Copy SMS

Մեկ,երկու,երեք…


Մեկ,երկու,երեք… - պատմություն, հետաքրքիր, տխուր

  Վ-ն արագ մտավ խանութ:Շուրջը ոչինչ նոր չէր.նույն երշիկներն են ցուցափեղկում,նույն կաթնաշոռը,նույն վաճառողուհին,որ թթված նայում էր իրեն:<<Ափսո՜ս,-անցավ նրա մտքով,-դրամապանակ լիներ ինչքան բան կգնեի>>:Հակառակի նման վարար անձրև էր,և չգիտեր մնար թե դուրս գար:

  Վ-ն մոտ 70-75 տարեկան բարձրահասակ,վտիտ ծերունի էր:Գլխին գրեթե մազ չկար:Եթե ուշադիր նայեիր,կնկատեիր մի քանի սպիտակած մազեր,որոնք գրեթե չէին երևում:Ուներ բավականին թավ հոնքեր,իսկ աչքերը լցված էին դառնությամբ,չարությամբ և տառապանքով:Տարիներ շարունակ նրան ուղեկցում էր իր սև բաճկոնը,որը արդեն գունաթափվել էր արևից,և ճարմանդները հազիվ էին պահում կոճակները:

  Նրա մասին ոչ ոք ոչինչ չգիտեր.որտեղի՞ց էր եկել,որտե՞ղ էր նրա ընտանիքը: Մի քանի անգամ հարևանները փորձել էին նրա հետ խոսել,սակայն նա նույնիսկ չէր պատասխանել նրանց  բարևին:Վ-ն խոսում էր միայն վաճառողուհու հետ գնումների ժամանակ և այն էլ արհամարհական տոնով:Քայլում էր դանդաղ և ամեն քարի վրա ոտքը դնելուց առաջ ստուգում էր քարի ամրությունը:Երբ անցնում էր բակով,տիրում էր լռություն,և բոլորը քարացած նայում էին նրան:Իսկ երբ մի փոքր հեռանում էր,բոլորը սկսում էին փսփսալ և ծիծաղել:Այս ամենը տարօրինակ բաներ այդ թաղամասում,քանի որ այստեղ բոլորը ճանաչում էին իրար,և բոլորին հետաքրքրում էր մնացածի կյանքը:

  Վ-ի տուն ոչ ոք չէր համարձակվում գնալ:Ոչ ոք չգիտեր,թե ինչպես էր ապրում այդ տարօրինակ ծերուկը:Շատերը ասում էին,որ նրա տանը գրեթե ոչինչ չկա.միայն մեկ աթոռ է և մեկ մահճակալ:Մնացածի կարծիքով նա ապրում է կեղտոտ պայմաններում`առնետների և տառականների հետ:Նրանք այս ամենը պատկերացնում և նկարագրում էին այնքանով,ինչքանով որ բավականեցնում էր նրանց վառ երևակայությունը:

  Բայց ո՞րն էր ճշմարտությունը….

  -Քսան տարի առաջ ես էլ բոլորի նման կենսուրախ էի:Ես ինձ համարում էի աշխարհի ամենաերջանիկ մարդը,քանի որ ունեի կին,երկու աղջիկ,ունեի լավ աշխատանք,ունեի շատ ընկերներ,հարազատներ,բայց այս բոլորը իմն էին մինչև….դժվարանում էր խոսել:Վաճառողուհին չէր համարձակվում խախտել խեղդող լռությունը:Չանցած մի քանի րոպե`ծերունին շարունակեց.

  -Պատերազմ էր:Ամեն գիշեր մենք տեսնում էինք,թե ինչպես են երկու մեքենա անցնում թաղամասով,կանգնում հարևաններից մեկի կամ մյուսի տան առջև,և մի քանի րոպեից այդ մարդիկ հայտնվում էին նրանց մեքենաներում:Ուր էին տանում`ոչ ոք չգիտեր,որովհետև այնտեղից ոչ ոք չէր վերադառնում:Նայում էի այդ մարդկանց խուճապահար,այլայլված դեմքերին և մտածում.<<Մեր հերթն էլ է գալու>>:

  Այդ գիշեր սովորականի նման գնացի երեխաների սենյակ` բարի գիշեր մաղթելու:Բայց այդ օրը կարծես ինչ-որ բան ինձ չէր թողնում հեռանալ այդտեղից:Նստել էի սենյակում,նայում էի նրանց ու մտածում.<<Աստվա՛ծ իմ,օգնիր ինձ,որ կարողանամ պաշտպանել նրանց>>:Չեմ հիշում`ինչքան մնացի այդպես նստած,բայց զգացի,որ արդեն ուշ է և դուրս եկա սենյակից:Տանը լռություն էր:Լսվում էր միայն ժամացույցի սլաքների թխկթխկոցը:Սկսեցի հաշվել.մեկ,երկու,երեք…երեեեե՜ք:Մեր պատուհանի մոտ կանգնեց մեքենան,հենց որին էլ կարծես սպասում էի:<<Բայց ի՞նչ անեմ,-մտածեցի ես,-այսքան ժամանակ կանխազգում էի,որ նաև մեր հերթն է գալու,բայց երբ եկել է ժամանակը,ես չգիտեմ`  ինչ անեմ>>:Մինչ ես կխորանայի մտքերիս մեջ,լսվեց զանգի չարագույժ ձայնը:Տանը ունեի ատրճանակ,որի մեջ կար ընդամենը երեք փամփուշտ:<<Ի՞նչ անել` մեռնել հիմա,սեփական տանը,թե գնալ մեռնելու>>:Կինս ու աղջիկներս արդեն արթնացել էին ու թաքնվել մեջքիս ետևում:Կնոջս խնդրեցի բերել ատրճանակը և շշնջացի.

