Copy SMS

Մի զույգ ծով աչքեր...

Մի զույգ ծով աչքեր... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,


ՆԱ նկարում էր, նկարում էր անդադար: Ողջ սենյակը, պայուսակը կորած էին թղթերի մեջ: Այդ բոլոր թղթերին ՆԱ միայն մեկ պատկեր էր նվիրում, մեկ, բայց միևնույն ժամանակ` բազմազան: Այդ պատկերը ոչ այլ ինչ էր, քան մի զույգ աչքեր` ծովի պես կապույտ, անհատակ ու խորհրդավոր: Այդ աչքերն ունեին արտասովոր աշնանային թախիծ, անսահման ցասում և հանդարտություն, ունեին իրենց սեփական պատմությունը, որը ոչ ոք չգիտեր, ու երբեք չէր իմանա: Այդ պատմությունը մի առեղծված էր, որ գայթակղում էր, առինքնում և ձգում խո՜րը-խորը, ինչպես ջրահարսներն են ծովահեններին խաբում, հմայում ու հավիտյան սուզում ծովի հատակը: Այդ ծով աչքերին անծանոթ էին թվում ժպիտը, երջանկությունը, ամեն ուրախալի երևույթը: Դրանք թախծոտ էին, տանջված, բայց միևնույն ժամանակ վսեմ և ուժեղ, իրենց մեջ էին խտացրել մարդկային ողջ զայրույթը, ցասումը, բայց նաև` գեղեցկությունն ու քնքշանքը: Սակայն ոչ ոք դա չէր տեսնում, կամ գուցե վախենում էին նայել երկնքի պես կապույտ այդ աչքերի մեջ:

  Բայց ՆԱ չվախեցավ:

  Կարևոր չէ` երբ էր ու որտեղ: Կարևորն այն է, որ դա պատահեց: Կամա թե ակամա, ուղղակի թե անուղղակի, բայց ՆԱ համարձակ, առանց վարանելու նայեց ուղիղ այդ աչքերի մեջ` առանց մտածելու, որ հնարավոր է` այդ պահը դանար ճակատագրական: Եվ այդպես էլ եղավ: ՆԱ նայեց այդ աջքերի մեջ ու տեսավ այն, ինչը ընդունակ չէր տեսնելու ուրիշ ոչ մեկը:  Այդ աչքերն էլ, որ նախքան այդ պահը ոչ ոքի չէին նայել, նայեցին ուղիղ ՆՐԱՆ, բայց անհայտ է` դրանք էլ տեսան անտեսանելին, թե՞ ոչ: Բայց հաստատ է, որ ՆԱ հոգու այդ մի զույգ հայելիների մեջ ամեն ինչ տեսավ պարզ, շիտակ, առանց կեղծիքի ու դիմակի: ՆՐԱՆ հաջողվեց կոտրել անջրպետը և կլանել իրականը, չնայած այդ աչքերն առանց հանձնվելու ջանում էին թաքցնել իրենց թախծոտ պարունակությունը  չար, նույնիսկ` ցինիկ դիմակի տակ: Բայց իզուր. արդեն շատ ուշ էր: ՆՐԱՆ հաջողվել էր կես վայրկյանում որսալ անկեղծը, և այդ կես վայրկյանն էր հենց, որ միաժամանակ պարգևեց ՆՐԱՆ և՛ երազային եդեմ, և՛ դանթեական դժոխք:

 

  Բարեբախտաբար, թե դժբախտաբար` դա եղավ միակ վայրկյանը, միակ հայացքը: Բայց այդ չնչին ակնթարթը կարողացավ ատակնուվրա անել ՆՐԱ ողջ էությունը, հոգին, միտքը:

Եվ ՆԱ նկարում էր, նկարում էր անդադար: ՆԱ ամբողջությամբ սուզվել էր իր կերտած պատկերներ մեջ, որոնք իրենցից ներկայացնում էին ոչ այլ ինչ, քան մի զույգ աչքեր` ծովի պես կապույտ, անհատակ ու խորհրդավոր: Այդ աչքերը, ինչպես ջուրը, ընդունակ էին լիառատ կյանք պարգևելու, բայց և անխղճորեն խլելու այն: Դրանք, ինչպես օվկիանոսը, թաքցնում էին բազմաթիվ առեղծվածներ, գանձեր, կյանքի ու մահվան, կորստի ու ձեռքբերման պատմություններ: Եվ ՆԱ անընդմեջ նկարում էր` ջանալով արտահայտել այդ աչքերի խորությունը: Բայց դժվար թե որևէ մեկը համարձակություն ունենար այդ աչքերի մեջ ՆՐԱ պես նայել:

