Copy SMS

Այն կարող է լինել արդարացված(բոլոր 8 մասերը)

Այն կարող է լինել արդարացված(բոլոր 8 մասերը) - պոստ, պոստ, պոստ


  

Մաս 1

Առավոտ էր:Դրսում լսվում էր չարագուշակ քամու ահագնացող ոռնոցը,որ, ճանապարհին ամեն տեսակի իրի հպվելով,ծառերի տերևները անխնա պոկելով,շարունակում էր վազել,ասես ցանկանում էր ինչ-որ մեկին բռնել,բայց ուզածին չհասնելով՝ շարունակում էր սաստկացող բարկությամբ ամեն ինչ իր երտևից տանել:Քամու ընթացքն ուղղորդվում էր մետաղանման իրերի սարսռացնող զրնգոցով և ծառերից պոկվող տերևների աղերսալի շրշյունով:
Տանը քամու անդրաշխարհային նվագն ամբողջացնում էր խոնավությունից խամրած պատերից մեկի կենտրոնում կախված ժամացույցի կանոնավոր տկտկոցը:Նկուղ հիշեցնող սենյակի մահճակալին պառկած՝ անընդհատ շուռումուռ էր գալիս,բայց, ո՜չ,նա սենյակում չէր,երևակայական անգո աշխարհն էր նրան շղթայել իր մեջ. տեսնում էր միայն կանգնած խոնավ մառախուղ,որ փակում էր ողջ տեսահորիզոնը:Դանդաղ,անվստահ քայլերով սկսեց առաջ գնալ,տագնապալի հայացքը այս ու այն կողմ էր դարձնում՝ փորձելով ինչ-որ կենդանի բան որսալ,բայց ապարդյու՜ն:Ամեն քայլի հետ հուսահատությունը մեծանում էր,շուտով սկսեց վազել,որոշակի տարածություն անցնելուց հետո կտրուկ արգելակում էր ու շարունակում այլ ուղղությամբ գնալ:Թանձր մշուշի մեծ նմանվում էր ցնորային տեսիլքի կամ ստվերի.բավական էր լույսի առկայծում,որ միանգամից չքվեր:Հերթական անգամ ուզում էր կանգնել շունչ քաշելու,երբ լսեց երեխայի բարձր ճիչ և առանց մտածելու հետևեց ձայնին՝չհասցնելով գիտակցել,որ այն միայն վախեցրեց իրեն:Նկատելով,որ ձայնն ավելի է ուժգին թափ է ստանում,հասկացավ,որ մոտենում է ձայնի աղբյուրին:Մի քանի քայլ անելուց հետո մշուշի մեջ նկատեց նրան. իրենից մի քանի քայլ այն կողմ՝ ինչ-որ հարթակի վրա, կանգնած էր մոտ չորս տարեկան մի տղա,նրա գլխին ճերմակ,անթափանց քող կար,որ ծածակում էր ողջ մարմինը և կարծես ձուլված էր մշուշին.տեսանելի էր միայն դեմքը:Տղան ավելի մեծ թափով փղձկաց,դրանից այտերը շառագունեցին,ձեռքը մեքենայաբար վեր բարձրացավ,իսկ քողը հանկարծակի շարժումներից սկսեց տատանվել՝ միայն նրա շուրջը պտույտ տվող քամու տպավորություն ստեղծելով:Արդեն մի քանի րոպե արձանացած հետևում էր տղային,նրա աչքերում հեղվող ամեն մի արցունքի հետ ցանկություն էր առաջանում մոտենալու և ինչ-որ կերպ օգնելու,բայց համարձակությունը չէր հերիքում.բավարարվում էր միայն կարեկցող հայացքը նրանից չկտրելով: Երբ տղան նկատեց նրան ,պապանձվեց.լռության ծանր կապանքները շղթայեցին մթնոլորտը,բայց նրանցից և ոչ մեկը չէր պատրաստվում մյուսի հայացքից խույս տալ:Լռության վերջակետը դրեց տղայի՝ ոտքն առաջ մեկնելուն զուգահեռ առաջացած խլրտուքը,որ հետևանքն էր քողի տատանման: Շուտով շարժումներն ավելի համարձակ դարձան :Տղան սկսեց երերաքայլ առաջ գնալ,բայց աղջիկը դեռ չէր հասցրել զգույշ լինելու կոչ անել,երբ նա կես մետրից ոչ ավելի բարձրությունից աներևակայելի վեհությամբ ցած ընկավ. ոչ մի ձայն:Աղջիկն առաջ նետվեց նրան օգնելու,բայց նա...նա չկա՜ր,կարծես վայրկյանների ընթացքում գոլորշիացել ու խառնվել էր մառախուղին:
-Ինչպե՞ս,ինչպե՞ս...-առանց հասկանալու,որ արդեն գիտակից աշխարհում է,ճչաց նա ու միանգամից պոկեց գլուխը բարձից: Ինքն էլ չէր հասկանում՝ինչու էր լալիս. արցունքները կռիվ էին տալիս ակնագնդից պոկվելու ու ակնաճեղքից դուրս գալու ,ազատություն գրկելու համար,բայց դրանից հետո էլ կորցնում էին վայրկենական ազատությունը և ազատաբաղձությունը գագաթնակետին հասցրած՝ իջնում էին այտերն ի վար՝ կարծես ձգտելով հասնել անեզրության ,որտեղ կարող են անվերջ առաջ գնալ՝առանց որևէ արգելքի:
-Նորից նույն երազը,ճակատագրի խածումները հիմա էլ այս ձևով են արտահայտվում:Բայց, ոչ՛, այս անգամ խղճուկ անհուսալիությանը դեմ առ դեմ հանդիպելու ցանկություն չունեմ:Դե՜,Լիա՜,այսօրը ուրիշ է,այն քեզ նոր երևակայական ազատ ճախրանքների հնարավորություն կտա,ավելի ճիշտ,դրանք արդեն էլ երևակայական չեն լինի...
Վճռականությունը մեծացնելու համար ցանկացավ ձեռքի մի հպումով վերջ դնել արցունքների հոսքին,բայց ինչպե՞ս. ձախ ձեռքը հենել էր մահճակալին ,որ կարողանա կիսապառկած վիճակում մնալ,իսկ աջը...Այն երբեք էլ օգնության չէր հասել անհրաժեշտ պահին: Բայց տարիները Լիային փորձառությամբ էին զինել,շատ արագ կարողացավ ձախ ձեռքը հարմարեցնել ու նստել:Վեր կացավ,սրան հետևեց տագնապաշունչ հոգոցը,ապա կտրուկ շրջվեց ու սենյակից դուրս եկավ:
«Այս օրը,թվում է,չի վերջանալու, այն շատ անիրական է ավարտ ունենալու համար»,- մտածում էր նա՝ հայացք նետելով ժամացույցին:Մոտենալով դռանը՝ այն կիսաբաց արեց,նույն պահին քամին այնպիսի ուժգնությամբ ներս սողորսկեց,որ սարսռաց. այն կարծես ուզում էր փշրել աղջկա ոսկորները,տանել իր ետևից,մինչդեռ ինքը՝ բնությունը, վաղու՜ց պարտք էր նրան:

Մաս 2

-Լիա՞,ի՞նչ ես անում այդտեղ,դու հիմա պետք է քնած լինեիր, քեզ հանգիստ պետք,- լսվեց հարազատ ձայնը:
-Արդեն երրորդ օրն է,ինչ նույն երազը արթնացնում է ինձ,չկարողացա նորից քնել,մտքերը հանգիստ չեն տալիս,-պատասխանեց նա՝ առանց տեղից շարժվելու,կարծես սպասում էր հարցին,չնայած չէր նկատել մոր հայտնվելը:
-Ուշադրություն մի դարձրու,թույլ մի տուր,որ փոքր դեպքերը խանգարեն քեզ,վերջապես երազանքդ իրականություն կդառնա,մե՛ր երազանքը,աղջի՛կս,հիշիր՝ որքան ենք պայքարել դրա համար:
-Գիտեմ,բայց որքան փորձում եմ ցրել վատ մտքերը,այնքան ավելի շատ եմ կենտրոնանում դրանց վրա:
-Վիրահատությունից հետո մեր կյանքում շատ բան կփոխվի,դրական զարգացումները հաճելիորեն անխուսափելի կլինեն ,իսկ հիմա մոտ արի,ուզում եմ գրկել քեզ:
Այս ասելով կինը պարզեց երկու ձեռքերը,հաջորդ վայրկյանին Լիան արդեն լցրել էր մոր ձեռքերի միջև եղած դատարկ տարածությունը:
-Գիտե՞ս,ուզում եմ դուրս գալ,այս ժամին քաղաքային եռուզեռը թույլ է,զբոսանքը կօգնի ինձ ,մինչև հիվանդանոց գնալը ամեն բան կկարգավորվի,վստահ եմ,-ասաց Լիան՝ գլուխը բարձրացնելով և մոր աչքերին նայելով:
-Հիշում եմ՝ դեռ մանկուց կարողանում էիր օգտվել վայրկենական անուշադրությունիցս միանգամից անհետանալու համար,իսկ վերադառնալուցդ հետո երբ հարցնում էի՝ որտե՞ղ էիր,պատասխանում էիր,որ գնացել էիր հրեշտակների թևեր փնտրելու,ու բարկությունս շատ արագ փոխակերպվում էր հիացմունքի:
-Ճիշտ է,այդ մի քանի ժամերը ինձ համար ամենահետաքրքիրն էին,ես իսկապես հավատում էի,որ կգտնեմ այդ թևերը,իսկ հիմա հասկանում եմ,որ դու ես եղել իմ թևերը,դու՛ և միայն դու՛ ես ինձ ստիպել զգալ կյանքի երջանկավետ ճախարանքները:
Մայրն ավելի ուժգին սեղմեց աղջկան իր կրծքին,երկուսն էլ լռեցին,բառերն այս դեպքում ուղղակի ավելորդ կլինեին:Րոպեներ անց նա արդեն այգում էր,այն այգում,որտեղ փոքր ժամանակ նրա հասուն ուղեղը թևեր էր փնտրում:Նստեց այն նստարանին,որի վրա կանգնաց թռչկոտում էր՝ փորձելով օդում որսալ բաղձալի թևերը,որ միայն իրեն էին տեսանելի,փորձում էր հարյուր և ավելի անգամներ,բայց ,մեկ է,ամեն օր նորից էր գալիս ու նույն անխոջ տքնությամբ շարունակում կիսատ թողած գործը:Հիշեց նաև,թե ինչի համար էր փնտրում դրանք...Լիային թևեր էին պետք,որ կարողանար թռչել և իր պատկերացումներով անեզր աշխարհում փնտրեր իր հորը,որին երբեք էլ չէր տեսել: Դեմքը միանգամից մռայլվեց,որովհետև հիշեց այն մարդուն,որին կարոտաբաղձ հայացքով այդքան փնտրում էր,իսկ հիմա նրա շնորհիվ գիտեր՝ ինչ է ատելությունը...Ժամանակը շատ բան էր տարել:Մեր խոհերում մշտապես մեղավորության է դատապարտված խեղճ ժամանակը,որը,ի հիասթափություն շատերի,ինքնաստեղծ չէ: Հենց մենք ենք ,որ երկու ձեռքներս առաջ մեկնած ,երակներում եղած արյան հոսքը մեծացնելով,ողջ ուժերը ի մի բերելով ու,որքան էլ զարմանալի լինի,ոչ մի վայրկյան չխնայելով՝ առաջ ենք մղում նրան , բայց պատեհ առիթը բաց չենք թողնում բացասականի պատճառը դարձնելու ,իսկ լավի ու նշանակալիցի համար շնորհակալություն ենք հայտնում կյանքին ,որը մեր համոզմամբ իսկապես մենք ենք կառավարում :Բնական է,հեշտ է մեղադրել ինչ-որ համր երևույթի,որ պաշտպանվել չի կարող ,քան մեզ,որ այդպիսի շփերթությամբ ենք մեր կյանքի հիմքը դնում...‪
Լիայի հայրն ու մայրը մեծացել էին մանկատանը,դեռ վաղ տարիքից փոխադարձ սերը կապում էր նրանց,նրանք շատ ուրիշ ապագա էին կանխատեսում իրենց համար, և եկավ օրը,նրանք պիտի լքեին մանկատունը,բայց այնուամենայնիվ նրանց ճանապարհները չբաժանվեցին.Ռոբերտն ու Անժելան ամուսնացան :Երիտասարդ Ռոբերտը իսկապես շատ էր սիրում աղջկան ,սկզբում ապրում էին քաղաքի ծայրամասերից մեկում:Նա աշխատում էր ,որ կարողանա հոգալ կարիքները:Չկար այն հեքիաթը,որ նրանք պատկերացնում էին մանկատանը:Միօրինակությունը ձանձրացնում էր ներսից եռացող երիտասարդին:Ամիսներ հետո ծնվեց Լիան.աղջիկն արատ ուներ,ծնվել էր առանց աջ ձեռքի:Սա չափից շատ էր Ռոբերտի համար,անհանգստությունը վերածվեց ամոթի զգացման.ինչպե՞ս էր նայելու ընկերների աչքերի մեջ,նրանց,որոնց հետ աշխատում էր արդեն գրեթե մեկ տարի,ի՞նչ ընթացք էր ստանալու կյանքն այլևս,չէ՜,նա չէր կարող....
Լիան ծնվեց հունիսի տասներեքին,նույն օրը ամուսնինների միջև ծանր խոսակցություն եղավ:
-Մենք դեռ նոր ենք ամուսնացել,երիտասարդ ենք,կհասցնենք երեխաներ ունենալ,առո՛ղջ երեխաներ,իսկ այս աղջիկը,ես նրա նկատմամբ խղճահարությունից բացի ոչինչ չեմ զգում,ավելի լավ կլինի նրան տանել մանկատուն,- ամբողջ ընթացքում Ռոբերտը չէր դադարեցնում հորդորները:
Չմտածված խոսքերը ցնցում էին նոր-նոր սթափված Անժելային,ով ամուսնուն փորձում էր մտքում ինչ-որ կերպ արդարացնել,բայց չկար և ոչ մի արդարացում.չէ՞ որ նա էլ էր իր հետ միասին զգացել մանկատանը մեծանալու դառնությունները,իսկ հիմա ցանկանում էր կրկնել նույն սխալները ինչ և իրենց ծնողներն էին արել տարիներ առաջ:Եվ վերջապես ինչո՞վ էր մեղավոր երեխան,նա չէր ընտրել լինել այդպիսին:
Ամեն ինչ պարզ էր,Անժելան մնաց անդրդվելի,իսկ հաջորդ առավորյան ոչ ոք Ռոբերտին չէր գտնում,կարծես անհետացել էր...

