Copy SMS

Ո՜նց եմ հոգնել...

Ո՜նց եմ հոգնել... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,


 Մենակ իմանաք ոնց եմ հոգնել ամեն ինչից... Հիմա կմտածեք. «Դու՞ չէիր, որ ասում էիր` կյանքին լավ վերաբերվեք, պայծառ գույներ տվեք նրան, այն ձեր ձերքերում է միայն»։ Այո, ես էի, և հիմա էլ եմ ասում դա։ Ես հիմա նստած ինքս ինձ դա եմ ասում նորից և հավատում եմ իմ ասածին։ Բայց անպայման պետք է ասեմ այն, ինչ կուտակվել է ներսում։ Ու կասեմ առանց մտածելու, թե որևէ մեկը կվիրավորվի։ Կներեք, բայց արդեն թքած ունեմ, ոչինչ չի հետաքրքրում։ Քաղաքավարությու՞ն։ Վե՛րջ, գնաց քաղաքավարությունը, կորավ, վերջացավ։ Պարզ խոսելու ժամանակն է եկել։ Ու ինչքան էլ ցավոտ լինի, վսստահ եմ, որ ինչ կասեմ, ձեր սրտից էլ կլինի։


  Հոգնել եմ ոխակալությունից կամ, այսպես կոչված, «աբիժնիկների» դասակարգից։ Ի՞նչ լավ բան կա քեն պահելու մեջ, կարո՞ղ եք ինձ բացատրել։ Ի՞նչ հաճույք եք ստանում դրանից, ասե՛ք, ես էլ եմ ուզում իմանալ։ Կարող է լավ բան է, ուղղակի ես չեմ հասկանում։ Ինչքան էլ ինձ համար անհասկանալի լինի դա, բայց շա՜տ շատ են այն մարդիկ, ովքեր իրենց ժամանակը վատնում են ուրիշների սխալները հիշելու ու դրանց մասին անընդհատ հիշեցնելու վրա։ Էլ չեմ խոսում այն մասին, որ մեկի փոխարեն տասնյակ անգամներ «վրեժ են լուծում»։ Ժողովուրդ, գիտե՞ք, որ ներելն էլ է լավ բան։ «Չէէէէ, ո՞նց կլինի։ Ե՞Ս։ ՎԵՀԱԳՈՒ՞ՅՆՍ... Ի՞ՆՉ։ ՆԵՐԵ՞Մ... ԵՐԲԵ՛Ք»։ Դե լա՛վ էլի։ Հերիք է ձեզ երևակայեք։ Կյանքում ամեն ինչ էլ լինում է։ Համ էլ դուք էլ սուրբ չեք, սիրելի «հրեշտակներ» ու «անմեղ զոհեր»։ Ձեզ ուղղակի լավ «տեղն են դրել» ու ճշմարտությունը ձեր դեմքին են ասել, այլ ոչ թե մեջքի ետևում։ Իսկ գիտե՞ք ոխ պահելու այդ բնազդը ինչու է ձևավորվել. որովհետև ձեզ համար շատ ծանր ու անտանելի է, երբ կանգնում եք ճշմարտության առջև, երբ ձեր դեմքին են շպրտում այն, ինչը դուք խնամքով փորձում եք թաքցնել ու ձեզ ներկայացնել որպես «ճիշտ» մարդ։ Ի՞նչ է, վիրավորվեցի՞ր։ Ճշմարտությունն ընդունելը դժվար է, չէ՞։ Գիտեմ, դրա համար էլ ուզում եմ հիմիկվանից սովորես ընդունել այն, որ հետո թուլությունից ինքնասպան չլինես, այլ պարզապես աշխատես քեզ վրա։ Ոխ պահելը դեռ ոչ ոքի բարիք չի բերել։ Այն ձեզ ուժեղ ու վեհ չի դարձնի։ Ավելի համարձակ ու օրինակելի կդառնաք, եթե ցույց տաք, որ դուք ձեզ վիրավորողներից բարձր եք` նրանց լավություն անելով ամենաճիշտ պահին։ Այ դա արդեն մեծ հարված կլինի նրա խղճին, որը, գիտեք, շատ է սիրում մեզ կրծել։