  ՆԱ իր ողջ էությամբ պարուրված էր այդ աչքերով, այդ հայացքով միայն: Սեր էր դա, պատրանք, թե երևակայության ծնունդ, կարևոր չէր, դա ՆՐԱՆ չէր հետաքրքրում, և ոչ էլ ցանկանում էր այդ անհամար գաղտնիքներն ու առեղծվածները բացահայտել, թե չէ դրանք կկորցնեին իրենց գրավչությունը, կդառնային հասարակ ու անփայլ: Կարևորն այն է, որ այդ աչքերը ծովի պես կապույտ էին, անհատակ ու խորհրդավոր, իսկ ՆԱ վաղուց արդեն անվերադարձ խորտակվել էր դրանց մեջ:

  Սակայն ՆՐԱ մտքով չէր էլ անցնում, որ գուցե նույն պահին, ինչ-որ մի տեղ այդ աչքերը ՆՐԱՆ էին որոնում, որ միասին արձանանային իրար հայացքներում:


Մի զույգ ծով աչքեր... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,

  Լուռ մի սենյակ, մոխրագույն պատեր, կիսաբաց պատուհան, որից սենյակը թարմ օդով էր լցվում, երկաթե մահճակալ և մի շնչավոր արարած` մի մարդ, որ պառկած էր այդ մահճակալի վրա: Այդ մարդը արդեն երկար ժամանակ էր, ինչ քնած էր: Նա երազ էր տեսնում` պայծառ, լուսավոր մի երազ:

  Գարնանային զով մի օր էր: Նա մի շատ գեղեցիկ այգում էր, կամ գուցե` անտառում: Բոլոր ծառերը կանաչել էին և թարմ օդով էին լցնում շրջակայքը: Չվող թռչուններն արդեն վերադարձել էին և իրենց գարնանային երգն էին երգում: Ամեն ինչ խաղաղ էր, հանգիստ, ասես դա դրախտի մի մասունք լիներ Երկրի վրա… Կամ միգուցե դա հենց դրախտն էր – այդ մարդը չգիտեր: Նա նայում էր իր շուրջը և զգում էր միայն անսահման հանգստություն ու թարմություն: Այդ թարմությունը միայն գարնանային անուշ օդը չէր, դրան խառնվել էր նաև կյանքի շունչը` ոչ թե մարդկային բուռն կյանքի, որ իրենից մի պատմություն է ներկայացնում, այլ հենց ԿՅԱՆՔ երևույթի շունչը:

  Հանգստություն, թեթևություն, խաղաղություն, ուրիշ ոչինչ… Իրոք որ, դա պետք է որ հենց դրախտը լիներ: Այդ մարդը նայում էր կողքերը ու անհոգ ժպտում: Նա զգաց, որ սովորականի պես շնչելը բավարար չէ իրեն: Նա լիաթոք մի շունչ առավ, զգաց օդի ամեն մի մոլեկուլը, որ վարկենաբար տարածվեց ամբողջ օրգանիզմում: Նա զգաց Կյանքի շունչը, թարմությունը, ասես վերակենդանացավ:

  Եվ իսկապես, նա վերակենդանացավ: Շատ խորը ու երկար քնից հետո բաց արեց աչքերը:

  Ամեն ինչ դեռ մշուշոտ էր, ուղեղը դեռ իր նորմալ տեմպով չէր աշխատում, բայց ամեն ինչ սկսեց կամաց-կամաց իր տեղն ընկնել: Նա տեսավ սենյակի մոխրագույն պատերը, կիսաբաց պատուհանը և լսեց բժշկական սարքի ձայնը, որ որոշում էր նրա սրտի աշխատանքը: Դրա կողքին նկատեց այն ձողը, որի վրա ամրացված էր կաթիլայինը: Սկսեց հետզհետե հիշել, թե ինչ էր կատարվել: Հիշեց իր սովորական աշխատանքային օրը, մեքենան, որից երևի թե ոչինչ չէր մնացել ավտովթարից հետո: Այդ տեսարանի բոլոր դրվագները մի վայրկյանում հավաքվեցին նրա գլխում և մի քաոսային խառնաշփոթ ստեղծեցին: Սրտի աշխատանքը կտրուկ արագացավ, նա էլ սկսեց դժվարությամբ շնչել: Կրկին շնչառական ամբողջ համակարգով կլանեց օդը և աստիճանաբար սկսեց հանգստանալ:

