Copy SMS

Ասել է թե՝ նահանջում ենք

...Ես ինքնաթիռներն էլ եմ սիրում, որովհետև մի օր այդ ինքնաթիռներից մեկն ինձ մոտ կբերի իմ հայրիկին, մայրիկն է ասել...

Ասել է թե՝ նահանջում ենք - իրականություն, կարոտ, ընտանիք


Բարև ձեզ, ես Արփին եմ: Արդեն չորս տարեկան եմ ու կարողանում եմ մատներիս վրա ցույց տալ տարիքս: Մայրիկս ինձ սովորեցրել է հաշվել մինչև տասը...

Ես ապրում եմ Երևանում: Մայրիկն արգելել է պատուհանից ներքև նայել, բայց ես գիտեմ, որ մեր տունը շատ բարձր է: Երբ մեծանամ, այլևս ստիպված չեմ լինի կանգնել աթոռին, որպեսզի տեսնեմ, թե ինչ կա պատուհանից այն կողմ... Այո, թեև մայրիկն արգելել է, բայց ես երբեմն թաքուն կանգնում եմ աթոռին՝ պատուհանի մոտ, ու դուրս նայում: Ներքևում՝ փողոցներում, զբոսայգում, խաղահրապարակներում շատ մարդիկ կան և նրանք միշտ ինչ-որ տեղ են շտապում: Ես չգիտեմ՝ նրանք ուր են գնում, չեմ կարողանում կարդալ նրանց մտքերը, բայց նրանք բոլորը միշտ զայրացած են: Չգիտեմ՝ ինչում, բայց նրանք երբեք չեն ժպտում: Բոլորը լուրջ են, զայրացած, տխուր, իրար չեն բարևում... Մայրիկն ասում է, որ բարևելը քաղաքավարության նշան է...

Բայց ավելի հաճախ ես նայում եմ երկնքին: Մեր պատշգամբում երկու ծիծեռնակ բույն են դրել և ճտեր հանել: Ամեն օր ես տեսնում եմ, թե ինչպես են նրանք իրենց ձագուկների համար կեր բերում... Սիրում եմ նայել երկնքին: Նկատել եմ, որ այն երբեմն պայծառ է, լուսավոր, իմ սիրած գույնի՝ երկնագույն, իսկ երբեմն զգում եմ, որ մթնում է, արևը թաքնվում է, իսկ երկինքը մայրիկիս սվիտերի գույնն է ստանում՝ մոխրագույն: 

Ես չեմ սիրում մոխրագույնը. այն փողոցով քայլող տխուր ու զայրացած մարդկանց գույնն է: Ես երկնագույնն եմ սիրում: Երբ երկինքն այդ գույնի է, ես կարողանում եմ նկատել ինքնաթիռների թողած սպիտակ բծերը... Ես ինքնաթիռներն էլ եմ սիրում, որովհետև մի օր այդ ինքնաթիռներից մեկն ինձ մոտ կբերի իմ հայրիկին, մայրիկն է ասել... Ամեն անգամ, երբ երկնքում սպիտակ բիծ եմ նկատում, վազում եմ մայրիկի մոտ ու ասում եմ նրան այդ մասին և խնդրում, որ հայրիկի սիրած խմորեղենը պատրաստի: Բայց հայրիկը չի գալիս...

... Մայրիկն ամուր գրկում է ինձ, համբուրում ճակատս ու շոյում գլուխս... Գլուխս դնում եմ նրա ծնկներին ու փակում աչքերս: Հայրիկին եմ հիշում...

- Մա՛մ, հայրիկը ե՞րբ կգա, - հարցնում եմ ես՝ գլուխս բարձրացնելով:

- Շուտով, սիրունս, շուտով կգա... - ժպտում է մայրս,, բայց ես գիտեմ, որ դա ձևական ժպիտ է. նրա աչքերը տխուր են...

- Իսկ որտե՞ղ է նա, մամ, - հարցնում եմ ես: Էլի եմ հարցրել այս մասին, բայց չեմ կարողանում մտապահել:

- Ռուսաստանում, աղջիկս: Հապա կրկնիր՝ Ռու-սաս-տան:

- Ռու-սաս-տան, - անսխալ կրկնում եմ ես և հաջորդ պահին մոռանում, - ինչո՞ւ է գնացել Ռուտասան: 

- Ռու-սաս-տան, - ժպտում է մայրս, բայց ես չեմ կրկնում, - Արփի, իմ սիրուն Արփի, հիշո՞ւմ ես ճանապարհին նստած այն փոքրիկ տղային, որ գումար էր խնդրում, - ես գլխով դրական նշան եմ անում, - դու կուզենայի՞ր նրա փոխարեն լինել:

Մի պահ վերհիշում եմ այն տղային: Համարյա իմ հասակին էր: Մուգ սև մազեր ուներ ու բաց շագանակագույն աչքեր: Փորձում եմ հիշել, թե ինչ կար նրա հագին... Չեմ կարողանում: Հիշում եմ, որ հագուստը կեղտոտ էր ու ճղճղված: Մայրիկս նրան դրամներ տվեց և ինձ համար այդ օրը պաղպաղակ չառավ: Բայց ես չնողացա...

