Ամանորյա հրաշք
Նախատոնական ռոմանտիկան էնքան շատ էր, որ սենտիմենտալ ու անքուն Էննին չդիմացավ մուսայի գայթակղություններին... :)
Խորը շունչ եմ քաշում: Այն աստիճանի, որ թոքերս սկսում են ցավել:
Ու սեղմում եմ զանգի կոճակը: Սեղմում եմ ու հենց այդ պահին էլ փոշմանում արածիս համար: Ձեռքերս սկսում են դողալ, ու ես ավելի ամուր եմ սեղմում հեռախոսը ձեռքումս, որ այն հանկարծ չընկնի: Ու մինչ մյուս ծայրում հնչում է զանգի ձայնը, ես զգում եմ, որ շունչս կտրվում է: Դրսում եմ, բայց օդս չի բավականացնում: Փորձում եմ հանգիստ ու դանդաղ շրչել, բայց ձեռքերիս դողը փոխանցվում է ողջ մարմնիս...
- Ալլո, - հնչում է մյուս ծայրում ինձ այդքան հարազատ ու այդքան օտար ձայնը, և ես կորցնում եմ խոսելու կարողությունս, - Ո՞վ է...
- Ա... Ալո, - մտքումս հայհոյում եմ ինձ դողացող ձայնիս համար, - Բա... բարև, Ալեքս:
- Բարև, - ձայնի մեջ զարմանքի հնչյուններ կան, - Անի՞...
- Ես եմ... - գրողը տանի, երկու օր է, ինչ մտքումս նախապատրաստում էի, թե ինչ պիտի ասեմ, բայց հիմա ոչինչ չեմ հիշում, - Լա՞վ ես:
- Լավ եմ, Ան ջան, դու լա՞վ ես, - ինձ թվա՞ց, թե՞ նրա ձայնի մեջ իսկապես ջերմության ելևէջներ կային:
- Ես էլ եմ լավ... - հանգիստ շնչիր, Անի, հանգիստ, - Ես... Կներես, որ անհանգստացնում եմ... Երևի զբաղված ես... Մի խոսքով, գալիք Ամանորդ շնորհավոր: Քեզ ամենա-ամենալավ բաները...
- Ապրես, Ան ջան, շատ ապրես, - լսում եմ նրա ժպիտը, - Զգացված եմ ուշադրության համար, ապրես:
Տիրում է կարճատև լռություն: Որը խախտում է նրա թավշյա ձայնը, ու այդ ձայնից մարմնովս թեթև դող է անցնում:
- Ինձնից առաջ անցար, - քմծիծաղ է տալիս, - Ես ուզում էի քեզ զանգել, բայց մտածեցի՝ շուտ կլինի, - Իրոք շատ ապրես, զգացված եմ: Էս տեսակ ջերմությունն ինձ շատ էր պետք: Մանավանդ հիմա...
Գիտեմ, գրողը տանի, գիտեմ: Գիտեմ, որ մենակ ես: Գիտեմ, որ լքված ես ծնողներիդ կողմից: Գիտեմ, որ մերժված ես սիրելիիդ կողմից: Գիտեմ, որ ընկերներդ չգիտես ուր են անհետացել: Գիտեմ, որ պատրաստվում ես մենակության մեջ դիմավորել Ամանորը...
Արցունքները խեղդում են կոկորդս: Չգիտեմ, ինչ անել: Չգիտեմ, ինչ ասել... Շատ բան եմ ուզում ասել, բայց չեմ կարող: Ուղղակի չեմ կարող...
- Ա՞ն...
- Ալեքս, - խորը շունչ եմ քաշում, ձմռան սառը օդն այրում է թոքերս, - Ամենակարևորը՝ լավատես եղիր: Ամեն ինչ լավ կլինի, - ձայնս դողում է, իսկ այտիս վրայով գլորվում է առաջին արցունքի կաթիլը, - Դու շատ լավ մարդ ես: Դու կհասնես քո նպատակներին: Երբեք չհանձնվես, լսո՞ւմ ես: Դու պիտի աշխարհի ամենաերջանիկ մարդը լիես, Ալեքս, - չկարողացա ինձ զսպել, ինքնատիրապետումս կորցնում է իր ողջ ուժը, երբ խոսում եմ նրա հետ. ձայնս վերածվում է հեկեկոցի:
- Անի, - նրա ձայնը չափից դուրս լուրջ է: Նույնիսկ մի քիչ զայրացած:
- Կներես... - առանց ցտեսություն ասելու անջատում եմ հեռախոսը:
Ու հենց այդ պահին դատարկ փողոցը լցվում է հեկեկոցներով: Չեմ հիշում, երբ եմ վերջին անգամ լաց եղել: Միշտ կարողացել եմ ինձ զսպել, երբեք որևէ մեկի ներկայությամբ լավ չեմ եղել: Իսկ հիմա... Հիմա չգիտեմ ինչ կատարվեց ինձ հետ...
