ Ինչպես որ քեզ կթվա մի օր, որ մոռացել ես։ Ինչպես իմ կողքով անցնելը կդառնա փորձության պես մի բան, և դու կհաղթահարես այդ փորձությունը՝ մատնելով ինքդ քո թուլությունն իմ հանդեպ։ Դու ինձ չես մոռանա, և հայացքով կփորձես որսալ աչքերս, հասկանալու համար․ մոռացե՞լ եմ ես քեզ, թե՞ հիշում եմ․․․ Դու կուզեիր, որ ես հիշեի, ինչպես նա չէր ուզի, որ երբևէ իրեն մոռանաս։
Դու չես նայի իմ կողմ, անկարող լինելով տեսնել սառնություն այն աչքերում, որտեղ ժամանակին ջերմություն ու կիրք էր։ Սառնությանն ինչի՞ չես հավատա․․․ Դու շատ հաճախ կցանկանաս պտտվել, բայց կխանգարի այն հսկայական պատը, որի քարերը պարանոցդ ամեն թեքվելուց կքերծեն։ Պատն այն մինչև երկինք ձգվող, մի քանի շարքով, լեռնային, չհղկված քարերից․․․
Դու այդպես էլ չես հասկանա ով եմ ես։ Եղել։ Կլինեմ։ Կամ։ Դու կցանկանաս րոպե առաջ ազատվել իմ ձայնի այն տարօրինակ շշուկներից, որոնք սպառնում են գլխիցդ երբեք դուրս չգալ։ Նրա գլխում էլ դու ես։ Տարօրինակ չէ․․․
Դու երբեք չես մոռանա իմ լռությունը ևս, ինչպես որ նա չի մոռանա քո լռելը։ Բազմահազար հարցերի մեջ կփնտրես ու չես գտնի ոչ մի պատասխան, անգամ քոնը։ Նա ևս մոլորված է․․․
Օրերի մեջ իմ չլինելն ավելի ակնհայտ կդառնա։ Երբեմնը ու հազվադեպը կդառնան հաճախակի, ու դու տարակուսած կնայես հայելուն։ Նա ևս իրեն կնայի։


Տանիքներից վերև... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, Ես մոռացել եմ քեզ: Տարածությունն ու ժամանակն ի զորու եղան անել այն, ինչ ինքս չէի կարող: Հիմա ես ժպտում եմ, սրտի թրթիռ չկա, երբ վերցնում եմ հեռախոսս, էջդ մտնելուց էլ խանդ չեմ զգում ( չեմ էլ մտնում անկեղծ ասած…)
Դու ո՞նց էիր կարողանում այսպես..
Անծանոթ քաղաքի լույսերն այլ են: Եթե կարոտը չլիներ, սա հիանալի վայր է, որտեղ ես կարող էի անվերջ ստեղծագործել, այն էլ` գրիչով, իսկական…
Ես մոռացել եմ քեզ: Մոռանալով ներում եմ 《մնաս բարով》 չասելդ, հանդիպումդ մի գեղեցկուհու հետ այն ժամանակ, երբ ես օդում էի ու մտածում էի քո մասին, ներում եմ իմ մասին պատմող սպիտակ կետերը, որոնք բացակայում են քո տողերում, ներում եմ ամեն ինչ:
Այս քաղաքում շնչելը հեշտ է, որովհետև ոչ ոք քեզ չի նայում ու հանգիստ կարող ես քորել քիթդ կամ ուղղել հագուստիդ ծռված մասը:
Ես քեզ մոռացել եմ: Այլևս չեմ գրում ոչինչ քո մասին, անհամբեր չեմ կարդում գրածներդ` համոզված լինելով, որ ես այնտեղ չկամ ու քո` այդքան զգացմունքային, խորը, այդքան 《դու》 լինելը հեռու և արդեն ծանրացած է ինձ համար: Հիմա դու մեկն ես իմ 1058 ընկերներից` ոնց սկզբում էիր և ոնց ուզում էիր դու: Թեկուզ, չէ.. սկզբում էլ այդպես չէր:
Այս քաղաքը շատ գեղեցիկ է: Այնպայման այցելիր օրերից մի օր:
Ես մոռացել եմ քեզ, այնպես, ինչպես դու` ինձ, ու չեմ հիշում ոչինչ` ինչպես դու: Ես անհամբեր չեմ սպասում իմ վերադարձին և գիտեմ. ոչինչ չի փոխվելու և երևի չեմ էլ ուզում:
Ես մոռացել եմ այն ամենը, ինչը կարող էր փոթորկել սիրտս, խառնել մտքերս, ու էլի, էլի դառնալ անքուն գիշերներիս և մրսելուս պատճառը:
Այս քաղաքը գեղեցիկ է:
Ես մոռացել եմ քեզ:
Այդպես իմացիր…



Տանիքներից վերև... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, Դու երբեք չես մոռանա ինձ, ինչպես թաքուն Աստծուց կխնդրի այդ մասին նա ամեն օր։ Ես կլինեմ այնքան, որքան աչքերդ կտարբերեն լույսը մթից; որքան կկարողանաս տաքն ու սառը տարբերել; որքան ուրիշի համբույրները քեզ անկիրք կթվան; որքան իմ անունն ունեցող ծանոթներիդ այլ կերպ կդիմես; որքան տողերումս քեզնից անկախ կփնտրես քեզ․․․
Դու երբեք ինձ չես մոռանա, անգամ երբ գրիչդ ինձ դարձնի անկարևոր ու անցած, ժամանակավոր ու կիսատ․․․ Ու որքան նա կզվարճանա դա կարդալով․․․
Ես չեմ մոռացվում, ինչպես անցյալ չի դառնում հյուսիսափայլը կամ աղետալի հրդեհը, ինչպես մարդիկ սարսափում, բայց անվանակոչում են հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձած հողմամրրիկները, ինչպես արևի խավարումից վախենում, բայց անհամբեր այդ մի քանի վայրկյանին է սպասում  մի ամբողջ մարդկություն․․․ Ես աղետի պես եմ։

7

10

1136

  • Britney_Spears
    2014-10-07 09:44:49
    (լավ) (բռավո)
  • † ✈ †
    2014-10-07 15:31:13
    ես որոշել ես քոթին դու առաջ տանես Կիմ՞
    • † ✈ †
      2014-10-07 15:31:27
      քոփին
      • ♥......))))
        2014-10-07 15:32:36
        չհասկացա՞
      • † ✈ †
        2014-10-07 15:34:05
        դե մի ժամանակ առաջ մտնում էինք շաբաթներով նույն պոստն էինք տեսնում..հիմա մտնում եմ նոր պոստեր եմ տեսնում ու մեծ մասերի հեղինակը դու ես
      • ♥......))))
        2014-10-07 15:41:16
        հա ուղղակի ասեցիր Կիմ չհասկացա..ես Հասմիկն եմ..մերսի..մտքեր ունեմ գրումեմ ու հոսովեմ բոլորին դուրա գալիս կպորցեմ էլ ավելին անել :)
      • † ✈ †
        2014-10-07 15:44:09
        ապրես...ես ուրիշի հետ քեզ խառնեցի :)
      • ♥......))))
        2014-10-07 15:44:37
        :) :) ոչինչ պատահումա
      • † ✈ †
        2014-10-07 15:45:01
        :) :) :)