  Ո՜նց եմ հոգնել անտեղի մեծամտությունից, հպարտությունից ու ինքնասիրությունից։ Վերջինս, իհարկե, լավ բան է, բայց ոչ այսքան մեծ չափաբաժնով։ «Իսկ ո՞վ է ասել, որ ես պետք է առաջին քայլն անեմ։ Դա էր պակասում։ Պա՛հ, թող նա անի, ես էլ կմտածեմ` ընդունել, թե չէ...»։ Ձեզ դուր կգա՞ր, որ մեկը ձեզ համար այդպես ասեր։ Վստահ եմ, որ դուր չէր գա։ Գիտե՞ք, որ եթե այդպես շարունակեք, մի օր լրիվ մենակ կմնաք։ Գիտեմ, գիտեմ, սա էլ է դժվար ընդունելը։ Եթե այդպես պինդ-պինդ ձեր ներսում չփակվեք ու ձեզնից բացի փորձեք ուրիշներին էլ լավ ճանաչել, դուք էլ նրանց համար մի լավ բան անեք, կյանքում ավելի հրաշալի բաներ կկարողանաք բացահայտել։ Աշխարհը ձեր շուրջը չի պտտվում։ Եթե քայլ են անում դեպի ձեզ, բարի եղեք ու ձեր «քիթը մի տնկեք» ու ասեք. «Տեսա՞ր. նա առաջինն արեց...»։

 Հոգնել եմ անշնորհակալությունից։ Լինում է, չէ՞, երբ մեկի համար ամեն ինչ անում ես, ինչ խնդիր լինում է, քեզ է դիմում ու առանց օգնության երբեք չի մնում, ուշադրություն ես ցույց տալիս նրան այն ժամանակ, երբ նա ամենաքիչն է դա սպասում, ու դրանով արդեն ուրախացնում ես նրան։ Առանց ձայն հանելու անում ես քեզնից կախված ամեն ինչ, որ նա հեշտությամբ հասնի երազանքներին ու ստվերում չմնա։ Դա քեզ հաջողվում է, նա էլ դրանից շատ ուրախանում է։ Ու կարևորը` ամեն ինչ անում ես անշահախնդիր։ Բայց երկու օր անց հասկանում ես, որ նրա համար այդ ամենը նշանակություն չունի, եթե հարցնես էլ, դեռ մի բան էլ կասի. «Իսկ ի՞նչ ես արել որ»։ Ցավով պետք է նշեմ, որ շատ մարդիկ, ովքեր իրոք արժանի են ուշադրության, այն երբեք չեն ստանում, բայց շատերն էլ ստանում են ավելին, քան արժանի են։ Բայց երբ մարդկանց նայում ես ու տեսնում նրանց անշնորհակալ պահվածքը, իրոք ցավոտ է լինում... սառը ցնցուղ։

  Հոգնել եմ կեղծավորությունից, քծնանքից ու բամբասանքից։ Չեք պատկերացնի` կողքից նայելիս ինչ զզվելի է դա։ Երբ մարդիկ տեսնում են իրենց «կյանքիկին», ջանք չեն խնայում նրան հաճոյանալու ու ոտքերի տակ սողալու համար, իսկ հեռանալուց հետո սկսում են. «Բա իմացա՞ր, ասում են` նա...»։ Հատկապես այդպես կեղծավորություն են անում հարուստներին։ ԻՆՉՈՒ՞։ ԻՄԱՍՏԸ Ո՞ՐՆ Է։ Ձեզ թվում է` նրան նման վերաբերմունք ցույց տալով` նա իր հարստության կեսը ձե՞զ կտա։ Թե՞ պարզապես կարգն է այդպես, որ առաջնորդին կամ այսպես կոչված «լիդերին» պետք է անպայման նման վերաբերմունք ցույց տալ, թե չէ... ԹԵ ՉԷ Ի՞ՆՉ։ Ի՞նչ կարող է նա անել։ Դուք եք նրանց կեղծավորություն անում ու լիդեր դարձնում, էլ բամբասելու իմաստը ո՞րն է։ Ուրեմն այնպիսի մեկի ընտրեք որպես լիդեր, որ ստիպված չլինեք անտեղի բառեր շռայլել ու հետո էլ նրա մասին բամբասել։