-Մեզնից մեկը պետք է գերի ընկնի.ատրճանակի մեջ ընդամենը երեք փամփուշտ է:Երբ ես բարձրաձայն ասացի այդ խոսքերը,մարմնովս սարսուռ անցավ:<<Չէ՛,ես չեմ կարող,չեմ կարող>>:

  Դուռը ջարդվեց,և ներս մտան զինվորական համազգեստով մարդիկ:Նրանցից մեկը,մի քայլ առաջ գալով,հրամայական տոնով ասաց.

-Պետք է գնանք:

  Կինս նայեց ինձ,հետո սարսափահար եղած երեխաներին և դողացող ձայնով կրկնեց.

-Պետք է գնանք:

  Մեզ նստեցրեցին տարբեր մեքենաներ: Եվ այդ վերջին անգամն էր,որ ես տեսա նրանց:Կնոջս ու երեխաներիս վախեցած դեմքերը մինչև հիմա աչքերիս առաջ են:Ամեն ինչ սկսում եմ աղոտ հիշել և վախենում եմ,շատ եմ վախենում,որ կմոռանամ նրանց դեմքերը: Ա՜խր նրանցից մնացած միակ բանը հիշողությանս մեջ դրոշմված տեսարանն է:

  Վաճառողուհին ուշադիր  լսում էր ծերունուն:Վ-ն առաջին անգամ վաճառողուհու թթված հայացքի փոխարեն նրա աչքերում նկատեց խղճահարություն և կարեկցանք:

 -Իսկ հետո ի՞նչ եղավ,-հարցրեց վաճառողուհին:

 Ծերունին խորը շունչ քաշեց և շարունակեց.

  -Ես հրաշքով կարողացա դուրս պրծնել գերությունից:Ինձ օգնեց պահակներից մեկը,ում հետ հասցրել էի մտերմանալ:Մի որոշ ժամանակ ապրում էի խոնավ ու մութ նկուղներում:Ես փորձում էի տեղեկություններ հավաքել ընտանիքիս մասին,բայց ամեն ինչ անօգուտ էր:Երբ ավարտվեց պատերազմը,որոշեցի գնալ մեր քաղաք:Իմ հույսը չէր մարում, և ես ուզում էի իմանալ,որ ընտանիքս անդամները հաստատ ողջ են և ինձ են սպասում:Ճանապարհին հանդիպեցի մեր հարևաններից մեկին `Տիկին Շառլոտային:Խոսելու ընթացքում պարզվեց,որ կինս ու աղջիկներս նրա հետ են եղել:Ես դողացող ձայնով հարցրեցի.

  -Նրանք որտե՞ղ են սպասում ինձ,ինչպե՞ս գտնեմ նրանց:

  Տիկին Շառլոտան իջեցրեց հայացքը,կարծես վախենում էր նայել դեմքիս ու երկար լռությունից հետո պատասխանեց.

  -Ցավում եմ,նրանց սպանեցին պատերազմի ավարտից երեք օր առաջ:

  Ես այլևս չէի լսում նրան և չգիտեմ,թե նա ինչ մխիթարության խոսքեր ասաց ինձ:Սկսեցի հաշվել.մեկ,երկու,երեք….

  Անիմաստ համարեցի գնալ քաղաք.չէ՞ որ ինձ այնտեց ոչ ոք չէր սպասում:Որոշեցի հեռանալ,գնալ շատ հեռու,չխոսել,չշփվել,չընտելանալ ոչ ոքի:Գլխումս միայն մեկ միտք էր.<<Իսկ եթե նորից կորցնեմ այն մարդկանց,ում սիրում եմ:Չէ՛,անտանելի է կորուստի զգացումը>>:

  Ճակատագրի բերումով հայտնվեցի ձեր թաղամասում:Այստեղ վարձեցի տուն,գտա աշխատանք:Քիչ չէի վաստակում:Կարողանում էի տան վարձը տալ և գոյատևել:Սակայն երկու ամիս առաջ ինձ հեռացրեցին աշխատանքից պատճառաբանելով,որ արդեն ծեր եմ և դանդաղ եմ կատարում աշխատանքը:Վարձը չվճարելու պատճառով տան տերը ինձ տվել է երեք օր ժամանակ,որպեսզի վճարեմ պարտքերս և հեռանամ:Մեկ,երկու,երեք...այսօր երրորդ օրն է և ես պետք է գնամ:

  Անձրևն էլ կարծես լսում էր ծերունուն:Եվ երբ Վ-ն ավարտեց պատմությունր,անձրևը կտրվեց:



5

2

1268