Լավ է, որ տանը մենակ եմ: Այս տարի ես էլ եմ մենակ նշելու Նոր տարին... Հանգամանքների բերումով...
Հեկեկում եմ, անընդհատ սրբում եմ արցունքներս, փորձում եմ ինքս ինձ հանգստացնել, ստիպում եմ էլ չլացել: Բայց չի ստացվում: Արցունքները ավելի կատաղի են հոսում այտերովս...
Չեմ հասկանում, ինչ է կատարվում հետս: Հանկարծ ձեռքի մի կտրուկ շարժումով վերցնում եմ հեռախոսն ու հավաքում ինձ այդքան ծանոթ հեռախոսահամարը: Կրկին զանգի ձայնը ստիպում է ինձ դողալ, բայց այս անգամ հաստատակամությամբ եմ լցված: Թեև արցունքի տաք կաթիլները դեռ հոսում են այտերովս, իսկ դրսում այնքան ցուրտ է, որ թվում է, թե հիմա դրանք կսառցակալեն դեմքիս ու աչքերիս:
- Անի՞, - ու նորից նրա ձայնը ստիպում է ինձ քարանալ, շունչս պահում եմ, ու թվում է, թե արյունս կանգ է առել երակներումս:
- Ալեքս... - հեկեկում եմ, գրողը տանի, չեմ կարողանում հանգստանալ:
- Ինչ որ բան էնպես չի՞, - որսում եմ ձայնի անհանգստության նոտաները, - Լացո՞ւմ ես...
- Կներես, բայց ես էլ էսպես չեմ կարող... Ալեքս, ես... Ես սիրում եմ քեզ, - դեմքս ծածածռվում է ներքին ցավից, զգում եմ, ինչպես են այտերս այրվում, - Սիրում եմ քեզ, Ալեքս, շատ եմ սիրում: Միշտ եմ սիրել... Իմ ողջ կյանքում... Գիտեմ, որ փոխադարձաբար չես պատասխանի զգացմունքիս... Ես դադարել եմ հավատալ հրաշքներին: Փոքր տարիքում միշտ երազանք էի պահում Ամանորի գիշերներին, որ դու էլ ինձ սիրես: Բայց հիմա մեծացել եմ ու... Գիտեմ, որ հրաշքներ չեն լինում... Ուղղակի... Խնդրում եմ քեզ, չծիծաղես ինձ վրա: Չարհամարհես զգացմունքս... Ես... ես չէի կարող այլևս ներսումս պահել, - անջատում եմ հեռախոսս ու մեջքով հենվում ծառի կոճղին: Չեմ էլ նկատում, ինչպես եմ ցած սահում ու նստում ձյունոտ ճանապարհին: Շուրջբոլորը դատարկություն է, ձյուն է տեղում: Ես փակում եմ աչքերս ու կծկվում, գրկելով ծնկներս: Ցուրտ չեմ զգում: Այլևս ոչինչ չեմ զգում... Միայն սուր ցավ, որ ներսից է գալիս...
Ուզում եմ ցնդել այս սառը օդում: Ուզում եմ վերանալ... Աստված իմ, ինչ արեցի...
Կորցրել եմ ժամանակի զգացումը: Չգիտեմ, թե որքան եմ այստեղ նստած մնացել: Բայց արդեն մայրամուտ է: Ձեռքերս սառել են: Արցունքներս էլ իսկապես սառցակալել են դեմքիս: Ձյունը դադարել է, իսկ մազերիս միջի փաթիլները հալվել են ու թրջել դրանք ամբողջությամբ: Դեռ հեկեկում եմ: Բայց արդեն մի տեսակ թեթևություն է իջել վրաս: Ուզում եմ բարձրանալ, բայց ոտքերս դողում են, ինձ թույլ եմ զգում: Հենց այս պահին պատրաստ եմ քնել ճանապարհի մեջտեղում...