  Ո՜նց եմ հոգնել վախկոտությունից։ Ծածուկ ինչեր ասես կարող են անել ու ասել, բայց բացահայտ` երբեք։ Թեկուզ հենց լավ բաներում։ Մարդիկ վախենում են նայել աչքերի մեջ ու ասել այն, ինչ մտածում ու զգում են` անկախ դրա բացասական կամ դրական լինելուց։ Վախենում են փորձությունների միջով անցնելուց ու ամեն ձևով խուսափում են դրանցից... վախենում են կյանքից ու իրենց կյանքը ստեղծելուց։ Ամեն ինչ անցնում է վախի մեջ, թաքնվում են ամեն ինչից։ Ուրեմն` էլ ո՞րն է նրանց գոյության իմաստը։ Պատասխանե՛ք, սպասում եմ։

  Հոգնել եմ ստից ու խաբեությունից։ Ցավով պետք է նշեմ, որ ես էլ եմ ստում, դու էլ... Բոլորն են ստում, խաբում։ Եթե ոչ ամեն բառը, ուրեմն` ամեն երկրորդ բառը սուտ է։ Այսօր եթե ուզում ես յուրահատուկ ու չկրկնվող լինել, ուրեմն պետք է ամեն ինչում բացահայտ ճշմարտությունն ասես։ Զզվելի է, ամենուրեք ճշմարտության ճգնաժամ ու «դիֆիցիտ» է։ Սուտն արդեն դարձել է, ռուսերեն ասած, инстинкт выживания։ Է հետո՞...

Ո՜նց եմ հոգնել... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,

 Այս բոլոր թերությունները կան բոլորիս մեջ` իմ, քո, մեր հարազատների, ընկերների, հեռավոր ծանոթների մեջ։ Այնպես չէ, որ ես այսքան գրելով միայն իմ կյանքն էի պատմում։ Սա մեր բոլորի շուրջն է կատարվում։ Սա այն է, ինչ մենք ենք ստեղծում` ինքներս։ Մեծ ջանքերի գնով կարելի է նվազեցնել այս աղետը, բայց վերացնել, ցավոք, երբեք չենք կարող։ Թվարկածներս մեր արյան մեջ արդեն շատ խորն են ներծծվել և դեռ շարունակում են մեծացնել իրենց չափաբաժինը։ Այսպես ամեն ինչ գումարվում է իրար ու դառնում մի մեծ խնդիր, որից այլևս հնարավոր չի լինում ազատվել։ Հենց այսպես է ձևավորվում այն աշխարհը, որտեղ ապրում ենք։

  Իսկ հիմա` գլխավոր հարցս։

  Մի՞թե դու այս ամենից չես հոգնել։ Մի՞թե սա այն է, ինչ դու ցանկանում ես տեսնել...

Հետաքրքիր է` քանի՞ ժամ է` արթուն եմ։ Չնայած, ի՞նչ տարբերություն, միևնունն է, հազիվ մի 2 ժամ քնած լինեմ։ Բայց զարմանալին այն է, որ պատճառ էլ չունեմ անքուն գիշերներ անցկացնելու։ Ո՛չ երջանկությունն է ինձ խեղդում, ո՛չ կարոտը, ո՛չ թախիծը կամ տառապանքը, ո՛չ անպատասխան սերը, ո՛չ էլ պարտքերը։ Գուցե խնդիրն էլ հենց այն է, որ ոչ մի խնդիր չունեմ, բացի կենցաղային մանր առօրյա հարցերից։ Պարզապես գիշերը արթուն եմ մնում ու մտածում ամեն ինչի մասին, փորձում վերհիշել կյանքիցս որոշ դրվագներ այն մանրամասներով, որոնք ժամանակին ինձ ստիպում էին փշաքաղվել։ Շատ հաճախ մտածում եմ, թե ում կհանդիպեմ այս կյանքում ու նրա հետ ինչ բացահայտումներ կանեմ, հաճախ էլ հիշում եմ իմ կյանք եկած ու գնացած տարբեր մարդկանց ու փորձում հասկանալ, թե ինչու նրանց հանդիպեցի, ինչ տվեցի նրանց, ինչ վերցրի նրանցից, իրենք ինձ ինչ տվեցին, ինչ վերցրին… Ինձնից էլ լավ գիտեք, թե ինչ խայտաբղետ են գիշերային մտքերը, ամենագեղեցիկ ու մաքուր երազանքներից մինչև մղձավանջներ, որպիսիք նույնիսկ դժոխքում չեն հանդիպի։