  Երբ ամբողջովին ուշքի եկավ, սկսեց մտածել կատարվածի մասին: Իրար կապեց ավտովթարը, իր ներկա վիճակը, երազը, և նախորդ պահը, երբ ինքը գրեթե շնչահեղձ էր լինում: Նա հասկացավ, թե ինչքան կարևոր ու թանկ է մարդու համար մի հասարակ շունչը: Եվ առհասարակ այն ամենը, ինչը շնչի պես է` չգնահատված: Քանի դեռ մենք շնչում ենք, մեզ դա սովորական է թվում, դրան այնքան էլ կարևորություն չենք տալիս, մտածում ենք` այդպես էլ պետք է լինի, այլ կերպ չի կարող: Բայց երբ գալիս է այն կորցնելու պահը, միանգամից ամբողջ մեր էությամբ զգում ենք դրա կարիքը, ամեն կերպ փորձում կառչել նրանից, որ հանկարծ այն չկորի:

   Այդպիսին է մարդը, կորցնելու պահին է միայն հասկանում իր կորցրածի գինը, մեծությունը, անկրկնելիությունն ու կատարելությունը…

Մի զույգ ծով աչքեր... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,

 Դու եկար հենց առաջին օրը։ Քեզ հետ բերեցիր գույներ, երանգներ, որոնք ժպիտ առաջացրին ոչ միայն դեմքիս, այլև հոգումս։ Ինձ գրավեցիր հենց առաջին հայացքից։ Չեմ կարող ասել, որ կատարյալ գեղեցկության կամ մարդկային տեսակի չափանիշներիս համապասախան էիր, բայց կարողացար արագ ու աննկատ սողոսկել ներս։ Գուցե հենց իմ իդեալներին չհամապատասխանելն էր պատճառը, որ այդպես գրավեցիր ինձ։ Դու խոսեցիր ինձ հետ` ժպիտով, անկաշկանդ, ձայնի համեղ ելևէջներով։ Առաջին հայացքից շատ հասարակ, գրեթե դատարկ էիր թվում, բայց հաջորդ պահին` ծնոտս հատակին էր հասնում մտքերիդ արտահայտումը լսելիս։ Դա ինձ դուր եկավ այնպես, ինչպես դեռ ոչինչ չէր դուր եկել։ Երբեմն վատ էի զգում նման զգացում ունենալու համար, մտածում էի, որ դա սխալ է, բայց հետո հասկացա, որ ես միայն մարդ եմ, ոչ թե գերբնական էակ, մարդուն բոլոր տեսակի զգացումներն էլ հատուկ են։ Ես ցանկացա ճանաչել քեզ մինչև հոգուդ եզերքը, հասկանալ պտածելակերպդ, ապրումներդ, որոշ չափով նույնիսկ դրանք զգալ սեփական մաշկիս վրա։ Այն վայրերը, որտեղով անցնում էի ամեն օր, այն դեմքերը, որ տեսնում էի ամենուրեք, ինձ դրախտ էին թվում, որովհետև ես գիտեի, որ այս կողմերում շուտով տեսնելու եմ քեզ։նցավ ժամանակ։ Այն ինչ ինձ սկզբում թվում էր դրախտ, հիմա իրոք դարձել էր դրախտ, ու ես չէի զղջում ոչ մի խոսքիս, ոչ մի արածիս համար։ Ամեն ինչ նմանվել էր երազանքներիս` մեր ծիծաղաշատ օրերը, կատակները, իրար դիտմամբ նյարդայնացնելը, ժամերով զրուցելը, կիսվելը, ուտելիքը ու նույնիսկ հյութը կիսելը։ Այս ամենը դարձել էր կյանքիս մի մեծ մասը.. հարյուր տոկոսից մի քիչ ավելի ։) ։ Մենք անբաժան էինք, ու շատերն էին զարմանում մեր` այսքան մաքուր հարաբերությունների, կապվածության ու նվիրվածության վրա։ Ես երջանիկ էի, որ այս հսկայական աշխարհում գտել էի այնպիսի մեկի, որ ինձ հասկանում էր ամեն ինչում, թեկուզ և կային բաներ, որոնցում համակարծիք չէինք։ Տարօրինակ էր մեր մտերմությունը, այդ համակրանքը (հուսով եմ` փոխադարձ)։ Մեր հերթական խենթ օրերից մեկին ես հասկացա այդ զգացմունքի պատճառը. մեր երազանքները նույն ճանապարհով էին գնում։ Այն ինչ որոնում էինք այսքան երկար ժամանակ, իրար մեջ գտանք արդյունքում. գտանք, ճանաչեցինք ու ընտելացանք։