Մաս 3

Գլուխը տարուբերելով՝ վեր կացավ և սկսեց քայլել,չնկատեց էլ ,որ բավականին ժամանակ է անցել, կարելի էր տուն վերադառնալ:
Այգին արդեն լիքն էր մարդկանցով ,ուղղելով ուսերին գցված թեթև ամառային շարֆը՝ արագացրեց քայլերը, բայց հանակարծ ինչ-որ ուժ գամեց նրան տեղում:Հանկարծի ծանրությունից վախը տիրեց նրան,կտրեց դառնալի մտորումներից,հանկարծ նկատեց,որ շուրջը եղած մարդիկ հեռու են գնում իրենից վախվորելով,բայց հետաքրքրությամբ շարունակում էին աչք չկտրել: Այս ամենից սթափվելով՝ շրջվեց ետ և նայեց ներքև. 4-5 տարեկան մի տղա ամուր գրկել էր ոտքը,և ոչ մի հնար չկար տեղից պոկվելու:Նրանից երկու քայլ այն կողմ կանգնած էր ճերմակահեր,պատկառելի տարիքով մի մարդ,որ քթի տակ ինչ-որ բան էր մռթմռթում՝ միաժամանակ փորձելով տղային հեռացնել աղջկանից:Լիան մեքենայաբար ձեռքը տարավ սրտին՝ կարծես համոզվելու աշխատու՞մ է այն,թե՞՝ ոչ: Րոպեներ անց սթափված Լիայի ականջին հասավ ծերունու դողդողուն ձայնը,որ կարծես անցյալից էր գալիս:
- Տղա՛ս,խնդրում եմ ,լսու՞մ ես ինձ,բռնիր ձեռքս,Արեգ,խոստանում եմ՝ կտանեմ սիրելի նստարանիդ մոտ,միայն թե հիմա բռնիր ձեռքս:-ցածրաձայն ասաց նա՝ երեխայի վրա խոնարհված,մերթընդմերթ հոգեմաշ հայացքը Լիայի վրա ուղղելով,ապա շարունակեց,-Կներեք մեզ,նա չի հասկանում՝ ինչ է անում,առաջին անգամն է,որ ինքնակամ անծանոթ մարդու մոտ է գնում,երևի բարկության նոր նոպա է,որ հիմա էլ այսկերպ է արտահայտվում,բայց Դուք մի անհանգստացեք,նա անվնաս է,հիմա կհամոզեմ՝ բաց թողնի Ձեր ոտքը:
Լիայի մոտ հանկարծահաս վախը փոխակերպվել էր կարեկցանքի խոր զգացման,նա ձեռքը դրեց անծանոթի ուսին և օգնեց բարձրանալ,ապա անձայն հասկացրեց,որ հեռու գնա,հետո տղայի գլուխը շոյելով՝ ավելի խոնարհվեց և սկսեց թեթևահունչ ձայնով կենդանություն հաղորդել բառերին.
- Ես գիտեմ ,որ դու լսում ես ինձ,պետք չէ բառերին նեղություն տալ,մեկ է,դրանք ամենաանհրաժեշտ պահին հրաժարվում են իրենց դերը կատարել ,բայց ցույց տուր ինձ քո աչքերը,դրանք կխոսեն քո փոխարեն:Իմ աչքերն արդեն սպասում են քեզ:
Լիան դեռ չէր հասցրել ավարտել խոսքը,երբ իրեն ուղղված բազմաթիվ աչքերին միացան ևս երկուսը:Արտաքնապես սառը,անզգայունակ ,ծովածին աչքերում վառվում էր կյանքը,երկար, կորաձև արտևանունքի ամեն մի հպումից լսվում էր նուրբ ճպճպոց,որ արդյունքն էր դրանց վրա մնացած արցունքակաթիլների,որ կարծես առաջացել էին ծխարձակող ,վառվող աչքերից:Նրա հայացքը համակված էր աներկրբա սպասումով,իսկ Լիան ժպտաց՝ զգալով,թե ինչպես են թուլանում անշարժությունից ընդարմացած ոտքի կապանքները: Նա ուղղեց տղայի մազերը,որ խառնվել էին այդ նույն ձախ ձեռքի կողմից,բռնեց Արեգի ձեռքն, ու միասին սկսեցին քայլել դեպի նստարանը: Ամբոխը ցրվեց՝ զարմանալով տղայի հնազանդությունից և աղջկա գործողությունների հանգստությունից,առաջին հերթին հաճելիորեն զարմացած էր պապը,որ մոտ գնալով նստեց նրանց կողքին:Արեգը հիացմունքաշատ հայացքը չէր կտրում նրանից.ապրած քիչ տարիների ընթացքում վերջապես հայտնվել էր մեկը,ով կարծես թե կարողանում էր իրեն հասկանալ:
-Նորից կներեք,բայց ես ապշած եմ կատարված դիպվածով,նույնիսկ ներկայանալ մոռացա,ես Սուրեն Ամիրյանն եմ:
- Ոչ մի բան չեղավ,որի համար պետք է Ձեզ վատ զգաք,տղան չափազանց հարազատ թվաց ինձ,ես նրա հետ ինձ ամենակարող զգացի և անվստահությունս մտաշխարհիս ամենախոր անկյունում թաղած՝ չվախեցա փորձել.ինքնօրինակ երեխա է երևում:
Արեգն այդ ընթացքում իջավ նստարանից և սկսեց այս ու այն կողմ գնալ՝ նմանվելով կերպարը լավ չհմտացրած դերասանի,որ փորձոխմ էր ամեն կերպ թաքցնել այդ՝ դիմելով ամեն տեսակի անհեթեթությունների:Ամիրյանը,ոգևորված թոռան խանդավառությամբ,սկսեց ծափահարել սկսնակ «դերասանին»,մինչդեռ Արեգը շարժմանը զուգահեռ անքթիթ հայացքը ուղղել էր Լիային՝ սպասելով որևէ արձագանքի,բայց այդպես էլ ոչինչ չեղավ: Ներկայացումն ավարտվեց հեռախոսազանգով,որից աղջկա դեմքին միանգամից լրջություն իջավ:
- Ամեն ինչ կարգի՞ն է,կարո՞ղ եմ օգնել,-տեսնելով շփոթված Լիային սկսեց Ամիրյանը:
-Ամեն բան նորմալ է,ուղղակի արդեն պետք է գնամ,ուրախ էի ծանոթության համար:
-Ամբողջ ընթացքում մի բան էի մտսծում.չե՞ք ցանկանա արդյոք լինել Արեգի դայակը,թեև նա այդքան էլ չի սիրում դայակներին,բայց կարծում եմ՝ Ձեր դեպքում այլ կլինի:
-Աշխատա՜նք...-դադար տալով ՝ նա մի կողմ ձգեց շարֆը և նայեց աջ ձեռքի փոխարեն եղած դատարկությանը:
-Ամեն դեպքում վերցրեք իմ հեռախոսահամարը,- այս ասելով ծերունին աջ ծոցագրպանից հանեց մի թուղթ և փոխանցեց Լիային:Վերջինս թուղթը վերցնելուց հետո համբուրեց Արեգին և հեռացավ: Բայց Արեգը,նեղսրտած Լիայի անտարբերությունից,նորից մռայլ տեսք ընդունեց՝ չհասկանալով,թե ինչ է կատարվում.ախր նա սպասում էր ընդամենը մի ծափի,որ կլիներ չափազանց երջանկավետ:

Մաս 4

Սենյակն այնքան սառն էր,որ արյունը երակներում հրաժարվում էր առաջ գնալ ՝ սպասելով որևէ մղիչ ուժի ,ինչպես այսօր շատ մարդիկ են սպասում ՝ առանց հասկանալու,որ ինրենց կյանքի միակ մղիչ ուժը հենց իրենց մեջ է: Երբ աչքերը բացեց,հանկարծակի լույսից թարթիչները միանգամից գրկեցին իրար՝ փախուստ տալով անսպասելի հարձակումից:Շուտով լույսի ազդեցությունը թուլացավ,և նկատեց,որ կողքին ինչ-որ մեկը այս ու այն կողմ էր գնում,բայց նա արդեն ունակ չէր ինչ-որ բան լսել,իսկ մարմինը գնալով թմրում էր:
«Տարօրինակ է,ես այստեղ եկա ամբողջական դառնալու համար,-մտածեց Լիան՝ ուշադիր զնելով իրեն,-իսկ հիմա զգում եմ՝ ինչպես է լքում ինձ ողջ մարմինս,դրա ջերմությունը: Զոհաբերություն՝ հանուն նորի ծննդի...Կյանքն ու մահը միշտ էլ լրացրել են միմյանց և դժվար է պատկերացնել՝ կյա՞նքն է մահվան որոշակի հատված,թե՞ մահը՝ կյանքի:
Միջանցքում դռանը հենված կանգնել էր նրա մայրը,որ ,ձեռքերը ամուր խաչած, գրկել էր որովայնը.գու՞ցե նա էլ էր վախենում մարմինը կորցնելուց: Որոշ ժամանակ անց իրեն դռնից պոկելով՝ սկսեց միջանցքով մեկ քայլել,և երբ լարվածությունը հասավ իր պիկին,ձեռքերը թուլացած վար ընկան,շուտով զգաց հատակի անտարբեր սառնությունը:Անժելային ևս վիճակված էր երիտասարդ հասակում բռնել աներևակայելի ճամփորդություն...
Նորից մառախուղ,նորից վայրէջք,որ ստիպեց նրան արթնանալ,նորից նույն լույսը դիմավորեց իր սիրելիներին:Դեռ չէր հասցրել ինքնուրույն հասկանալ կատարվածը,երբ մահճակալին մոտեցավ անծանոթ կերպարանք:
-Ինչպե՞ս եք,Լիա,ցավեր ունե՞ք:
-Չգիտեմ,ոչինչ չեմ զգում ,-հազիվ լսելի ձայնով սկսեց խոսել Լիան:
-Նորմալ է,անզգայացումն ամբողջությամբ չի անցել,մի անհանգստացեք,ամեն ինչ իր հունով է ընթանում:Վիրահատությունն ավելի հաջող անցնել չէր կարող:
«Ավա՜րտ,-մտածեց Լիան,-ընթացքը ավարտի ստվերի տակ է մնում գրեթե միշտ և գրեթե բոլորի համար»:
-Ինչ-որ բան այն չէ՞,Դուք գոհ չե՞ք արդյունքից ,-զարմանքով շարունակեց խոսել բժիշկը՝ սկսած խոսքին պատասխան չստանալով:
-Եթե Դուք գոհ եք,ուրեմն ես էլ եմ գոհ,բայց պետք է խնդրեմ ինձ մենակ թողնել մի քանի րոպեով:
-Բայց Ձեր մայրը...
-Գիտեմ,գիտեմ, բայց հիմա պիտի խնդրեմ ինձ մենակ թողնել,չեմ ուզում,որ ինչ-որ մեկը կլանի այս սենյակի օդը բացի ինձնից ,-հետևեց նրա պատասխանը,որն ունեցավ խոհաձև շարունակություն՝ Դռնից այն կողմ բարձր ձայներ էին լսում:
-Դու արդեն նրան ասացի՞ր մոր մահվան մասին,-հարցրեց միջին հասակի թուխ մաշկով երիտասարդ մի կին՝ ուղղելով բժշկական խալաթը:
-Այդ աղջկա գլխի հետ մի բան այն չէ:Հենց սկզբից տարօրինակ է եղել ,չթողեց էլ՝ խոսեմ ,եթե դա իմանա,վերջնականապես կխենթանա,եթե ,իհարկե,արդեն չի խենթացել:
-Արի ինձ հետ,պետք է հիմա ասել ամեն ինչ:
Լիան օգտվելով առիթից անում էր իրս «սև» գործը՝ կլանելով չորս պատի ներսում պարփակված «ազատ» օդը,բայց խրախճանքը երկար չտևեց:
Ներս եկան վիրահատություն կատարած բժիշկն ու բուժքույրը,նրանց տեսնելով՝ նա ասաց.
- Ներեցեք ինձ,հիմա կարող եք մայրիկիս ներս կանչել,պետք չէ երկար սպասեցնել:
-Հենց դրա մասին էլ ուզում էի խոսել Ձեզ հետ,նա,ցավոք,գալ չի կարող:Դուք վիրահատությունից հետո մի քանի ժամ քնել եք,հետո ցանկացաք մենակ մնալ ,ու ես չհասցրի Ձեզ տեղեկացնել,որ Ձեր վիրահատության ժամանակ նա կաթված է ստացել:
-Ինչպե՞ս ,ինչպե՞ս է հիմա,դեռ վտանգ կա՞:Ուզում եմ տեսնել նրան:
-Մեզ չհաջողվեց ինչ-որ բան փոխել,նրան ուշ էին նկատել գետնին ընկած.արդեն ամեն ինչ վճռված էր:
Լիան բթացած հայացքն ուղղել էր նրանց վրա և խոսելու միտք էլ չուներ . ի՞նչ կարող էր ասել ոչինչ չզգացող մարդը,որի մոգական թևերը միանգամից կտրվել էին:Մեկ է,ճիչերը նրան բնավ ետ չէին բերելու:
-Մենք հասկանում ենք Ձեր վիճակի ծանրությունը,բայց մի մտահոգվեք,վիրահատական ծախսերը հոգում է պետությունը,կարող եք դիմում գրել անձնական բուժքրոջ և հուղարկավորման ծախսերը հոգալու համար:Հնարավոր է՝ զիջեն:
-Ծախսե՜ր,ծախսե՜ր,դու՛րս գնացեք ձեր ծախսերով,ինձ միայն իմ թևերն են պետք :
-Եթե նկատի ունեք վիրահատված ձեռքը,ապա դրա հետ ամեն ինչ կարգին է,հանգիստ եղեք:
«Ես երևի նորից պետք է գնամ իմ թևերը փնտրելու...-մտածեց Լիան»:

Մաս 5

-Դուք արդեն կարող եք վերադառնալ Ձեր բնականոն աշխատանքին,ես ինձ բավականաչափ լավ եմ զգում,հարմարվել եմ արդեն ասովորին,շնորհակալություն ամենի համար,բարի գիշեր,-սենյակից դուրս գալով և տեսնելով քնել պատրաստվող բուժքրոջը՝ ասաց Լիան:
Անցած երկու ամիսները բաղադրող օրերը միանման էին,աննկարագրելի միանման,և ,թվում է, ընդամենը մեկ օր է անցել,մեկ դատարկ օր,որ ոչինչ չէր բովանդակում՝ բացի սոսկ ընտելացման պրոցեսից: Որքան շատ ենք սկսում ճանաչել անսովորը,այնքան մոտենում ենք անհետաքրքրությանը: Ամենավատը,որ գիտակցելով անգամ ձգտում ենք ճանաչել ՝ առանց դրա պետքության մասին մտածելու . մենք ուղղակի ուզում ենք...
«Վերջապես էլ չեմ տեսնի այդ դժգոհ դեմքը.ֆիզիկական ծանրությունն ավելի տանելի է ,քան ճնշվածություն ծնող դեմքի արտահայտությունը,որ առաջանում է ինձ տեսնելիս»,-տան դուռը փակելով և բուժքրոջը խոսելու հնարավորություն չտալով մտածեց Լիան:
Ամառային տաք քամին դիմավորեց նրան՝ ինչպես ամիսներ առաջ,բայց,ո՜չ,սա ուրիշ քամի է:Այն սառը,վախածին քամին ավելի հարազատ ու ջերմ էր թվում նրան,որովհետև պարունակում էր սպասում,իսկ սա՞,սա միայն ունակ էր ջերմացնելու հոգին պարփակող մաշկի բարակ շերտը,բայց ոչ երբեք հոգին:Քայլում էր անշտապ,քամուն ըդառաջ՝ ասես ձգտելով գտնել դրա աղբյուրը:Ամեն քայլի հետ տեղի էր ունենում մեղմ հպում՝ նման երկու անծանոթ բարեկամների գրկախառնության,ովքեր ուղղակի զոհ են գնում քաղաքավարական սենտիմենտալությնը:Բայց նրանք շատ լավ էին կարողանում թաքցնել գործի տհաճությունը՝ օգտվելով հուզականությունը քողարկող մթությունից,ասենք,հույզ էլ չկար...
Քայլերը դանդաղեցնելով՝ մոտեցավ մայթի վրայի քարին ու նստեց:
-Որքա՜ն սառը կարող է լինել տաքությունը,ես մրսում եմ այս տաքությունից:Ինձ թվում էր՝ ես գիտեմ՝ ինչ է մենակությունը,հիմա եմ հասկանում դրա իրական բնույթը.երբ սկսում ես շատ բան հասկանալ,գիտակցում ես,որ իրականում ոչինչ չես հասկանում:Որքա՜ն մեծ հաճույքով կարելի կլիներ գոյությունս զիջել ուրիշին:Ի՞նչ իմաստ ունի այլևս մտածելու այսօրվա մասին,երբ այսօրը վաղվանից ոչնչով չի տարբերվելու,միայն թե նոր խնդրի հավելում կլինի:Տանը եղածը վերջացավ վերջին դրամի հետ,գու՞ցե դա առավելություն է.այդ կինը կգնա,բացի այդ,հնարավորություն կունենամ սզբունքներիս չուրանալով հասնելու նպատակիս,-ավարտելով երկարաշունչ մենախոսությունը և տեղը զիջելով քամու սուլոցին՝ վեր կացավ,վերադարձավ տուն ու տարօրինակ հանգստությամբ քուն մտավ:Այս գիշերն էլ էր շտապում,շտապում տեղ բացել հաջորդ օրվա համար: Երբ դեռ կիսարթուն պառկած էր,զգաց իրեն ուղղված խիստ հայացք և միանգամից նստեց.չէ՞ որ էլ խանգարող հանգամանքներ չային,բայց պատճառը վախը չէր անսպասելիից,այլ վերածնված հիշողությունները:
-Սպասում էի,որ արթնանաք,չէի ուզում առանց հաջողություն մաղթելու գնալ,-սկսեց խոսել կինը՝ նկատելով աղջկա զարմացած հայացքը:
-Նորից շնորհակալություն,հաջողություն եմ մաղթում:
Կինը վեր կացավ նստած տեղից,ինչ-որ բանալիներ դրեզ աթոռին ու գնաց:Վայրկյաններ անց Լիան վեր թռավ տեղից,բացեց պահարանի դուռն ու սկսեց քրքրել,հետո ինչ-որ բան վերցրեց և բավարարված հայացքով նստեց աթոռին,որի վրայի բանալիները հաճելի զրնգոցով ցած ընկան:
-Պայքարի մուրհա՞կ:Երևի նրանք իմ մասին արդեն մոռացել են,այլ դայակ վարձել,բայց հնարավորությունը ձեռքից բաց թողնելը հավասար կլինի նահանջի.նահանջում են աննպատակ մարդիկ,որ որդեգրում են ապրելու հեշտագույն տարբերակը՝ ստրկանալով կյանքի կամայականություններին:Բայց ո՞վ կարող է մեղադրել ինձ հերթական այդպիսինը դառնալու համար,ո՛չ մեկը՝ բացի...ինձնից,-այս եղան վերջին բառերը,որ դուրս թռան նրա շուրթերից՝ տարածվելով սենյակի անապաստան օդի վրա:Վերցնելով մահճակալի վրայի հեռախոսը ՝ հավաքեց թղթի վրա գրված համարն ու մի քանի վայրկյան երկմտելուց հետո սեղմեց զանգի կոճակը:
-Ալո,ալո՞,ինչու՞ չեք խոսում:
-Բ...բարև Ձեզ,-երկար սպասված և միաժամանակ անսպասելի պատասխանը լսելուց հետո խոսեց Լիան:- Ներեցեք,կարո՞ղ եմ խոսել պարոն Սուրեն Ամիրյանի հետ:
-Բարև Ձեզ,ես եմ Սուրեն Ամիրյանը,լսում եմ Ձեզ:
- Ես այն աղջիկն եմ,որին հանդիպեցիք ամիսներ առաջ զբոսայգում՝ Լիան:Գիտեմ,որ բավականին ժամանակ է անցել,բայց կուզեի իմանալ՝ Ձեր առաջարկը դեռ ուժի մե՞ջ է:
-Որքան ուրախ եմ,որ այդ Դուք եք,Լիա,իհարկե ուժի մեջ է: Գրեք հասցեն:

Մաս 6

Որքա՜ն մեծ տուն է և որքա՜ն շքեղ.հետաքրքիր է,այն կարող է ինձ համար նոր սկիզբ լինել և կամ հակառակը: Հասկանալ է պետք,որ միջին մակարդակում թռչելը ոչ միայն ապահովություն է,այլև փրկություն:Մենք թևեր ենք տալիս մեր հոգիներին,թողնում՝ թռչեն,գնան շա՜տ հեռու՝մոռանալով,որ մարմինը մնացել է ներքևում և շարունակում է խարխափել խավարում՝ զարնվելով ամեն տեսակի գոյակի .սա առաջացնում է հակասություն,ինչն էլ ծնում է ողբերգություն:Շատերն են դառնում այս ողբերգության զոհը:Ախր նրանք ուղղակի հավատում էին...
-Դու՞ք եք,Լիա,ներս եկեք,- ոչ հեռվից եկող ձայնը ստիպեց նրան վերջ տալ ներքին մտահեղեղին:Նույն ձայնն էր,այն նույն ձայնը,որ նրան սթափեցրել էր հեռախոսազանգի ժամանակ:Լիան ուղղակի լուռ ենթարկվեց ծանոթ ձայնին:Երբ ներս մտավ,ծանոթ պատկերները,մեկը մյուսին հերթագայելով,պատկերացան աչքերի առաջ.Արեգը նստել էր պապի կողքին՝ նմանվելով փոքրիկ մունետիկի,որ պատրաստ էր հաստատելու նրա ամեն մի խոսքը: Տեսնելով աղջկան՝ ոչ մի շարժում չարեց:
«Երևի մոռացել է ինձ»,- մտածեց Լիան,որ անբացատրելիորեն մեղավոր էր զգում նրան լքելու համար,այո՛,լքելու՛.լքում է համարվում հնարավորությունը ձեռքից փախցնելը,այդ դեպքում մենք լքում ենք առիթը՝ հնարավորին իրական դարձնելու:
Արեգի սառը հայացքը փաստում էր առաջին հանդիպման ժամանակ ծնված մտերմության վերականգման անհնարինությունը,ինչը միայն մեծացրեց Լիայի շփոթմունքը:
-Չեք հավատա,բայց անընդհատ սպասում էի Ձեր զանգին:Արեգի հերթական դայակը հրաժարվեց աշխատանքից,ես էլ կարողունակ չեմ հավուր պատշաճի հոգ տանել նրա մասին:
-Պարզ է,եթե դեմ չեք,հենց այսօրվանից էլ կարող եմ աշխատանքի անցնել,բայց մինչ այդ կուզեի նրա ծնողների հետ խոսել:
-Հայրը հիմա երկրում չէ,տարվա մեծ մասը գործուղման է լինում,մայրն էլ մահացել է,երբ երեխաները փոքր էին:Տանը ապրում ենք ես,Արեգը և թոռնուհիս՝ Նարեն,ով երկու օրից կգա ճամբարից:Լիա,գիտեմ՝ ինչու եք ցանկանում խոսել նրանց հետ,գնահատում եմ Ձեր նրբանկատությունը,բայց ինձ խնայել կամ խղճալ պետք չէ:Պատճառը հիվանդությունն է ,այնպես չէ՞:
Լիան նման մի հանցագործի,որին փաստերը փակուղի են մտցրել,այլ ելք չուներ,քան համաձայնելը:Այդժամ նա գիտակցեց,որ նույնիսկ նպատակին չծառայող Լավը իրականում վնասում է.դժվարագույնը լավ-վատի սահմանը որոշելն է.ընթացքում սկսում ես հասկանալ,որ լավը իրականում վատի տեսակներից մեկն է կամ հակառակը:
-Արեգի մոտ բնածին ալտրուիզմ է,-խորը շունչ խաշելուց հետո շարունակեց Ամիրյանը,-որը,ցավոք,բուժելի չէ,բայց վերահսկելի է:
«Մի՞թե մեր ամբողջ կյանքը հարատևող հիվանդություն չէ ,որ մենք իբր վերահսկում ենք,բայց իրականում նա ինքն է միակ տերը.ինքնախաբեություն է ողջը»,-մտածում էր Լիան՝ հայացքը Արեգին հառած:Երկուսն էլ խոսում էին քաղաքակիրթ մարդկանց նման՝ վստահ լինելով,որ պահպանում են զգուշավորություն` միմյանց վնասելու,մինչդեռ երկկողմանի հարվածները չէին դադարում: Մտորումների ընթացքում Լիային կալել էր Արեգի՝ իրեն ուղղված հայացքը.որքա՜ն թախիծ կար այժմ նրա խոշոր,արևտեսք աչքերում:Նահանջողը Լիան եղավ...
-Եթե դեռ ցանկանում եք այսօրվանից սկսել,կարող եք մեր վարորդի հետ միասին Ձեր իրերը այստեղ բերել:
-Իհարկե, շնորհակալ եմ,լավ կլինի՝ վաղը զբաղվել այդ հարցերով,միևնույն է,այսօր ինձ ոչինչ պետք չի գա:
Այս եղան լռելյայն անդորրի դուռը թակող վերջին բառերը: Ամիրյանը Լիային ցույց տվեց սենյակը,ծանոթացրեց թոռան գրաֆիկին ,և քանի որ նրա զբոսնելու ժամն էր,ինքը օգտագործեց պատեհ առիթը հանգստանալու համար:Նա պաշտոцմ էր թոռանը,իրեն ամբողջությամբ նվիրել էր նրան,բայց վերջապես հնարավորություն կար դրամի մյուս երեսը տեսնելու:Եվ որքա՜ն խաղաղ էր նրա քունը,որովհետև այդ քունը մտազուրկ էր ՝ առանց ծակծկող մտքերի ,ավելորդ տագնապների: Լիան Արեգի հետ դուրս եկավ տանից՝ տանելով հենց այն տեղը,որ ասել էր պապը: Երեխայի սառնությունը արագ փշրվեց.նա ամուր բռնել էր Լիայի ձեռքն ու սրբագին լռությամբ լսում էր արտասանած յուրաքանչյուր բառը:Այդ օրը բոլորի համար էր ուրիշ ,որովհետև միապաղաղության գիծը ընդհատվել էր,բայց նրանք այդ մասին չէին մտածում ,միայն վայելում էին միմյանց անդորրավետ ներկայությունը ՝չհասկանալով,որ ինչ-որ բան խիստ փոխվել էր: Նրանք ուրախ էին,յուրաքանչյուրն իր պատճառով ,իր հնարած ուրախությամբ...‪Ուրախությունն էլ է բազմաչափ ու բազմատեսակ,միայն վերջում է,որ այն դառնում է խիստ միաչափ ու միատեսակ.այդպես է,հիմքն է խարխուլ:
Արևի մարող ճառագայթները ընդհատում էին մարդկային երկու անհավասար ստվերներ,որոնց ընթացքը ուղղորդվում էր լռության արձակ ճիչերով:Լիան ուզում էր նայել ձեռքի ժամացույցին և թեթևակիորեն բարձրացրեց ձախ ձեռքը ,իսկ աջով բռնել էր Արեգի ձեռքը:Տարիների երազանքը ամիսների ընթացքում սովորական բան էր դարձել: Տուն հասնելուց հետ Արեգը ճաշեց,ապա քնեց:Լիան ևս քնեց:Աժավոտյան Ամիրյանի զգուշացմամբ վարորդը արդեն սպասում էր նրան:
Մեքենան սահում էր անտարբեր փողոցներով ,որոնց յուրաքանչյուր հատվածը անծանոթ էր թվում:Նույնիսկ Լիան մտածեց,թե այդտեղ մենակ հայտնվելու դեպքում կարող է կորել,մինչդեռ ընդամենը մեկ օր էր անցել:Նա արագ հավաքեց իրերը,փորձում էր պահել սառնություն և խնայել ժամանակը,վերադառնալ այն մեծ տանը թողած սկզբին ու շարունակել այն:Երբ վարորդը նկատեց ճամպրուկը ձեռքին դռնից դուրս եկող Լիային,մոտեցավ և իրերը տեղավորեց բեռնախցիկում: Երբ տուն հասան ,Ամիրյանն ու Արեգը արդեն դուրս էին եկել զբոսնելու:Բայց աստիճաններով բարձրանալիս Լիայի ուշադրությունը գրավեց Արեգի սենյակի դիմացի բաց դուռը.այդ սենյակին նա դեռ ծանոթ չէր,և ինչ-որ տարօրինակ ուժ մղեց նրան դեպի վախածին վայրը:Տան մյուս սենյակներից սա տարբերվում էր ,կարծես առանձին աշխարհ լիներ.վարագույրի ծայրը եթերային կապույտ էր,որ որքան բարձրանում էր,այնքան մգանում էր՝ ի վերջո վերածվելով սևի,մահաճակալը միտումնավոր թեք էր դրված և ուներ նույնագույն քող.պատկերը դամբարան էր հիշեցնում: Պատերից մեկը սպիտակ էր,մյուսները՝ սև,դրանցից մեկի վրա՝ հայելու վերնամասում ,նկարներ էին փաքցված.հայելուն էլ էր այդ կապտասևաթույր քողից բաժին ընկել: Երբ Լիան մոտեցավ,որ տեսնի նկարները,հանկարծ նկատեց , մահճակալի և դիմացի երկու պատերի կազմած անկյան միջև մանցած ոչ մեծ տարածությունը,որտեղ թղթերի ,տետրերի ու գրքերի խառնաշփոթ էր:Դրանց վերնամասում մի տետր կար դրված բացված վիճակում,երբ տեսավ մեծ տառերով գրված «Բանական(ության) բեռը»,չկարողացավ զսպել հետաքրքրութթյունն ու վերցրեց:Կապույտ տառերով վերնագրին հաջորդում էր սևով հետևյալը.
Կրակված ուղեղն ինչների՞դ է պետք,
Հանե՛ք,դու՛րս թափեք,թող գան ու խժռեն
Մտքերը՝ պոկված անանկյուն գլխից,
Որ դուրս են թափել ուրիշներն ահից:
Հանե՛ք անհապաղ,դասդասե՛ք շտապով,
Դժոխային անխինդ պարերգով
(Այո՜,պարերգո՛վ,մահն է պար գալիս,
Եվ ո՞վ պար չգար կյանքին տիրելիս):
Հե՜յ ի՜նչ ես նայում դառնադեմ կանգնած,
Խառնի՛ր ուղեղդ կույտին ամբոխված,
Դարձիր հերթական մարդը մտազերծ,
Չարիք է դարձել խոկմունքը անկեղծ...
Եկեք՝ չզբաղվենք էլ մեզ տանջելով,
Պետք է աշխարհը փրկել զոհելով
Մեզ բաժին հասած բանական բեռը,
Որ հեռվացնում է խաղաղությունը... ‪