  Մարդիկ շատ են, լիովին տարբեր, ու յուրաքանչյուրը միմյանցից տարբեր բաներ է բերում մեր կյանք։ Երևի թե հենց այդպիսի մարդկանցից մեկն էլ ինձ արթուն է պահում ամեն գիշեր ու ամեն արևածագն ինձ նրա մասին է հիշեցնում, մարդ, ում հետ հազիվ հասցրած լինեմ կարգին շփվել, ում բացարձակ չեմ ճանաչում ու չեմ հասկանում նրա հոգեբանությունը, մարդ, ով միևնույն ժամանակ կատարելապես հաստատուն է, բայց նաև անասելի փոփոխական, ում արարքները մի քանի ճանապարհներով են գնում, բայց դրանցից մեկն է միայն ծառայում նպատակին, ու այդ մեկը միայն ինքը գիտի, ուրիշ ոչ ոք։ Ուզում եմ գրել նրա մասին, բայց նկարագրել չեմ կարող, քանի որ ես նրան չեմ ճանաչում, չեմ հասցրել ճանաչել, կամ, գուցե, նա ինձ թույլ չի տվել, խառնել է բոլոր կարծիքներս։

  Անկեղծ ասած ատում եմ այն մարդկանցից, ովքեր խառնում են բոլոր ալիքները ու թույլ չեն տալիս ճանաչել իրենց։ Նրանց հետ շփվելիս, պահվածքը, շարժումները, ժեստերը, միմիկան, հայացքը, առոգանությունը, դիմագծերն ուսումնասիրելիս զզվանք է առաջանում մեջս, ինչը ինձ ստիպում է ավելի մտերմանալ նրանց հետ։ Ինքս էլ չեմ հասկանում, թե ինչու։ Գուցե իրականում իմ մեջ նախանձն է խոսում, որ ես չեմ կարողանում ինձ նման կերպ մատուցել, այլ ամեն ինչ պարզ ու հստակ եմ արտահայտում, որ երկմտանքի առիթ չտամ։ Գուցե այդ զգացումն իրականում ոչ թե զզվանք է, այլ գաղտնի հիացմունք, որը հրաժարվում եմ խոստովանել։

  Չեմ ուզում նրա նկարագրությունը գրքի լեզվով տալ, բայց ուզում եմ պատկերացնեք այդ կերպարը։ Իրականում նա գեղեցիկ է, շատ գեղեցիկ` ցորենագույն հարթ մաշկ, երկար վարսեր, որոնց գույնը շոկոլադե շագանակագույնի ու ոսկեգույնի միջև է տատանվում, գեղեցիկ ուրվագծված շուրթեր, խիստ ծնոտ, որը նրա դեմքին հզոր ուժ է սփռում, նուրբ, ճկուն կազմվածք, երկար բարակ մատներ, որոնք միշտ իրենց վրա են կրում արծաթե մատանիներ։ Հագնվում է հասարակ` կրում է բոլորի սիրելի ջինսը, թեթև վերնաշապիկ, բայց նրան տարօրինակ կերպով հաջողվում է տարբերվել ամբոխից։ Նույն հագուստով նա կարող է լինել և՛ ուղղակի աղջիկ, և՛ նմանվել եվրոպացի դեպրեսիվ դեռահասի, ով աբմողջ օրը սուրճ է խմում ու ծխում, և լինել շատ կանացի ու գրավիչ։ Գիտեմ, հիմա մտածում եք, որ կարևոր բան բաց թողեցի։ Այո, աչքերը։ Այդ աչքերը տեսնել է պետք. խոշոր, երկարավուն, նշաձև կանաչավուն աչքեր, որոնք էլ հենց նրա առանձնահատկությունն են։ Նրա մի հայացքը կարող է հավերժ ստրկացնել մարդու, սակայն դա ոչ թե իշխանության, այլ պաշտպանության միջոց է։ Հայացքն ուժեղ է, բառացի հափշտակող, երբեմն նույնիսկ նվաստացնող, բայց այդ կործանիչ ուժի հետևում երևի թե նա փորձում է խնամքով թաքցնել իր փխրունությունը, մեղմությունը։ Չարաճճի, պրովոկացնող հայացք է, որ փորձում է ամեն ինչում հակաճառել քեզ։ Դա գերում է, ուզում ես անընդհատ նրա կողքին լինել, լսել նրա չկապակցված ու մաս-մաս արտահայտած մտքերը, փորձել դրանք կապե իրար ու չկարողանալ, նորից փորձել։ Չգիտեմ` իր մտքերը նա դիտմամբ է այդպես շարադրում, թե պատահական է ստացվում, չգիտեմ` ինչու է դրանք կիսատ թողնում։ Ենթադրել միշտ էլ կարող եմ, բայց համոզվել` երբեք։ Որքան էլ չընդունեմ, որքան էլ հակակրանքով լցված լինեմ նրա հանդեպ, խոստովանում եմ, որ նա ինձ համար առեղծված է, որ նրան ես հեռվից եմ հետևում… 