   Չնայած նրան, որ աչքերս փակ կարող էի քեզ գտնել ամբոխի մեջ, գիտեի այս կամ այն երևույթին ինչ արձագանք ես տալու, իրար տեսնելիս առաջինը ինչ ես հարցնելու, քեզ ամեն օր ուզում էի բացահայտել, ու դա հաջողվում էր։
   Ամեն ինչ կատարյալ էր։ Մի քանի ամիս միայն, ու մենք ասես իրար ճանաչում էինք հինգ մատի պես, հասցրել էինք կիսել թե՛ ծիծաղ, թե՛ լաց, թե՛ անհասկանալի, խճճված ու տարօրինակ օրեր։ Շատ լավ եմ հիշում. երբ մեկս լաց էր լինում, մյուսս հազիվ էր զսպում արցունքները, երբեմն բոլորովին էլ չէր զսպում։
   Հետո շատ անսպասելի եղավ մի բան, որ չպիտի լիներ, կամ էլ չեղավ այն, ինչ պիտի լիներ։ Չհասկացա ինչ կատարվեց։ Պարզապես մի օր արթնացա ու հասկացա, որ չկաս։ Տեսել էի, որ մոտերքում չես, բայց սպասում էի քեզ։ Փորձեցի գտնել, սակայն` ապարդյուն։ Որոշեցի սպասել։ Հավատում էի, որ գալու ես. ախր չէիր կարող գնալ։ Չէ՞ որ այդքան հարազատ էինք դարձել իրար։ Իսկ այդ օրը ես հասկացա, որ դու չես վերադառնալու։ Փորձեցի մտաբերել, թե ինչով եմ քեզ նեղացրել, չգտա, չհասկացա։ Գիտե՞ս` ինչ ծանր է, երբ չգիտես, թե մարդ ինչու է քեզ լքել, այն էլ այդքան մտերիմ մեկը։ Դա կարող է հասցնել մինչև տենդի ու զառանցանքի։ Անորոշ մեղքի զգացումն ու մեղսավոր անորոշությունը խժռում էին ինձ։ Այս զգացողությունն այնքան խորացավ, որ ես արդեն կասկածում էի, թե իրոք եղել ես կյանքումս։ Գուցե ամեն ինչ եղել է խենթ երևակայությանս արդյու՞նքը։ Գուցե մեզ միայն թվու՞մ էր, թե ճանաչում ենք իրար։ Երևի շատ էինք ուզում, որ լինենք այնպիսին, ինչպիսին իրար երազել ու պատկերացրել ենք։ Բայց պատրանքը երկար չի տևում։Այդ ժամանակ ես հասկացա, որ դու ուրվական էիր, որ եկար, մտար մեջս, ներարկեցիր ողջ էությունդ` երջանկությունդ ու վիշտդ, ու անցար։  Պատմեցիր քո պատմությունը, թույլ տվեցիր մի քիչ հասկանալ քեզ... մի քիչ։ Մի գեղեցիկ ուրվական, ում ես բռնել չկարողացա, ով բռնվելու կարիք չուներ, ու իր անեությունը փարատում էր թռչնի պես ազատ լինելով։ Ուրվականն էիր հոգուս, մտքերիս, երազանքներիս, խաղաղությանս ու պատերազմներիս, երազածս ջերմ ընկերության ու սիրո ուրվականը, որ եկար ու անցար։ Դու այն գարնան ուրվականն էիր, որը ես աշնանն էի երազում, և այն ջերմության, որը ձմռանը դողալիս էի տենչում։ Դու խոսքերիս մեջ հնչած լռության ուրվականն էիր, որ արձագանքում էր նույնպիսի լռությամբ, լռության մեջ պատկերված այն խոսքերիս ուրվականն էիր, որը գույներ էր տալիս դրանց։ Դու այն ուրվականն էիր, որ ստիպում էր հավատալ հրաշքների, բայց արդյունքում դարձար այն ուրվականը, որ այդ հավատը ճզմեց իր անհետացմամբ։
   Միգուցե հնարավոր է քեզ վերագտնել, բայց ես հիմա գիտեմ մի բան, որ առաջ չգտեի։ Դու ուրվական ես, քեզ բռնել հնարավոր չէ։ Իսկ ես չեմ ուզում երջանկությունս վստահել մի բանի, որը կարող է անհետանալ մեկ ակնթարթում։ Երկրորդ անգամ ես նույնը զգալ չեմ ուզում։


Մի զույգ ծով աչքեր... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,


  Երևի հիմա դու էլ ես ուզում շատ հարցերի պատասխաններ ստանալ ինձնից, չէ՞։ Կպատասխանեմ դրանց անպայման, երբ նամակս ստանաս...

  Բայց, ավա՜ղ, դու այս մեկն էլ երբեք չես ստանա։

  Ների՛ր ինձ թուլությանս համար։

8

2

2197