Մաս 7

-Ի՞նչ եք անում այստեղ,-դողացող լռությունը ճանկռելով դուրս պրծավ ձայնը :
Լիան չէր էլ նկատել սենյակ ներխուժած լույսի առկայծումը կիսաբաց պատուհանից,որն իրականում պատշգամբ էր.դրա դիմաց երևում էր միջին հասակի մարդկային կերպարանք: Զարմանքից ծնված վախից շփոթվելով՝Լիան պատասխանեց.
-Չգիտե՜մ:
-Հերի՛ք ստեք,-հետևեց պատասխանը :
Լիայի համար պարզ դարձավ ,որ խոսողն աղջիկ է,և սթափվելով ասաց.
-«Չգիտեմը» սուտ չէ:
-«Չգիտեմ»-ն ավելի մեծ ու վտանգավոր սուտ է,քան «այո»-ն կամ «ոչ«-ը:
Որքա՜ն հարազատ տարօրինակություն կար ասվածում: Այնուամենայնիվ նա պատասխանեց.
- Դուք Նարեն եք,պարզ է:
- Ես գիտեմ ՝ ով եմ ,ինձ պետք է իմանալ ՝ ով եք Դուք, և ինչ է Ձեզ պետք իմ սենյակում:
-Ես Լիան եմ՝ Արեգի դայակը : Երեկվանից այստեղ եմ աշխատում- ,պատասխանեց նա՝ միաժամանակ ձեռքն առաջ մեկնելով:
Նարեն այնպես զննեց ձեռքը,որ Լիային թվաց ,թե նա հասկացել է ,որ այն իրենը չի եղել:
-Ձեռքի բաց ափ ,որ խորհրդանշում է անկեղծություն ու բաց հարաբերություններ,միաժամանակ և վստահություն : Հըմ... Ես չեմ կարող ընդունել այն : Երևում է՝ իմ մասին պետք եղածը արդեն գիտեք,ներկայանալու կարիք չկա ,իսկ իսկապես ծանոթանալ դեռ կհասցնենք: Այդ թու՜ղթը:Կարծում եմ՝ այն իմն է ,կվերադարձնե՞ս:
-Կներես,ուղղակի վերնագիրը՝ գրված կապույտ մեծ տառերով,աչք զարնեց,հետաքրքրությունս զսպել չկարողացա:Դու գրում ես բավականին ...
-Տարօրինա՞կ :
-Չեմ ժխտի տարօրինակության առկայությունը ,իրականում տարօրինակ է այն իրականությունը ,որ տեսնում ես դու ,դրանից հետո էլ՝ թղթին հանձնում :
-Կարծու՞մ ես՝ ուրիշները չեն տեսնում այդ «տարօրինակը»:
-Տեսնում են նրանք,ովքեր ցանկունում են տեսնել կամ հասկանալ:
-Գրողը տանի,մենք լալիս ենք,որ չենք կարողանում հասկանալ,բայց դժվարագույնը գալիս է հասկանալուց հետո,երբ ոռնում է մեր միջի չհասկացվածը:
Հանկարծակի պոռթկումը ցնցեց Լիային ,ով բնավ դրան չէր սպասում,անգամ չնկատեց,թե ինչպես ձեռքի թուղթը հայտնվեց Նարեի ձեռքերում: Փորձելով շտկել իրավիճակը՝ սկսեց խոսել.
-Մի՞թե մենք ենք մեղավոր,որ բանականություն կոչվող հրեշը խժռում է եղած փակ դռները՝ նորանոր «ընծաներ»երես հանելով,միշտ չէ,որ այդ ինքնակամ է լինում,բայց անկրակ ծուխ չի լինում:Մե՛նք ենք սկսում փորփրել,իսկ հետո ամենը մեքենայաբար է լինում:
-Մեզ միայն թվում է,թե ինքներս ենք սկսում.էլի այդ հրեշն է մեղավոր... Ասա ինձ՝ մինչև ե՞րբ պիտի մենք մնանք մեր մտքերի բանտարկյալը: Որքան շատ են բացահայտումները լինում,այնքան թուլանում է ինքնամոտիվացիայի կառավարումը,որը միջին մակարդակում հիանալի էր աշխատում,երբ դեռ մենք «տգետ» էինք,մինչդեռ...- Նարեն չհասցրեց խոսքն ավարտել ,երբ լսվեցին ոտնաձայններ.կարճ ժամանակ անց Ամիյանն ու Արեգը դռան դիմաց կանգնած էին:
-Նարե՞,դու չէիր ասել,որ հենց այսօր ես գալու: Գիտեմ,որ անակնկալներ չես սիրում,թե չէ կարելի կլիներ այդպես մտածել,սա ասելով՝ Ամիրյանը մոտեցավ,գրկեց աղջկան.պատկերը չափազանց ծանոթ թվաց Լիային: Գիրկն առնելով Արեգին՝ Նարեն ասաց.
-Դե դա առաջ էր,իսկ վայրկյանները նման եմ միայն տևողությամբ.մենք ավելի արագ ենք փոխվում:
-Չէ՜,դու նոււյն Նարեն ես,-ասաց Ամիրյանը:
-Թող այդպես լինի... Չե՞նք ճաշելու,քաղցած եմ:
-Իհարկե,հենց հիմա:Լիա՛, Դուք ևս կմիանաք մեզ:
-Շնորհակալ եմ,բայց ես արդեն ճաշել եմ:
Ամիրյանը,համաձայնության նշան անելով,շարժվեց դեպի աստիճանները.նրան միացավ Նարեն՝ Արեգի ձեռքը բռնած,իսկ Լիան մտավ Արեգի սենյակ:
Շատ ժամանակ չէր անցել ,երբ Նարեն և Արեգը վերադարձան:Այդ օրը նա քնեցրեց Արեգին:
-Նա իրեն բավականին լավ է զգում քեզ հետ,տարօրինակ է,չէ՞,- ինքն իրեն խոսելով՝ սկսեց ծիծաղելՆարեն: Կարծես այն «դամբարանում» բնակվողը բնավ էլ ինքը չէր:Շուտով շարունակեց խոսել.
-Ինչու՞ չցանկացար ճաշել:Ես տեսա ՝ մեքենայի գալուն պես բարձրացար վերև,չէիր կարող ճաշած լինել,դու ուղղակի շփոթվեցիր,շփոթվեցիր ինձնից,իմ ասածներից:
-Դե...դեռ մտածում եմ փոխվելու մասին ասածիդ վերաբերյալ:Մենք փոխվում ենք վայրկյանների ընթացքում,բայց ուրիշների համար անփոփոխ ենք մնում՝ վարժված լինելով որոշակի ձևերում:
-Դու չես հասկանում: Մենք նման ենք մի լեռան,որից ամեն մի թեթև երերից պոկվում է մի կտոր ու լուռ վար է գլորվում՝ ճանապարհին ավելի ու ավելի մեծանալով,իսկ ուրիշները այդ չեն էլ նկատում կամ որ ամենավատն է՝ նկատելով,փորձում են հիանալ տեսարանի գեղեցկությամբ:Ամենը «սուտ-ճիշտ»-ի հերթափոխի է նման,մենք անգամ հաճախ չգիտենք՝ որն է ճիշտ,և որը՝ կեղծ:Անգամ լռությունը վստահելի չէ,սեփական անձդ էլ,որ կարող է երկվել չափից դուրս անկեղծությունից խոկմունքում:
-Լռությունն ինչպես կարող է խաբել.այն պարարտ հող է անկեղծության համար:
-Ա՜խ,Լիա՜,լռությունն անհստակություն է,անորոշություն,որ ենթադրում է և սուտ,կեղծիք. հենց այդ անորոշությունն էլ գրավում է մեզ:Մենք էլ գիտակցաբար տանուլ ենք տալիս՝ բացվելով նրա առաջ:
-Այդ դեպքում ի՞նչ է մնում մեզ անել,երբ չկա ոչինչ վստահելի :
-Խաղալ: Ասածս սենտիմենտալություն չընդունես:Ամենը նպաստում է մտքի մթագմանը,մահվանը.մենք էլ պիտի դրանց սպանել սովորենք:Մտաշխարհը մի ամբողջ քաոս է:Ինչ-որ բան հասկանալու և դրա իսկությունը ճշտելու համար պետք է տարբեր կողմերից դիտարկել,բայց պարադոքները նորից կբերեն երկվության.կա՛մ պետք է ընտելանանք դրան,կա՛մ՝ ոչնչացնենք մեր մեջ ապրող երկրորդին՝ նրա հետ մեկտեղ մեզ ոչնչացնելով...
-Իսկ մարդի՞կ,որ նույնատիպ ազդեցություն են թողնում:
-Հո՞ բոլորին չենք սպանելու:Ավելի հեշտ է մեռնելը,ուղղակի դրա համար էլ իրավունք է պետք:
-Մենք ապրում ենք...
- Ապրելը դժվար չէ,դժվարը ապրելու ընթացքում մեռնելու իրավունք ձեռք բերելն է:
-Ասածներդ ինձ համար ընդունելի չեն: Ինքնասպանությունը թուլակամություն է,չկա պայքար,որից ելք չլինի:
-Ինքդ տվիր պատասխանը :Ո՞վ ասաց,որ դա ելք չէ,ավելին, դա էլ է պայքարի ձև,բայց էլի եմ ասում՝ իրավունք վաստակել է պետք:
-Ինչպե՞ս է պետք վաստակել:
-Մենք ունենք ընտրելու հնարավորություն ՝մնալու և շարունակելու ապրել հասարակական գործոնով ձևավորված ,ներքին շփոթով լի «աշխարհ » անունը կրող դժոխքում կամ ինքնակամ գնալու այլ դժոխք:Գիտե՞ս՝ ինչու են շատերը ընտրում երկրորդը:
-Շարունակի՜ր...
-Որովհետև այն,ինչ հեռվում է,ավելի լավն է երևում,քանի դեռ մերը չի դարձել,կամ մենք դրան ծանոթ չենք դարձել: Տարբերություն կա իրականում .առաջինում տանջանքները թե՛ ֆիզիկական են և թե՛ հոգեկան,իսկ երկրորդում՝ սոսկ ֆիզիկական:Ահա ինչու են այն ընտրում: Ոչ ոք չի կարող նրանց մեղադրել նրա համար ,որ չեն իղձում տարտարոսի զոհերի շղթայում հայտնվել: Ինքնասպանությունը,այն կարող է լինել արդարացված,երբ փրկում է...
-Պե՛տք է ապրել հանուն նպատակների:
-Նպատակների՞,այն նույն նպատակների,որ ամեն վայրկյան կարող են կործանել ուրիշների նպատակները:Բու՜մ ,ու այն կվերանա,բայց պարադոքսն այն է ,որ դու այդ ուրիշներին մեղադրել չես կարող.չէ՞ որ նրանք էլ էին ապրում ուղղակի իրենց նպատակներով: Ապրե՜լ նպատակներով,մի տես ՝ ինչ լավ է հնչում...