Ու ամեն արևածագին արևի շողերի հետ գալիս են նրա վարսերն ու հայացքը, հիշում եմ նրա հետ անցկացրած սակավաթիվ հիշարժան պահերը, իմ ինչ-որ մաս ամեն օր նրան հաջող ու ուրախ օր է մաղթում ու մտածում, թե ինչ է նա անում այդ պահին, ինչ է մտածում, ում հետ է խոսում, որտեղ է… Տարօրինակ կապվածություն է, եթե հաշվի առնենք, որ մենք երբևէ ընկերուհիներ չենք եղել, ու ավելին, միմյանց երբեմն ցավեցրել ենք։

  Որքան էլ տարօրինակ լինի, կարոտում եմ նրան։

  Մեր կյանքում միշտ ավելի շատ հանդիպում է մայրամուտ, քան արևածագ։ Իսկ ես նրան արևածագի եմ նմանեցնում, թեկուզ և նա իր բնավորությամբ ավելի շատ նման է մայրամուտի ու վաղ մթնշաղի։ Երևի թե այդ պատճառով էլ շատ եմ մտածում նրա մասին։ Համենայն դեպս փաստ է, որ ամեն արևածագի հետ լուսամուտիս առջև կաղված թափանցիկ վարագույրից ներս են թափանցում նրա մասին մտքերը։

  Նրա մթությունն ինձ հուշում է, որ շուտով լույսը բացվելու է…

  Տեսնես ես նրա համար ավելի՞ մոտ եմ, քան ամենահեռավոր աստղը։

Ո՜նց եմ հոգնել... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,

Էլի տխուր եմ։ Հա, վերջերս շատ հաճախ եմ տխրում։ Տխրում եմ, որովհետև երազանքներս չեն կատարվում։ Չեն իրականանում ու վե՛րջ։

  Տանը միայնակ եմ։ Մտերիմ ընկերուհուս նվիրած «ժպիտոտ» բաժակի մեջ տաք թեյ եմ լցրել, ու գիրք եմ կարդում։ Իհարկե, սա ինձ ամբողջովին չի ազատում թախծից, բայց գոնե ինչ-որ չափով մտքերս ցրում է։ Չնայած` մի քանի էջ կարդում եմ, հետո անկախ ինձնից ուշադրությունս գնում է դեպի երազանքներս, ու էլի տարվում եմ դրանցով, հասկանում, որ չեն կատարվում, ու էլի տխրում եմ։

  Իմ երազները մի տեսակ «աստղոտ» են, «տիեզերքոտ»։ Ինչի մասին էլ որ երազելիս լինեմ, այն ասես միաձուլվում է տիեզերքի անհամար աստղերին ու լույսերին։ Երևի այդ աստղերն այն հույսն են, որ երազանքներս կիրականանան։

  Անձրև է գալիս։ Պատուհանագոգին նստած եմ։ Տեսնում եմ, որ նոր բացված ծաղիկների ու տերևների վրայով կաթիլները գլորվելով իջնում են ցած։ Փաստորեն` երկինքն էլ է ինձ հետ տխրում…

