Copy SMS

Սևակ

Սևակ - սեր, Սևակ


Սիրային  երգեր


Հավատացեք ինձ,
Մեկ անգամ չէ,որ սիրում են մարդիկ,
Սիրում են անվերջ,տարբեր, տարանուն,
Բայց մեկ անգամ են սիրուց ցնորվում
Խելագարվում են լոկ մեկ, մի սիրուց։ 


Անծանոթներ ենք մենք իրար,
Եվ փողոցում հանդիպելիս
Ես չեմ տեսնում դեմքիդ վրա
Քո ժպիտը այն լուսերիզ,
Որով գիտես դու ողջունել
Ծանոթներին քո բախտավոր.
-Ես այդ թովիչ բախտը չունեմ,
Անծանո՛թ ենք և հեռավո՜ր:

Բայց երբ հանկարծ այգում, մայթում
Հանդիպում ենք, ամեն անգամ
Կեռ թարթիչներդ ես դու թարթում
Ու նայում ես ինձ մի վայրկյան
Այնպե՜ս, կարծես պատահաբա՛ր,
Եվ... հիշելով ինչ-որ մի բան
(Իբր մի բան ես ստուգում),
Պայուսակդ ես բացում-փակում:

Անծանոթ ենք իրար: Սակայն
Հանդիպում ենք երբ մենք հանկարծ,
Ես էլ մի պահ, գեթ մի վայրկյան
Կանգ եմ առնում, որ իբր թե
Գլանակս վառեմ հանգած
(Գլանակս՝ վառվա՜ծ արդեն)...
Եվ... քայլում ենք այնուհետև 
Առերևույթ սառն ու թեթև:

Ա՛խ, դա խաղ է մի սրտակեզ,
Որով տենչանքն իմ չհանգած
Բորբոքվում է կրկին անգամ՝
Գլանակիս կրակի պես,
Իսկ դո՜ւ, իսկ դո՛ւ... Փնտրո՜ւմ ես դու,
Որոնո՜ւմ ես ինչ-որ մի բան
(Պայուսակո՞ւմ, թե՞ քո սրտում)
Որոնում ես համառաբար,

Եվ... չես գտնում հավանաբար...

1952թ. 
Մոսկվա 


ԹԱՔՈՒՆ ԵՐԱԶԱՆՔ
Արտառո՞ց եմ ես,
Անհասկանալի՞:
Ոչի՜նչ,
Քեզ կօգնեն,
Եվ կհասկանաս:

Հավատա՛, կօգնե՜ն:

Չ՞է որ ամեն ծառ
Իմ արմատաշատ բացատըրումն է
Եվ իմ ճյուղառատ լուսաբանումը:

Ամե՛ն արարած,
Նույնիսկ բզեզը,
Իմ բնագըրի մեկնությունն է հենց:

Ամե՛ն մի կացին,
Ամե՛ն բահ ու մուրճ,
Սարից թավալվող ամե՛ն քարաժայռ,
Ափերը թակող ու ետ ընկըրկող 
Ամե՛ն մի ալիք
Իմ իսկ խոսքերի արձագանքումն են,
Ո՛չ,
Իմ խորքերն են արձագանքումը
Նրանց բոլորի...

Այնպես որ` կօգնե՜ն,
Ու կհասկանաս:

20.XII.1959թ. 
Թիֆլիս


Քո խակ սերը և իմ հասուն տանջանքը
Հանդիպեցին որպես երկու ուղևոր՝
Կյանքի ինչ-որ սակավամարդ կածանում
Եվ, ճարահատ, պիտի քայլեն միասին
Քո խակ սերը և իմ հասուն տանջանքը:

Ու երբ, հոգնած, մենք պառկում ենք, որ ննջենք,
Մինչև անգամ երբ պառկում ենք կողք-կողքի,
Ինչպես հայոց հեքիաթներում` մեր միջև
Լուռ դրվում է հեքիաթական թրի պես
Քո խակ սերը և իմ հասուն տանջանքը...

20.III.1959թ. 
Մոսկվա





3

7

956

  • Hakob
    2016-02-09 12:16:57
    (բռավո)
  • Lili
    2016-02-09 15:59:08
    լավներ շատ (բռավո)
  • Anahit
    2016-02-09 17:03:23
    (ծաղիկ) (ծաղիկ)
  • Andranik2014
    2016-02-09 21:34:56
    ապրեք
  • Maria
    2016-02-09 21:46:10
    (լավ) hacheli er
  • Dark
    2016-04-08 15:35:45
    պաշտում եմ Սևակին .. ապրես (խոնարհվել) (ծաղիկ)