Copy SMS

Արյան բծեր վերնաշապիկիս կամ Ինձ նայիր զայրացած ՄԱՍ 2

Արյան բծեր վերնաշապիկիս կամ Ինձ նայիր զայրացած ՄԱՍ 2 - արյան, բծեր, մանգուշյան, ինձ, նայիր

                                                    Հեղինակ Սեվ Մանգուշյան


                                  Այս պատմվածքը գրված է իրական պատմության հիման վրա:

                                  Իրադարձության վայրն ու գործող անձանց անուները փոխված են :

                                  ……..այն ինչ իմանալու եք այստեղ,այլևս երբեք չեք մոռանա:


ՄԱՍ 2


Անունս Դամիան Վան Դե Թիլման է, այս անունն ինձ տվեցին ծնողներս, որոնցից ես հեռացա ինձ որդեգրելուց ուղիղ քսանմեկ տարի հետո: Այն նորածինը, որ հրաշքով փրկվեց, մեծացավ ու… ու ի՞նչ, ի՞նչ արեց նա…ես դարձա մարմնավաճառ: Ինչպիսի հասարակ ու գռեհիկ բառ իմ մարմնի համար: Բայց մեկ րոպե, պետք չէ սարսափել այս բառից, ես չէի վաճառում ինչ որ երրորդ մարդու մարմին,վաճառում էի սեփական մարմինս, որի լիիրավ կառավարման իրավունքը ինձ է պատկանում: Ես մարմինս վաճառում էի այն իրավունքով, որով կարող էի նույն այդ մարմնիս մի օղակ անցկացնել ու կախ գցել: Ես մարմինս վաճառում էի այն կանանց, ովքեր այլ տարբերակ չունեին …Բայց ես կշտապեմ կանգնեցնել ձեզ, որովհետև ես այն չեմ ինչ պատմեցի, ոչ ոք իրավունք չունի ինձ կարծելու այդպիսին…Այո՛, ես ամեն ինչ անում էի, որ այդպիսին չլինեմ…:

Ինձ որդեգրելուց տարիներ անց ծնողներս ունեցան երեք երեխա, իրենց սեփական երեխաներին: Անտանելի երեխա էի մեծանում, ես դպրոց չէի գնում, եթե մայրս չէր հասցնում լվանալ սպիտակ վերնաշապիկս, որովհետև մյուս շապիկներն ատում էի: Արդեն պարզ է, որ դպրոցում ոչ ոքի հետ չէի շփվում, կամ գուցե նրանք ինձ հետ չէին շփվում: Բարձր դասարանում սկսեցի ընկերություն անել դասընկերուհիներիցս մեկի՝ Սքարլեթի հետ, ում հետ մենք պարզապես լավ ընկերներ էինք: Ես երբեք չհավատացի նրա ընկերությանը (ես կնախընտրեի, որ նա սերիական մարդասպան լիներ, քան այնպիսի աղջնակ, ինչպիս ես տեսնում էի նրա հոգու խորքը): Չունե՞ք այդպիսիներին ...անպայման կունենաք…վստահ եմ…Խուսափեք ձեր այն ընկերներից, ովքեր բարձրաձայն խոստովանում են, որ դուք լավագույն ընկերն եք, որ սիրում են ձեզ…Բարձրաձայն ոչ մի տեսակի սեր գոյություն չունի:


 (Այստեղ հեղինակը դուրս է թողնում պատմվածքից Սքարլեթին վերաբերվող մանրամասները, որոնք փոխանցել էր Տիկին Էմման այնպես, ինչպես լսել էր Դամիանից: Մանրամասները բաց են թողնված Սքարլեթի (անունը փոխված է) խնդրանքով):

Ես ուզում էի ինձ շրջապատող մարդկանց երեսին բղավել, որ թող անեն այն ինչ ուզում են, բայց ինձ հե՛ռու պահեն իրենց ընկերությունից: Ես չեմ պատասխանում հեռախոսազանգերին. ինչու՞, ախր չեմ ուզում լսել ձեր պատմությունները…ահ…երևի նորից մի բան է պատահել ձեր կյանքում ու դուք ոգևորված, որ աշխարհի ամենահանճարեղ պատմվածքները ոչինչ են ձեր անձնական պատմության դիմաց, զանգում եք ինձ կիսվելու կամ զանգում եք մեկ այլ ընկերոջ…Եվ ես ուզում եմ բղավել ու խնդրել որպեսզի դադարացնեն այդ հոլոքոստը: Եթե դուք ունեք լավագույն ընկեր, ով ամեն ինչում գոհացնում է ձեզ, ուրեմն նա հիմար է, իսկ եթե հակառակն է, ուրեմն դուք եք հիմար:

Մի խոսքով, շունչս ավելի շուտ կփչեի, եթե դա չանեի: Քոլեջն ավարտելուց հետո երբ տանից հեռացա, Սքարլեթին նամակ գրեցի մեկ նախադասությամբ. “Կարոտել եմ քեզ, իմացիր, որ դու սրիկա ես և հուսով եմ մի օր դրա համար թանկ կվճարես”: Իրականում նա առանձնապես մի բան չէր արել, որի համար արժեր ատել նրան, բայց մի օր անպայման մի հրեշավոր բան կանի, նրանք այդպսին են…: Դպրոցական այդ տարիներին ես մի սովորություն ունեի, անհասցե նամակներ էի գրում ինչ որ մեկին այն բաների մասին, որոնց մասին որևէ մեկի հետ չէի խոսի: Գրում էի, որ ես ատում եմ ձկներին, որովհետև նրանք միայն ջրում են կարողանում ապրել, ատում եմ շներին որովհետև խոսել չգիտեն, մարդկանց ՝ որովհետև խոսում են  և ընդհանրապես ատում եմ նարնջագույն գազարը: Տարիների ընթացքում սկսեցի կոտրվել ու ադապտացվել մարդկանց, ատելությունս կամաց-կամաց վերացավ: Ինձ կարող էին ա՛տել, չ՛սիրել, զայրանա՛լ, բայց դա ոչինչ  չէր փոխելու: Գուց է նա, ով ինձ ցած գցեց նույնպես ատում էր ինձ: Ինչու՞ հենց այդպես եղավ, ինչու՞ նա որոշեց ինձ սպանել…Դե այո, ես այս վայրկյանին դեռ ողջ եմ, պառկած եմ այստեղ, բայց դա երկար չի տևի…:

Բավականին փոքր էի երբ իմացա, որ Վան Դե Թիլմանները իմ կենսաբանական ծնողները չեն: Նրանք ինձ համար աշխարհի լավագույն ծնողներն են, և նրանց ստեղծած ու ինձ տված ընտանիքը կյանքումս ամենամեծ նվերն էր: Հրաժարվեցի, երբ մայրս առաջարկեց ինձ ցույց տալու ծնողներիս լուսանկարները: Ո՛չ, չէի ուզում տեսնել, դա իմ կյանքում ոչինչ չէր փոխելու, նրանք այդ նկարներում նույն տարիքում էին լինելու, որում ես եմ հիմա: Ընդհանրապես ինչու՞ են ծնողները երեխաներին ցույց տալիս իրենց երիտասարդ տարիների լուսանկարները, որպեսզի երեխաներին համոզեն, թե նրանք նմա՛ն են իրենց, որպեսզի իրենք իրենց համոզեն, որ երեխաները նույնն են ինչ իրենք: Շնորհակալ եմ, բայց թողեք ես ձևավորման այլ տարբերակ ընտրեմ: Իմ ու կենսաբանական մորս նմանությունը միայն նրանումն էր, որ նա մահացավ երբ նոր էր լրացել քսաներեքը, ինձ էլ պատշգամբից ցած նետեցին նույն տարիքում :

Անվերջ կարելի է խոսել այն տարիներից որոնք անցել են: Մի անգամ փոքր քույրս հարցրեց, արդյոք կարդացե՞լ եմ  իր “Ես և իմ ընտանքիը” դպրոցական շարադրությունը, ասացի, որ ոչ, բայց վստահ եմ գարշելի մի բան է ստացվել: Նա դեմքը ծամածռեց և ինձ մեկնեց շարադրությունը ու խնդրեց կարդալ: Կարդում եմ, գրված է.

“ Ես շատ եմ սիրում իմ հայրիկին, մենք շատ երջանիկ ենք, նա ամեն օր գնում է աշխատանքի իսկ մայրիկս մեզ համար համեղ ճաշեր է պատրաստում ”:

Ի՞նչ երջանկության մասին է խոսքը, ի՞նչ երջանիկ հայրիկ, որևէ մեկը այս տխմարությունը գրելիս, երբևէ մտածե՞լ է այդ խեղճ հայրիկի մասին, ով ամեն առավոտ լույս դեռ չբացված գնում է աշխատանքի, ամբողջ օրն աշխատում է, տուն է գալիս որպեսզի հաց ուտի, հասցնի մի քանի ժամ քնել ու նորից նույնը: Իսկ այն երջանիկ մայրիկը, ով նորից պետք է հրաշագործություն անի, որպեսզի կարողանա բավարար կերպով կերակրել ընտանիքի անդամներին, հետո հասցնի մի երկուսին դպրոց տանել, այն երրորդին քնեցնել, նորից շտապել դպրոց, կարգի բերել տունը, անսահման երջանիկ է մայրիկը: Շարունակում եմ կարդալ.

“ Իսկ տատիկը գլխարկ էր գործում ինձ համար, մենք երեկոյան միասին զբոսնում ենք”:

Ես տանել չեմ կարողանում տատիկի հորինված այս կերպարը, ու՞ր են այդ տատիկները, ի՞նչ պատմություններ են հորինում նրանց մասին: Առավելևս, որ մենք տանը տատիկ չունեինք:

Քսանմեկ դառնալուն պես հրաժեշտ տվեցի ընտանիքիս ու ասացի, որ գնում եմ Կալիֆորնիա  սովորելու: Ես այլևս երբեք նրանց չտեսա:

Շարունակելի...

Հեղինակ Sev Mangushyan

8

2

1003

  • Նիկեա
    2016-01-25 20:36:26
    :) կսպասեմ շարունակությանը
  • fiction ☯
    2016-01-27 18:27:21
    Խուսափեք ձեր այն ընկերներից, ովքեր բարձրաձայն խոստովանում են, որ դուք լավագույն ընկերն եք, որ սիրում են ձեզ…Բարձրաձայն ոչ մի տեսակի սեր գոյություն չունի: :) մտծելու տեղիք տվեց