  Մի րոպե։ Այս ի՞նչ է։ Անձրևի կաթիլները… գունավո՞ր են։ Չէ, չի կարող պատահել։

  Թափահարում եմ գլուխս, որ ուշքի գամ։ Չէ, կաթիլներն իրոք գունավոր են ու փայլփլուն` ճիշտ աստղերի պես։ Մտածում եմ` երևի շրջակայքի արտացոլանքից են կաթիլներն այդպես երևում։ Ու…

  Լսում եմ դռան զանգը։ Բայց ես ոչ ոքի չեմ սպասում։ Տեսնես` ո՞վ է։ Երևի խելառ ընկերուհիս է. եկել է առաջարկելու, որ գնանք ու ոտաբոբիկ վազվզենք անձրևի տակ։

  Գնում եմ դռան մոտ, բաց եմ անում, ու ինձ թվում է` ես երազում եմ։ Իմ առջև կանգնած է ինչ-որ ամպանման շողշողուն զանգված, որ նման է մուլտֆիլմի բարի կերպարի` աչքերով ու բերանով, ձեռքերով ու ոտքերով։ Անձրևանոցը ձեռքին` կանգնել է դռան շեմին, նայում է ինձ ու ժպտում։

  Չէ, ես հաստատ երազում եմ։ Ինքս ինձ ճմկթում եմ, որ արթնանամ, ու մտքում անդադար կրկնում եմ, որ սա երազ է։

  - Բավ է ինքդ քեզ ճմկթես։ Սա երազ չէ։ Ես եկել եմ քեզ մոտ։ Կթողնե՞ս ներս մտնեմ, - ասում է անձրևանոցով ամպանման զանգվածը ու բարակ ձայնով ծիծաղում։

  Այս էր ինձ պակասում։ Գունավոր ամպիկը եկել կանգնել է դռանս առջև ու մարդկային խոսքերով ինձ խնդրում է, որ իրեն ներս հրավիրեմ։ Չէ, ես խելագարվում եմ։

  Աչքերս չռած նայում եմ վրան։ Նկատում եմ, որ այս զանգվածը կայուն ձև չունի ու անընդհատ շարժվում է։ Ասես մի ամպ լինի, որի վրա տիեզերքի մի կտոր են նկարել։

  Չնայած, որ այս ամենն իսկական անհեթեթություն է ինձ թվում, դռնից մի կողմ եմ քաշվում, որ նա ներա մտնի։ Շնորհակալություն է հայտնում, անձրևանոցը փակում, դնում է անկյունում, ձեռքս բռնում ու ինձ տանում իմ սիրած պատուհանագոգի մոտ, որտեղ ես նստում ու գիրք եմ կարդում։ Նստում ենք իրար դիմաց, ես քար լռությամբ ու ծայրաստիճան զարմացած ուսումնասիրում եմ նրան, իսկ նա նայում է ինձ ու էլի ժպտում։

  Չէ, մեկ է, չեմ հավատում աչքերիս։

  - Հա, մոռացա ասել, ես քո Երազանքն եմ։

  - Ըմ…- Հավաքիր քեզ։ Մեկ է` երազ է, թե ոչ։ Պահը բաց մի թող, - Հա՞։ Իսկ կոնկրետ ո՞ր երազանքս ես։

  - Բոլոր, -ասում է ու ժպտում, - Բոլոր երազանքներդ միավորվելով դարձել են մի կտոր տիեզերք, ու այդպես ստեղծվել եմ ես։ Տիեզերից եմ եկել, ճանապարհս երկար էր։

  - Հա՞։ Բա ինչու՞ ես եկել։

  - Հոգնել էի էնտեղ նստել սպասելուց, թե երբ էիր ինձ վերջապես սկսելու իրականացնել։ Տեսա` գլխի չէիր ընկել, որ ամեն ինչ ինքդ պիտի անեիր, ստիպված ես եկա, որ քեզ ամեն ինչ բացատրեմ։

