Copy SMS

ԿԱՐՄԻՐ ԴԵԿՏԵՄԲԵՐ 4 և 5 մասեր

ԿԱՐՄԻՐ ԴԵԿՏԵՄԲԵՐ  4 և  5 մասեր - կարմիր, դեկտեմբեր, սեվ, մանգուշյան

Հեղինակ ՝ SEV MANGUSHYAN


ՄԱՍ 4


Անցավ տասներկուերորդ օրը, տասներեքը, տասնչորսը, և տղայիցս ոչ մի լուր չկար:  Ես ամեն օր մեռնում էի, իսկ հաջորդ օրը նորից սպասում էի, որ նա կհայտնվի, հետո նորից մեռնում էի…

Ամեն ինչ անում էի, որպեսզի չհիշեմ այն օրերը, երբ նա դեռ տանն էր, որովհետև եթե սկսեի հիշել դրանք, կնշանակեր, որ համակերպվում եմ նրա անհետացմանը:  Աններելի է բաց թողնել մարդուն ու համակերպվել, գիշերները պետք է արթուն մնալ, որովհետև եթե քնեցիր, հնարավոր է, որ նա այլևս հետ չվերադառնա, ես գիտեմ, որ տղաս գալու է:

Լրացավ տասնվեցերորդ օրը:  Ես հասկացա, որ այսօր կամ վաղը կխեղդվեմ, որովհետև սկսում էի հիշել տղայիս:  Վերցրեցի Էլզայի հասցեն ու գնացի նրա տուն:  Այսօր ինձ անհարժեշտ էր տեսնել նրան, ինչպիսին էլ նա լինի, աշխարհում միակ մարդն է, ով տղայիս մի մասնիկն է:

Դուռը բացեց հինգ կամ վեց տարեկան աղջիկ երեխա , հարցրեցի, թե տա՞նն է Էլզան, նա պտտվեց ու ձայն տվեց Էլզային`անվանելով նրան <<մամ>> : Էլզան դուրս եկավ և, տեսնելով ինձ, հանկարծակիի եկավ, չէր սպասում, ես մոտեցա ու գրկեցի նրան:  Նա հասկացավ…Հասկացավ, որ ես այլևս չեմ կարող միայնակ շարունակել:  Մենք տուն գնացինք, նա ինձ ծանոթացրերց իր երկու աղջիկների հետ, նրանք տղայիս քույրերն էին: Էլզան ասաց, որ ցանկացած հարցով կարող եմ հույս դնել իր վրա, որ նա իմ կողքին կլինի այնքան ժամանակ, մինչև կգտնեմ տղայիս:  Իսկ ես խնդրեցի, որ նա ոչ մի տեղ չբարձրաձայնի այն մասին, որ ինքը Դանիելի մայրն է, լրագրողները միանգամից կտարածեն այդ լուրը, իսկ ես չեմ ուզում, որ Դանիելն այս կերպ իմանա իր մոր գոյության մասին:  Ես Էլզային ասացի, որ տղան գիտի, թե մայրը մահացել է:  Էլզայի աչքերն արցունքոտվեցին, նա մի քանի վայրկյան լռեց, իսկ հետո ասաց, որ ոչ ոք չի իմանա, թե ինքն ով է :

       Ոստիկաններն ամեն օր գալիս էին իմ տուն և տալիս էին իրենց աշխատանքի մասին անարդյունք տեղեկություններ:  Իսկ ինձ դռան ամեն մի թակոցը, ամեն մի հեռախոսազանգը հույս էր տալիս, թե հիմա կհայտնեն, որ նրան գտել են, որ տուն են բերում:  Այս օրերին ես ոչ մի անգամ չզրուցեցի լրագրողների հետ:  Այն օրը, երբ լրացավ որդուս անհետացման տասնութերորդ օրը, ես դուրս եկա ու տեսախցիկների առջև խնդրեցի, որ որդուս հետ վերադարձնեն, որովհետև նա չի գնացել, նրան տարել են…

Հաջորդ օրը` կեսօրին, ես արթնացա, քնել էի…Չգիտեմ ինչու, բայց այդ օրը ես քնել էի:  Արագ բացեցի վարագույրն ու դուրս նայեցի. ամեն ինչ նույն էր, մի քանի րոպե կանգնած մնացի պատուհանի մոտ, երբ զանգեց հեռախոսը:

Վազեցի ու վերցրեցի լսափողը:  Զանգում էին ոստիկանությունից,ինձ հայտնեցին որ տեղեկություն են ստացել, թե այգիներից մեկի սառած լճում դի է հայտնաբերվել, ոստիկանների խումբը գնացել է դեպքի վայր, ես զայրացա, թե ինչու են ինձ զանգահարել և հայտնում դիակի մասին, ոստիկանն ասաց, որ պետք է գնամ դեպքի վայր ու ճանաչեմ դին, ես կորցնում էի ինձ և բղավեցի, որ դա իմ որդին չի, նա չի մահացել:  Ոստիկանն ասաց, որ ամեն դեպքում ես պետք է գնամ դեպքի վայր: Ես որոշեցի շտապ դուրս գալ, հետո հասկացա, որ եթե շտապեմ կնշանակի, որ անհանգստանում եմ, բայց ո՛չ, այնտեղ Դանիելը չէ:

Ես հագա վերարկուս, կապեցի հին ժամացույցերիցս մեկը ու դուրս եկա տանից: Լճի մոտ արդեն հավաքվել էին ոստիկանները, լրագրողներն ու հետաքրքրասեր մարդիկ, երբ տեղ հասա, բոլորն անհանգիստ ինձ էին նայում, իսկ ես առանց որևէ հուզմունքի մոտեցա ոստիկաններին, որովհետև վստահ էի, որ իմ տղան ողջ է:  Լիճը սառած էր, և դժվարությամբ էին դին դուրս բերում:  Ոստիկաններից մեկը ձայն տվեց, ու հայտնեց, որ դին արդեն դուրս է բերվել: Կապիտաններից մեկն ինձ առաջ տարավ, որ տեսնեմ:  Ոստիկանները մի կողմ քաշվեցին, որ տեսնեմ դին:  Ես տեսա գետնին դրված սառած մարմինը, հետո գլուխս բարձրացրի ու նայեցի երկնքին, երդվում եմ վերևումս երկինք չկար… Դատարկ էր…Լարվածությունից ժամացույցս պոկեցի ձեռքիցս:  Դեկտեմբերի քսաներկուսին ժամը տասներեքն անց քսանյոթ րոպեին տղաս մահացավ… Այդ փոքրիկ սառած մարմինն իմ տղայինն էր:  Բոլորը սպասում էին իմ պատասխանին, բայց ինչպես կարող եմ ասել,թե այո՛, սա իմ Դանիելն է, ինչպես ինքս ինձ խոստովանեմ, որ վերջ, այլևս սպասելու ոչինչ չկա: Ես կորցրեցի ինձ աշխարհի երեսից:

-Իմ տղան է,-հազիվ լսլեի ձայնով ասացի ես:  Շուրջս մեծ աղմուկ բարձրացավ, շուրջս աշխարհը կործանվեց:  Մարդիկ շրջապատել էին ինձ, բայց ես ոչ ոքի չէի տեսնում:  Էլզան մարդկանց հրեց մի կողմ մոտեցավ ու գրկեց ինձ:  Մի քանի ժամ հետո թեթերում տարածվեց տղայիս մահվան լուրը ՝ <<Անհետացած Դանիել Ֆոլքներին գտան մահացած>>, <<Հայրը ճանաչեց որդու դին>>…

Ամբողջ դեկտեմբեր ձյուն չեր եկել, այդ օրը առաջին անգամ ձյուն եկավ:


ՄԱՍ 5


Այլևս անիրական էր այն ամենը, ինչը կատարվում էր իմ շուրջը:  Տղայիս հուղարկավորությանը ինձ հետ էր նաև Էլզան:  Ես չէի ուզում մասնակցել այդ արարողությանը, սարսափելի էր…Ես նրան հրաժեշտ էի տալիս:  Հանկարծ հավաքվածների շարքում  նկատեցի մի աղջկա երկու երեխաների հետ միասին, դժվարությամբ ճանաչեցի նրան:  Նա ՝ Ա.Կ.-ն էր, այն աղջիկն ում ութը տարի առաջ թողել էի եկեղեցում ու հեռացել էի: Նա մոտեցավ ինձ, ցավակցեց, ես գլխով արեցի հետո նայեցի նրա երեխաներին:  Ա.Կ.-ն հեռացավ երեխաների հետ միասին, ես նայում էի նրա հետևից, սպասում էի, որ պտտվելու է և հետ է նայելու, նա շրջվեց ու նայեց ինձ…Հետո նստեց մեքենա ու գնաց:  Ծնողներս առաջարկեցին, որ մի որոշ ժամանակով տեղփոխվեմ իրենց բնակարան, ես հրաժարվեցի:

Այլևս չէի ուզում ցավակցություններ լսել, յուրաքանչյուր ձեռք սեղմումը, սգացող դեմքը, ցավակցական խոսքն ինձ սպանում էր:  Կարծես բոլորը հերթով գալիս էին հաստատելու իմ կորուստը, ասելու, որ այլևս անելիք չունեմ այս աշխարհում:  Էլզան առաջարկեց, որ տուն գնամ, ես ասացի, որ մենակ կգնամ:  Թողեցի հավաքվածներին ու գնացի…Գնում էի…բայց ուր…Ինչ  տան մասին է խոսքը…Ես այլևս տուն չունեմ…Բայց փողոցն էլ իմը չէ, ոչինչ այլևս իմը չէ:  Գնացի տուն:

Երբեմն լռությունն այնքան սարսափելի է լինում, որ երազում ես անգամ  գարշելի աղմուկ լսելու մասին:  Մտա տղայիս սենյակը, այնտեղ ամեն ինչ թողնված էր այնպես,ինչպես նա էր թողել դեկտեմբերի երեքի առավոտյան:  Բացեցի պատուհանն ու սառը քամին վարագույրը հպեց դեմքիս:  Բարձրացա պատուհանագոգին, ու նայում էի ներքև:  Ես պատրաստ էի ցած նետվելու, վարագույրն ամբողջ ուժով սեղմել էի ափիս մեջ…Հիշում եմ, ինչպես այն դանդաղ պոկվեց ու ցած ընկավ, հաջորդը ես էի : Գիտեի,որ ոչ ոք չի բացի դուռն ու հետ չի պահի ինձ: Բոլորն էլ գիտեին, որ եթե ոչ այսօր, ապա գոնե վաղը համարձակություն կունենամ մեռնելու: Չէ՛, չնետվեցի, դեռ շուտ է. ես դեռ պետք է բավականաչափ տանջվեմ, չեմ կարող այսքան հեշտ մեռնել ու ինձ հետ տանել տղայիս մասին հիշողությունները…Ես դեռ պետք է ապրեմ այդ հիշողություններով, մինչև դրանք կսպանեն ինձ:

Էլզան արթնացրեց, ես քնել էի տղայիս սենյակում, պատուհանը բաց էր, ամբողջությամբ սառել էի:  Թեյ պատրաստեց, հետո սկսեցինք զրուցել:  Ես ասում էի նրան, որ չեմ հավատում, թե տղաս խեղդվել է, նրան սպանել են, Էլզան էլ պատասխանեց,թե ոստիկանությունն ամեն ինչ կպարզի:

Արդեն մեկ ամիս է, ես ընդհանրապես տանից դուրս չէի գալիս, Էլզան հաճախակի գալիս էր ինձ այցելության, մնացածին ես չէի ընդունում:

Արգելում էի, որ որևէ մեկն ինձ հույս տա, թե ցավը կանցնի, դա աններելի է, ես թույլ չեմ տա, որ ցավն այնպես անցնի, կարծես տղաս չի էլ եղել:

Ոստիկանությունից ինձ տեղեկացրին, որ գործը փակված է, սպանության հետքեր չկան, տղաս խեղդվել է:  Ես չհավատացի:

Երբ ձմեռն արդեն վերջացավ, ես տանից դուրս եկա, զգուշությամբ էի քայլում փողոցներով, որ հանկարծ չանցնեմ այն ճանապարհներով, որտեղով Դանիելին դպրոց էի տանում:  Եթե մեկն ինձ հարցներ` ո՞րն է մեր քաղաքի ամենագեղեցիկ փողոցը, ես կտայի այդ փողոցի անունը, ես պաշտում եմ այդ փողոցները, դրանք ամենագեղեցիկն էին, որովհետև ես տղայիս հետ միասին եմ քայլել այդ տեղանքով, փողոցն էական չէր, կարևորը ժամանակն էր, որ կորավ այդ փողոցի պատերի մեջ:

       Ժամանակի ընթացքում հայտվում են մարդիկ, ովքեր անհարժեշտ են այդ պահին, նրանք դառնում են հարազատ, ընկեր, քույր, եղբայր, բայց չհամարձակվեք երբեք նրանց անվանել փոխարինողներ, որովհետև այն կորուստը, որ ցավ է թողնում, որը դատարկ պահարանում հիշողություն է թողնում, այդ կորուստը առաջացնում է մի ահռելի դատարկություն, որտեղ թափառում են միայն արդեն անցած ու վերջացած օրերը, անհնար է դրան փոխարինող գտնելը, չկա …չէ՛, գոյություն չունի, խեղդեք ձեզ, քաղացած մնացեք, սպանեք ձեզ ինչքան կուզեք, միևնույն է, փոխարինող չի գալու…
       Չեմ հիշում  ինչ օր էր, փողոցում հանդիպեցի Ա.Կ.-ին:  Նա հրավիրեց ինձ իր տուն:  Մոտ էինք տանը, և ես ստիպված գնացի, տանն էին նրա երկու երեխաները՝ աղջիկը և տղան: Նստեցի,Ա.Կ.-ն ասաց, որ ինձ չի ճանաչում, որ ես այն տղան չեմ, ում գիտեր ութը տարի առաջ, հետո պատմեց ու երեխաներին միայնակ է մեծացնում, ամուսինը երկու տարի առաջ զոհվել է մարտական դիրքերում:  Նա ընդհանրապես չհիշատակեց որդուս, հասկանում էր, որ ինձ փրկել չի կարող, չի կարող դուրս հանել ինձ…Նա փորձեց խոսել անցյալի մասին, ես մի քանի անգամ ժպտացի` հիշելով այն, ինչ նա պատմում էր:

Հետո նորից թողեցի այս աշխարհը. նա խոսում էր, իսկ ես չէի լսում, նայեցի երեխաներին ու մտածեցի,որ նրանք կարող էին իմ երեխաները լինել, չէ՛, ափսոսանք չէր, ես ուղղակի մտքերս ազատ էի թողել, հետո սկսեցի բարձրաձայն ծիծաղել, իբր լսում էի նրան:

Տուն վերադառնալու ճանապարհին հանկարծ հիշեցի, որ Դանիելի անհետնալու նախորդ օրը ապտակել եմ նրան, երանի մեռնեի այդ պահին:  Գնացի տուն ու սկսեցի լաց լինել, պարզ հիշեցի այդ պահի ամեն վայրկյանը, ապտակը, նրա հայացքը, ախր ինչպես այդ պահին շունչս չկտրվեց:  Ես ինչպես հետ բերեմ տղայիս ու խնդրեմ, որ ների ինձ, չնայած հիշում եմ, որ դրա հաջորդ օրն արդեն որդիս չէր հիշում ապտակի մասին:  Այդ պահին ես ուղղակի զայրացա, ու մենք մոռացանք դրա մասին, իսկ հիմա ես երբեք ինձ չեմ ների նրա ստացած ապտակի, նրա տագնապած ու զայրացած հայացքի համար:

 ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ....

6

4

834

  • Շ...
    2015-08-26 00:56:03
    Անհամբեր սպասում եմ մյուս մասին (բռավո) (բռավո) (բռավո)
  • Deamon
    2015-08-26 18:27:03
    Ինձ թվում ա նա սպանելու է էլզաին այն պատճառով որ նա կապ է ունենանլու իր որդու մահվան մեջ
  • .....
    2015-08-28 14:07:32
    կարող եմ մի փոքրիկ խորհուրդ տալ,աշխատեք շատ ընդմիջում չտալ հաջորդ մասերը հրապարակելու համար,քանի որ հետաքրքրությունը մարում է (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)