Ու հանկարծ զգում եմ, ինչպես են ուժեղ ու տաք ձեռքերն ինձ ոտքերիս վրա կանգնեցնում: Ու նույն պահին էլ նա սեղմում է ինձ իր կրծքին:
Ցանկություն չունեմ գլուխս բարձրացնելու: Դրա կարիքը չկա էլ: Առանց դրա էլ գիտեմ, թե ով է ինձ այսպես ամուր գրկողը: Նրա բույրը ոչ ոք չունի...
Չեմ հասկանում, թե նա այստեղ ինչ գործ ունի... Ինչու է եկել... Ինչու է հիմա ինձ այսպես գրկում:
Բայց ուժ չունեմ ձայն հանելու: Չեմ ուզում ոչ մի բանի մասին մտածել: Պարզապես ուզում եմ ապրել այս մի քանի վայրկյանը:
Միգուցե, սա պարզապես պատրանք է: Միգուցե, նա իրականում այստեղ չէ, և այս ամենն ընդհամենն իմ հիվանդ երևակայության արդյունքն է: Բայց ոչինչ... Թեկուզ այդպես...
Ավելի եմ սեղմվում նրա տաք կրծքին ու սկսում եմ լաց լինել:
- Հիմար աղջիկ, - շշնջում է նա ու ես հասկանում եմ, որ սա պատրանք չէ:
- Ալե՞քս, - ուժ եմ գտնում ու բարձրացնում գլուխս:
Ինձ են նայում երկու խորը աչքեր, որոնք լի են... հոգատարությամբ ու քնքշանքով:
Նա համբուրում է ձյունից թրջված ճակատս ու նրա շուրթերի ջերմությունը տարածվում է ողջ մարմնովս:
Նա ժպտում է: Վերցնում է ձեռքերս իր ափերի մեջ ու փորձում տաքացնել դրանք իր շնչով:
- Գնանք տուն... - ասում է նա:
- Բայց...
- Ոչ մի բայց: Ուզում ես հիվանդանա՞լ: Մի քանի ժամից Նոր տարի է, գնանք, քեզ կարգի բեր: Ինձ էլ կօգնես տոնածառը զարդարել:
- Ք... քո տո՞ւն ենք գնում, - զգում եմ, ինչպես են զարմանքից աչքերս մեծանում:
- Իհարկե, իմ տուն, - ժպտում է նա:
- Բայց...
- Անի, - նա նորից նայում է ինձ իր լուրջ հայացքով, իսկ ես փորձում եմ չխորտակվել, - ես չես ուզում, որ դու մենակ դիմավորես Ամանորը... Ուզում եմ սիրելիիս հետ դիմավորել այս Նոր տարին... Միշտ երազել եմ այդ մասին:
Նա ժպտում է այնպես, կարծես մի սովորական բան ասաց, մինչդեռ ես զարմանքից քարացել եմ ու չեմ կարողանում ոչ մի բառ արտասանել:
- Ես սիրում եմ քեզ, Անի, - ես նորից զգում եմ նրա ջերմությունը, այնքան մոտ է կանգնած ինձ, որ շունչս կտրվում է...
- Աստված իմ... - միայն կարողանում եմ այս բառերը շշնջալ, - Դու... դու հեգնո՞ւմ ես ինձ...
Նա միանգամից լրջանում է:
- Ես դեռ ժամանակ կունենամ ապացուցելու խոսքերիս լրջությունը... Գնացինք...
Էննին մաղթում է բոլորին էն տեսակ սեր, որից շունչներդ կկտրվի: :)
Շնորհավոր Նոր տարի!
*գնաց մանդարին ուտելու*
fiction ☯
2015-12-31 17:50:41Էննի
2015-12-31 21:23:53+
2015-12-31 19:09:59Էննի
2015-12-31 21:24:03Culé(Make Just One Someone Happy
2016-01-01 17:24:12Էննի
2016-01-01 19:55:51Culé(Make Just One Someone Happy
2016-01-01 19:58:58Emris
2016-01-22 02:34:26Էննի
2016-01-24 01:01:11Emris
2016-01-30 01:51:17