  - Ու… ի՞նչ պիտի բացատրես։

  - Դմբո՛, - ասում է ու ժպտում, - դու սպասում ես, թե երբ է ինչ-որ մեկը ինձ իրականացնելու կամ երբ եմ ես ինքս կատարվելու ու պատրաստի վիճակով գալու քեզ մոտ։ Ինքդ երազելուց բացի ոչինչ չէիր անում, չէիր աշխատում ինձ իրականություն դարձնել։ Երազում էիր, բայց կիսատ ու սխալ։ Եթե երազում ես ինչ-որ բանի մասին, չպիտի միայն «Երանի…» ասես։ Պիտի ուղիներ փնտրես, թե ինչպես կարող ես ինձ իրականություն դարձնել։ Անդադար պիտի դրա մասին մտածես ու մի քանի ձև գտնես, հետո որոշես, թե այդ ձևերից որն է ավելի արդյունավետ, ծրագիր մշակես ու սկսես աշխատել ու ինձ իրագերծել։ Տե՛ս. նկարիչը ինչ-որ բան պատկերացնում է, գնում է ներկերի մոտ, որոշում` ինչ գույների մեջ պիտի լինի նկարը ու սկսում նկարել։ Ու նկարում է այնքան, մինչև վերջացնի ամբողջը։ Նույն ձև էլ երազանքն է։ Պիտի աշխատես, որ նա սկսի ուրվագծվել ու դառնալ իրականություն։ Թե չէ միայն պատկերացնելով ոչնչի չես հասնի, - ժպտում է։

  Գրողը տանի, իսկ այս ամպիկը բավականին լավ բաներ է ասում։ Թե ինչու՞ առաջ մտքովս չէր անցել։

  - Իսկ ի՞նչ անեմ, եթե երազանքս իրականացնելու համար բավականաչափ, ըմ… գործիքներ չունեմ։

  - Ուրեմն սկզբում պատրաստիր, ձեռք բեր քեզ համար անհրաժեշտ գործիքները։ Սա արդեն դառնում է աստիճան. ամեն հարթակի վրա մի գործ պիտի անես, որ վերջում հասնես պատրաստ երազանքիդ մոտ։ Իսկ դա այնքան էլ դժվար չէ, գիտե՞ս։

  - Բա ծուլությանս հետ ի՞նչ անեմ։

  - Ծուլությու՞ն, այդ ի՞նչ է, - հիմա արդեն տիեզերական ամպիկս է զարմանում։

  - Ծուլությունն այն է, ինչ մեզ խանգարում է, որ մեր երազանքներն իրականություն դարձնենք։

  - է՜, այդքան միամիտ մի եղիր։ Ծուլություն գոյություն չունի։ Դա հորինել են նրանք, ովքեր այնքան էլ շատ չեն ուզում ինչ-որ բանի հասնել կամ խանգարում են ուրիշներին հասնել։ Ծուլություն գոյություն չունի, գոյություն ունի միայն ցանկութուն ու երևակայություն։ Հանի՛ր ծուլության մասին հիմար միտքը գլխիցդ ու պարզապես սկսիր նկարել, կամ քանդակել, կամ կառուցել, կամ պարզապես ստեղծել երազանքդ։ Ու եթե երազում ես ինչ-որ բանի մասին, որը դեռ գոյություն չունի, ուրեմն եղիր դրա առաջին ստեղծողը։ Բայց եթե ցանկությունը քիչ է, ու երևակայությունը` սառած, ապա դու ճիշտ բանի մասին չես երազում։ Երազիր նրա մասին, ինչը ավելի մեծ կամք քեզ կպարգևի, ավելի շատ կոգևորի։

  Ու՜խ… վերջապես գտնվեց ինչ-որ մեկը, որ ինձ ցույց տվեց երազանքին հասնելու ճիշտ ճանապարհը։ Դե, հենց իմ երազանքից բացի ուրիշ էլ ո՞վ կամ ի՞նչը կարող էր ավելի լավ անել դա։

  Նորից դռան զանգն է։

  - Սպասի՛ր, հիմա կգամ։

  Արագ վազում եմ դռան մոտ, բացում ու տեսնում եմ խելառ ընկերուհուս։

  - Դու այս եղանակին ի՞նչ գործ ունես տանը։ Անձրևը կտրվել է, արև է դուրս եկել։ Քո սիրած եղանակն է։ Կուշիկներդ հագի՛ր. գնում ենք զբոսնելու։