Մաս 8

Նարեն մտավ իր սենյակ ,իսկ Լիան մտորումների մեջ հանգիստ չէր գտնում:Գլխում անընդհատ նույն միտքն էր պտույտ տալիս՝ «մահանալու ամար իրավունք վասակել է պետք».ամեն ինչ չափազանց պեսսիմիստական է հնչում: Ժամը երեքն էր,բայց նա դեռ շուռումուռ էր գալիս,այն օրվա նման...Վեր կացավ ու անաղմուկ դուրս եկավ սենյակից.Նարեի սենյակի դուռը բաց էր,թղթերի ձայն էր լսվում.
-Դու՞ էլ չես կարողանում քնել,-հարցրեց Լիան՝ կանգնելով բաց դռան առաջ:
-Քնե՞լ : Մենք ինքնակամ կորցնում ենք ժամերը ,որ շատ մարդկանց համար հաշված են: Այդպիսին է մարդը,զարմանալի անփութությամբ է վերաբերում ունեցածի հետ: Քնելը կորուստ է.ատու՛մ եմ կորուստները,բայց դրանք մեզ հետ համընթաց քայլում են...Գիտեմ,ասածներս են անհանգստությանդ պատճառը,ներիր:
-Չէ,չկա նման բան,ես ուզում եմ,որ դու շարունակես:
-Գիտե՞ս՝ ես 14 տարեկան էի,երբ մայրս մահացավ:Ես նկատեցի,թե ինչպես ես զննում սենյակիս պատերը,երբ առաջին անգամ մտար այստեղ,նրա մահվան օրը սենյակիս պատերից մեկը սպիտակ ներկեցի.առաջ ամբոջը սև էր:Սևն իմ գույնն է՝ պայծառագույնը,առանց ավելորդության ու դիմակների,իսկ սպիտակը, չափից դուրս լուսարձակ սպիտակը կուրացնել գիտի,արդեն ասացի՝ ինչպես եմ վերբերում կորուստներին:Իսկ կապույտը,այն պայքարի գույնն է...
Ես տեսնում էի՝ ինչպես է փղձկալիս մորս ձեռքերն արյան կարմիրով ներկվում,և երբ ինքս էի հազում,վախվորած նայում էի ձեռքերիս և այնտեղ չգտնելով փնտրածս՝ վերջապես հանգստանում էի: Հիմա էլ եմ փնտրում,հիմա էլ հանգստանալու ակնկալիքով...Ես տեսնում էի ՝ ինչպես է մայրս «վաստակում» մեռնելու իրավունք:Ի վերջո նա հաղթեց հիվանդությանը,իսկ հայրս պայքարի այլ եղանակ որդեգրեց՝ փախուստը:Տանը լինելիս էլ նախընտրում եմ չխոսել նրա հետ:
-Պետք չէ մեղադրել նրան:
-Ես չեմ էլ մեղադրում,ավելին,ոչինչ չեմ ասում:
-Կարծու՞մ ես՝ խոսքերից ավելի խայթող բան չկա:Կա՛,ոչ տեղին լռությունն է:
-Պիտի խոստովանեմ,որ ճիշտ ես,երևի էլի «մտասպանություն» է պետք,-հոգոց հանելով ու ծռմռված ժպիտ դեմքին դաջելով՝ ասաց Նարեն,ապա ի զարմանս Լիայի՝ մեկնեց ձեռքի ափը:Լիան սեղմեց նրա ձեռքը.արդեն ամեն ինչ պարզ էր:
-Դու պիտի հանգստանաս,բարի գիշեր:
-Բարի գիշեր:
«Վստահությու՜ն,- մտածեց Լիան ու պառկեց քնելու»:
Առավոտյան ճաշելուց հետո Լիան ու Արեգը դուրս եկան զբոսանքի:: Տղան սովորականից ավելի ուրախ էր,շարժումներն՝ ավելի աշխույժ ու կտրուկ:Երևի քույրն էր պատճառը,որ տունդարձին Արեգը նման ուրախ տեսք ուներ:Լիան մտածում էր գիշերվա խոսակցության մասին ,գրեթե տուն էին հասել,երբ Արեգը ,նկատելով ծանոթ դարպասը դիմացի մայթին,թողեց Լիայի ձեռքն ու նետվեց փողոց...
Բոսորով վրձնված ճանապարահատված, կիսաթեք մեքենա՝ կարմիր ճաշակած,հեռվից վազվզող այլայլված դեմքեր,բախվող մարմիններ,մեքենաների ազդանշաններ,ճիչե՜ր,ճիչե՜ր,ճիչե՜ր....
Ամիրյանի գոռոցը մեխեց բոլոր բառերը լեզուներին.
-Չի՜ շնչում,-կրկնելով առանց դադարի՝ գլուխը դրեց Արեգի փորին ու սկսեց լացից գալարվել:Քիչ այն կողմ ծնկի եկած նրան էր հետևում արցունքաշաղախ աչքերով Նարեն,որ շուտով նկատեց Լիային:Լիան հանկարծ շրջվեց ու սկսեց վազել փողոցն ի վեր: Նրա մոտ ցանկություն առաջացավ Լիայի ետևից գնալու,բայց չէր կարող:Արտասուքը մշուշել էր շուրջբոլորը ամեն ինչ,բայց նա վազում էր առանց դադարի՝ ճիշտ երազի նման:Բավականին ժամանակ էր անցել,երբ տեսավ ,որ ճանապարհի մի հատվածը ժապավենով առանձնացված էր:Երևում է՝ հերթական վթարի արդյունքն է:Լիան կանգ առավ ,բարձրացրեց ժապավենն ու անցավ դրա մյուս կողմը.դրանից այն կողմ անդունդ էր: Գլուխն այսուայն կողմ էր դարձնում,մտքերը քաոսված էին: Թվում էր՝ ամեն ինչ վճռված է,երբ նկատեց դիմացի էլեկտրասյան վրա ամրացված երեխայի նկարը,որի ներքևում գրված էր.«Չորսամյա Աշոտին շտապ հարկավոր է սրտի փոխպատվաստում:Վիրահատության համար անհրաժեշտ արհեստական սիրտը ձեռք բերելու համար նրա ծնողներին հարկավոր է ձեր աջակցությունը:Ցանկացողները հնարավորին չափ շտապ զանգահարեն հետևյալ հեռախոսահամարներով»:
-Գումա՞ր,ո՜չ,բայց ես այլ բանով կարող եմ հայտնել աջակցությունս:Տասնութ տարի շարունակ բնությունը պարտք էր ինձ,իսկ հիմա ես նրան մի ամբողջ կյանք եմ պարտք:
Որքա՜ն հաստատակամ հնչեց նրա արտասանած յուրաքանչյուր բառը:Առաջին իսկ պատահած տաքսին նստելով՝ մի քանի րոպե անց արդեն հիվանդանոցում խոսում էր վիրահատող բժշկի հետ:Բոլոր ստուգումներն անցնելուց հետո նրան տարան վիրահատարան:Նա նայում էր կողքին պառկած երեխային ու ժպտում: Մինչև ազգայացումը Լիան թուղթ ու գրիչ խնդրեց տղայի ծնողներից և այնտեղ ինչ-որ բան գրելուց հետո հասցե տվեց,որ վիրահատությունից հետո ուղարկեն: Վերջ,լռելյայն աչքերը նորից նույն լուսնային հարձակմանը ենթարկվեցին,այս լույսն արդեն խիստ հարազատ թվաց.չէ՞ որ վերջին բանն էր ,որ տեսնելու էր նա:Վերջացա՜վ,մթնե՜ց...
Ամբողջությամբ սպիտակ պատերի ներսում խցկված սենյակի հատակին նստած էր Նարեն,որ ձեռքերում ինչ-որ թուղթ էր պահել,նորից բացելով՝ սկսեց կարդալ.
«Դու ճիշտ էիր,այն կարող է լինել արդարացված :Ես վաստակեցի իմ իրավունքը:Պարտքերը մարել էր պետք,ներեք ինձ,խնդրում եմ»:

8

18

1566

  • Էննի
    2016-01-02 14:19:45
    Երկար չեմ խոսի. կարծիքս արդեն հայտնել եմ (այո, նախանձեք ինձ, ես առաջիններից եմ, ով կարդացել է այս պատմվածքը, հա-հա-հա): Ճիշտ էիր, Նարեի կերպարի մեջ ինչ-որ հոգեհարազատ տարօրինակություն կա: Իմ դուրն էլ եկավ:) Ի դեպ, ընդհանրություններ ունես Նարեի հետ, որքանով որ հասցրել եմ քեզ ճանաչել:) Ընդհանրապես, բոլոր կերպարներն են լավը: Ուզում եմ, որ պատմվածքներդ շատերը կարդան, շատ լավ ես գրում: Հետաքրքիր ու օրիգինալ մտածելակերպ ունես, դե, բառապաշարիդ մասին էլ ես համեստորեն կլռեմ:)
    • Ապրես շատ : Երկար են ,դժվար շատերը կարդան:D Հետաքրքիր է՝ ի՞նչ ընդհանրություն տեսար:
  • Impression
    2016-01-02 15:11:36
    De axr aysqanic heto el inch asrm..arden gites karciqs..miayn mi angam el nshem hancharex er..kcankanayi mi mas arandznacnel u asel vor da hianali er bayc amboxjn er hianali..indz hogeharazat mtqer iharke kayin bayc patmvacqd..de el chasem vor kardalu yntacqum uxexs het u araj er gnum..lav e vor chpaxchec indznic..mi xosqov apresss (բռավո) (բռավո)
  • fiction ☯
    2016-01-03 11:50:43
    իսկ աջը...Այն երբեք էլ օգնության չէր հասել անհրաժեշտ պահին- էս տողը կարդալով մտածեցի, որ նկատի ունես. "որ վատ իրավիճակում անգամ աջ ձեռքդ քեզ օգնության չի գալիս",,, բայց հետո պարզ դարձավ, որ ուղիղ իմաստը համեմված էր փոխաբերական իմաստով, որը խոսում է հեղինակի փայլուն մտքի մասին....Էլի եմ ուզում մտքեր առանձնացնեմ, բայց չգիտեմ, որին նախապատվությունը տամ, որովհետև բոլորն էլ հետաէրքիր էին, ամեն ինչ հրաշալի էր, միտքը չէր կորում....... ու ոնց հասկացա, ի սկզբանե եղել ա գաղափարը, հետո դրա վրա կառուցել ես սյուժեն: Սիմվոլիզմ կար, դե օրինակ թևերը, որոնք մեկ ընդունում էին ուղիղ իմաստ, մեկ՝ նկատի ունեին ուրիշ ավելի վեհ ձգտումներ ու իղձեր: Կերպարներն հետաքրքիր էին, ցավոք՝ չափազանց կատարյալ, գրքային,,, ցավոք, որովհետև նման կերպարների իրական կյանքում չեմ հանդիպել: (ծաղիկ) Դու, պոտենցիալ գրող ես, ավելին, քան հենց ուղղակի բանասեր, կամ լրագրող: Իմ կողմից խորհուրդ՝ հասկացիր՝ ի՞նչ ես անում, ճիշտ ընտրություն արա: :)
  • Ա ապրես ,ճիշտ ես նկատել .թևերի շեշտվումը միտումնավոր էր՝ նպաստելով գաղափարի շեշտմանը: Նրանք ո ւնեին թերություններ,բայց դրանց վնասը իրենցից դուրս տարածում չուներ,կարիք չգտա բացասական կերպար մտցնելու ,ինքը մենակ կշեղեր սյուժեին ընթացքը,թեև Լիայի կորած հայրը կար ու կար :DՆկատի ունես մասնագիտությու՞նը:
  • ՐեLունա
    2016-01-04 18:33:27
    Ան միտքը լավն էր, ճշմարամոտ բան կար: Շատ բաներ ինչ-որ տեսանկյունից ինձ համար բացահայտվեցին: Առանց դադարի էմ կարդացել, որովհետև հետաքրքիր էր: Հես է քո պատմվածքի պատճառով Քրեյզին սոված կսատկի: (դեմք) Հա՜, ի դեպ, Բիմչոկ տառասխալ եմ գտել: :D Ազատվեմ նորից կարդամ ու մի բան էլ պիտի ասեմ կապված սկզբնամասի հետ, բայց, կարդալուց ետ: Ընդհանուր առմամբ ապրես, ընտիր աշխատանք է:
    • Որ միները բացահայտվեցին?:Dա սխալ ես գտել ,մեկը չի,մի քանիսն է,կետադրական էլ կա ,քունս տանում էր էլի:DՊիտի ուղղեմ:Ապրես :