- Ոչ, չէի ուզենա լինել նրա փոխարեն, - վերջապես պատասխանում եմ ես:

Մայրս կրկին ժպտում է:

Ասել է թե՝ նահանջում ենք - իրականություն, կարոտ, ընտանիք

Մայրս կրկին ժպտում է:

 - Հայրդ գնացել է Ռուսաստան, որպեսզի մենք էլ այդ տղայի պես փողոցում փող չխնդրենք ուրիշներից, Արփիս: Նա այնտեղ աշխատում է, որպեսզի մենք ոչ մի բանի կարիք չունենանք... Դու սիրում ես, չէ՞, քո գույնզգույն մատիտները, որ երեկ գնեցինք... Եթե հայրիկը չաշխատի, մենք էլ գույնզգույն մատիտներ, հեքիաթի գրքեր ու քաղցրավենիք չենք ունենա, հասկանո՞ւմ ես, Արփի:

- Բայց... - ոչ, չեմ հասկանում, - բայց նա կարող է այստեղ էլ աշխատել, ինչպես մեր բակի շատ երեխաների հայրիկները... Ինչո՞ւ է գնացել այդքան հեռու: Մեր բակի երեխաները միշտ պատմում են, թե ինչ խաղեր են խաղացել իրենց հայրիկների հետ, թե որտեղ են գնացել նրանց հետ... - կոկորդումս ինչ-որ բան սեղմվում է, և չեմ կարողանում շարունակել: 
Ամուր սեղմվում եմ մայրիկին: Նա ինձ գրկում է ու նորից համբուրում գլուխս:

Ուզում եմ լաց լինել, բայց չեմ լացի: Երբ հեռախոսով հայրիկի հետ էի խոսում, նա ասաց, որ ես իր ուժեղ աղջիկն եմ, որ երբեք չպիտի լաց լինեմ մանրուքների պատճառով ու որ պիտի միշտ պաշտպանեմ մայրիկին: Եթե ես լաց լինոմ, մայրիկն էլ կլացի: Ես չպիտի լաց լինեմ:

Բարձրացնում եմ գլուխս, ժպտում մայրիկին ու նորից սեղմվում նրա մոխրագույն սվիտերին, որից ազնվամորու հոտ է գալիս: 
Այտերս թրջվել են, բայց ես չեմ լացում, ազնիվ խոսք...

- Ինձ պետք չեն այդ գույնզգույն մատիտները, - ասում եմ ես՝ առանց գլուխս բարձրացնելու, - ես դրանք կվաճառեմ ու մենք գումար կունենանք, միայն թե թող հայրիկը գա: Ես համաձայն եմ, որ իմ շորերն էլ այն տղայի շորերի նման մաշված լինեն, բայց հայրիկը թող գա, մա՛մ, - անկախ իմ կամքից հեծկլտում եմ, - Ես ուզում եմ, որ մենք էլ երեքով լինենք, ինչպես մեր հարկի ծիծեռնակները... Մամ, ախր դու առանց հայրիկ-ծիծեռնակի չես կարող ինձ պաշտպանել: Ոչ էլ ես՝ քեզ... - մայրս լալիս է...

Այլևս չեմ կարող ինձ զսպել ու վազում եմ իմ սենյակ: Մայրս չի գալիս իմ հետևից: 
Դարակիցս հանում եմ երեկ գնած գունավոր մատիտների տուփն ու սկսում նկարել: 
Երկինքը պայծառ է, կապույտ ու արևոտ: Ես եմ՝ մայրիկի ու հայրիկի ձեռքից բռնած: Մենք ժպտում ենք... Ծիծեռնակներ էլ կնկարեմ... Եվ ինքնաթիռ, որ արդեն գնում է ու էլ հետ չի գալու. հայրիկս ընդմիշտ մնալու է ինձ հետ: Մեզ հետ... Մայրիկի սվիտերն էլ երկնագույն կնկարեմ: Մոխրագույնը տխրության գույնն է, իսկ ես չպիտի թույլ տամ, որ իմ մայրիկը տխրի: Չէ՞ որ ես ուժեղ աղջիկ եմ...

Երբ հայրիկը գա, այս նկարը նրան անպայման ցույց կտամ ու կխնդրեմ, որ վաճառի մատիտներս ու մայրիկի համար երկնագույն սվիտեր գնի...

Բայց... Նա ե՞րբ կգա... 


10

9

1391

  • Hak S
    2015-10-07 23:43:28
    (բռավո)
    • Էննի
      2015-10-07 23:46:04
      (ծաղիկ)
  • Թիթեռ
    2015-10-08 18:13:16
    Իրոք երկնագույնը ամենա լավն գույն է >> :( ...ինչ լավն էրրրրր,,,,, կուզենայի շարունակեիք: (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • Էննի
      2015-10-08 18:44:21
      Շնորհակալ եմ, շա՜տ O:) Սրա նման մի բան էլ կգրեմ, բայց էս մեկը չեմ շարունակի, երևի: (ծաղիկ)
      • Թիթեռ
        2015-10-08 20:55:56
        կսպասեմ :)
  • Նիկեա
    2015-10-08 18:30:13
    Նահանջում ենք՝ բացահայտ կերպով, (ծաղիկ) ապրես.
    • Էննի
      2015-10-08 18:42:36
      Նահանջում ենք, բայց վերադառնալու ակնկալիքով: (ծաղիկ) Դու էլ ապրես: (ծաղիկ)
      • Նիկեա
        2015-10-08 19:07:07
        Իսկ էտ ակնկալիքների չիրականացումը, ցավոք սրտի, այսօր մեծ տարածում է գտել.. (ծաղիկ)
  • fiction ☯
    2015-10-13 02:24:19
    արդի հայաստանյան թեմա, ապրես (ծաղիկ)