  «Դե իհարկե», մտածում եմ ու ժպտում։ Գնում եմ պատուհանագոգի մոտ ու տեսնում, որ բացված գրքից բացի ուրիշ ոչինչ չկա այնտեղ։ Գլխի եմ ընկնում, որ քնել էի։ Ժպտում եմ, հագնում կուշիկներս ու ընկերուհուս հետ դուրս գալիս տնից։

  Անձրևի բույրը… մմմ՜… Արևը, նրա ճառագայթներից շողացող պատուհանները… անձրևի կաթիլները դեռ չեն չորացել։ Ու դրանք էլի գունավոր են ու փայլփլուն ։)))))))


Ո՜նց եմ հոգնել... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,


  Միացրե՜ք սենյակի բոլոր լույսերն ու անգամ լապտերները…թո՜ղ մթության մեջ բացվող ու փակվող աչքերս չգծագրեն նրա անասնական դիմագծերը: Վառե~ք բոլոր լույսերը, թո՜ղ մխից գոյացած նրա աչքերը ցնդեն, վերանան ու այլակերպվեն խաղաղության: Թ՜ող նրա փոթորկող հայացքը վերածվի հասարակ պահարանի, որը զգացմունքներ չի ծնում: Միացրե~ք բոլոր լույսերն ու լապտերները:




   Վառե՜ք բոլոր կամուջները, այրե՜ք: Թո՜ղ նրա մասին շշնջացող ուրվականները վախենան ու կորչեն, թո՜ղ թողնեն ինձ վայելել քամուց բորբոքվող կրակը, թող հասկանան, որ~ հոգիս, միտքս, մարմինս, ի վերջո  Ե~Ս բորբոքվում եմ նրա մասին ամեն մի կիսատությունից: Վառե՜ք բոլոր կամուրջներն ու ինձ թողեք կրակից կառուցված շրջանակի մեջ, թո՜ղ ամբողջը կրակ լինի. կրակ ու այրված երջանկություն: Թո՜ղ վառվեն բոլոր հույսերս նրա հետ կապված, քանզի անիմաստ են ու ցնորաբանական, անօգուտ են ու անշուք, անտեսանելի ու վերացական: Ես նրան շոշափե~լ եմ ուզում, թո՜ղ այրվեն նաև այն ձեռքերը, որոնք նրա պարանոցը շոյել են ուզում, որոնք ուզում են գրկել նրա ուսերն ու մխրճել են ուզում մատները նրա մաշկի տակ: Վառե՜ք այդ ձեռքերը…վառե~ք պատկերացումներում նրան մերկացնող ձեռքերս:


Վառե~ք այդ կամուրջները, այրե~ք:


  Կանգնեցրե՜ք բոլոր մեքենաներն ու գնացքները, շարժվող ամեն բան կանգնեցրե~ք…գուցե նրանց հետ զգացմունքներիս անտանելի արագ շարժն էլ կանգնի ու թույլ տա ինձ շնչել: Կանգնեցրե՜ք ամեն շնչող բան աշխարհում, թո՜ղ անգոյանա ամեն բան, միայն թե չքանան մտքերս զգացումներիս` անասնական զգացումներիս հետ ձեռք ձեռքի տված: Թո՜ղ սին հույսերից բթացած սիրտս կտոր-կտոր լինի ու հյուրընկալի տիեզերքին` չգալու խոստումով: Կանգնեցրե~ք բոլոր մեքենաներն ու գնացքները, շարժվող ամեն բան կանգնեցրե՜ք…


  Բացե՜ք դժոխքի դռներն առաջ, բա՜ց արեք, որովհետև ես ինձ թույլ եմ տալիս երազել նրա մասին… նրա մասին ամեն ռակուրսից ու ամեն կերպարանքով, ամեն օր ու ամեն գիշեր ու հա՜տկապես ամեն գիշեր… Բա՜ց արեք այդ դռները, որովհետև  ամեն արգելված բան տեղավորվում է իմ բարոյականության շրջանակների մեջ` նրա հետ կապված ամեն արգելված բան: Բա՜ց արեք դժոխքի դռներն իմ առաջ, ես գալիս եմ… 

9

3

1675