Երազները մարդկային կյանքի ամենախորհրդավոր և ամենազարմանալի երևույթներից են, և պատահական չէ, որ տարբեր ժամանակներում տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ են արտահայտել դրանց բնույթի, իմաստի և նշանակության մասին։ Սակայն քրիստոնյաներիս համար ընդունելի է միմիայն Եկեղեցու սբ հայրերի կարծիքը՝ Ս. Գրքի լույսով առաջնորդված։ Սուրբ Գրքում բազում օրինակներ կան, երբ Աստված երազի կամ հայտնության միջոցով ցուցումներ է տալիս մարդկանց։ Խոսելով երազի մասին՝ Եկեղեցու հայրերն իրենց գրվածքներում բացատրել են, թե ինչպես է մարդ երազ տեսնում, թե ինչ է կատարվում մարդու հետ այդ ժամանակ։ Մանրամասն բացատրում են երազների պատճառները՝ լինեն դրանք Աստծու կողմից տրված հրահանգներ, ցուցումներ, թե ուղղակի մարդկային ենթագիտակցության արտահայտություններ։ Սուրբ Գրիգոր Նարեկացին նշում է, որ երազները լինում են երեք տեսակի. 1. բուսական. 2. զգայական. 3. բանական։ Երազները պատկանում են բուսական հոգու գործունեության ոլորտին։ Բուսական հոգում կամ զգացմունքներում և մտքում տեղի ունեցած երևույթները, եթե դրանք անցել են հիշողությանը, երազում կրկին առաջ են գալիս և կրում խառնիխուռն բնույթ։ Քնի ժամանակ մարդու միտքը (կամ բանական հոգին) և զգայական հոգին իրենց գործունեությունը չեն դադարեցնում, այլ թուլացնում են, այդ պատճառով միտքը երազի ժամանակ պատկերացնում է այն, ինչ իրեն զբաղեցնում է արթնության ժամանակ և հաճախ կարող է նույնիսկ կանխատեսել ապագան։ Այս երևույթը կապվում է հոգու գերբնական բնույթի հետ, թեև այսպիսի երազներն անուղղակի և շատ երկիմաստ բնույթ ունեն։ Օրինակ՝ մատռվակը փարավոնի բաժակի մեջ խաղողի ողկույզ էր ճզմում, իսկ մատակարարը պատկերացնում էր, որ զամբյուղներ է կրում։ Իրականում ով ինչով զբաղվում էր, նույն կերպ էլ իրեն պատկերացնում էր երազի մեջ։
Իր համար սովորական զբաղմունքների պատկերները, որ տպավորվեցին հոգու կանխատեսող ունակության մեջ, առիթ ընծայեցին մտքին այդպիսի մարգարեությամբ կանխագուշակել այն, ինչն իրականացավ իր ժամանակին։ Իսկ եթե սովորական մարդկանց երազներում ինչ-որ մի բանի կանխատեսումն է լինում, ապա դա պետք է վերագրել վերոհիշյալ երևույթին։ Եթե եգիպտական և ասորական թագավորներն էին աստվածային հայտնությամբ երազներում առաջադրվում ապագայի իմացության, ապա դրանում Աստծո առանձնահատուկ նախախնամություն կար, սրբերի ծածկյալ իմաստությունը պիտի բացահայտվեր, որպեսզի առանց ընդհանրական օգուտի չմնար։ Ինչպես պետք է իմացվեր, թե ով է Դանիելը, եթե կախարդներն ու մոգերն անկարող չլինեին բացատրել Նաբուգոդոնոսորի երազները, ինչպե՞ս կփրկվեին եգիպտացիները, եթե երազի մեկնությունը բանտարկված Հովսեփին դուրս չհաներ բանտից։ Դրա համար այս դեպքերում ինչ-որ ուրիշ բան կա, և չի կարելի այդպիսի երազների մասին դատել ըստ սովորական երազների։ Սովորական երազատեսությունն ընդհանուր է բոլորի համար և կայանում է տարբեր տեսակի պատկերացումների մեջ, քանի որ հոգու հիշողության մեջ մնում են ամենօրյա զբաղմունքների արձագանքները, կամ էլ շատ հաճախ երազների որակը համապատասխանում է մարմնի վիճակին։ Օրինակ՝ ծարավողին թվում է, թե ինքն աղբյուրի մոտ է, և քաղցածին թվում է, որ ինքը խրախճանքի մեջ է, և արբունքի մեջ գտնվող երիտասարդը երազը տեսնում է համապատասխան իր կրքի և հասակի։ Գրիգոր Նյուսացին նշում է երազտեսության մեկ այլ պատճառ, որ նա նկատել է՝ խնամելով իր ազգականին։ Ի նպաստ իր դիտարկման՝ նա բերում է նաև բժիշկների կարծիքը և ասում, որ ըստ հիվանդների տարբեր ախտերի՝ տարբեր կարող են լինել երազները։ Օրինակ՝ տարբեր են ստամոքսի հիվանդների երազները, տարբեր են ցնորվածների երազները։ Նա նշում է ևս մեկ պատճառ՝ ըստ մարդու խառնվածքի։ Այլ են քաջ մարդու երազները, և այլ՝ վեհերոտինը, այլ են բղջախոհի երազները, և այլ՝ ողջախոհինը։ Նույնպես և այլ բան է տեսնում առատաձեռն մարդը, և այլ բան՝ ագահը։ Եվ այսպիսի երազները հոգում ձևավորում է ոչ թե միտքը, այլ անգիտակից տրամադրությունը. ինչի մասին որ հոգին սովոր է մտածել արթնության ժամանակ, նույնի պատկերն էլ ձևավորում է երազների մեջ։